Լորը՝ «… Իմ կանաչ Լորը, / Իմ փառավորը, իմ բախտավորը»

18.07.2023 11:45
955

Երեսուն տարի առաջ՝ 1993 թ. հուլիսի 17-ին վախճանվեց Համո Սահյանը…

Հուլիսի 21-ին հայ հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց մեծ բանաստեղծին: Հանգուցյալի դագաղը դրված էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի ճեմասրահում:

Այնուհետև սգո թափորը շարժվեց դեպի Կոմիտասի անվան զբոսայգի, որտեղ կայացավ սգո հավաք: Խոսք ասացին ՀԳՄ նախագահ Վահագն Դավթյանը, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Սիսիանի շրջխորհրդի նախագահ Սամվել Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը:

Ընթերցվեցին ստացված ցավակցական հեռագրերը՝ Վրաստանի ԳԽ նախագահ Էդուարդ Շևարդնաձեից, Վրաստանի և Ռուսաստանի գրողների միություններից, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանից, Համո Սահյանի ծննդավայր Լոր գյուղի բնակիչներից:

Եվ սգո մեղեդիների հնչյունների ներքո մեծ բանաստեղծի աճյունն իջեցվեց գերեզման:

***

Համո Սահյանի ստեղծագործությունների ակունքը Սյունիքն է, աշխարհն ու տիեզերքը տեսնելու ամենաբարձր դիտակետն էլ Սյունիքն է: Ինքն էր ասում՝ «…Եթե նկատի ունենք պատմական Սյունիքը, ապա նա միակ և հիմնական ակունքն է, ինձ համար աշխարհն ու տիեզերքը տեսնելու ամենաբարձր և հուսալի դիտակետը: Նաև այն հավելյալ իրականությունը, որ պահպանել է իմ ինքնությունը այս խառն ու խրթին աշխարհում»:

Շատ էր սիրում իր ծննդավայրը՝

«Լուսնի վրա՝ տուն ու այգի,

Մարսի վրա գահ ունենա,

Ուր էլ մնա, ինչ էլ անի,

Համո Սահյանն իր Լորինն է»:

Հուլիսի 17-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այցելեց Լոր՝ Համո Սահյանի հայրական տուն. Սամվել Ալեքսանյանն էր, ճանաչված մտավորական և լրագրող Գագիկ Հայրումյանը…

Գյուղ հասանք Դարբասի ձորով ու հիշեցինք, թե ինչ էր զգում բանաստեղծն այդ վայրերը մտաբերելիս՝

«Երբ ամեն անգամ բացվում է օրը,

Մտքով մտնում եմ Դարբասի ձորը…

Կարծես լսում եմ մորս օրորը…

Երբ սոսափում է ծանոթ բարդին:

 

Դեմս փռվում է իմ կանաչ Լորը,

Իմ փառավորը, իմ բախտավորը…»:

Տիկին Հասմիկը՝ բանաստեղծի քույրն այլևս չկա, ով նման առիթների դեպքում գալիս էր Դարբասից և միանում «Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբին:

Տուն-թանգարանում էին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ճանաչված գեղանկարիչ Աշոտ Ավագյանը, Լորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը:

Տուն-թանգարանում մեզ դիմավորեց թանգարանի տասը տարվա տնօրենը՝ Քնքուշ Հարությունյանը, ով չափազանց դրական տպավորություն թողեց: Նախ, ինչպես տեսանք, տուն-թանգարանը պահպանվում է պատշաճորեն, իսկ ինքը՝ տնօրենը, թանգարանի ցուցադրությունները ներկայացնելիս հաճախ էր իր խոսքը համեմում Համո Սահյանի բանաստեղծություններով:

Տեղեկացանք, որ վերջին տարիներին բազմապատկվել է տուն-թանգարան այցելողների, Համո Սահյանի պոեզիայով հետաքրքրվողների թիվը, թեև լուսահոգի Շչորս Դավթյանից հետո որևէ ուշագրավ ձեռնարկ չի հրատարակվել Համո Սահյանի գրական ժառանգությունից:

