Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

28.11.2026 17:26
164

Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։

Նվիրական օրվա առիթով Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ աստվածամուխ Սուրբ Գեղարդը բերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահ, ուր զետեղված են նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։

Իր քարոզում պատարագիչ Սրբազան Հայրը, անդրադառնալով հայոց առաջին լուսավորիչների տոնի խորհրդին, նշեց, որ Տերն ընտրեց պարզ ու անուս մարդկանց, որոնք թեև սկզբում վախեցան ու լքեցին Իրեն, սակայն Հարությունից հետո կերպարանափոխվեցին և աներկյուղ լծվեցին Ավետարանի քարոզչության գործին։

Հայկազուն Սրբազանը հիշեցրեց, որ առաքյալներից երկուսը՝ Սուրբ Թադեոսը և Սուրբ Բարդուղիմեոսը, քրիստոնեության լույսը բերեցին Հայաստան աշխարհ և իբրև սրբազան ժառանգություն ավանդեցին Սուրբ Գեղարդն ու Աստվածամոր պատկերը։ Անդրադառնալով առաքյալների և առաջին նահատակների սխրանքին ու սրբությանը՝ Հայկազուն արքեպիսկոպոսն ընդգծեց, որ հալածանքներով հնարավոր չէ ստվերել ճշմարտությունը, քանի որ խավարն ընդամենը լույսի բացակայությունն է։ Այս առիթով Սրբազան Հայրը շեշտեց, որ քրիստոնեությունն ապրումի կրոն է, որը պետք է դրսևորվի մարդու վարքով ու կենցաղով. «Եթե մեր քրիստոնեությունը մեզ ավելի լավ մարդ չի դարձնում, դա նշանակում է՝ մենք ձախողվել ենք. ոչ թե քրիստոնեությունն է ձախողվել, այլ մենք ենք ձախողվել քրիստոնյա լինելու մեր կոչման մեջ»։

Խոսելով Հայոց Եկեղեցու առաքելահիմն լինելու մասին՝ Սրբազան Հայրը փաստեց, որ հայ ժողովուրդը հավատքը ստացել է բուն ակունքից՝ Քրիստոսից, և այն անխաթար պահպանել ու փոխանցել է սերնդեսերունդ։

Հայկազուն արքեպիսկոպոսը հորդորեց հավատացյալներին հավատարիմ մնալ նախնյաց սրբազան ավանդություններին և սեփական օրինակով դաստիարակել զավակներին։

Վերջում Հայկազուն Սրբազանը պատգամեց մնալ լույսի որդիներ, չերկնչել որևէ դժվարության առաջ և անսասան հավատքով ու նվիրումով ընթանալ Քրիստոսի Հարության և հաղթանակի ճանապարհով։

Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին Մոմավառության աղոթասրահում հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու Սուրբ Գեղարդը։

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի Մոմավառության աղոթասրահում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը։

Սահմանադրության նախագիծն ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ Քոչարյան

28.11.2026 18:05

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

28.11.2026 17:26

Տեղի կունենա Քաջարանի Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը

28.11.2026 10:41

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման

27.11.2026 19:01

Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հեռանկարները

27.11.2026 16:34

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը

27.11.2026 16:27

Դելավերում գրանցվել է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» ամերիկյան բաժնետերը

27.11.2026 16:14

Պեսկովը բացահայտել է Պուտին-Փաշինյան առաջիկա բանակցությունների օրակարգը

27.11.2026 16:04

Գորիս․ իրավական ֆարս կամ իրավական «բեսպրեդել», որին քնքուշ անուն են տվել՝ նախաքննություն և արդարադատություն

27.11.2026 15:11

«Աղդամն «իր հայրենիքը» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն ադրբեջանական կողմի մասնակիցները»․ քաղաքագետ

27.11.2026 11:44

Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը

27.11.2026 11:31

Բաքուն ձգտում է ստանալ մի Հայաստան, որը զուրկ կլինի իրական անկախությունից և ինքնիշխանությունից․ Վարդան Ոսկանյան

27.11.2026 11:26