Մեղրիում սուբվենցիոն ծրագրերը սպասված արդյունքներ են տալիս

19.10.2023 10:14
1282

Մեղրիում բերքառատ աշուն է, սկսվել է արքայանարնջի բերքահավաքը, մի քանի օրից էլ կհավաքեն նուռը...

Իսկ աշունն այնպիսի գույներով է հանդերձավորել բնությունը, որ Մեղրին այս օրերին ավելի շատ հեքիաթի կամ դրախտի տպավորություն  է թողնում:

Աշնանային այս հանդեսում, սակայն, չեն դադարում շահարկումները տարածաշրջանի շուրջ, ընդ որում՝ աշխարհի մասշտաբով: Բայց բոլոր ասեկոսեներն ու շահարկումները դառնում են առ ոչինչ, երբ զրուցում ես իրենց հող ու ջրին անսահմանորեն նվիրված մեղրեցիների հետ, երբ ծանոթանում ես համայնքում կատարվող աշխատանքների ընթացքին:

Այդ բոլորով հանդերձ՝ մեզ առավել հետաքրքրեց մի քանի հարց, որոնց պատասխանը փորձեցինք ճշտել Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանից, ում հանդիպեցինք Վանք-Կալեր ճանապարհի վերաշինվող կամրջի վրա: Համայնքապետը վաստակավոր շինարար, «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանի հետ ծանոթանում էր կամրջի վերականգնման աշխատանքներին:

- Պարոն Զաքարյան, մի քանի օր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, թե Մեղրի համայնքի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատանքային խմբին, որը համակարգում է մարզկենտրոնում ՌԴ հյուպատոսության բացմանը միտված գործողությունները։ Կարո՞ղ եք փոքր-ինչ բացել հանդիպման ընթացքը, քանզի մամուլը չափազանց ժլատ տեղեկություն էր տարածել։

- Նախ՝ շնորհակալություն հարցի համար: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կողմից Մեղրի այցելած պատվիրակությունը՝ բաղկացած երկու հոգուց, նպատակ ուներ ծանոթանալ Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ Հանդիպումը շատ կարճ է տևել՝ երկու-երեք րոպե: Ծանոթացել ենք, նրանք տեղեկացրել են, որ ցանկանում են Կապանում բացել Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն։

Ինձանից կարծիք են հարցրել՝ բացվող հյուպատոսության առնչությամբ, ես պատասխանել եմ, որ կապ չունեմ խնդրո առարկայի հետ, եթե հարցը որոշվել է կառավարության մակարդակով, ապա մեր կարծիքը չի կարող որևէ նշանակություն ունենալ։

Մեծ քաղաքականության մեջ ճիշտ չեմ համարում իմ՝ համայնքապետիս, տեսակետները բարձրաձայնելը։ Իսկ այն, ինչ մամուլում գրված է, թե իբր ինձ հետ համաձայնության են եկել Մեղրիում հյուպատոսություն բացելու հարցում, չի համապատասխանում իրականությանը։

- Համայնքի ղեկավարի պաշտոնը, այնուամենայնիվ, քաղաքական է...

Ակնհայտ է՝ Հայաստանի Հանապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները ճաք են տվել, ու եթե իրերն իրենց անունով կոչենք՝ նաև հակառուսական քարոզչությունն է թևածում մեզանում։

Երբ մենք, ասենք, Սյունիքի մասշտաբով խոսում ենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, առաջին հերթին մտովի տեղափոխվում ենք Մեղրի, որովհետև տասնամյակներ շարունակ այդտեղ է տեղաբաշխված ՌԴ սահմանապահ ջոկատը: Դրա հիման վրա էլ Մեղրիում առկա է ռուսական համայնք, որի հետ տեղացիները սերտ համագործակցություն և բարեկամություն են ունեցել:

Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները, եթե խնդրո առարկային նայենք Մեղրու պատուհանից։

- Ձեր ասածին կարճ պատասխանեմ՝ եթե հինգ բալանոց սանդղակով գնահատենք, ապա կգնահատեմ երեք:

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին ժամանակ առ ժամանակ մանրամասն վերլուծություններ է կատարում մեր կուսակցության ղեկավարը՝ Արամ Զավենի Սարգսյանը: Նրա վերլուծություններից կարելի է հստակ պատկերացում կազմել հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի մասին՝ և ոչ միայն Մեղրու կտրվածքով:

- Մեղրիում տեսնում ե՞ք այդ ամենի անդրադարձները, ինչ-որ նշում է կուսակցության ղեկավարը։

- Բոլոր տեղերում էլ երևում են, ինչու միայն Մեղրիում...

