Լուսավորությունը և կրթությունը Ղափանի գյուղերում 20-րդ դարի սկզբին

13.11.2018 16:15
2957
(Նյութի հեղինակ՝ Քրիստինե Պետրոսյան, Կապանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող, պատմաբան)

 

 

Ով էս աշխարհում որդու լավությունը կուզե, թող տա նրան շնորհ և կրթություն

 Խ. Աբովյան

 

Նախ այն մասին թե ինչ է լուսավորությունը, որտեղ սկիզբ առավ լուսավորական շարժումը, ովքեր են նրանց կնքահայրերը։

Ժամանակակից աշխարհի մշակութային ստեղծագործական ձևերն առավելապես պարտական են եվրոպական Լուսավորական շարժմանը: Այդ շարժումը հեղաշրջեց մարդկային մտածողությունը` ճանաչողության նախադրյալները փնտրելով ոչ թե եկեղեցու և կրոնի , այլ գիտության և բանականության մեջ: Ոգևորված գիտության հաջողություններով` այն ձևակերպեց քննադատական մտածողություն, որը ոչ միայն պետք է աջակցեր գիտության, արվեստների կամ իրավունքի զարգացմանը, այլև ծառայեր սոցիալական կյանքի առաջընթացին: Լուսավորականությունը սոցիալական, գաղափարական շարժում է, որը պայքարում էր ֆեոդալիզմի, կաթոլիկական եկեղեցու դեմ, բարձրացնում գիտության և գիտելիքի դերը հասարակության մեջ։ Այն սկիզբ է առել տասնյոթերորդ դարում՝ հիմք դնելով բանականության հաղթարշավին, բարձրացնելով հասարակության մեջ անհատի դերը։ Լուսավորականություն տերմինն օգտագործել են լուսավորիչներ Մարի Ֆրանսուա Վոլտերը, Յոհան Հերդերը, բայց վերջնականապես ընդունվել է փիլիսոփա Իմանուիլ Կանտի «Պատասխան հարցին. Ի՞նչ է լուսավորականությունը» (1784թ.) հոդվածից հետո: 19-րդ դարի պատմաբաններն ու փիլիսոփաները լուսավորականությունը բնութագրել են որպես մարդկային բանականության նկատմամբ անսահման հավատի, միջնադարյան եկեղեցական խավարամտության դեմ գիտության հաղթանակի դրաշրջան: Լուսավորական շարժումն իրականում ապագա հեղափոխությունների գաղափարական նախապատրաստությունն էր: Հայ իրականության մեջ լուսավորական շարժման (17-րդ դարի վերջ- 19-րդ դարի սկիզբ) հիմք ծառայեցին եվրոպական հեղափոխությունները և լուսավորիչների (հատկապես ֆրանսիացի) գաղափարները: Հայ լուսավորականներ էին Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը («Գիրք անուանյալ որոգայթ փառաց», Մադրաս, 1773թ.), Մովսես Բաղրամյանը («Նոր տետրակ, որ կոչի յորդորակ», Մադրաս, 1772թ.), Միքայել Նալբանդյանը, Խաչատուր Աբովյանը, լուսավորական գործունեություն էր ծավալում Մխիթարյան միաբանությունը և ուրիշներ:

Ինչպե՞ս Եվրոպայում սկիզբ առած լուսավորական շարժումը հասավ Հայաստանի ամեն մի անկյուն, ինչպե՞ս գյուղերում հիմնվեցին կրթօջախներ, ու՞մ ջանքերով եւ ինչ միջոցներով։

1836թ. մարտին 11-ին ցարական կառավարության հռչակած «հայ լուսավորչական հավատի հոգևոր գործերի կառավարման կանոնադրությունը» (Պոլոժենիե) կանոնակարգում էր իշխանության հարաբերությունները հայերի և հայ եկեղեցու հետ՝ մասնակցելով հայ եկեղեցու և հայ համայնքի բոլոր ներքին գործերին: Նույն այդ օրենքի համաձայն՝ հայոց դպրոցները կարող էին գոյություն ունենալ միայն եկեղեցու հովանավորության տակ (ծխական) և նրա վավերացրած դասացուցակով, որի հսկողությունն իրականացնում էր Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը: Այդ պատճառով էլ փակվեցին մի շարք հայկական դպրոցներ, մյուսներում էլ կրճատվեցին հայերենի դասժամերը:

Ցարիզմի գաղութային քաղաքականության արտահայտությունն էր 1903 թվականի հունիսի 12-ի հրամանագիրը: Նիկոլայ 2-րդը Կովկասի կառավարչապետ իշխան Գոլիցինի սադրանքով ստորագրեց հատուկ օրենք, որով պետությունը բռնագրավում էր հայկական հոգևոր հարստություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը: Դա առաջին հերթին հարվածում էր լուսավորական-կրթական հիմնարկներին և հայ դպրոցներին, որոնք պահվում էին եկեղեցական կալվածքների հասույթով:

Նիկոլայ Բ ցարի ներքին գործոց նախարար Պլևեն, ով հայատյաց էր և հակահրեայի համբավ ուներ, ղեկավարեց հայահալած քաղաքականությունը Անդրկովկասում: Նա իր գործակից ու գաղափարակից Գոլիցինի հետ փակել տվեց 300 հայկական դպրոց՝ Արևելահայաստանում և 100 դպրոց Անդրկովկասում: Փակվեցին նաև մշակութային հաստատություններ, թերթեր, գրադարաններ, նույնիսկ՝ բարեգործական միություններ:

Ցարական քաղաքականության նպատակն էր ձուլման ենթարկել հայերին: Հայապահպանության և եկեղեցու ունեցվածքը հետ վերադարձնելու խնդրում ակտիվ գործունեություն ծավալեցին Հնչակյան և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները : Դաշնակցությունը ամիջապես կազմեց «Հայկական ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե», որը պաշտպան կանգնեց հայ ազգային հարստությանը: Հայ ժողովրդի պայքարը գաղութարարների դեմ, սակայն, պսակվեց հաջողությամբ: 1905 թվականին օգոստոսի 1-ի հրամանագրով հայոց եկեղեցուն վերադարձվեց նրա ունեցվածքը: Վերաբացվեցին դպրոցները: Հայ կրթական գործը զարգացման որոշակի հաջողություններ ու դժվարություններ ուներ Արևելյան Հայաստանում:

Դարասկզբին Ղափանի շրջանում՝ շնորհիվ Բաքվի «Արամազզդ և Բ. Հ. Կուլտուրական» , ընկերությունների աջակցության կրթական գործը բավական լավ հիմքերի վրա է դրվում:

Մինչև 19-րդ դարի վերջերը Ղափանի դպրոցների մասին քիչ բան է հայտնի: Այդ մասին տեղեկանում ենք հիմնականում այն ժամանակվա մամուլից։ Եղած կրթօջախները մասնավոր էին, եկեղեցուն կից և քիչ թվով պետական:

Վաղ բացված դպրոցներից էր Նորաշենիկ գյուղի ծխական դպրոցը, դպրոցի մասին հիշատակվում է դեռ 1873 թվականից: Ըստ Ստեփանոս Օրբելյանի հինավուրց գյուղը գտնվում էր Աճանանում (Էջանան)՝ համանուն գետի ձախ ափին: Գյուղից ներքև պահպանվել է «Զայեզժի դոմ» իջևանատան շինությունը, որտեղ նախկինում ապրել են պղնձագործ վարպետները: Արձանագրություններ կան մերձակայքում պահպանված եռանավ բազիլիկայում: Գյուղում կան բերդապարիսպների, եկեղեցիների, այլ նշանակության կառույցների ավերակներ: Գյուղը մինչև այժմ էլ ունի կանգուն եկեղեցի: Նորաշենիկի ծխական դպրոցի վարժապետ էր Վարդան Տեր- Ավետիսյանը, ունեցել է 16 աշակերտ: Տարական դպրոցը գտնվում էր «Զայեզժի դոմ» շենքում: Հետագայում պարապունքներն ընթացել են Թումանանց տոհմի հարմարեցված սենյակներում: Ի դեպ, Թումանանք այդ գյուղի հայտնի տոհմերից են, եղել են գրագետ ու ապրել բարեկեցիկ, ակտիվ մասնակցություն են ունեցել Նորաշենիկի զարգացմանը: Ըստ մի տեղեկության (Նոր դար, 5 հունիսի 1895թ.) «Ուսման գործի մեջ... Սողոմոն Մելիք Աղամիրյանը մինչև վերջին տարիներս պահում էր Նորաշենում (Նորաշենիկ) մասնավոր դպրոց»:

Ղափանի շրջանում 1902 թվականին գոյություն ուներ Գ. Տեր Մարգարյանի հիմնած երկդասյան ծխական դպրոցը Շրվենանց գյուղում և Մանուչար Ավագյանցի դպրոցը Գյուտկում գյուղում, որը պետական դպրոցների շարքին էր դասվել: Գ. Տեր Մարգարյանը շատ վաղ տարիքում գնացել էր Բաքու, հետագայում դառձել նավթահանքերի տեր: Մեծահարուս բարերարն իր միջոցներով դպրոց հիմնեց, հոգաց բոլոր ծախսերը, վճարում էր մանկավարժների աշխատավարձը և այլն: Դպրոցական առաջին զանգը հնչել է 1902թ. սեպտեմբերի վերջին: Դպրոցի նավակտիքը ողջունել է «Մշակ» թերթը, տոնախմբություն են կազմակերպել շրջակա գյուղերը: Բարերար Տեր Մարգարյանը վարիչ- ուսուցիչ է երաշխավորել Եսայի Մելիք Փարսադանյանին, նրան փոխարինել է Արշակ Արտեմի Ղազարյանը

