Լծենով անցնելիք միջպետական ճանապարհը գյուղում զարթոնքի հույսեր է առաջ բերել

03.09.2022 12:23
2557

Սիսիանի տարածաշրջանի հարավարեւելյան հատվածում՝ Որոտան գետի աջակողմյա անտառապատ բարձրադիր լեռան փեշերին է Լծեն գյուղը:

Սյունյաց աշխարհի Ծղուկ գավառի մեջ մտնող գյուղի մասին ավանդությունն ասում է՝ մոնղոլների հարձակման ժամանակ լեռան գագաթից բնակիչները քարե կարկուտ են թափել թշնամու վրա, իսկ կրոնավոր Ներսես քերթողը ոգեւորված անընդհատ խրախուսել է համագյուղացիներին, ասելով՝ լցե, լցե, որից էլ իբր առաջացել է գյուղի անվանումը:

Գյուղի բնակիչների նախնիների մի մասն այդտեղ է գաղթել Պարսկահայաստանի Խոյ գավառի գյուղերից՝ 1828-29 թթ.:

Գյուղում կա մեկ կանգուն եկեղեցի, մեկ մատուռ՝ կառուցված 1347-ին, գյուղից հարավարեւելք էլ Սուրբ խաչ ուխտատեղին է:

Ըստ գյուղի վարչական ղեկավար Դերենիկ Հովհաննիսյանի՝ գյուղում կա 87 տուն, որից 22-ն է բնակեցված, իսկ բնակչության թիվը 37 է:

Եթե 1960-ականների վերջին գյուղի դպրոցում 162 աշակերտ կար, հիմա 4-ը:

Բնակչության թվի նվազմանը զուգահեռ նահանջ է ապրել գյուղական տնտեսությունը: 1990-ականների սկզբին՝ սեփականաշնորհման ժամանակ, գյուղում կար (մասնավորի հետ մեկտեղ) 2 հազար գլուխ մանր եւ 7 հարյուր գլուխ խոշոր եղջերավոր անասուն, հիմա՝ 100 մանր եւ 25 խոշոր…

Ժամանակին գյուղի բնակիչները ե՛ւ բնակավայրի ներսում, ե՛ւ հարեւան գյուղերի հետ բանակռվի մեջ էին հողերի համար: Նույնիսկ Որոտանի կիրճի ամեն մի պտղունց հողի համար, իսկ այսօր՝ բազմաթիվ չմշակվող այգիներ, հողատարածքներ…

Այդ առիթով հետաքրքիր է հիշել Զանգեզուրի գավառի գյուղատնտես Ակսել Բակունցի զեկուցագրերից մեկում տեղ գտած տողը՝ 1925 թ. երկրորդ եռամսյակում գավառի հողբաժնի կատարած աշխատանքների մասին՝ «Յայջի եւ Լծեն գյուղերի միջեւ եղած վիճելի սահմանագիծն է պարզված…» (Ակսել Բակունց, Երկեր 4 հատորով, Երեւան-1984, հատոր 4, էջ 453):

Մեր բարեկամ Աշոտ Մինասյանի հետ քանիցս ենք հիշել Բակունցի զեկուցագրի այդ տողը եւ ասել՝ երանի հիմա էլ Լծենի եւ Հարժիսի բնակիչները կռվեին Որոտանի կիրճի հողերի մշակման իրավունքի համար…

Ի դեպ, Ակսել Բակունցը մի հրաշալի ակնարկ ունի գյուղի մասին՝ «Լծեն» վերնագրով (Երկեր 4 հատորով, Երեւան-1979 թ., հատոր 2, էջ 387), որի բովանդակության առանցքում դարձյալ հողի հարցն է. ակնարկը ներկայացնում ենք սույն հրապարակմանը կից, իսկ մինչ այդ լսենք գյուղի վարչական ղեկավար Դերենիկ Հովհաննիսյանին:

-Հիմա մեր գյուղն արտաքին աշխարհի հետ կապ է ունենալու կառուցվող նոր ճանապարհի շնորհիվ, ինչը հույսեր է ներշնչում,-ասում է Դերենիկ Հովհաննիսյանը:-Բայց դեռեւս գյուղացիները փոխհատուցում չեն ստացել ո՛չ Շամբ-Լծեն կառուցվող ճանապարհի պատճառով հատված կամ հատման ենթակա պտղատու ծառերի համար, ո՛չ Լծեն-Տաթեւ ճանապարհի տակ մնացած հողերի համար, որ 15 ընտանիքի սեփականությունն էին:

Դերենիկ Հովհաննիսյանը ոգեւորությամբ է պատմում, որ գյուղի հիմնախնդիրներից երկուսը՝ խմելու եւ ոռոգման ջրի խնդիրները ներկայումս լուծման ընթացքի մեջ են:

-ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսավորմամբ ոռոգման ջրի հարցն է լուծվում՝ 6,4 կմ հեռավորությունից ջուր ենք բերում, իսկ խմելու ջուրը՝ 7 կմ հեռավորությունից,- ներկայացնում է գյուղի վարչական ղեկավարը:

Նա հավելում է նաեւ՝ Լծեն-Տաթեւ ճանապարհի կառուցման ընթացքում նոր սառնորակ աղբյուրներ են  ի հայտ եկել, ստուգվել է դրանց որակը, եւ հիմա մտածում են այդ ջրերը նույնպես գյուղ հասցնելու համար:

Այնպես որ՝ ըստ գյուղի վարչական ղեկավարի՝ Լծենում շուտով լուծված կլինեն ոռոգման եւ խմելու ջրի հարցերը, ինչն ավելի գրավիչ կդարձնի այդտեղ բնակվելը:

Մյուս կողմից՝ գյուղի աշխարհագրական դիրքը, մերձակա հրաշալի անտառները եւ, իհարկե, միջպետական ճանապարհի եզրին գտնվելը՝ նաեւ զբոսաշրջության համար են հեռանկարներ բացում, ինչի առաջին վկայությունը բնակավայրում ներկայումս կառուցվող գեղեցիկ հյուրատունն է:

Սամվել Ալեքսանյան

Հ.Գ.

Իսկ հիմա ընթերցենք Ակսել Բակունցի «Լծեն» ակնարկը, որն առաջին անգամ հրապարակվել է «Մարտակոչ» օրաթերթի 1926 թ. մարտի 26-ի համարում (N 67)`  Ակսել ստորագրությամբ:

 

«Լծեն»

Ճամփի լայնքը քառորդ մետր, այծի ճամփա, քերծերի վրայով։ Այնքա՜ն տրեխ, սմբակ ու կճղակ է թակել քարերին, փորել, արահետ արել: Ներքև՝ Որոտանը փրփրած, պղնձագույն ժայռերի մեջ ոռնում է, քարերը կրծում, բայց փլվում են ժայռերը վերի, թափվում ձորի մեջ։

Կածանը Լծենի ցաքուտների միջով իջնում է դեպի գետը, տեղ-տեղ անցնում փայտե կապերի վրայով և իջնում դեպի Որոտանի միակ անցքը, հետո զառիվայրով օձապտույտ ձգվում է բարձր, դեպի փեշերը անտառապատ սարերի։

Երբ ձյուն է լինում, սառչում է անցքը, կապերը պնդանում են, գյուղը օրերով կտրվում է դրսից, կածանով գնացող եկող չի լինում։

Լծենը հարյուր տարի առաջ Խոյից գաղթել է, եկել ապառաժի գլխին թառել։ Հինգ տուն են եղել, հիմա վաթսունից անց է։ Անտառները կտրատել են, ծառերը արմատահան արել,  տեղը կորեկ, հաճար վարել, շալակով հող կրել, թափել քարերի վրա, բոստանատեղ սարքել։ Ներքև՝ ձորում, Որոտանի ափին, ժայռերի ճեղքերում ծառեր են տնկել ընկուզենի, բալենի։

