Ապրիլյան իրադարձությունների հետ կապված Կապանի տարածաշրջանից մեկնած առաջին կամավորական ջոկատին հերթափոխելու, բանակում տիրող իրավիճակի եւ հետագա անելիքների մասին է զրույցը Կապանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի հետ:
- Ապրիլի 3-ին Կապանից մեկնած կամավորական ջոկատի հերթափոխի մասին ի՞նչ տեղեկություններ կան:
- Հերթափոխի գործընթացը կազմակերպել են Կապանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ եւ ԵԿՄ Կապանի մասնաճյուղը՝ Մանվել Օհանյանի ղեկավարությամբ: Հաշվի առնելով, որ արդեն բավական ժամանակ է անցել կամավորների՝ մարտական գործողությունների գոտում գտնվելու օրից, կենցաղային պայմաններից, հոգեվիճակից ելնելով՝ կազմակերպիչները նպատակահարմար համարեցին հերթափոխ կազմակերպել: Մարդիկ պիտի հանգստանան՝ անհրաժեշտության դեպքում դիրքեր վերադառնալու համար: Ապրիլի 10-ին կամավորների մեկ խումբ, քաղաքապետի գլխավորությամբ, մեկնեց Մարտակերտ, բայց, իմ տեղեկություններով, ԼՂՀ-ում առաջացած որոշ խնդիրների հետեւանքով մասամբ է թույլատրվել կատարել հերթափոխ: Թե ինչպիսի խնդիրներ են առաջացել այնտեղ, ես տեղյակ չեմ: Կամավորների ճակատ մեկնելը զինկոմիսարիատում հրամանային փաստաթղթերով ձեւակերպված գործընթաց չէ:
- Ո՞րն է այս օրերին զինկոմիսարիատի դերակատարությունը:
- Զինկոմիսարիատը մարտական բարձր պատրաստվածության աստիճանի է բերված եւ կատարում է հանրապետական զինկոմիսարիատի գլխավոր շտաբի հանձնարարականները՝ մարդկային, տրանսպորտային ռեսուրսների հետ կապված: Նաեւ կամավորական խմբավորումների կազմավորման գործում մասնագիտական աջակցություն ենք ցուցաբերում: Բոլորս տեղյակ ենք, որ Կապանն ապրիլյան իրադարձությունների հետեւանքով երեք զոհ եւ չորս վիրավոր տվեց: Մեզ հանձնարարված էր զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերել, պատշաճ մակարդակով կազմակերպել նրանց թաղման արարողությունը:
- Կապանի տարածքային զինկոմիսարիատը պահեստազորից մա՞րդ է զորակոչել:
- Դրանք գաղտնի տվյալներ են եւ հրապարակման ոչ ենթակա: Միայն կարող եմ ասել, որ մեր զինկոմիսարիատն այս պահի դրությամբ բոլոր հանձնարարականները կատարել է 100%-ով:
- Որքանով տեղյակ ենք, պաշտոնական զորահավաքի հրաման չի եղել:
- Զորահավաքի հրաման չի եղել, չի էլ լինելու, որովհետեւ հակառակորդը Հայաստանի Հանրապետության վրա չի հարձակվել: Բայց մենք, անկախ որոշ մարդկանց ստեղծած խոչընդոտներից, համապատասխան կառույցների եւ նրանց ղեկավարների միջոցով կատարում ենք մեզ տրված հանձնարարականները:
- Առաջին օրերի ակտիվությամբ շարունակվո՞ւմ է կամավորների ցուցակագրումը:
- Այս պահին նույնպիսի ակտիվությամբ չի կատարվում ցուցակագրում, բայց առաջին օրերին ցուցակագրված բավականին շատ կամավորներ ունենք: Նույնիսկ մասնագիտությամբ բուժքույր երեք աղջիկ է ներկայացել զինկոմիսարիատ՝ անհրաժեշտության դեպքում ռազմաճակատ մեկնելու համար:
