Հարցազրույց ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ, պարագետ, արվեստագիտության թեկնածու Նաիրա Կիլիչյանի հետ

27.10.2023 15:15
1576

Այցեքարտ. Նաիրա Կիլիչյանը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնում։ Բուհն ավարտելուց հետո պարարվեստ է դասավանդել նույն ֆակուլտետում, այնուհետև որպես գիտաշխատող աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի պարարվեստի խմբում։ 1998 թ. «Հայ ժողովրդական բեմական պարը 20- րդ դարի սկզբներից մինչև 30-ական թթ. (պատմա-մշակութային հետազոտություն)» խորագրով ատենախոսական թեզ է պաշտպանել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, հետագայում մշակույթի կառավարման և հունարենի դասընթացներ է անցել Սոֆիայի և Աթենքի համալսարաններում։ Հայկական պարարվեստի վերաբերյալ դասընթացներով և զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներին ( Լեհաստան, Կիպրոս, Ավստրիա, Հունաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելառուս, Թուրքիա), հեղինակ է շուրջ հիսուն գիտական հոդվածների ու թեզերի, որոնց հիմնական թեմաներն են հայկական ավանդական պարերը, դրանց բեմական մշակումները, ինչպես նաև հայ-հունական մշակութային առնչությունները լուսաբանող խնդիրներ։ Ներկայում աշխատում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ համակարգելով ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտը։ Նրա համակարգմամբ 2017 թ. «Քոչարի. ավանդական խմբապար» ՀՀ հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։

- Ի՞նչ զարգացումներ ունի պարարվեստն այսօր Հայաստանում։

- Հայկական պարարվեստը հնագույն ծագում ունի։ Դրա վկայությունները պահպանվել են ժայռապատկերների, հնագիտական տարբեր նմուշների, խաչքարերի, տապանաքարերի վրա, ինչպես նաև հայկական մանրանկարչությունում։ Ավելի ուշ պարարվեստի մասին տվյալներ ենք գտնում հայ պատմիչների աշխատություններում և պատկերագրական տարբեր նյութերում։

20-րդ դարը նշանավորվում է հայ պարագիտական դպրոցի հիմնադրմամբ, որում մեծ ներդրում է ունենում ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանը, ով ժամանակակիցներից հավաքում, գրանցում և դասակարգում է հայկական պարի հարյուրավոր նմուշներ՝ այդ կերպ ոչ միայն փրկելով մոռացումից, այլև տարածելով այդ պարերը հանրության շրջանում և բեմարվեստում։ Այդ կարևոր գործում նշանակալի ներդրում է ունենում նաև պարաստեղծ Վահրամ Արիստակեսյանը։

20-րդ դարում հայկական պարարվեստը բարդ զարգացումներ է ունենում՝ ազդվելով տարբեր ոճական և ժանրային, ինչպես նաև գաղափարական ու ազգային ուղղություններից։

Մեր օրերում հայկական պարարվեստը շարունակում է մնալ բազմաժանր ու բազմաբնույթ՝ ներառելով ազգային ավանդական, բալետային, մոդեռն, ժամանակակից, այլազգի պարերի տարբեր ուղղություններ, որոնք հիմնականում դրսևորվում են կենցաղային, կրթական և բեմական ոլորտներում։ Կենցաղային պարերը կատարվում են տոների, հարսանիքների, խնջույքների, տարբեր հավաքների ընթացքում և առանձնանում են կատարողական ազատությամբ, հանկարծաբանական հորինվածքներով ու այլազգի պարերի նմանակումներով։ Կարող են լինել հայկական ավանդական շուրջպարեր, քաղաքային ֆոլկլորին բնորոշ մենապարեր ու զուգապարեր, այլզագի պարեր, լատինամերիկյան և ժամանակակից պարերի նմուշներ։

Այսօր զգալի առաջընթաց ու տարածում ունի պարային կրթության ոլորտը, որն իրականացվում է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերում։ Հանրապետությունում գործում են մեծ թվով պարային խմբեր, ստուդիաներ, պարի դպրոցներ, քոլեջներ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների պարային ամբիոններ։ Պարային այս խճանկարում առանձնահատուկ տեղ ունի բեմական պարարվեստը, որի զարգացումներն այսօր նորովի են արտահայտվում՝ ոչ միայն պահպանելով բեմադրական պարի դասական գործերը, այլև ստեղծելով ժամանակակից թեմաներով բեմադրություններ, որոնք պարի արվեստի միջոցով արտացոլում են արդի խնդիրներն ու մոտեցումները։

Ինչպե՞ս է մշակութային քաղաքականությունն անդրադառնում հայկական պարարվեստի զարգացմանը։

– Հայկական պարարվեստի պահպանությունը, զարգացումը, փոխանցումն ու հանրահռչակումը Հայաստանի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից են։ Այդ շրջանակում առանձնահատուկ տեղ է տրվում ազգային ավանդական պարերի պահպանմանը, որպես մշակութային ժառանգության դրսևորում, դրանց տարածմանը երիտասարդության շրջանում։ Այդ նպատակով պարի խմբեր են ստեղծվում Հայաստանի տարբեր համայնքներում, և հանրային պարուսուցման ծրագրեր իրականացվում։ Բեմական պարարվեստում հայտնի են «Հայաստանի պարի պետական», «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի», «Բարեկամություն», «Ակունք», «Բերդ», «Սարդարապատ» անսամբլները, ինչպես նաև տարբեր համայնքներում գործող պարի խմբերը, որոնցում ընդգրկված են հիմնականում պատանիներ ու աղջիկներ։