Գյուղի տեղը դառն է, քամու բերան, բաղ ու բարահիր հողից զուրկ։ Եթե սարալանջը վարելիս մաճկալը մաճն է բռնում, մեկն էլ մաճկալին է պահում, որ չգլորվի ներքև։

Գերդաստաններ կան քսան շնչով, նահապետական վարք ու բարքով։ Իրար ազգ ու բարեկամ են, հարսանիքին՝ ամբողջ գյուղով պիտի լինեն, ուտեն, խմեն։

Շատ քիչ է դրսից մարդ գալիս Լծեն։ Ո՞վ է գլխից ձեռք  վեր կալել քերծերի վրայով ժամերով գնալ, ցաքուտի միջով Որոտանի դժար անցը կտրել։

Երբ հարս ու աղջիկ կժերն ուսին իրիկվա ջրի համար աղբյուրի առաջ հերթի էին կանգնել, հոգնած բեզարած գյուղ մտանք։

***

Լծենի դպրոցը մի սենյակ ունի, մի խմբակ։ Եթե գյուղում ժողով է լինում (իսկ Լծենում ժողով քիչ է լինում), դպրոցի սենյակում են հավաքվում։

Երեկոյան ժողովը հողերի հավասարման համար է։ Գուցե ոչ մի գյուղում հողն այնքան թանկ չէ գյուղացու համար, որքան Լծենում։ Կես օրավար վարելահողի վրա տասնյակ տարիներ մի գերդաստան քրտինք է թափել, քարը ջոկել ծառն արմատով հանել, ամեն գարնան արտի եզերքին բսնող թփերը կտրատել, կոխ կպել մաճի հետ, մինչև ցել անի։

Էս հողերում երախտիք շատ է թափել մեր գյուղը։ Հիմա շատացել ենք, հողը չի հերիքում,— ասում է մի ալևոր, և չնայած, որ նախագահը նկատում է, թե հերթով խոսի, նա էլի շարունակում է.

Իմ միտս է, որ մեր գյուղում թավչի (տուրք) անելիս տասնչորս տուն կար, հիմա վաթսունը անց ա։

Մի ուրիշն է խոսում.

Մենք գեղով մի արմատ ենք, մի ցեղ ենք։ Հաստատ մնա սովետական իշխանը, սապոնը կա, շաքարը ճարվում ա, դե հիմա էլ պետք ա հողերը բաժին անենք, շատացել ենք։

Թեպետ բարքը նահապետական է, և ծերերը աշխատում են գյուղը հաշտ ու միաբան ներկայացնել, բայց հողերի մասին խոսելիս շահերն աններդաշնակ են, հակառակությունը՝ շատ։ Հողաբաժանում դեռ չի եղել. նա, ով փափուկ բարահիր ունի, խոտատեղ և ջրովի, նա լուռ է, եղած դրության հետ հաշտ։ Նա, ով մեռել թաղելու տեղ էլ չունի, ում բաժինը մի փութ կորեկի տեղ է, այնքան է պինդ կպած հողահավասարման, որքան փշոտ թուփը՝ Լծենի հողին։

Գիշերը կես է դառնում, ժողովը դեռ վերջ չունի։ Գյուղի ամբողջ ներքինը, այն՝ ինչ առաջին ակնարկից չես տեսնում, գյուղի առօրյան պարզվում է, մերկանում, որպես վահրոտ մարմին, պլոկված կաշիով, կոշտուկներով, մի տեղ ճարպոտ, մսակալած, մի տեղ կաշի ու ոսկոր։

Ահա մի ընտանիք, որ գյուղի ծխամատյանում նահապետական գերդաստան է հիշվում, պապ ու թոռնով, չորս հարսով, սկեսուրով պառավ,— ժողովում փոքր եղբայրը, որ ինվալիդ է գերմանու կռվի, ինվալիդը կռնատ մի ձեռքով կուրծքն է ծեծում և ետևի շարքից բղավում.

