«Մամ, բա մեր պապան ե՞րբ է գալու», -ասում է զոհվածի երեքամյա որդին՝ Տաշտունում հուշաքարը բացելու արարողության ժամանակ

31.08.2021 17:26
1624

Մեղրիի տարածաշրջանի Տաշտուն գյուղում հավերժացրին 44-օրյա պատերազմում նահատակված 22 մեղրեցիների հիշատակը: Նախաձեռնության հեղինակը տաշտունցի Էդիկ Մինասյանն է՝ եղբայրների հետ, որն իրականություն է դարձել քարագործ վարպետ Կարեն Սահակյանի ջանքերով:

Տարիներ առաջ, գյուղ չհասած՝ Տաք աղբյուր անվանյալ վայրում, Էդիկն անմահացրել էր հոր հիշատակը՝ խաչքար-աղբյուրով: Արցախյան 3-րդ պատերազմից հետո որոշեց զոհված մեղրեցիների հիշատակը հավերժացնել հուշաքար-կոթողով: Այդ գործը գլուխ բերելու համար իրենց նպաստը բերեցին որոշ նախանձախնդիր մարդիկ:

Օգոստոսի 29-ին՝ կեսօրին մոտ, Տաք աղբյուր կոչվող վայրում մարդաշատ էր, մարդիկ այդտեղ էին գալիս ծաղիկներով... Հավաքվել էին 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, տարբեր վայրերում բնակվող տաշտունցիներ, մոտակա գյուղերի բնակիչներ, Արցախյան 3-րդ պատերազմի մասնակիցներ, տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ: Հավաքվածների մեջ տեսնում ենք նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինյակովին:

Մինչ արարողությունը սկսվելը զրուցում ենք զոհվածների հարազատների հետ: Որդի կորցրած Համլետ Հարությունյանի հայրը նահատակվել է Մեծ հայրենականում  1942 թվականին:  Երեք տարեկան էր, երբ հայրը մեկնեց ռազմաճակատ: Մերօրյա կռվում էլ՝ 2021 թ. հոկտեմբերի 22-ին, իր Անդո զավակն անօդաչուի հարվածից զոհվեց: Հիմա նրա որդին է երեք տարեկան: Շատ տխուր զուգադիպություն...

Ի դեպ, գյուղի գեղատեսիլ մի անկյունում հուշաղբյուր է կառուցվել Անդո Հայրապետյանի հիշատակին, որտեղ նույնպես եղանք եւ հարգանքի տուրք մատուցեցինք:

81-ամյա Սերժիկ Ծատրյանն այս պատերազմում կորցրեց (չորս տղա ունի) իր կրտսեր որդուն՝ Անդրանիկին, ով երկու դուստր ունի: Որդեկորույս հայրն ասում է, որ Անդրանիկը տան միակ կերակրողն էր: Եվ փաստն այնքան տխրեցնող է, որ մեր զրույցն ակամա ընդհատվում է...

...Մարդիկ սպասման մեջ են. զսպված հուզմունքը վերածվում է հեկեկոցի, երբ հուշաքարը պարուրող սավանը ցած է սահում: Հնչում են հրազենային համազարկեր...

Մարմարյա քարին փորագրված է 44-օրյա պատերազմի նահատակ 22 մեղրեցիների անունները:

Մեղրիի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանն օրհնում է խաչքարը եւ հոգեհանգստյան պաշտոն կատարում: Նաեւ արտասանում է ընկածների անունները՝ հավելելով, որ նրանք զոհվեցին վասն հավատո եւ վասն հայրենյաց: Տեր Ռաֆայելն իր  խոսքում, մասնավորապես, այն փաստն ընդգծեց, որ չկա ավելի մեծ նվիրվածություն, քան երբ մեկն իր կյանքը զոհաբերում է դիմացինի համար: Նրանք իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքի եւ մեզանից յուրաքանչյուրի համար: Ուրեմն թող անմար լինի նրանց հիշատակը...

Սգո արարողութան մասնակիցները ծաղիկներ են խոնարհում  հուշաքարի պատվանդանին, համբուրում զոհվածների դիմանկարները...

«Մամ, բա մեր պապան ե՞րբ է գալու»,-զոհվածի կին Մելինեի գրկում փոքրիկի հարցը լսողներիս սիրտը կտոր-կտոր է անում...

                                                                                            * * *

Ահա եւ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված մեղրեցիների անուն-ազգանունները, որոնց լուսանկարները տեղադրված են հուշակոթողին՝

Ծատրյան Անդրանիկ, Հարությունյան Անդրանիկ, Հովհաննիսյան Արսեն, Ղուկասյան Տիգրան, Մաթեւոսյան Ժիրայր, Սիմոնյան Արմեն, Մաթեւոսյան Դավիթ, Բեկլարյան Մակար, Զաքարյան Անդրանիկ, Խաչատրյան Ալբերտ, Խաչատրյան Ջիվան, Համբարձումյան Սուրեն, Հայրապետյան Արմեն, Հայրապետյան Տիգրան, Միրզոյան Կարեն, Մկրտչյան Հայկ, Մկրտչյան Վազգեն, Մնացականյան Սպարտակ, Սարգսյան Սուրեն, Սարգսյան Նարեկ, Բաղդասարյան Արմեն, Ազիզյան Արտաշես:

 

* * *

Տաշտունը մարզկենտրոնից հեռու է 60, Մեղրի քաղաքից՝ 25 կիլոմետր, բարձրությունը ծովի մակերեւույթից  1950 մետր է, կարգավիճակը՝ սահմանամերձ եւ բարձր լեռնային: Տաշտունը հիշատակվում է  Սյունյաց տան պատմիչ  Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ, ավելի ստույգ՝ Տաթեւի վանքին հարկատու գյուղերի ցանկում: Արեւիք գավառում ընդգրկված գյուղը Տաթեւի վանքին վճարում էր 12 միավոր հարկ:

Ուշ միջնադարում Տաշտունը եղել է գրչության կենտրոն: Տաշտուն է անվանվել (Դաշտոն ձեւով) Սյունիք նահանգի Արեւիք գավառի մի մասը: Գյուղում պահպանվել է քառամույթ գմբեթավոր բազիլիկ Սբ Ստեփանոս եկեղեցին: Եկեղեցու ներսում ցուցանակ է փակցված (վաղուց արդեն խունացած), որ վկայում է, թե հուշարձանը պահպանվում է պետության կողմից. կառուցված է 10-րդ դարում, վերակառուցված՝ 17-րդ դարերում:

Գյուղի կենտրոնում վեր է խոյանում երկրորդ աշխարհամարտում զոհված տաշտունցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Տեղեկացանք, որ Մեծ հայրենականում զոհվել է 70-ից ավելի տաշտունցի, որոնց անունները փորագրված են հուշակոթողին: Թող հավերժ լինի նրանց հիշատակը...

Ամենատխուրը՝ մերօրյա կյանքին առնչվող, որ իմացանք Տաշտունում, այն էր, որ երկու տարի առաջ փակվել է գյուղի դպրոցը: Վերջին ուստարում երկու աշակերտ է ունեցել կրթօջախը, մինչդեռ, ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, ժամանակին 120 աշակերտ էր սովորում այդ դպրոցում: Ակամա հիշում ես ժամանակների քննությունը բռնած ճշմարտությունը՝ գյուղը դպրոցով է կանգուն...

Հ.Գ.

Ի հիշատակ նահատակների, հավատ արարողության, գյուղի հանդիսությունների սրահում կազմակերպվեց սիրո եւ համերաշխության ճաշ:

 

Վահրամ Օրբելյան

 

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11