Հանրապետության մի շարք դպրոցներում գործում է ազգային երգի ու պարի դասավանդման ծրագիրը, որի շրջանակում աշակերտները հայկական ավանդական պարեր են սովորում։ Պարակրթության ոչ ֆորմալ ուսուցումը, որն իրականացվում է բազմաբնույթ պարային ստուդիաների ու խմբերի միջոցով, իր շարունակությունն է գտնում ֆորմալ կրթական համակարգում. այդպիսիք են Երևանի պարարվեստի պետական քոլեջը, Գյումրու պարարվեստի դպրոցը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի պարարվեստի հոսքով ավագ դպրոցը, նույն համալսարանի և Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի պարարվեստի ամբիոնները։

Պարագիտության ուսումնասիրման նպատակով պարագիտական խումբ է գործում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնում։

– Արդյո՞ք միջազգային ճանաչում ունի հայկական պարարվեստը։

– Հայկական պարարվեստը ճանաչված է արտերկրում ոչ միայն Հայաստանից հյուրախաղերի մեկնած պարային խմբերի համերգների, այլև տարբեր երկրների հայկական համայնքներում գործող պարային խմբերի շնորհիվ։

Վերջին տարիներին հայկական պարի միջազգային ճանաչմանը մեծապես նպաստեց 2017 թ. «Քոչարի. ավանդական խմբապար» ՀՀ հայտի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման փաստը։ Այս իրադարձության հետ կապված միջազգային հանրության ուշադրության առարկա դարձավ հայկական պարը, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքների համար հպարտության, ազգային արժանապավության ու միասնականության ևս մեկ առիթ։ Դրա վկայությունն է «Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբը, որը մեկնարկել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում 2018 թ., մեծ հնչեղություն է ունեցել ու հազարավոր մասնակիցներ Հայաստանում և հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում: 2019 թ. ֆլեշմոբին մասնակցել են 35 երկրի շուրջ 150 խումբ։ 2020 թ. ֆլեշմոբը նվիրվեց դուդուկ հայկական նվագարանին, նպատակն էր՝ բացահայտել տաղանդավոր դուդուկահարներ և ոչ միայն «Քոչարի» պարը, այլև հայոց դուդուկի նվագը ճանաչելի դարձնել համայն աշխարհին։

Վերոնշյալից բացի հայկական պարի շատ խմբեր ամեն տարի մասնակցում են միջազգային ֆոլկլորային փառատոների՝ ներկայացնելով ոչ միայն ազգային պարը, այլև երաժշտությունը, երգարվեստը, նվագարաններն ու ազգային տարազը։ Վերջին տարիների հայտնի մասնակցություններից են «Վարք հայոց» խմբի ելույթները Ռումինիայի ֆոլկլորային և Արաբական Միացյալ Էմիրությունների «Շարժայի ժառանգության օրեր» փառատոներին, «Նուբար» խմբի ելույթները Հնդկաստանի Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին, «Արդվին» ազգագրական պարի խմբի ելույթները Յակուտիայում տեղի ունեցած «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպում Օլոնխոյի հողում» 4-րդ միջազգային փառատոնին և այլն։

– Ինչպե՞ս է երիտասարդներին փոխանցվում ազգային պարն այսօր։

 – Հանրապետությունում գործում են հայկական ավանդական պարերի խմբեր, որոնց կազմում հիմնականում երիտասարդներ են ընդգրկված։ Այդպիսի խմբերից են՝ «Վերադարձը», «Սասնա ծռերը», «Վանը», «Մասունքը», «Վարք հայոցը», «Կարինը», «Տարոնցինեը», «Արդվինը», «Նուբարը» և էլի շատ խմբեր, որոնք զգալի ներդրում ունեն երիտասարդության շրջանում հայկական պարի տարածման ուղղությամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Արար. հայ արվեստի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ գործում է «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի 8 մարզի 40 համայնքում շուրջ 900 տարբեր տարիքի երեխաներ ու պատանիներ մշակութային ժառանգության անվճար կրթություն են ստանում։ Ծրագրի շրջանակում պարի խմբեր են գործում Լոռու մարզի Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ուջան, Արարատի մարզի Ջրահովիտ, Դիտակ, Դվին համայնքներում։

Ազգային պարերի ծրագրերով խմբեր են գործում նաև Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

 – Ոլորտի հիմնախնդիրները՝ Ձեր պատկերացմամբ։

– Հայկական պարարվեստի շարունակականության ու ավանդույթների պահպանման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տարբեր համայնքներում դեռևս առկա ու կենցաղավարող պարային մշակույթի պահպանությանը, լավագույն նմուշների հավաքագրմանը՝ դրանք երիտասարդ սերնդին փոխանցելու և պարային մշակույթի կենսունակությունն ապահովելու նպատակով։ Պետք է խթանել պարային մշակույթի ուսումնասիրման, գրանցման, տեսանկարահանման և արխիվացմանն ուղղված աշխատանքների իրականացումը, քանի որ պարային մշակույթը ենթակա է կորստի, մոռացման և հաճախ անհապաղ պաշտպանության կարիք ունի։

Հայկական պարարվեստը, որպես ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության ցայտուն դրսևորում, կարևորագույն տեղ ու դեր ունի ազգային ինքնության, հասարակության հոգևոր և գեղագիտական ընկալումների, լիարժեք և ներառական մշակութային կյանքի ապահովման գործընթացում։

18 սեպտեմբերի 2023 թ.

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

 

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37