Տուն-թանգարանում, բնականաբար, խորասուզվեցինք սահյանական պոեզիայի օվկիանոսի մեջ, հիշեցինք նրա առանձին ստեղծագործություններ, որոնք հայ մարդու ուղեկիցն են լինելու հավերժի ճանապարհին:

Մեր գրականագետներից ու գրական մեծերից շատերն են այդ հանգամանքը փաստել:

Նման գնահատողներից մեկի՝ սփյուռքահայ գրող Անդրանիկ Ծառուկյանի խոսքը. «Համօ Սահեան… Հայրենիքի հողն է, ջուրն է, թոնիրին հացը, ծառերուն սօսափը, հովերուն, ջուրերուն, յոգնած մարդուն հառաչը, սիրող զույգին ծիծաղը, մահացեալին յիշատակը, նորածինին ճռուողիւնը: Ինքը, մինակը, միակ, միայնակ՝ ամփոփված հայրենիք մըն է, միանձնացած հայութիւն մը…»:

Այնուհետև այցելեցինք Համո Սահյանի ծնողների՝ Սահակ դայու և Գայանե մայրիկի շիրմին:

Գերեզմանում ավանդական կարգով ոգեկոչեցինք նրանց հիշատակը, իսկ Քնքուշ Հարությունյանն արտասանեց բանաստեղծի գործերից մեկը՝ «Դագաղիս համար դուք ծառ չկտրեք».

Դագաղիս համար

Դուք ծառ չկտրեք:

Ինձ մի հին կոճղի

Փչակում դրեք,-

Անտառի եզրին,

Բլուրի վրա:

Որ գնամ գտնեմ

Արմատը նրա,

Որ գնամ նրա

Արմատը գրկեմ...

Եվ ի՞նչ իմանաս,

Գուցե թե մի օր

Դեպի լույս աշխարհ

Մի շյուղ արձակեմ:

Գերեզմանում էինք, երբ մայրաքաղաքից հեռաձայնեց բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը և օրվա առիթով մտքեր փոխանակեց Դավիթ Առուստամյանի և Սամվել Ալեքսանյանի հետ:

Այնուհետև այցելեցինք  Լորի հին դպրոցի շենք, որտեղ դասավանդել է Ակսել Բակունցը, որտեղ կրթություն է ստացել Համո Սահյանը, որ կառուցել են Գասպար Տեր-Մարգարյանը՝ Կապանի Շրվենանց գյուղից և իր կինը՝ Շուշանիկ Տեր-Մարգարյանը՝ Լորից:

Այցելեցինք մեծ բանաստեղծի սիրելի ուխտավայր՝ Ծառու Սուրբ Հովհաննես եկեղեցի (Լորի և Շենաթաղի միջնամասում), որը ծառի ու ջրի հեթանոս պաշտամունքի հետ կապված նշանավոր ուխտատեղի է եղել առնվազն Ծղուկ-Սիսիան գավառում:

Այցելեցինք գյուղի մուտքի մոտ գտնվող Սպիտակ խաչը կամ Լորիկի խաչը. 1271 թ. կանգնեցված այդ մահարձանը պահպանվել է սկզբնական տեսքով՝ չկորցնելով իր հմայքը:

Մեր վերջին կանգառը Դարբաս գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու մերձակայքն էր, որտեղ Համո Սահյանի «Իմ պապը» բանաստեղծության մոտիվներով՝ մեծ սյունեցի Գետիկ Բաղդասարյանի ձեռամբ կերտված քանդակն է, որ նաև գերդաստանի նահապետի՝ Խաչիպապի կերպարի ընկալումն ունի:

Լորից վերադարձանք հարստացած, գոտեպնդված և համոզված՝ հայ ժողովուրդը ելնելու է ներկա ծնկաչոք վիճակից, հայոց աշխարհի ամենահայոց երկրամասը՝ Արցախը, շարունակելու է երթը դեպի գալիք:

Համո Սահյանն էլ էր մեր վաղվա օրվա հավատավորը, այլապես Հայրենիքի խորհրդանիշ բանաստեղծը վստահորեն չէր հռչակի՝

«Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,

Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,

Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,

Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:

Գետնի տակից կգամ,

Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ…»:

Աննա Ալեքսանյան

Հ. Գ.

