Մարզպետը փորձում է իր անձին ենթարկեցնել հաշմանդամության թոշակների նշանակման գործընթացը եւս

19.04.2018 16:26
1845

Ապրիլի 17-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել մի սինկլիտ, որը երիցս վկայեց Սյունիքի մարզպետի հոգեվարքային վիճակի մասին:

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում Սյունիքի մարզում տիրող իրավիճակի քննարկումը, որ նախաձեռնել էին բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ներկայացուցիչները, կարելի էր եւ բնականոն ու օրինաչափ համարել, բայց… 

Իրոք որ այդ ոլորտում (հանրապետության մասշտաբով) տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ: Եվ դրանք՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու ԲՍՓ գործակալության թողտվության, նաեւ թելադրած սցենարի հետեւանքով:

Հետեւաբար՝ եթե իսկապես ուզում ենք կարգուկանոն հաստատել մարզերի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում, ապա դա պետք սկսել ԲՍՓ գործակալությունից: Այնպես որ՝ Երեւանից ժամանած ինչ-որ Նունե Շահվերդյանի ու Անուշ Սիմոնյանի ելույթներն ապրիլի 17-ի ժողովում եւ Վահե Հակոբյանի ընտանեկան հեռուստատեսությամբ, համարում ենք սովորական բեմադրություն, որն, ի վերջո, ձախողվեց դերասանների չափից ավելի շպարված լինելու պատճառով: 

Ավելին, վերջին շրջանում երկու անգամ գալով մարզ, գործակալության պետի տեղակալ Նունե Շահվերդյանն ամեն ինչ արեց, որ բժշկասոցիալական փորձաքննությունը Սյունիքում պատվաստի Վահե Հակոբյանի անձնական քմահաճույքների քոլին:

Արտառոցը, սակայն, դա չէ միայն: Նույն խառնաժողովում մարզպետը հայտարարեց, թե ողջունում է հանձնաժողովի ամբողջ կազմի հրաժարականը, թե մարզպետարանի առողջապահության վարչությունն այսուհետ խոշորացույցի տակ է պահելու մարզի բժշկասոցիալական փորձաքննության նոր հանձնաժողովի գործունեությունը՝ ավելացնելով. «Մենք շատ ուշադիր ենք լինելու, որ վերականգնվի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բարի համբավը»:

Ամոթ, շատ ամոթ… Տեսեք, թե ով է առանց գետինը մտնելու բարի համբավ բառակապակցությունն օգտագործում:

Մինչդեռ, մարզպետը Հայաստանի Հանրապետության որեւէ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով լիազորություն չունի վերահսկելու, միջամտելու բժշկասոցիալական փորձաքննությանը, ասել է թե՝ մարզպետը հերթական անգամ քիթը խոթում է մի ոլորտ, որտեղ ինքը որեւէ իրավունք կամ պարտականություն չունի:

Տեղի ունեցածը գնահատում ենք որպես մարզպետի հերթական կամայականության եւ ինքնիրավչության լկտի դրսեւորում: Մարդիկ համոզմունք են հայտնում՝ եթե Վահեն առնչություն ունենա մարզում իրականացվող բժշկասոցիալական փորձաքննությանը, մեծանալու են կոռուպցիոն ռիսկերն այդ ոլորտում: Նրա պաշտոնավարման ամբողջ ժամանակաընթացքը դրա պսպղուն ապացույցն է. որտեղ կա Վահե Հակոբյանի ներկայությունը, այնտեղ անկեղծության, մաքրության, ազնվության, պետականության մասին խոսք լինել չի կարող: 

Մեզ զարմացնում է նաեւ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Նունե Շահվերդյանի եւ նրա նախարարի անդեմ ու անսկզբունք պահվածքը վահեհակոբյանական այդ խաղում:

Ի դեպ, Սյունիքի մարզային բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն ամբողջ կազմով կամավոր հրաժարական է տվել, մայիսից կգործի նոր հանձնաժողովը: Մինչ այդ մարզում աշխատանքները կիրականցնի Վայոց ձորի մարզային հանձնաժողովը:

Տարօրինակն այն է, որ մի ամբողջ մարզի հանձնաժողով լրիվ կազմով հրաժարական է տալիս, իսկ նախարարը չի զարմանում՝ ինչո՞ւ է հանձնաժողովն ամբողջ կազմով կամավոր հրաժարական տալիս:

Այո, ստեղծված ոչ սովորական իրավիճակի վրա ենք հրավիրում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի ուշադրությունը:

Նախարարին հիշեցնում եւ զգուշացնում ենք նաեւ՝ Սյունիքի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բարի համբավը վերականգնելու միակ ճանապարհը գործող մարզպետին այդ ոլորտից կիլոմետրերով հեռու պահելն է, մանավանդ որ ինքը պետական նման լիազորություն չունի:

Սյունիքի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի շուրջ տեղի ունեցող մարզպետական խեղկատակությունն այդքան արտառոց չէր համարվի, եթե այն տեղի չունենար մեր հանրապետության ներքաղաքական կյանքի՝ վերջին տարիների ամենալարված ժամանակաշրջանում:

Ներքաղաքական լարված օրերին (հավատարիմ մնալով կրիտիկական իրավիճակներում թաքնված մնալու եւ ստույգ դիրքորոշում չհայտնելու, սեփական կուսակցության քաղաքական գիծը բացեիբաց պաշտպանելուց խուսափելու իր ավանդական պահվածքին) մարզպետն այդ արհեստական ժողովում իր սֆաթը ցուցադրելով փորձեց կենդանի լինելու նշաններ ցույց տալ:

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողվի շուրջ ծավալված իրադարձություններում մարզպետի անձնական շահագրգռվածությունը, սակայն, դրանով չի  ավարտվում:

Ամիսներ շարունակ նա աշխատանք է տարել պաշտոնանկ անելու եւ վարկաբեկելու այդ հանձնաժողովի նախագահին՝ Անուշ Օրբելյանին, Կապանի ամենավառ անհատականություններից մեկին, ճանաչված ու հարգված բժշկուհուն, ով Սյունիքի արժանապատվության համար կանգնած Սմբատ Օրբելյանի կինն է: Ի դեպ, այդ ընտանիքի հետ դատական երկու գործով վեճի մեջ է մարզպետը, երկու գործի քննությանն էլ խուսափում է մասնակցել՝ վախենալով հրապարակավ խայտառակումից: Հետապնդելով հանձնաժողովի նախագահին՝ փորձել է դրանով եւս մեկ հարված հասցնել այդ ընտանիքին՝ իր քինախնդրության եւ վրեժխնդրության ծարավին գոնե մի քիչ հագուրդ տալու համար:

Հիմա մի բան է մնում. տեսնենք, թե ում է մարզպետը երաշխավորում հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Նրա պաշտոնավարման ամբողջ ընթացքի կադրային քաղաքականությունը հաշվի առնելով ենթադրում ենք, որ Վահեն հանձնաժողովի նախագահ կերաշխավորի մեկին, ով անպայման հանցավոր անցյալ կամ մերժելի վարքագիծ ունի, որպեսզի կարողանա հանձնաժողովի գործունեությունը ենթարկեցնել իր անձին:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա երաշխավորած թեկնածուի դիմանկարին կանդրադառնանք առաջիկայում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05