Մեծ աղբերս ինձ ճնշում ա, նրա ձեռքին օր չեմ քաշում ։

Պատմում է, թե ինչպես մեծ եղբայրը հին տան միակ սենյակի անկյունում պատ է քաշել, մի հավաբուն շինել, տվել ինվալիդ եղբորը։ Տունը ոչ դուռ ունի, ոչ պատուհան, փշրված պատի ճեղքով են ներս ու դուրս անում։

Էդ հարկավոր չի, էդ ժողովի բան չի,— սաստում է մի ալևոր, իսկ ինվալիդը ավելի է զայրանում, ձայնը բարձրացնում և փորձում ավելի առաջ գալ։

Պիտի ասեմ, էս ժողովում պիտի ասեմ, որ բոլորն էլ իմանան։ Ես հող չունեմ, տնատեղ չունեմ, ես իմ աղբոր եսիրն եմ, նրա տան ծառան, բա հիմիկվա օրենքը էդ վեր կունի՞...

Մեծ աղբերը աչքերը ոլորում է, սպառնալից նայում նրան։ Մոտին կանգնած մի ծերունի նրա թևից քաշում է, հրամայում լռել։

Ինվալիդը աղմկում է, ուրիշներն են խառնվում, նախագահը փորձում է կարգ պահել, չի լինում։ Մեղադրում են իրար։ Մի ճղոտված, մսերը բաց լծենցի գոռում է դռան մոտ կանգնած գյուղացու երեսին։

Տուր է, ջրովուդ կեսը տուր ինձ, բա քեզ չորս կով լինի, դու խոտ էլ ծախես, ինձ մինն էլ չլինի՞, տուր, որ ապրեմ... Գերասիմը (ինվալիդը) ճշմարիտ խոսք ա ասում, ի՞նչ եք վրա թափվում։

Ապա ետ է դառնում, նայում սենյակի կիսամութում նստած հարևաններին և ասում.

Սո՞ւտ եմ ասում, այ ժողովուրդ... Մի գեղում մի քանի տուն ճնշում ա էլի, խի՞ չէք խոսում, պապանձվել եք, որ էգուց պատերի տակ փսփսաք...

Մի քանի հոգի կանչում են.

Դուզ խոսք ա, ճշմարիտն էդ ա։

Գերասիմը ավելի է ոգևորվում.

Դե մի տուր, ժողովի գիրքը բեր, էն որ գրել ես, թե ի գիտություն, տուր ընկերն էլ կարդա, իմանա ի գիտությունը որն ա...

Նախագահը ուզում է կոծկի, թե այդ հին բան է, ժողովին չի վերաբերում, բայց Գերասիմը համառ է։ Թերթում եմ գյուղի խորհրդի մատյանը.

«Լսեցինցին. Ընկ. Ավագը զեկուցում տվավ, որ Գերասիմը, որն որ հանդում վար անելիս ուշքը գնաց»։ «Որոշեցին. Ընդունեցինք ի գիտություն»։

Բա ես ընկնավոր ե՞մ, որ վար անելիս ուշքս գնա: Աղբերս ա թակել, այ ասում եմ, էդ ա ի գիտությունը...— կանչում է Գերասիմը։

Աղբերը փորձում է վրա հարձակվել, պահում են, հետո զոռով ժողովից դուրս անում։ Սաստում են Գերասիմին, թե  լեզուդ հավաք արա, գեղը խայտառակ մի անի։

Ժողովը տևում է մինչև աքլորականչ ։ Որոշումը կտրուկ է, հաստատ. հողերը բաժանել, չունևորին կալ ու մարագի տեղ տալ։ Գերասիմին ընտրում են հեղկոմի անդամ։

***

Լուսաբացին գյուղից դուրս եկանք։ Գերեզմանատան մոտ Գերասիմն ու ճղոտված, մսերը բաց լծենցին սպասում էին մեզ։ Մոտեցան, բարի լուս տվին, Գերասիմը թե՝

Կարճ ասեմ. մեզ տնատեղ շուտ հասցրեք, հողերը բաժին արեք, թե չէ մեզ կխեղդեն։ ճղոտվածը չխոսեց։ Պռոշները կապտել էին...

 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25