- Այս օրերին եղե՞լ եք մարտական դիրքերում:
- Ցանկություն եմ ունեցել մեկնել դիրքեր, սակայն վերադասից համապատասխան թույլտվություն չեմ ստացել:
- Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:
- Ես արդեն 22 տարի է՝ իմ ելույթներում, ամենօրյա զրույցներում նշում եմ, որ մենք այս օրվան հանդիպելու ենք: Երանի սխալված լինեի, բայց… Մենք պիտի ավելի զգոն լինենք. հայ ժողովուրդը միշտ էլ պատերազմական վտանգի առաջ է եղել: Մենք այլ ճանապարհ չունենք, պիտի պատերազմ լինի, որպեսզի կարողանանք մեր ճանապարհն անցնել: Ամեն ինչ առաջին հերթին բանակի ու ռազմաճակատի համար պիտի լինի: Ցավալի մի իրողություն եւս կա. մարդիկ կան, ովքեր իրենց կյանքն են տալիս հանուն հայրենիքի, իսկ ոմանք նույնիսկ իրենց մեքենան հարկ եղած դեպքում պատրաստ չեն ծառայեցնել հանուն հայրենիքի: «Ամեն ինչ ռազմաճակատի համար» կարգախոսով պիտի առաջնորդվել…
- Որպես ռազմական բնագավառի գործիչ՝ կարո՞ղ եք ասել, թե որքանով էինք մենք պատրաստ ստեղծված իրավիճակին:
- Պատրաստ էինք մեր ուժերի, հնարավորությունների եւ հասկացողության չափով, բայց պիտի պատրաստ լինեինք դրա կրկնապատիկի չափով: Եթե ճանապարհ ես գնում, պիտի նաեւ այդ ճանապարհն անցնելու երկրորդ տարբերակն էլ ունենաս: Մեր զինվորները, սպայական անձնակազմն արժանի հակահարված են տվել հակառակորդին, փառք ու պատիվ նրանց: Միշտ էլ նման տղաների շնորհիվ է կերտվել մեր ազգի ճակատագիրը: Նրանք զոհվել են, բայց մեկ քայլ անգամ չեն նահանջել: Չնայած հակառակորդն առաջին օրերին որոշակի հաջողություն է գրանցել, բայց դա հաղթանակ չի կարելի համարել: Երբ մի ամբողջ բանակ հարձակվում է մեկ կետի վրա եւ որոշակի հաջողություն գրանցում, դա դեռ հաղթանակ չէ: 18-ամյա մեր զինվորի քայլերն ինձ չեն զարմացնում. դեռեւս 1992-94թթ. պատերազմի ընթացքում եմ համոզվել նրանց խիզախության, մարտական ոգու ու պատրաստականության մեջ: Պարզապես անհրաժեշտ են խելացի ու պատրաստված հրամանատարներ մեր զինվորների ներուժը ճիշտ ու նպատակային օգտագործելու համար: Այսօրվա մեր կատարածը վաղը չի երեւալու, դրա պտուղները կքաղենք 15-20 տարի հետո:
- Փաստորեն 18-ամյա զինվորի պատրաստականության նկատմամբ ունեցած մտավախությունն ի չիք դարձավ:
- Երբեւէ համաձայն չեմ եղել այն կարծիքին, թե այսօրվա զինվորը պատերազմական իրավիճակում չի կարողանա ճիշտ կողմնորոշվել, եւ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ չեմ սխալվել: Ես համաձայն չեմ եղել նաեւ այն հարցադրումին, որ եթե պատերազմ լինի, ո՞վ է մեկնելու ռազմաճակատ: Այսօր ավելի շատ մարդ է մեկնել ռազմաճակատ, քան 90-ականների պատերազմի ժամանակ: Ոտքի է կանգնել ողջ հայ ժողովուրդը: Նա, ով ինչ-ինչ խնդիրների պատճառով չի կարողացել մեկնել մարտի դաշտ, նույնիսկ արտասվել է՝ ասելով՝ ես պետք եմ բանակին:
- Կամավորների պատրաստվածությունն արդյո՞ք անհրաժեշտ մակարդակի վրա է. չէ՞ որ նրանցից շատերը երկար տարիներ է՝ ռազմական գործի հետ որեւէ առնչություն չեն ունեցել:
- Մարտի դաշտ մեկնած կամավորներն արդեն իսկ պատերազմի բովով անցել են եւ քաջ գիտակցում են՝ ինչ ասել է պատերազմ: Իմ կարծիքով՝ Կապանից մեկնած կամավորները պիտի հարավարեւելյան ուղղության պաշտպանությանը մասնակցեին, քանի որ տեղանքին քաջ ծանոթ են, գիտեն, թե հակառակորդը հնարավոր որ ուղղություններով կարող է դիվերսիոն գործողություն ծավալել եւ այլն: Բայց սա միայն իմ կարծիքն է, հրամանատարությունը որտեղ նպատակահարմար է գտնում, այնտեղ էլ պիտի ուղարկի կամավորական ջոկատներին: Ինչ վերաբերում է զորահավաքային գործընթացի կազմակերպմանը, ապա այս հարցը վերանայման եւ լուրջ փոփոխությունների կարիք ունի: Կոնկրետ պատերազմական իրավիճակում բանակը համալրելու ձեւաչափը պիտի փոխենք: Ես կարծում եմ, որ իրենց ցանկությամբ հավաքագրված մարդկանց հետ համապատասխան պայմանագրային պարտավորությունների շրջանակներում պիտի պարբերաբար աշխատանքներ կատարել՝ նրանց ապահովելով համապատասխան միջոցներով: Այդ մարդիկ ժամանակ առ ժամանակ պետք է համապատասխան կուրսեր անցնեն եւ ամեն վայրկյան, անկախ գտնվելու վայրից, կարգավիճակից, պատրաստ լինեն մարտական գործողությունների:
- Արդյո՞ք 1990-ականների պատերազմը եւ ներկայիս մարտական գործողությունները կարելի է նմանեցնել:
- Միանշանակ ոչ: Իմ կարծիքով՝ մեզ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: 1982թ.-ից ռազմական բնագավառում գործունեություն եմ ծավալել, եւ իմ փորձն ինձ թույլ է տալիս գալ նման եզրահանգման: Առհասարակ հասարակության մեջ պետք է ձեւավորվի ռազմական մտածողություն: Չի կարելի մարդուն ոչնչով չապահովել, բայց փոխարենն ինչ-որ բան պահանջել: Մարդը չպիտի ծառայի կոնկրետ անհատների գնահատականներին արժանանալու համար, այլ պիտի ծառայի սերունդներին օրինակ դառնալու գիտակցումով: Անհատական մոտեցումներն ընդմիշտ պիտի վերանան:
- Ձեր ամփոփիչ խոսքը:
- Իմ կարծիքով՝ բոլորս պատրաստ ենք թշնամու հերթական ոտնձգությանն անհրաժեշտ հակահարված տալու: Ժողովուրդը հասկանում է ձեռք բերածի արժեքը եւ չի ուզում կորցնել այն, ինչ արդեն ունի: Նա պատրաստ է զոհվել, բայց ապահովել Արցախի պաշտպանությունն ու անվտանգությունը: Իսկ որպես զինկոմ՝ կոչ եմ անում մարդկանց հատկապես պատերազմական իրավիճակում կատարել մեր կողմից տրված հանձնարարականները: Եթե որեւէ մեկը թերանում է այս օրերին իր պարտավորությունները կատարելու մեջ, ապա համարձակվում եմ կասկածի տակ դնել նրա ինքնությունն ու ազգային պատկանելությունը: Բոլորս պիտի թիկունքից նեցուկ լինենք ճակատին, յուրաքանչյուրս կատարենք մեր պարտավորությունները, որ կարողանանք ապահովել մեր երկրի հետագա զարգացման ընթացքը:
ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