Լույսի ցոլքեր Շուռնուխում. անդամահատված գյուղը դիմակայում է արհավիրքին

13.08.2022 20:35
2201

Դեռեւս 2021-ի հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի արեւելյան հատվածը (Մ-2 մայրուղուց արեւելք), առանց հիմնավորված եւ իրավական արժեք ունեցող պատճառների, պաշտոնապես փոխանցվեց Ադրբեջանին…

Մ-2 մայրուղու՝ գյուղամիջով անցնող հատվածը վերածվեց յուրօրինակ սահմանաբաժանի, որի հսկողությունը հանձնվեց ռուս սահմանապահներին:

Տասնմեկ տան բնակիչներ զրկվեցին տարիներով իրենց արած-դրածից:

Հիմա այդ թաղամասում ադրբեջանցի զինյալներն են վխտում…

Գյուղը մի նոր փորձության ենթարկվեց 2021-ի նոյեմբերի 16-ից հետո, երբ ադրբեջանցիները շրջափակեցին Գորիս-Կապան մայրուղին:

Շուռնուխն այդպիսով ոչ միայն կիսատվեց, ոչ միայն շրջափակվեց, այլեւ դարձավ մեր ծնկաչոք, նվաստացած վիճակի, մեր ինքնիշխանությունը տրորելու յուրօրինակ խորհրդանիշ…

***

2021-ի հունվարի 5-ից հետո լրջագույն խնդիր դարձավ գյուղի հետագա գոյության (գոնե այդ տեսքով) պահպանումը:

Կառավարությունը ստանձնեց գյուղի արեւելյան թաղամասից տեղահանված 11 ընտանիքին բնակարանով ապահովելու խնդրի լուծումը:

Եվ հայկական հատվածում 2021-ի ապրիլի 23-ին տրվեց բնակելի նոր թաղամասի կառուցման մեկնարկը:

Կառուցվող թաղամասը զբաղեցնում է մոտ 2,5 հա տարածք, կառուցվում է 14 անհատական բնակարան՝ օժանդակ հարմարություններով, մեկ բնակարանը՝ 170 քառակուսի մետր մակերեսով:

Բնակելիների շինարարությունն իրականացնում է «Անապատ-2» արտադրական կոոպերատիվը:

Նախնական տվյալներով 470 մլն դրամ արժողությամբ այդ ծրագրի իրականացումը, կարծեք, վերջնական հանգրվանում է, թեեւ խոստացել էին ավարտին հասցնել 2021-ի տարեվերջին:

Ինչեւէ, հուսանք, որ 2022-ի դեկտեմբերին (եթե ոչ շուտ) բնակարանամուտ կտոնենք Շուռնուխում:

***

Շուռնուխի հարատեւումն ապահովելու առաջնահերթ պայմաններից մեկն էլ ճանապարհային բնականոն հաղորդակցության վերականգնումն է, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ինչը խոսակցության առանձին թեմա է:

Այդ ամենի հետ մեկտեղ Գորիսի համայնքային իշխանությունն էլ իր քայլերն է ձեռնարկում գյուղի շատ թե քիչ բնականոն կյանքը կազմակերպելու համար:

Անցած գրեթե մեկուկես տարում համայնքապետարանը մի քանի ծրագիր է իրականացրել Շուռնուխում: Դրանցից մեկն էլ երբեմնի գյուղապետարանի շենքի (որ նաեւ բնակավայրի ակումբի ու գրադարանի շենքն էր) բնակելիի վերափոխելու ծրագիրն էր:

Դեռեւս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռմբահարված, կիսաքանդված շենքի վերակառուցման ու բնակելի դարձնելու համար համայնքային իշխանությունը 38 մլն դրամի ներդրում էր կատարել:

2021-ի երրորդ եռամսյակում մեկնարկած այդ ծրագիրը կյանքի կոչեց «Բեսթհոուդ» ՍՊ ընկերությունը (ղեկավար՝ Հայկ Բաղդասայան):

Շենքը, ի վերջո, վերածվեց չորս բնակարանի՝ յուրաքանչյուրը երեք սենյակով, որոնցում ստեղծվել են ապրելու համարյա բոլոր պայմանները՝ ժամանակակից հարդարանքով:

Նույն շենքում կահավորվել է Երիտասարդական կենտրոնը (գույքը տրամադրել է «Վորլդ վիժն» կազմակերպությունը):

Կահավորվել է նաեւ Մանկական զարգացման կենտրոնը՝ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ծրագրով:

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» կազմակերպությունն էլ վերակառուցված շենքի տանիքին արեւային պանելներ է տեղադրել եւ ջրատաքացուցիչներ:

Օգոստոսի 12-ը բնակարանամուտի սպասված պահն էր …

Գյուղ էին ժամանել մի քանի տասնյակ մարդիկ Գորիսից, Կապանից, Ստեփանակերտից, հանրապետության այլ վայրերից:

Եվ բնակարանամուտը վերածվեց յուրօրինակ տոնախմբության…

Բնակարանները հատկացրին Թամարա Մարտիրոսյանի (Արցախից տեղահանված), Մարինե Միրզոյանի (Գորիսից Շուռնուխ տեղափոխված), Նիկոլայ Ղուկասյանի (Գորիսից Շուռնուխ  տեղափոխված), Նվեր Ալեքսանյանի (Արցախից տեղահանված) ընտանիքներին:

Բայց մինչեւ բնակարանների բանալիների հանձնումը… Վերակառուցված բնակելիի բակում տեղի ունեցավ նախաժամ հավաք, որը վարում էր Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գեղմասվար Ռուսլաննա Մանվելյանը:

Հավաքում՝ նախ օրհնության խոսք ասաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, տեր Մակար վարդապետ Հակոբյանը:

Ելույթ ունեցավ Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը:

Բնակելիի բանալիները տանտերերին հանձնեցին տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Սյունիքի մարզպետի օգնական Սուրեն  Քեսեջյանը:

Ընդ որում՝ Սռեփանակերտի քաղաքապետն ամեն մի բնակարանի հեռուստացույց նվիրեց:

Իսկ Թամարա Մարտիրոսյանը երախտագիտության խոսք ուղղեց Գորիսի համայնքային իշխանությանը, համայնքապետ Առուշ Առուշանյանին՝ իրենց բնակարանային կարիքները  լավագույնս հոգալու համար:

Այնուհետեւ տեր Մակար վարդապետ Հակոբյանը եւ Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը կատարեցին տնօրհնեքի արարողություն:

Այդ ամենից հետո տոնակատարությունը շարունակվեց գյուղի արեւմտյան բարձունքում՝ հայոց եռագույնի ծփանքի ներքո…

Նախ մատուցվեց մատաղ, այնուհետեւ նորակառույց թաղամասի միջնամասում կատարվեց մանկական խաղահրապարակի բացում՝  կառուցված ՄԶԱԾ «Կայուն համայնքեր» ծրագրով: Իսկ հետո… Գորիսի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաների եւ Գորիսի «Կանանց ռեսուրս» կենտրոնի ձեռքի աշխատանքների ցուցահանդես, վերիշենցի ժողովրդական վարպետ Ալբերտ Միրզոյանի քանդակների ցուցադրություն, Գորիսի երկրագիտական թանգարանի ցուցահանդես՝ «Զանգեզուրյան հերոսամարտը» թեմայով, ազգային խաղեր եւ, իհարկե, գորիսյան բարիքների հյուրասիրություն՝ ըստ համայնքի գյուղերի տաղավարների:

Տոնակատարությանը համերգային ծավալուն ծրագրով հանդես եկավ Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը, որը վարում էր մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը:

Համերգային ծրագրում ելույթներ ունեցան նաեւ անհատ կատարողներ Արթուր Դադալյանը,  Սոնա Մանվելյանը, Վաչե Մանվելյանը եւ Վանուհի Խաչատրյանը:

Համերգային ծրագրի շրջանակներում ներկաներին հաճելի պահեր պարգեւեցին նաեւ «Սյունիք»  պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Վահե Մելքումյան) եւ Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների «Զանգեզուր» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Հարութ Առուստամյան):

Ինչպես արդեն ասացինք՝ բազմաթիվ հյուրեր էին ժամանել Շուռնուխ. երեւի գյուղն այդքան մարդաշատ չէր եղել երբեւէ: Հյուրերի մեջ էր նաեւ Վայքի «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպության պատվիրակությունը՝ իրենց ղեկավար Արտավազդ Վարդանյանի գլխավորությամբ:

Հասկանալի հանգամանքների եւ տոնի աննախադեպ բազմամարդության պատճառով էր, որ տոնախմբության ամբողջ ընթացքում ոտքի վրա էր Գորիսի ոստիկանությունը՝ ոստիկանապետ   Ալեն Կարապետյանի  գլխավորությամբ:

Տոնը, որ կայացավ բարձր մակարդակով, ճաշակով եւ հարուստ բովանդակությամբ, կազմակերպել էր Գորիսի համայնքային իշխանությունը:

Տոնը վերստին հավաստեց, որ Շուռնուխն արժանապատվորեն է դիմակայում պարտադրված արհավիրքին, որ գյուղն ի վերջո հաղթահարելու է փորձությունները եւ լինելու է հավերժության ճամփա բռնած հայոց Սյունիքի հպարտ մասնիկն ու սահմանապահ գյուղը…

Հ.Գ.

Հյուրերը Շուռնուխ էին ժամանել տարբեր ճանապարհներով, մի մասը՝ Խոտ-Որոտան-Թասի լեռնանցք (Մ-2) մայրուղով, մյուս մասը՝ Տաթեւ-Կապան նորաշեն ճանապարհից դեպի Բարձրավան ձգվող եւ ապա Մ-2-ին միացող ճանապարհով, երրորդ խումբը՝ Տանձավեր-Շուռնուխ կառուցվող ու դեռեւս դժվարանցանելի ճանապարհով:

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝  «Սյունյաց երկիր» թերթի եւ Գորիսի համայնքապետարանի

 

 

 

«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստաթուղթ

11.03.2026 23:02

Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52

Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

11.03.2026 19:45

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ

11.03.2026 19:33

Ուժեղ տնտեսությամբ կհասնենք երաշխավորված խաղաղության․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11.03.2026 19:24

Իրանն այնքան ժամանակ հարվածներ կհասցնի, մինչև հասնի հակառակորդի կապիտուլյացիայի. ԻՀՊԿ

11.03.2026 16:40

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

11.03.2026 16:33

«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի

11.03.2026 16:26

Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

11.03.2026 15:58

Հայաստանը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հարևան շուկաներ մուտք գործելու համար, Երևանում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան

11.03.2026 15:02

Իրանը երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

11.03.2026 12:48