Մահացել է Գուսան Աշոտի որդին՝ Համլետ Դադալյանը

25.12.2023 11:18
958

Դեկտեմբերի 21-ի առավոտյան մահկանացուն է կնքել Հայոց մեծ գուսանի որդին՝ Համլետ Աշոտի Դադալյանը:

Դրան նախորդել էր երեք տարի տևած հիվանդությունը, իսկ վերջին տարում ուղղակի ծանր վիճակում էր:

Նրա կինը՝ Վիկտորյա Դադալյանը և դուստրը՝ Հասմիկ Դադալյանը հնարավոր ամեն ինչ արել են Համլետին բուժելու համար, բայց բժշկությունը, ավաղ, ի զորու չի եղել:

Սգավոր գերդաստանին հիմա մեկ այլ հանգամանք է ցավ պատճառում. հնարավոր չի եղել Համլետ Դադալյանին հողին հանձնել հոր՝ Գուսան Աշոտի գերեզմանի մերձակայքում: Ուստի և հուղարկավորվել է քաղաքի նոր գերեզմանատանը, որ գտնվում է Թոզ կապի գործող գերեզմանատնից հյուսիս՝ ավերակված եկեղեցու մերձակայքում:

Համլետ Դադալյանի մահվան և դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած հուղարկավորության մասին, ցավոք, անտեղյակ է եղել Գորիսի հանրության մեծ մասը, որը շաղված-շփոթված մեր օրերին բնորոշ վիճակով միայն կարելի է բացատրել: Եվ հարյուրավոր գորիսեցիներ անկեղծորեն ափսոսանք են հայտնում, որ չեն կարողացել հրաժեշտ տալ Ամենայն հայոց գուսանի որդուն:

Համլետ Աշոտի Դադալյանը ծնվել է 1944 թ. ապրիլի 19-ին, Գորիս քաղաքում: Երեք ամսականում կորցրել է մորը՝ տիկին Հասմիկին: Միջնակարգն ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան դպրոցում: Աշխատել է Երևանի կահույքի ֆաբրիկայում, այնուհետև՝ էլեկտրատեխնիկական գործարանում: 1965 թ. տեղափոխվել է Գորիս, հետո կրկին բնակվել Երևանում, որից հետո վերջնականապես բնակություն հաստատել ծննդավայրում: Գորիսում աշխատել է գյուղտեխնիկումում՝ արհեստանոցի վարիչ:

1965 թ. ամուսնացել է Վիկտորյա Դադալյանի հետ, ունեցել են հինգ զավակ՝ Հարություն (մահացել է 1993-ին՝ 25 տարեկանում), Հայրապետ, Հայկ, Հասմիկ (մահացել է մոտ երկու տարեկանում) և նորից Հասմիկ:

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը ցավակցում է Գուսան Աշոտի պաշտելի գերդաստանին՝ Համլետ Դադալյանի մահվան կապակցությամբ:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

***

«Սյունյաց երկիրը» առիթ  է ունեցել մի քանի անգամ զրուցել Համլետ Դադալյանի հետ:

Վերջին զրույցը 2017 թվականին էր, երբ պատրաստվում էր պարբերականի հատուկ համար՝ նվիրված Գուսան Աշոտի 110-ամյակին:

Համլետ Դադալյանի հետ Սամվել Ալեքսանյանի վարած վերջին զրույցը, որ հրապարակվել է թերթի 2017 թ. №  22-ում, ներկայացնում ենք ստորև:

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

«Անհուն երկնի շողն առած, կենաց սիրտ կա օջախում»

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԶՐՈՒՅՑԸ ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏԻ ՈՐԴՈՒ` ՀԱՄԼԵՏ ԴԱԴԱԼՅԱՆԻ ՀԵՏ (10.06.2017 թ.)

-  Հարգելի Համլետ, նախ շնորհակալություն զրույցի հնարավորության համար:

Որքան գիտեմ, տունը, որտեղ զրուցում ենք, Գուսանի տունն է, նրա կառուցածը: Ո՞վքեր են հիմա բնակվում այստեղ, որքանո՞վ է պահպանվել հայրիկի պատկերացրած-երազած օջախը՝ «Անհուն երկնի շողն առած, կենաց սիրտ կա օջախում…»:

- Իմ ընտանիքն է այստեղ բնակվում: Իսկապես, տան մեծ մասը հայրս է կառուցել:

Մեր օջախը Գուսանի պատկերացրած, երազած օջախի տեսակն է: Հայ ժողովրդի կենսունակության գրավականներից մեկը հայ օջախն է եղել դարեր շարունակ: Այսօր էլ, կարծում եմ, այդպես է: Այնպես որ՝ օջախի մասին հորս պատկերացումներն իշխող են ոչ միայն մեր հարկի տակ, այլեւ հայոց ընտանիքների, գերդաստանների մեծ մասում: Հայ ժողովրդի՝ առանց պետականության դարավոր գոյությունն էր, նաեւ զանգեզուրյան ավանդույթը, որ ստիպել էին Գուսանին՝ օջախը համարել սրբություն սրբոց: Նա իր օջախի հավերժության առհավատչյան համարում էր թոռնիկներին, որոնց հետ կապված էր անհուն սիրով:

… «Սուրբ մայրեր», «Հայրիկ», «Օջախում» երգերը բավարար են, որպեսզի հասկանանք, թե ինչ էր Գուսանի պատկերացմամբ օջախը հայ մարդու համար, որպեսզի հասկանանք, թե ինչ էր պատգամում Գուսանը: Այսպես էր նա բնութագրում հորը՝ «… Հայրը փառքն է օջախի, / Հույսը, լույսը, բարի կամքն է օջախի, / Նվիրական վառ կրակն է օջախի»: Իսկ մայրը սուրբ է Գուսանի համար՝ «Ով սուրբ մայրեր, ձեր վիշտն առնեմ տանեմ ո՞ւր, / Մորմոքներն ու հոգսերն առնեմ տանեմ ո՞ւր, / Կարոտներն ու խոհերն առնեմ տանեմ ո՞ւր»:

- Եվ ի՞նչ է պահպանվել Գուսանից՝ սկսած անձնական իրերից, կարելի՞ է ասել, որ այս տունը մասամբ նաեւ Գուսանի տուն-թանգարանն է, թեեւ պաշտոնապես նման կարգավիճակ չունի:

- Գուսանի ոգին է այս տանը թեւածում… Իսկ անձնական իրերից պահպանվում են աթոռը, գրասեղանը, քամանչան, սազը, դափը, իր օգտագործած կենցաղային իրերը, ակնոցը: Մի խոսքով՝ ինչ որ  ունեցել է…

Համաձայն չեմ տուն-թանգարան ձեւակերպման հետ: Սա Գուսանի տունն է, որտեղ բնակվում են, ինչպես ասացի, իր ժառանգները: Ես երեխաներ, թոռներ, ծոռներ ունեմ… Նրանք էլ պիտի բնակվեն այստեղ: Առաջին հերթին այս օջախի շենությամբ է պայմանավորված Գուսանի հիշատակի կենսունակությունը: Բայց դա չի նշանակում, որ չեմ կարեւորում Գորիսում տուն-թանգարան կամ թանգարան ունենալու գաղափարը: Գուսանը գրեթե ամեն օր լինում էր Մխիթար Սպարապետի անվան հրապարակում՝ հենված «Գուսանի պատին»: Գուցե այդ մասում առանձնացվեր մեկ-երկու սենյակ եւ ստեղծվեր Գուսանի թանգարան…

Զբոսաշրջիկները, գորիսեցիները, երաժշտական արվեստի ներկայացուցիչները հետաքրքրվո՞ւմ են Գուսանի բնակարանով. այցելեն, ծանոթանան, հաղորդակցվեն, զրուցեն հարազատների հետ…

Այցելուներ շատ են լինում, գալիս են, ընդունում ենք, ուզում են ծանոթանալ, ուզում են մեր հուշերը լսել: Գալիս են արտերկրից, մայրաքաղաքից, Լեռնային Ղարաբաղից… Գալիս են խմբով՝ մարզի դպրոցներից, նախադպրոցական հաստատություններից… Հյուրընկալ օջախ է մեր օջախը, բոլորի համար դռները բաց են:

Ձեր ընտանիքում էլ, հավանաբար, տարիների ընթացքում ավանդույթներ են ձեւավորվել Գուսանի հետ կապված՝ ծննդյան օր, մահվան օր կամ ...

- Գուսանի ծննդյան, մահվան օրերին, ավանդական համարվող մեռելոց օրերին անպայման այցելում ենք գերեզման, հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին:

- Գուսանի ծննդյան թվականի հետ կապված հարց ունենք. ընդունված է 1907թ. ապրիլի 25-ը: Բայց մի քանի տեղ, իբրեւ ծննդյան թվական, նշված է 1908-ը: Ո՞ր մեկն է դրանցից հավաստի:

- Ծնվել է 1907թ. ապրիլի 25-ին, իսկ եթե ինչ-որ տեղ որպես ծննդյան թվական գրված է 1908, ապա դա սխալ է կամ վրիպակ:

- Մի քանի տարի առաջ Հանրային հեռուստատեսության «Երգ երգոց» շատ սիրելի հաղորդաշարում՝ Գուսան Աշոտին նվիրված հաղորդման ժամանակ, Աշոտի ծննդավայր ներկայացվեց Խնձորեսկը, բայց դա վրիպակ էր եւ հերքվեց: Իսկ կայքերից մեկում էլ մինչեւ հիմա Գուսան Աշոտի ծննդավայր է նշվում Վերիշեն (Հին Գորիս) գյուղը, նույնիսկ ցուցադրված է մի տան աղոտ լուսանկար, որտեղ իբր ծնվել է Գուսանը: Կարո՞ղ եք հստակություն մտցնել այդ հարցում:

- Գուսանը ծնվել է Գորիս քաղաքում. դա անվիճելի փաստ է, ինչպես որ անքննելի է նրա ծննդյան թվականը: Ծնվել է ներկայիս Գուսան Աշոտի եւ Մակիչի փողոցների խաչմերուկի (վերեւից՝ աջ թեւի վրա կառուցված) շենքի տարածքում նախկինում եղած բնակարանում, որտեղ պապիս՝ Հայրապետի տունն էր: Այնտեղից, եթե չեմ սխալվում, 1928-ին է պապս տեղափոխվել ներկայիս տան տեղում գտնվող փոքրիկ բնակարան: Պապիս տան տեղում խորհրդային շրջանի վերջին տարիներին Ակլունց Ալբերտի արտադրամասն էր: Հայրս երբեմն-երբեմն գնում էր այնտեղ՝ հայրական տան ավերակներից կարոտն առնում: Իսկ Վերիշենում տուն չենք ունեցել, բայց ազգակիցներ ունեցել ենք, գուցե դա է ոմանց շփոթության մեջ գցել:

- Որքանով տեղյակ եմ՝ Գուսանի կենսագրությունն առաջին անգամ գրի է առել Սերո Խանզադյանը, որն էլ ընդունվել ու պաշտոնապես շրջանառվել է, զետեղվել տարբեր տեղեկագրերում, հանրագիտարաններում: Բայց մեր հանդիպումներից մեկի ժամանակ Դուք դիտողություն արեցիք, թե իբր շրջանառվող կենսագրականում վրիպակներ կան: Ի՞նչ նկատի ունեիք:

- Ավագ եղբոր անունը Տիգրան էր, մինչդեռ որոշ տեղեր, մանավանդ Սերո Խանզադյանի «Աշուղ Աշոտ» հոդվածում, ավագ եղբայրը հիշատակվում է Բագրատ անունով: Իմիջիայլոց, Տիգրանը մեծ դեր է ունեցել Գուսանի կյանքում: Հայրս Բաքվում բնակվող եղբոր՝ Տիգրանի մոտ է տեղափոխվել 1921-ին: Նրա հոգածությամբ էլ ավարտել է Բաքվի բաներիտ դպրոցներից մեկը: Այդտեղ է, որ Գուսանը հովվական պարզ սրինգը փոխարինել է սազով ու քամանչայով (առաջին քամանաչան ձեռք է բերել Տիգրանը, որը մինչեւ հիմա պահպանվում է մեր տանը): Այդտեղ է, որ Գուսանը, հետեւելով իր հոգու ներքին ձայնին, ներսում ամբարած ունենալով Զանգեզուրի աշուղների եւ գուսանների երգերը, բռնում է գուսանական-աշուղական արվեստի ճանապարհը: Բաքվից ծննդավայր է վերադառնում 1928-ին, երբ արդեն ստեղծագործելը դարձել էր նրա ապրելու կերպը, իսկ երգն ու քամանչան՝ նրա ամենօրյա ուղեկիցները:

- Գուսան Աշոտի 110-ամյակի առիթով «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարի նախապատրաստության ընթացքում փորձեցինք պարզել՝ որտե՞ղ է պահվում Գուսանի անձնական արխիվը, եւ արդյո՞ք նման արխիվ գոյություն ունի: Մեր լրագրողները եղան ե՛ւ ՀՀ ազգային արխիվում, ե՛ւ Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում, բայց ոչինչ չգտան: Մի՞թե ժամանակին կամ հետո Գուսանի անձնական արխիվ չի ստեղծվել, իսկ եթե ստեղծվել է, ապա որտե՞ղ է պահվում:

- Գուսանի արխիվը, եթե կարելի է այդպես ասել, կա եւ պահվում է մեր տանը: Նպատակահարմար չենք գտել հանձնել ո՛չ ազգային արխիվին, ո՛չ էլ գրականության եւ արվեստի թանգարանին: Նամակներ են, հուշեր, լուսանկարներ, պատվոգրեր, համերգային հյուրախաղերի ազդաթերթեր… Նաեւ անտիպ նյութեր կան՝ ինքնակենսագրականը՝ «Կյանքիս հեքիաթը» վերնագրով, «Արարատ եւ Ոսկեհատ» հեքիաթը եւ այլն:

Ոչ մեկին մինչեւ հիմա արխիվը չենք տրամադրել, բացառությամբ Անդրանիկ Կարապետյանի, ով ծանոթացավ «Կյանքիս հեքիաթը» ինքնակենսագրականին եւ դրա հիման վրա հոդված պատրաստեց:

- Կարելի է ենթադրել, որ արխիվային այդ նյութերը մեզ նույնպե՞ս չեք տրամադրի՝ «Սյունյաց երկիր» թերթի՝ Գուսանի 110-ամյակին նվիրված թողարկման մեջ հրապարակելու համար:

- Առայժմ հակված չենք այդ նյութերը տրամադրել որեւէ մեկին:

- Հիմա փորձենք անդրադառնալ Գուսանի ընտանիքի պատմության որոշ դրվագների:

Գուսանը, որքանով գիտեմ, վաղ տարիքում է զրկվել մորից: Որոշ մասնագետներ հենց այդ հանգամանքով են բացատրում իրողությունը, որ մայրական սիրո թեման շատ մեծ տեղ է զբաղեցնում նրա ստեղծագործություններում:

- Գուսանը 11 տարեկան էր, երբ կորցրեց մորը. դա 1918 թվականին էր: Մոր անունը Բալախանում էր (ծնված 1860թ.), իսկ հայերեն արտահայտությամբ՝ Դիցուհի: Հարուստ տոհմի դուստր էր, առակասաց ու հեքիաթասաց Արզումանի աղջիկը, ով նաեւ ժողովրդական երգերի լավ կատարող էր:

Բալախանում տատի մահվանից հետո Հայրապետ պապն այլեւս չի ամուսնացել եւ բազմաշունչ ընտանիքի հոգսը (երեք տղա եւ չորս աղջիկ) մենակ է կրել…

Հայրապետը հողագործ լինելուց բացի ճանաչված որմնադիր էր: Այսօր էլ Գորիսում շատ տներ որմնադիր Հայրապետի (Հաբուդի) ձեռքի մատնահետքն ունեն իրենց վրա:

Ասում են՝ Հայրապետ պապս իր Աշոտ որդուն մկրտել է Տաթեւի վանքում: Հայրապետը մահացավ 1941 թվականին՝ 87 տարեկանում. տարիքի եւ առողջության պատճառով բանակ չէր զորակոչվել: Գուսանն էր զորակոչվել բանակ, բայց թիկունքային զորամասում էր ծառայում:   

- Գուսանի կյանքը ողբերգական շատ դրվագներ ունեցավ: Դրանցից մեկն այն է, որ 1944թ. կորցրեց առաջին կնոջը՝ Հասմիկին՝ Ձեր մորը, երբ Դուք երեք-չորս ամսական էիք:

- Մայրս՝ Հասմիկը, մահացավ 1944-ին՝ անբուժելի հիվանդ էր: Վաղատուրի Քալանթարյան գերդաստանից էր, Գորիսում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի էր: Եղբոր անունն էլ Քալանթար էր. 1920-30-ականներին մի խումբ գորիսեցիներ ձերբակալվեցին՝ Րաֆֆու եւ Չարենցի գրքերն ընթերցելու համար, Քալանթարն էլ նրանց թվում էր: Դատավարության ընթացքում պարզվել է, որ Քալանթարը նաեւ Բակունց է ընթերցել:

Ես, բնականաբար, չեմ հիշում մորս, բայց լուսանկարը պահպանվել է, ասում են՝ գեղեցկուհի էր, երկար ծամերով… Հեռացավ կյանքից՝ թողնելով երեք զավակ՝ Ռոբերտին, Արշալույսին եւ ինձ:

Գուսանն իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Ո՞ւր է» նվիրել է վաղամեռիկ մորս՝ Հասմիկին: Ամբողջ երգը շաղախված է կարոտով: Ահա մի քառատող.