Օրը սահյանական էր… Եվ ի սկզբանե նպատակ չունեինք անդրադառնալ խնդիրներին, որոնց ականատես էինք դառնում Լորում: Սակայն հաճախ չէ, որ «Սյունյաց երկիրն» այցելում է այդ գյուղ, ուստի և ավելորդ չհամարեցինք ուշադրություն հրավիրել մի քանի հարցի վրա, որոնք, մեղմ ասած, մեզ ցավ պատճառեցին:

Գրեթե ամեն օր սյունիքյան միջավայրում ականատես ենք լինում միջոցառումների, նաև շոուների՝ կազմակերպված ինչ-ինչ չնչին կամ աննշանակ առիթներով: Սակայն հայոց մեծ քնարերգուի մահվան 30-ամյակի առիթով հիշատակի արարողություն չկազմակերպվեց ո՛չ մարզի և ո՛չ էլ Սիսիան համայնքի մասշտաբով: Երկու պատճառ կարող է դա ունենալ՝ կամ տվյալ գործին կոչված մարդիկ իրենց տեղում չեն կամ էլ այդ մարդիկ՝ գոնե դպրոցական մակարդակով, այդպես էլ չգիտեն, թե ով է Համո Սահյանը:

Մի ուրիշ տարօրինակ երևույթ էլ՝ Լորի հանրակրթական դպրոցը տասնամյակներ շարունակ կրել է Ակսել Բակունցի անունը, ով ժամանակին ուսուցչություն է արել այդ դպրոցում: Բայց հայ արձակի նահապետի անունը դուրս է մղվել դպրոցի անվանումից: Դա տեղի է ունեցել 2006-ին, երբ 8-ամյա դպրոցին տրվել է միջնակարգի կարգավիճակ: Ուղղակի ամոթ է. քանի-քանի ոչնչություններից կուռքեր ենք հորինում, բայց Բակունցի անունը ջնջում ենք: Գոնե հիմա հետամուտ լինենք՝ դպրոցին վերադարձնելու գրողի անունը:

Մեզ ցավ պատճառեց այն վիճակը, որ ստեղծվել է հին դպրոցի շենքի բակում՝ գյուղ մտնող ճանապարհի արևմտյան ափին՝ հենապատից անմիջապես վերև գտնվող գերեզմանատանը: Տասնյակ ննջեցյալների ոսկորներ՝ հողից դուրս ցցված… Եվ սահմռկեցուցիչ այդ տեսարանին ամեն օր ականատես են լինում և՛ գյուղաբնակները, և՛ գյուղ այցելողները:

Եվ, իհարկե, հին գյուղի դպրոցական շենքը, որտեղ դասավանդել է Ակսել Բակունցը, որտեղ սովորել է Համո Սահյանը… Շենքի ներսն իսկական աղբավայր է դարձել, որի մաքրման համար մի քանի հոգու երկու-երեք ժամ տևող ջանք է պահանջվում, բայց…

Գյուղի ներկայիս վիճակը… Վերջին ամիսներին բնակավայրը (ինչպես և ենթաշրջանի մյուս գյուղերը) մեծ վնաս են կրել կարկուտից ու հորդառատ անձրևներից՝ մարդկանց ամբողջապես զրկելով ակնկալվող բերքից: Մինչդեռ, ինչպես վկայում է գյուղի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը, այդ վնասները դեռևս չեն գնահատվել ու առայժմ խոսք չկա փոխհատուցման մասին. հետաքրքիր է՝ այդ գործով ո՞վ պիտի զբաղվի, որ չի զբաղվում:

Համո Սահյանի հիշատակը չենք ոգեկոչում, գյուղին հասած վնասները չենք վերականգնում, բա ուրիշ ինչո՞վ ենք զբաղված…

 

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13