- Մեր տարածաշրջանում, կարելի է ասել, աշխարհաքաղաքական փոփոխությունների ականատեսն ենք, նկատի ունեմ հատկապես Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանությունը: Երկու հազարից ավելի արցախցի փաստորեն մնացել են (գոնե միջնաժամկետ կտրվածքով) Սյունիքում, նրանց մի մասն էլ եկել է Մեղրի համայնք։ Կարողացե՞լ եք մարդկանց առաջնային պահանջները բավարարել:

- Մեղրի է ժամանել 50-ից ավելի ընտանիք, նրանցից մոտ տասը ընտանիք չի մնացել մեր համայնքում: Ավելի ուշ երեք ընտանիք (նրանցից) վերադարձել է Մեղրի: Համայնքում գտնվող արցախցիների ընդհանուր թիվը հասնում է մոտ 200-ի։ Բոլորին ապահովել ենք բնակարանով, առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով: Կարող եմ ասել՝ այս փուլի համար նրանք որևէ խնդիր չունեն։ Կան դոնոր կազմակերպություններ, որոնք մեզ հետ՝ համատեղ, այդ խնդիրները լուծել և լուծում են: Նաև պետական աջակցություն է եղել՝ Սյունիքի մարզպետարանի միջոցով։

Տեղաբաշխել ենք գրեթե բոլոր գյուղերում, հիմնական մասը՝ Տաշտունում: Մի քանի բնակիչ էլ տեղավորել ենք Լիճքում, Ալվանքում, Նռնաձորում, Լեհվազում, Կարճևանում, Ագարակում, Մեղրիում էլ կան բռնագաղթվածներ:

Համայնքի բնակիչներն առայժմ անվարձահատույց և անժամկետ են իրենց բնակարանները տրամադրել արցախցիներին։

Համայնքապետարանն էլ՝ իր աշխատակիցների, երիտասարդական խորհրդի, կամավորների հետ  այդ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպում է...

- Մենք հիմա գտնվում ենք Վանք-Կալեր տանող ճանապարհի սկզբնամասի կամրջի մոտ:

Մեղրիում տարիներ շարունակ մտահոգված են եղել այս կամրջի վերաշինման խնդրով: Ճիշտ է, Վանքում և Կալերում հիմնական բնակչություն չկա, բայց ամռանը մարդիկ գնում են իրենց պապենական տները, մշակում այգիները, այսինքն՝ այս ճանապարհի անհրաժեշտությունը մշտապես զգացվել է և, ինչպես տեսնում ենք, խնդիրը լուծվում է։ Կամրջին առնչվող շինարարական ծրագրի վերաբերյալ Ձեր դիտարկումները կուզենայինք իմանալ:

- Շատ կարևոր ծրագիր է և՛ ռազմավարական, և՛ տնտեսական առումով։ Դուք ամիսներ առաջ տեսել էիք փլվող կամուրջը, որը նաև պատմամշակութային արժեք է։ Պատմամշակութային շերտի վրա, ինքներդ կարող եք տեսնել, կա թռիչքային մետաղական կամուրջ, որը ժամանակավորապես խնդրին լուծում էր տվել...

Ճանապարհը կառուցվում է կառավարության և համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Խորհրդային Միության փլուզումից մինչև այսօր ցանկացել ենք, որ կամուրջը վերակառուցվի, բայց... Փառք Աստծո, երևի մեկ ամսից կավարտվեն աշխատանքները, կկատարվի կամրջի բացումը, «Սյունյաց երկրին» նույնպես կհրավիրենք։

- Որքան տեղյակ ենք՝ Լեհվազ գյուղում նույնպես ճանապարհաշինական ծրագիր է իրականացվում: Ուրիշ ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվում Մեղրիում՝ կառավարություն-համայնք համագործակցությամբ:

- Այո, Լեհվազի գյուղամիջյան ճանապարհն է կառուցվում, դարձյալ կառավարություն-համայնք համագործակցությամբ։

Ալվանք գյուղի մանկապարտեզն ենք հիմնովին նորոգում, կրկին՝ սուբվենցիոն ծրագրով։

Սպասում ենք Նռնաձորում մանկապարտեզի կառուցման ծրագրի մեկնարկին. ըստ նախագծի՝ սահմանապահ այդ գյուղում կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզ:

- Այս կամուրջը, Լեհվազի գյուղամիջյան ճանապարհը, նաև համայնքի տարածքում իրականացվող մի շարք այլ ծրագրեր կյանքի են կոչվում «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ջանքերով: Ձեր գնահատականը ճանապարհաշինական այդ ընկերությանը:

- Առաջին անգամ չէ, որ գնահատական եմ հնչեցնում «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերության գործունեության վերաբերյալ...

Հարգանքի արժանի այդ ընկերությունը բարձր մակարդակով է կատարում  բոլոր այն աշխատանքները, որոնք վստահված են իրեն: Ամենօրյա կապի մեջ ենք ընկերության տնօրեն պարոն Գասպարյանի հետ, ով մեր եզերքի նվիրյալներից է, այդ ընկերության կատարած աշխատանքները նույնիսկ ստուգման կամ վերահսկման կարիք չեն էլ ունենում:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի և Վահրամ Օրբելյանի

Հ.Գ.

Վանք-Կալերի կամուրջը դիտարկելուց հետո, Ազատ Գասպարյանի և Բագրատ Զաքարյանի հետ, այցելեցինք Լեհվազ:

Լեհվազի գյուղամիջյան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները՝ լուսանկարներում:

13 հոկտեմբերի 2023 թ.

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13