Ով դու գուսան, չես իմանում էն քո սիրած յարը ո՞ւր է,

Չէ՞ որ քեզ հետ խնդում էր միշտ, հիմա էլ խնդալու օր է,

Հովի նման քնքուշ ու նուրբ նրա համբույր տալը ո՞ւր է,

Սիրուց խփված, վիրավոր ես, քո առաջվա հալը ո՞ւր է:

- Հետագայում եւս Գուսանն անձնական ողբերգություն ունեցավ: Նրա ավագ որդին (Ձեր եղբայրը)՝ Ռոբերտը (Ռուբենը), մահացավ 45 տարեկանում…

- Ռոբերտը մահացավ 1981-ին Վոլգոգրադում, այնտեղ էլ հողին հանձնվեց: Ծնվել էր Գորիսում 1936թ. նոյեմբերի 19-ին: Միջնակարգն ավարտել էր 1957-ին Երեւանի գիշերային դպրոցներից մեկում: Շատ փորձությունների միջով է անցել… Թեեւ հողին հանձնվեց Վոլգոգրադում, բայց մեր ընտանեկան գերեզմանոցում (Գորիս քաղաքում) հայրս հուշաքար կանգնեցրեց Ռոբերտի ընկերների աջակցությամբ՝ նրա հիշատակը ծննդավայրում եւս հավերժացնելու համար:

Որդու մահվամբ Գուսանը մեծ վիշտ ապրեց, եւ այդ կսկիծը, բնականաբար, անդրադարձ ունեցավ նրա մի շարք ստեղծագործությունների վրա:

- Ռուբեն Դադալյանը նաեւ ստեղծագործում էր: Նրա բանաստեղծությունները, քառյակները, աֆորիզմներն ու գրական հարցերին նվիրված հոդվածները տեղ գտան մահվանից հետո լույս տեսած «Անավարտ քնար» գրքույկում:

Մի փոքր ավելի հանգամանալից, եթե կարող եք, Ռուբենի ստեղծագործությունների եւ այդ գրքույկի մասին:

- Ռուբեն Դադալյանի (գրական մականունը՝ Դադալ) «Անավարտ քնար»-ը լույս տեսավ 2002-ին: Գիրքը կազմեց եւ խմբագրեց Էդուարդ Զոհրաբյանը, ինքս էլ հովանավորել եմ գրքի տպագրությունը: Գրքույկում զետեղված են Ռուբենի տարբեր տարիների ստեղծագործությունները:

Ժողովածուն մի յուրօրինակ հուշարձան է Ռուբենի հիշատակին:

-  Հիմա ովքե՞ր կան Ռուբենի ընտանիքում, ի՞նչ ճակատագիր ունեցան կինը, երեխաները:

- Ամուսնացել էր ղազախուհու՝ Նագիմայի հետ: Մենք նրան Նադեժդա ենք անվանում: Երեք զավակ ունեցան՝ Անուշը, Ազամատը եւ Աշոտը: Բոլորը կան, կապ ունենք: Աշոտը գիտության ոլորտում է, Ազամատը՝ հոգեւոր բնագավառում, Անուշը լաբորանտ է:

- 1951-ին էլ Գուսանը, Կյորու գյուղի ճանապարհին, երբ համերգային ելույթի էր մեկնում, վթարի ենթարկվեց, երկրորդ կինը՝ Աշխենը, մահացավ: Այդ մասին կուզենայինք ավելի մանրամասն իմանալ:

- Երեք տարեկան էի, որ հայրս ամուսնացավ Աշխենի հետ՝ Շինուհայր գյուղից էր՝ Խաչատրյան ազգանունով: Ծնվել եւ ապրել էր Բաքվում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, որից հետո ծնողների հետ վերադարձել Գորիս, շրջանային գյուղբաժնում գյուղատնտես էր աշխատում, հետագայում սովորեց քամանչա նվագել:

Աղոտ եմ հիշում նրան, բայց իսկական մայրություն է արել մեզ: Վեց-յոթ տարեկան էի, որ մահացավ ավտովթարից:

Կյորու գնացող մեքենան քարաղ էր բարձած: Համերգի մեկնող խումբը մեքենայի թափքում էր՝ քարաղի վրա նստած: Աշխեն մայրիկն անսամբլի քանոնահարն էր (հետագայում էր սովորել այդ մասնագիտությունը), բայց ավելի շատ խանդից դրդված էր երեւի միանում անսամբլին եւ հորս հետ հյուրախաղերի մեկնում:

Մեքենան շրջվեց, Աշխենը մահացավ, հայրս թեթեւ վնասվածք ստացավ: Որքանով գիտեմ՝ ուրիշ մահացողներ եւ վիրավորներ էլ եղան:

- Չենք ուզում հարցնել, թե ինչպես էր Գուսանը տանում անձնական այդ ողբերգությունները: Բայց զարմացնում է նրա ուժը, էներգիան, անկոտրում կամքը եւ տոկունությունը, որ կարողանում էր այդ ամենից հետո ստեղծագործել, ապրել ու ապրեցնել, ոգեշնչման աղբյուր լինել հազարավորների համար:

- Քանիցս լսել եմ նրանից՝ «Երգերս ծնվում են իմ վշտից ու տառապանքներից»… Ինքն իսկապես ուժեղ կամքի տեր էր, կարողանում էր բոլորի վիշտն իր մեջ կրել:

- Մենք միայն վերջին կնոջը՝ Արաքսյա Ղալեչյանին ենք հիշում, ով նաեւ Գուսանի երգերի առաջին կատարողներից էր: Ի դեպ, ի՞նչ ճակատագիր ունեցավ տիկին Արաքսյան Գուսանի մահվանից հետո: Մեզ չմեղադրեք ավելորդ հարցասիրության մեջ, բայց կուզենայինք լույս սփռել հանրության մեջ ժամանակին շրջանառվող մի խոսակցության վրա՝ իբր տիկին Արաքսյան հավակնություններ է ունեցել Գուսանի ժառանգության հանդեպ, թե՞ դրանք ասեկոսեներ են ընդամենը:

- Չէի ցանկանա այս հարցազրույցում անդրադառնալ Արաքսյա Ղալեչյանի կերպարին եւ հորս կյանքում ունեցած նրա դերակատարությանը, դա խոսակցության առանձին նյութ է:

Վերջերս մենք եղանք Գորիսի քաղաքային գերեզմանոցի Ձեր ընտանեկան հանգստարանում: Մեզ համար նորություն էր, որ այնտեղ չեն թաղված Գուսանի առաջին եւ երկրորդ կինը:

- Ճիշտ եք, ե՛ւ մայրս, ե՛ւ Աշխեն մայրիկը թաղված են ոչ թե մեր, այլ նույն գերեզմանատան՝ իրենց հայրական գերդաստանների հանգստարանում:

- Գուսանի հիշատակի հավերժացման մասին… Գորիսի կենտրոնական փողոցներից մեկը կոչվել է Գուսանի անունով. դա այն փողոցն է, որտեղ սիրում էր կանգնել, կանգնելու տեղն էլ՝ պատին, հուշատախտակ է փակցված: Գուսանի անունով են կոչվել Գորիսի մշակույթի տունը, մշակույթի տան ժողգործիքների անսամբլը: Այդ մշակույթի տան բակում էլ կանգնեցվել է Գուսանի կիսանդրին (2005թ., քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան, ճարտարապետ՝ Սեւադա Զաքարյան): Մահարձանի մասին չեմ խոսում, որ կանգնեցվել է 1991թ. ապրիլի 25-ին. Գուսանին արժանի գործ է՝ չորս սյունով բաց սրահ՝ գմբեթով (ռոտոնդա), գմբեթի վրա՝ խաչ:

Թվում է՝ հիշատակի հավերժացման հետ խնդիր չունենք: Մի փոքր տարակարծություն կա (հատկապես գորիսյան հասարակության մեջ) կիսանդրու հետ կապված: Ձեր կարծիքը կուզենայինք իմանալ:

- Իրոք որ, Գուսանի հիշատակը հավերժացվել է ըստ պատշաճի:

Կիսանդրու հետ կապված որեւէ վերապահում ինքս չունեմ, Գետիկ Բաղդասարյանը ճիշտ լուծում է գտել, ինձ գոհացնում է: Գերեզմանի լուծումներն էլ բացառիկ են՝ Գուսանին վայել: Չի գոհացնում մեր տան պատին փակցված հուշատախտակ-վահանակը, որ ամրացվեց Գուսանի 100-ամյակի առթիվ: Ամենակարեւորը՝ ընթեռնելի չէ կամ դժվար ընթեռնելի է գրվածքը: Հուշատախտակը պետք է փոխել. կամ մենք պիտի դա անենք, կամ քաղաքային իշխանությունը:

Գերեզմանի շրջակայքն էլ հիմնավոր բարեկարգման կարիք ունի:

Մի բան էլ կա. քաղաքում Գուսանին նվիրված միջոցառումներ են անում, բայց մեզ չեն հրավիրում, ուրիշներից ենք իմանում այդ մասին:

- Ո՞ւմ է փոխանցվել Գուսան Աշոտի ստեղծագործական գենը: Ռուբենի մասին գիտենք, Դուք էլ, որքանով տեղյակ ենք, ստեղծագործում եք, երգում: Առավել շատ, սակայն, Գուսանի գենը փոխանցվել է Ձեր թոռանը՝ Հասմիկի դուստր Լուսինեին, ով հիմա սովորում է Ջիվանու անվան աշուղական դպրոցում: Ավելացնելու բան ունե՞ք այդ առումով:

- Լուսինեն մարտի 26-ին դարձավ 16 տարեկան: Վեց տարեկանից ելույթներ է ունենում: Ավարտել է Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Ընդգրկվել է մի քանի երգչախմբերի կազմում: Ներկայումս սովորում է Ջիվանու անվան աշուղական դպրոցում (հիմնադիր տնօրեն՝ Թովմաս Պողոսյան): Նպատակ ունի ուսումը շարունակել կոնսերվատորիայում:

- Հետաքրքիր է, ի՞նչ գործիքներ էր նվագում հայրդ, մենք միայն քամանչան ենք հիշում: Ասում են՝ նաեւ շատ լավ սրինգ էր նվագում…

- Շվի, քամանչա, թառ, սազ, դափ, ջութակ, ուդ, սրինգ… Բոլոր այդ գործիքներն էլ պահպանվում են: Այդ բոլորով հանդերձ՝ իր սիրած գործիքը քամանչան էր, որին նաեւ բանաստեղծություններ է նվիրել: Ահա մի հատված. «Հազար օրհնանք քո ստեղծողին, ծաղկանց բաղ ես քամանչա, / Փարատիչն ես իմ վշտերի, խաղ ու տաղ ես, քամանչա»: Մեկ այլ դեպքում՝ «Լեզու ունի քամանչա, լեզու տվողն Աստված է…»:

- Ինչպիսի՞ն էր Գուսանը կենցաղում: Որքանով հիշում եմ՝ շատ զուսպ էր, շռայլություններ չսիրող, համեստ, մարդկանց հանդեպ հարգալից…

- Շատ մեծահոգի էր, եղածով բավարարվող: Նրանից լավատեսություն, հույս եւ լույս էր ծորում: Սիրում էր մեր ավանդական ճաշատեսակները՝ սկսած ղավուրմայից… Փառասիրությունը խորթ էր նրա տեսակին: Բացառիկ հիշողություն ուներ, ճանաչում էր գրեթե բոլոր գորիսեցիներին: Հիշում էր իր բոլոր գործերը, նաեւ՝ դրանց մեղեդին: Իսկապես, անգիր հիշում էր դրանք…