(Գորիս): 1903թ. դպրոցում սովորում էին տարբեր սոցիալական խավերից 136 աշակերտ, այդ թվում 4 աղջիկ: Ըստ տեղեկությունների մինչև 1905թ. ուսումնական առարկաների մեծ մասը դասավանդվում էր ռուսերեն: Հետագայում, երբ դպրոցը դարձավ ծխական՝ ուսուցման լեզուն դարձավ հայերենը: Ազգամիջյան բախումների պատճառով դպրոցը 1906թ. չի գործել: 1907թ. ավագ ուսուցչի պաշտոնը ստանձնել է Ստեփան Ստեփանյանը (Հադրութ), որի ջանքերով գյուղատնտեսական ուսուցման համար դրվել են որոշ հիմքեր: Հանրակրթական առարկաներից բացի այստեղ դասավանդվում էր գյուղատնտեսական գիտելիքներ: Դպրոցում դասավանդել են ուսուցիչներ Լևոն Ղահրամանյանը (Ղարադաղ) և Աղավնի Սարգսյանը (Ախալքալաք), որոնք Շրվենանցում ընտանիք են կազմել: Այս դպրոց են հաճախել շրջակա գյուղերի, անգամ Գորիսի առանձին գյուղերի ուսումնատենչ մանուկները , հայ երեխաների հետ սովորել են նաև ադրբեջանցի երեխաներ: Ժամանակի լավագույն դպրոցներից էր համարվում Շրվենանցի դպրոցը: Շրվենանց գյուղի ավագ ուսուցիչ էր Հակոբ Այվազյանը: Ինտելիգենտ մտքի և զգացմունքների տեր մի անձնավորություն: Բնիկ Էջմիածնեցի՝ Ալիբեկլու գյուղից: Ավարտել էր Էջմիածնի ճեմարանը, դիմել էր Պարսկաստան ուսուցչության, հաջողվել էր պաշտոն ստանալ Ֆրանսիական դեսպանատանը, ապա դարձել էր դեսպանի անմիջական թարգմանը:

Չնայած՝ հալածանքներին և բազմաթիվ խոչնդոտներին, այնուամենայնիվ գյուղերում բացվեցին դպրոցներ։ Չունենալով պետական հովանավորություն՝ հայոց դպրոցը պահվում էր հասարակական կազմակերպությունների, առանձին անհատների և գլխավորապես հայ առաքելական եկեղեցու միջոցներով:

Աչքի համար շատ սովորական է այսօր Կապանի ամեն մի անկյունում տեսնել կրթօջախներ, գիտելիքի պահապաններ։ Այսօր ուրախությամբ փաստենք, որ մեր դպրոցը ունի բացառապես պետական հովանավորություն, ստիպված չէ այստեղից այնտեղից միջոցներ մուրալ։ Սակայն չպետք է մոռանալ ինչ գնով ստեղծվեցին այդ ինստիտուտները , ինչ ջանքեր պահանջվեցին այն հիմնադրողներից։ Այն ժամանակ ամեն մի լումա ներդրվում էր դպրոցի քարը քարի վրա դնելու համար, իսկ այսօր քիչ չեն դեպքերը, երբ շատ գյուղերի դպրոցի տնօրեններ ոչ թե ներդնում, այլ հանուն սեփական բարեկեցության պետության՝ դպրոցին հատկացված սուղ միջոցներից յուրացնում են՝ վտանգելով կրթության որակը։ Չմոռանանք, որ այսօր, ինչպես և մեկ դար առաջ կրթության արդյունավետ կազմակերպումը և դպրոցին հատկացված միջոցների նպատակային օգտագործումը օրվա հացի պես անհրաժեշտ են գյուղերի համար, որոնց բնակիչները հիմնականում գտնվում են աղքատության եզրին եւ իրենց երեխաների գրագետ ու հաջողակ ապագան սեփական միջոցներով, ցավոք, այսօր ևս կառուցել չեն կարող։

Մարդկությունը որքան զարգանում, այնքան կարևորում է կրթության դերը, հատկապես արժևորվում է որակյալ եւ ժամանակակից կրթության դերը մեր կյանքում։ Տակավին երիտասարդ անկախ Հայաստանի համար կրթությունն է, որ ապահովելու է երկրի հզոր զարգացումը, տնտեսական առաջընթացն ու մտքի թռիչքը։ Կրթված, պայքարող, իրենց իրավունքներին տիրապետող անհատներն են, որ հեղափոխական ջահը ձեռքներին բարեփոխումները, կամ դասական իմաստով, լուսավորությունը հասցնելու են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ։

Աղբյուրներ`

1.Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

2. Թերթեր՝ «Գավառ», «Մշակ», «Արև», «Աշխատանք», «Ալիք» «Նոր դար», «Ազգագրական հանդես»,

3.Անուշավան Ադամյան «Կապան կրթության ոսկեդար 1900-2000», 2004թ.

4. Ռուբինա Փիրումյան «Հայկական հարցի պատմություն»

Նյութը ամբողջությամբ՝ թերթի N23-ում(481)

 

 

 

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19