- Ասում են՝ իր հորինած երաժշտությունն ինքը չէր նոտագրում, թեեւ բավականին լավ էր տիրապետում նոտաներին:

- Անշուշտ, ինքը տիրապետում էր նոտաներին, բայց չուներ երաժշտական կրթություն եւ գերադասում էր հորինած մեղեդին նոտագրել մասնագետ մտերիմների միջոցով: Լեւոն Աստվածատրյանին եմ հիշում, Շարա Տալյանին, Վալերիկ Գասպարյանին, Հովհաննես Բադալյանին… «Սիրո կրակներ» երգերի ժողովածուն, օրինակ, ամբողջովին ձայնագրել է Հովհաննես Բադալյանը: «Ծովաստղիկս» ժողովածուն ձայնագրել են Հովհաննես Բադալյանը, Լեւոն Աստվածատրյանը, Վալերիկ Գասպարյանը:

«Գուսանի սերը» ժողովածուն ձայնագրել են Նորայր Հովհաննիսյանը, Հովհաննես Բադալյանը, Թաթուլ Ալթունյանը, Արամ Մերանգուլյանը, Վ.Արարատյանը, Վ.Չաքմիշյանը, Արտ.Խաչատրյանը, Վ.Պետրոսյանը, Ալ.Հովհաննիսյանը, Ա.Մանուկյանը:

- 1951թ. ավտովթարից հետո, երբ մահացավ երկրորդ կինը՝ Աշխենը, Գուսանն ընտանիքով տեղափոխվեց Երեւան: Եվ մինչեւ 1965թ. բնակվեց մայրաքաղաքում: Մենք շատ քիչ տեղեկություններ ունենք նրա երեւանյան գործունեության մասին: Որտե՞ղ էիք բնակվում, որտե՞ղ էր աշխատում Գուսանը: Ովքե՞ր էին ավելի շատ լինում երեւանյան Ձեր բնակարանում, ո՞ւմ հետ էր Գուսանն առնչվում, ընկերություն, բարեկամություն անում:

- Ստեղծագործական ակտիվ կյանքով էր ապրում, համերգային շրջագայություններ էր կատարում, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության խմբեր էր ղեկավարում:

Երեւանյան մեր բնակարանում շատերն էին լինում, բայց առավել շատ՝ Սերո Խանզադյանը, Համո Սահյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Սուրեն Այվազյանը…

Գուսանի հետ անկեղծ բարեկամներ ու ընկերներ էին նրանք:

Մեր տունն էլ գտնվում էր ներկայումս Վազգեն Սարգսյանի անունը կրող մարզադաշտի մերձակայքում:

- Եվ ինչո՞ւ 1965-ին Գուսանը որոշեց վերադառնալ Գորիս: Ու, կարծեմ, Գորիսում գործունեությունը սկսեց հին բնակարանը վերակառուցելով. տունը, որտեղ հիմա զրուցում ենք:  

Իսկ Գուսանի ստեղծագործական պրոցեսից ի՞նչ հիշողություն ունեք:

- Ճիշտ է, 1965-ին մշտական բնակության վերադարձանք Գորիս, բայց Գուսանը հաճախ էր մեկնում Երեւան: Այնպես որ՝ ստեղծագործում, ելույթներ էր ունենում ե՛ւ Գորիսում, ե՛ւ մայրաքաղաքում: Ամենակարեւորը՝ ստեղծագործում էր անընդհատ:

- Կանոնավոր կրթություն չէր ստացել, բայց խորությամբ գիտեր միջնադարյան աշուղական արվեստը, գիտեր հայ գրականություն, հայ երաժշտական արվեստի պատմություն, առավել խորությամբ ծանոթ էր Գրիգոր Նարեկացու, Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի, Ջիվանու ստեղծագործություններին: Ինչպե՞ս էր դա նրան հաջողվում:

- Կարող եմ առանց չափազանցության ասել՝ ամբողջ կյանքում զբաղվեց ինքնակրթությամբ: Խորությամբ գիտեր Արեւելքի մեծերին, ծանոթ էր նրանց ստեղծագործություններին՝ պարսիկ եւ տաջիկ ժողովուրդների բանաստեղծ, փիլիսոփա Օմար Խայամ, պարսկալեզու պոեզիայի հիմնադիր Ռուդաքի, պարսիկ բանաստեղծ Հաֆեզ, ադրբեջանցի բանաստեղծ Նիզամի…

Սակայն նրա ստեղծագործությունների ակունքը, ներշնչման աղբյուրը մեր լեռնաշխարհն էր, մեր ժողովուրդը, հայոց միջնադարյան երգ ու տաղը: Ստեղծագործություններից մեկում՝ «Սայաթ-Նովային», խոստովանում է՝  «Ձեռքիս թասը ավանդական քո հին թասն է, Սայաթ-Նովա», կամ «Սիրո երգի արքան ես դու, մեր մուսան ես, Սայաթ-Նովա»: Իսկ Կոմիտասին անվանում է «Թոնրի կրակ, օջախի լույս, հոգի անմար…»: Խոնարհվում է Նարեկացի մեծության առջեւ՝ «Հազար մտքից թել առավ, արեւներից ուժ առավ, / Խոսքի բռնվեց Աստծո հետ…»:

- Գուսանի առաջին ուսուցիչը, որքանով տեղյակ ենք, աշուղ Աթան էր, ում շատ սիրում էր եւ հիշում: Հո չե՞նք սխալվում:

- Չեմ կարող ասել, որ Գուսանի առաջին ուսուցիչն աշուղ Աթան էր, բայց գիտեմ, որ մի ժամանակ հայրս իր համերգների ժամանակ կատարում էր աշուղ Աթայի «Ընծա հավը» երգը: Ուսուցիչ լինելու առումով ավելի ճիշտ կլիներ հիշատակել Յոլունց Ղազար քեռուն, ով մանկուց կույր էր, բայց 1920-ականների վերջին Գորիսում համբավ ունեցող թառ նվագող էր: 1928-ին Բաքվից Գորիս վերադարձած Գուսանին նա ընդգրկեց իր սազանդարական խմբում՝ քամանչա նվագող: Մեկ տարի անց, ինչպես վկայում է Սերո Խանզադյանը, երկուսով Գորիսի յոթնամյա դպրոցում ստեղծեցին երաժշտական խումբ, իսկ Գորիսի մանկավարժական տեխնիկումում կազմակերպեցին երաժշտական-սազանդարական դասընթացներ:

- Գուսան Աշոտը նաեւ ակտիվ համերգային հյուրախաղերի է գնացել իր գլխավորած համույթով, ընդ որում՝ Հայաստանի սահմաններից դուրս նույնպես: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Հայաստանում դժվար թե գտնվի մի բնակավայր, որտեղ նա ելույթ ունեցած չլինի: Հյուրախաղերի էր մեկնում նաեւ Ռուսաստանի, Միջին Ասիայի հանրապետությունների, Ադրբեջանի հայաբնակ վայրեր ու առավել շատ Լեռնային Ղարաբաղ:

- Գուսանը բացառիկ ջերմ կապերով էր կապված ժողովրդի հետ: Ասում են՝ նաեւ նրան հրավիրում էին ժողովրդական տոնախմբությունների, հարսանիքների, ուրախությունների՝ նվագելու: Որքանո՞վ են հավաստի այդ խոսակցությունները:

- Այդ խոսակցությունները հավաստի են: Գորիսն իր համար սրբազան վայր էր, եւ նա չէր կարող չապրել իր համաքաղաքացիների կյանքով, ուրախություններով ու հոգսերով:

Համաժողովրդական տոնակատարությունների, իրադարձությունների առիթով նույնիսկ բանաստեղծություններ, երգեր էր հորինում՝ «Բերքի տոն էր, յար», «Զորավոր Զոր-զոր»… 

- Մի անգամ ասել եք՝ հայրս անտիպներ է թողել, որ պահում են ժառանգները: Հիմա կարո՞ղ եք այդ հարցում հստակություն մտցնել եւ ներկայացնել, թե ինչ ծրագրեր ունեք անտիպների հավաքման ու հրատարակման առումով:

- «Հավերժություն» ժողովածուի մեջ (2010 թվական), որ կազմեց քույրս՝ իմ աջակցությամբ, որ հրատարակվեց Թովմաս Պողոսյանի, Էլինար Շահենի, Սեյրանուհի Գեղամյանի խմբագրությամբ՝ պետական պատվերով, ներառված է Գուսանի անտիպների մեծ մասը: Իր արխիվում էլ, ինչպես նշեցի, որոշ գործեր կան: Միգուցե ուրիշների մոտ էլ լինեն, չգիտեմ:

- Մեր նախորդ հարցազրույցում մտահոգություն էիք հայտնել երաժշտական ոլորտում նկատվող գրագողության առիթով: Արդյո՞ք այդ երեւույթը հիմա էլ կա, արդյո՞ք այն առնչվում է նաեւ Գուսանի ստեղծագործություններին, ինչպե՞ս եք պատկերացնում գրագողության դեմ պայքարը ե՛ւ մեղեդիների, ե՛ւ տեքստերի առումով:

- Ցավոք միշտ եղել է, կա ու կլինի… Երբ որ լսում եմ՝ հիշում եմ, թե Գուսանի որ ստեղծագործություններից է: Երբեմն մի քանի երգից են պատառիկներ կպցնում իրար եւ իբր նոր ստեղծագործություն ներկայացնում՝ ե՛ւ տեքստը, ե՛ւ մեղեդին: Իհարկե դա վիրավորական է: Եվ ոչ միայն Գուսանի կամ նրա ժառանգների համար է վիրավորական, այլեւ բոլորի համար: Առավել ամոթալի է իբրեւ ստեղծագործող ներկայացող գրագողի համար: Մյուս կողմից՝ այլեւս սրտիս մոտ չեմ ընդունում, մտածում եմ՝ մեծերից միշտ էլ կգողանան…

- Կարո՞ղ եք, գոնե մոտավոր, պատասխան գտնել մի այսպիսի հարցի՝ քանի՞ ստեղծագործություն է հեղինակել Գուսան Աշոտը, որից քանիսի՞ համար է երաժշտություն հորինել:

- Ստույգ չեմ կարող ասել, բայց մոտավոր հաշվումներով Գուսանը հորինել է 700-ին հասնող ստեղծագործություն, իսկ թե քանիսի համար է երաժշտություն հորինել՝ դարձյալ չեմ կարող ասել:

- Հրատարակչության ոլորտում ի՞նչ ունեցանք Գուսանի կյանքի վերջին շրջանում եւ մահվանից հետո՝ «Լեռները կանչում են» (1988թ.), «Հավերժություն» (2010թ.): Ուրի՞շ:

- Վերջինը «Հավերժություն» ժողովածուն էր, որին արդեն անդրադարձանք: Այն հիմնականում ընդգրկում է աշուղի անտիպ ստեղծագործությունները: Ընդգրկվել են նաեւ ստեղծագործություններ, որոնք ժամանակին տեղ են գտել «Լեռները կանչում են» բանաստեղծությունների ժողովածուում:

- Գիտեմ, որ Գուսանը «Հավերժություն» անունով երգարան հրատարակելու նպատակ ուներ, արդյո՞ք հենց դա եք նկատի ունեցել, որ վերջին ժողովածուին «Հավերժություն» անունն եք տվել:

- Այո, կարելի է ասել, որ ժողովածուի անունը ժամանակին Գուսանն է ընտրել, բայց չի հասցրել կյանքի կոչել:

- Գիտե՞ք, հիմա գրադարաններում շատ մեծ դժվարությամբ կարելի է գտնել Գուսանի ժողովածուները: Այդ հանգամանքը վերստին հուշում է, որ Գուսանի ժողովածուները վերահրատարակելու պահանջ ունեն:

- Գուսանի ժողովածուները, առանց չափազանցության, վերահրատարակելու պահանջ ունեն վաղուց: Այդ իրողությունը, կարծում եմ, պիտի հաշվի առնեն պետական այն կառույցները, ովքեր մեր երկրում տնօրինում են մշակույթն ու հրատարակչական գործը:

- Գրեթե ոչինչ չգիտենք Գուսանի կյանքի վերջին օրերի մասին: Կարո՞ղ եք ինչ-որ տեղեկություններ հաղորդել նրա երկրային կյանքի վերջին օրերի մասին:

- Կյանքի վերջին շրջանում Գուսանը շատ էր տկարացել. գանգատվում էր սրտից, շնչարգելությունից: 1989թ. Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներից հետո նրան փոխադրեցինք Երեւան՝ բուժումն այնտեղ շարունակելու, սակայն… Հունվարի 28-ին մահացավ, եւ աճյունը տեղափոխեցինք Գորիս:

- Ինչպե՞ս ընտրվեց Գուսանի գերեզմանի վայրը. տարբեր խոսակցություններ են շրջանառվում:

- Երազում էր հավերժական հանգիստը գտնել իրեն ծնած լեռնաշխարհում եւ այդ միտքն արտահայտել է տարբեր ստեղծագործություններում ու տարբեր առիթներով: Հիշեցնեմ միայն «Խոսք հավերժության» բանաստեղծությունից մի քանի տող. «Պանթեոնները լուռ՝ հոգուս չեն ձգում»: Կամ՝ «Ես պիտի ապրեմ Սյունյաց սարերի մով բարձունքներում…»: Իսկ գերեզմանի կոնկրետ վայրն ընտրել է շրջանի այդ օրերի ղեկավարը՝ Ռոբերտ Ալեքսանյանը, ով նաեւ Գուսանի արվեստի երկրպագուներից էր:

Սերո Խանզադյանը հետագայում գրել է՝ «Մեռնելուց առաջ ինձ ասել է. «Ինձ գերեզման է տանում Ղարաբաղի ցավը: Երբ Ղարաբաղն ազատագրվի Ադրբեջանի ճանկերից, կգաք իմ գերեզմանին կասեք, որ հոգիս հանգիստ լինի»»: Սերո Խանզադյանը հիշում է նաեւ՝ «Մի անգամ առանձին ինձ ասաց. «Ես որ մեռնեմ… Հանկարծ եթե Երեւանում մեռնեմ, ինձ կտանես Գորիսում թաղելու, հա՜… Սա իմ խնդրանքն է»»:

- Գուսան Աշոտը՝ ծնող: Կուզենայինք լսել Ձեր բնութագրումները: Եվ ի՞նչ պատվիրան-պատգամներ տվեց իր զավակներին, թոռներին…

- Բացառիկ ծնող էր ու պապիկ: Կյանքիս ինչ-որ փուլում ինձ համար, նաեւ եղբորս ու քրոջս համար ե՛ւ հայր էր, ե՛ւ մայր: Ինքը հայկական ազգային ավանդական արժեքների, քրիստոնեական բարոյականության կրող էր: Այդ արժեքների ոգով էլ մեզ դաստիարակում էր:

- Գուսանի մահվանից հետո ի՞նչ նոր երգեր են կատարվել (կատարվում) նրա ստեղծագործություններից, թե՞ կատարվում են միայն իր կյանքի օրերում կատարված եւ շրջանառության մեջ դրված երգերը:

- Կատարվում են այն երգերը, որ կատարվել են նրա երկրային կյանքի օրերում: Նոր երգեր, որքանով տեղյակ եմ, չեն կատարվում: Բայց դա ինձ չի մտահոգում: Նրա յուրաքանչյուր երգ այնքան տարողունակ է, այնքան սրտաբուխ եւ այնքան սիրով է ընդունվել-ընդունվում մարդկանց կողմից, որ կարող եմ ստույգ ասել՝ Գուսանը համաժողովրդական սեր է վայելում մահվանից մոտ երեսուն տարի հետո անգամ:

- Ո՞ւմ եք հատկապես հիշում Գուսանի երգերի կատարողներից:

 - Գուսանի երգերը շատ լավ կատարողներ է ունեցել, ո՞ր մեկին հիշեմ…

Շարա Տալյան, Վաղարշակ Սահակյան, Տաթեւիկ Սազանդարյան, Հովհաննես Բադալյան, Օֆելյա Համբարձումյան, Նորայր Մնացականյան, Վարդուհի Խաչատրյան, Վաղարշակ Մամիկոնյան, Լուսիկ Քոշյան, Աստղիկ Քամալյան, Վալյա Սամվելյան, Ռուբեն Մաթեւոսյան, Վաչե Հովսեփյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Ֆլորա Մարտիրոսյան, Բելա Դարբինյան, Թովմաս Պողոսյան…

Գուսանի երգերի կատարման գործում անուրանալի է Հայկական ժողովրդական երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Թաթուլ Ալթունյան), Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի (այդ օրերի գեղարվեստական ղեկավար՝ Մանվել Բեգլարյան) դերը:

Երգերի նոտագրման, շտկման, հղկման, գործիքավորման, նվագախմբային համակարգման գործում, վերը նշված արվեստագետների հետ մեկտեղ, անփոխարինելի դեր են խաղացել նաեւ հայ կոմպոզիտորական մտքի ժամանակի ճանաչված անունները՝ Գրիգոր Հախինյան, Ստեփան Ջրբաշյան, Խաչատուր Ավետիսյան, Արմեն Մանդակունյան, Էդուարդ Միրզոյան…

- Իսկ ո՞ւմ գիտեք մերօրյա կատարողներից:

- Սեւակ Ամրոյան, Վարդան Բադալյան, Թեհմինե Գրիգորյան…

- Շնորհակալություն հետաքրքիր եւ հանգամանալից հարցազրույցի համար:

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25