Մեղրիում տեղի է ունեցել համայնքապետի փոփոխություն

03.07.2024 11:43
795

Տեղական ինքնակառավարման մարմինների 2021 թվականի հոկտեմբերի 17-ի ընտրություններում Մեղրի համայնքում որոշակի քվեներ ստացան Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցությունը և Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը:

Ավագանու անդրանիկ նիստից առաջ երկու այդ կուսակցության ներկայացուցիչները դաշինք կազմեցին՝ Մեղրու ավագանիում կազմելով մեծամասնություն:

Կողմերը պայմանավորվեցին նաև՝ հինգ տարի տևող ընտրաշրջանում համայնքապետի պաշտոնը զբաղեցնել հերթականությամբ. նախ՝ 2.5 տարի կղեկավարի « Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Զաքարյանը, այնուհետև՝ «Ազատական» կուսակցության ներկայացուցիչ Խաչատուր Անդրեասյանը:

Ս. թ. մայիսի 16-ին լրացել է Բագրատ Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը, որից հետո Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը, պայմանավորվածության համաձայն, ստանձնել է Խաչատուր Անդրեասյանը:

Այդ փոփոխության, ինչպես և նոր համայնքապետի  անելիքների, Մեղրի համայնքում գործերի վիճակի մասին է զրույցը նորընտիր համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ:

– Պարոն Անդրեասյան, շնորհավորում ենք Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով և ցանկանում հաջողություններ: Սա մեր առաջին հանդիպումն է, և ցանկանում ենք զրույցը սկսել հարցից, որը հանրության կողմից ոչ միանշանակ է ընդունվել՝ ինչպե՞ս կամ ի՞նչ հանգամանքների արդյունքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի փոփոխությունը:

– Նախ՝ շնորհակալ եմ Մեղրի համայնքով հետաքրքրվելու համար: Ինչ վերաբերում է փոփոխությանը՝ ի սկզբանե Բագրատ Զաքարյանի հետ ունեինք պայմանավորվածություն, և կարողացանք անցած երկուսուկես տարում համայնքի ղեկավարումը տանել բնականոն հունով, հասնել այս հանգրվանին: Փոփոխությունն անցավ հանգիստ, առանց որևէ տարաձայնությունների: Այսպես ասեմ՝ մենք ընդամենը փոխվել ենք աթոռներով: Այն ամենը, ինչ նախանշել ենք մեր համայնքի համար, միասին պիտի ավարտին հասցնենք, և ձգտելու ենք առաջիկա երկուսուկես տարում ավելի շատ անել, քան նախորդ ժամանակահատվածում:

– Ինչ խոսք, դուք մի թիմ եք եղել, բայց հնարավո՞ր են՝ աշխատանքի, գործելակերպի առաջնահերթությունների փոփոխություններ համայնքապետարանի գործունեության մեջ:

– Փոփոխություններ անպայման կլինեն: Յուրաքանչյուր մարդ յուրովի է մտածում: Արդեն ասացի՝ մեր համագործակցությունը շարունակվելու է, սակայն մենք չենք կարող նույն կերպ մտածել. մտքերի ու գործելակերպի տարբերություն, անշուշտ, կա և կլինի: Բայց այնպես չէ, որ մի բան պարոն Զաքարյանը նախաձեռնի, և ավարտին չհասցնենք:

– Այս համատեքստում ևս մի հարցի պարզաբանում ենք ուզում ստանալ: Բագրատ Զաքարյանը (Մեղրիի համայնքապետարանի անունից) դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: Արդյո՞ք նախարարության հետ այդ տարաձայնությունները մնում են, թե՞ Դուք ՏԿ և ենթակառուցվածքների նախարարության հետ տարաձայնությունները շարունակելու մտադրություն չունեք:

– Այդ հարցը փակված է, հայցադիմումը հետ ենք պահանջել: Ի սկզբանե դեմ եմ եղել այդ քայլին, համայնքապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ այդ թեմայով, զրույց եմ ունեցել Բագրատ Զաքարյանի հետ: Չեմ կարծում, թե դա ճիշտ քայլ էր, մեր հարաբերությունները ոչ մեկի հետ չպիտի սրենք: Վարչապետի՝ Մեղրի կատարած վերջին այցի ժամանակ նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էր այստեղ, զրույց ունեցանք, նա իր պատրաստակամությունը հայտնեց՝ միշտ աջակցելու Մեղրու համայնքին: Նաև այն համոզումն ունեմ, որ եթե Բագրատ Զաքարյանն ինչ-ինչ հարցեր ուներ պարոն Սանոսյանի հետ, կարող էր դա անել որպես ֆիզիկական անձ, այլ ոչ թե համայնքապետարանի անունից ու խնդիրն այդկերպ ինչ-որ առումով քաղաքականացնել:

– Մենք մասնակցել էինք համայնքի ավագանու անդրանիկ նիստին: Կարծեք՝ միասնություն չկար ավագանու անդամների միջև: Այժմ ինչպիսի՞ն է փոխհարաբերությունը համայնքի ղեկավարության և ավագանու միջև: Առանց կողմերի համագործակցության, կարծում ենք, դժվար կլինի:

– Սկզբնական փուլում այդպիսի իրավիճակ եղել է, մենք բաժանված ենք եղել առանձին թևերի... Միշտ պնդել եմ միտքը, որ պետք չէ նմանվենք հանրապետության խորհրդարանին, որտեղ պառակտվածությունն անցանկալի միջադեպերի է հանգեցնում: Մենք պիտի միաբան լինենք, անկախ նրանից, որ ես մեկին չեմ սիրի, մի ուրիշը՝ ինձ: Ասել եմ՝ լրիվ տարաձայնությունները թողնում ենք ձեր տանը, մասնակցում ավագանու նիստերին՝ ի շահ մեր համայնքի: Իսկ եթե կարծում են, թե մի բան մենք այնպես չենք անում, կարելի է նստել մի սեղանի շուրջ և հարթել տարաձայնությունները, ընդհանուր հայտարարի գալ:

– Կադրային փոփոխություններ նախատեսո՞ւմ եք համայնքապետարանի վարչական ապարատում, ենթակա հիմնարկներում:

– Կադրային փոփոխություններ չլինել չեն կարող, բայց կարծում եմ՝ դա կլինի նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով, կավելանա 2-3 աշխատատեղ՝ համայնքի գործառույթներից բխող: Արմատական փոփոխություններ չեն լինի, բոլորին ճանաչում եմ, ուղղակի մարդիկ ավելի սրտացավորեն պիտի կատարեն իրենց պարտականությունները՝ նոր պահանջների ոգով: Բոլորս աշխատելու ենք, չաշխատող, ծուլացող մարդ համայնքապետարանում չի լինելու: Պարզապես մարդկանց աշխատաոճը պիտի փոխենք, մարդիկ կան, որ պարապ նստել են, ժամանակ անցկացրել, այսուհետև բացառվելու է նման պահվածքը:

– Ըստ Ձեզ՝ որո՞նք են Մեղրի խոշորացված համայնքի առջև ծառացած առավել կարևոր հիմնախնդիրները:

– Մեղրի համայնքում ավելի խնդրահարույց է եղել ու կա ջրի խնդիրը՝ խմելու և ոռոգման: Խնդիրը լուծելու համար գրություն ենք հղել և՛ մարզպետարան, և՛ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, ինչը հավանության է արժանացել: Խորհրդային Միության օրոք նախատեսվում էր Լիճքի ջրամբարի կառուցումը, նաև Զվար գետի ջրերը հետագայում խողովակներով հասցվեցին մինչև Ալվանքի, Շվանիձորի ամառային արոտավայրեր: Որքան տեղյակ ենք՝ երկու այդ հարցի վերաբերյալ կառավարությունում նախագիծ և նախահաշիվ են պատրաստում: Եթե այդ հարցերը լուծվեն, բնակիչները մեծապես գոհ կլինեն: Մյուս խնդիրների լուծումը մեր ուժերի և հնարավորությունների սահմաններում է:

– Հիմա ոռոգման ամենաեռուն շրջանն է, այս պահին ինչպե՞ս եք գնահատում ոռոգման համակարգի վիճակը, և ինչպիսի՞ն է համայնքապետարանի փոխհարաբերությունը Մեղրու ջրօգտագործողների ընկերության հետ:

– Ոռոգման համակարգի գործունեությունն այս պահին համարում եմ բավարար, պարբերաբար  հանդիպում ենք տարածաշրջանի ՋՕԸ-ի ղեկավարի հետ, քննարկում ենք ընթացիկ խնդիրներ: Եվ եթե օգոստոսին Մեղրի և Արաքս գետերում ջուրն այնքան պակասի, որ չկարողանանք ինքնահոս եղանակով ոռոգման ջուր մատակարարել, ապա կաշխատեցնենք պոմպերով ջուր մղելու տարբերակը:

– Վերջին մեկ-երկու տասնամյակում Մեղրիում մի երևույթ ենք նկատել. անտերության մատնված հողակտորներ, չորացող այգիներ, չմշակվող տնամերձեր: Արդյո՞ք չեք մտածում, որ գույքագրում կարելի է կատարել և դրանց հետագա ճակատագիրը քննարկել: Համենայն դեպս, ժամանակին այդ այգիները, հողակտորները մշակվում էին, իսկ հիմա դրանք տխուր պատկեր են ներկայացնում:

– Ձեր նշած չմշակվող այգիները հիմնականում բարձրադիր գոտում գտնվողներն են, որտեղ ջրի խնդիր կա: Ասեմ նաև, որ Մեղրի համայնքի բնակիչները շատ աշխատասեր են, եթե մի կտոր հող են գտնում, ծառ են տնկում: Իհարկե, չեմ բացառում, որ կան անմշակ հողամասեր, որոնց տերերը Մեղրիում չեն ապրում, կամ կան այնպիսիք, որ ոչ իրենք են մշակում հողակտորը, ոչ էլ հանձնում ուրիշներին՝ մշակելու:

– Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Մեղրիի հատվածում աշխատանքները մեկնարկել են, ինչպե՞ս եք գնահատում այդ երևույթը, արդյո՞ք համագործակցում եք շատերի հետ, ի՞նչ հեռանկար եք կապում դրա հետ: Մեղրիի տարածքով անցնելիս որոշ մարդկանց հողամասեր գերակա շահ են ճանաչվել. ցավեցնող պրոցես է, այգիներ են վերանալու: Այդ մասին Ձեր կարծիքը:

– Կարևորելով ճանապարհի նշանակությունը՝ հանդիպում ենք և՛ ճանապարհաշինարարների, և՛ նրանց ղեկավարների հետ: Ճիշտ է, իրականացվող աշխատանքներն առայժմ ակտիվ փուլ չեն թևակոխել, բայց խոստումնալից են, նույնը վերաբերում է մաքսատանն իրականացվող աշխատանքներին: Այդտեղ շինարարարական ընկերության փոփոխություն է սպասվում: Ասեմ՝ ամենօրյա հետաքրքրություն ենք ցուցաբերում՝ մանավանդ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության առումով:

– Իսկ տեղացի բանվորներ, մասնագետներ ընդգրկվա՞ծ են ճանապարհի շինարարության մեջ:

– Տեղացիներ ընդգրկված են: Մենք էլ ճանապարհաշինական ընկերությանը դիմում ենք խնդրանքով, միջնորդում ենք, որ նաև Արցախից տեղահանված մարդիկ ներգրավվեն ճանապարհի շինարարության մեջ, մանավանդ Վարդանիձորի և Լեհվազի մոտակայքում: Հիմնականում այդ բնակավայրերում են տեղավորվել Արցախից տեղահանված մեր հայրենակիցները: Ընդհանուր առմամբ՝ Արցախից տեղահանված մոտ 170 մարդ է բնակություն հաստատել Մեղրի համայնքում: Եվ նրանց զբաղվածության հարցն այդ կերպ ենք փորձում լուծել։

– Մեղրու սահմանապահ ջոկատը, իր գլխավոր գործառույթից բացի, համայնքում աշխատատեղերի խնդիր է լուծում: Ի՞նչ փոխհարաբերություններ կան Մեղրու սահմանապահ ջոկատի և համայնքապետարանի միջև:

– Այդ հարաբերություններն ամուր հիմքերի վրա են, կա երկուստեք համագործակցություն և փոխըմբռնում:

– Իսկ հարաբերությունն իրանական կողմի հետ... Մեղրին Իրանի Իսլամական Հանրապետության որևէ կոնկրետ համայնքի հետ բարեկամություն անո՞ւմ է, թե՞ այդ ամենը համապետական ծրագրերով է իրականացվում:

– Հարաբերություններ կան Սպահան քաղաքի հայ համայնքի հետ: Իսկ ընդհանրապես գործնական հարաբերություններ ունենք ԻԻՀ Կապանում հյուպատոսության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամիի հետ: Այս անգամ Իրանի գլխավոր տոնի՝ Նովրուզին նվիրված միջոցառում կազմակերպեցինք Մեղրիում՝ հյուպատոսի և հյուպատոսարանի աշխատակիցների մասնակցությամբ: Նախատեսել ենք իրանական կողմի հետ աշնանը Մեղրիում կազմակերպել նռան փառատոն: Նաև բանակցում ենք Սպահանի հայ համայնքի հետ, որպեսզի Մեղրիի դպրոցականների մի խումբ, իմ գլխավորությամբ, օգոստոսի վերջին կամ սեպտեմբերին այցելի Սպահան, հաղորդակցվի իրանահայ իրենց հասակակիցների հետ, իրանական մշակույթի հետ:

– Տարածաշրջանի խոշոր գործատուն է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ի՞նչ գործնական հարաբերություններ, համատեղ ծրագրեր ունեք:

– Այսպես ասեմ՝ կոմբինատը մեր հույսն է, գործնական հարաբերություններ կան կոմբինատի տնօրինության հետ, հաճախակի հանդիպումներ ենք ունենում: Այն ամենը, ինչ ծրագրել ենք իրականացնել Մեղրի և Ագարակ քաղաքներում, շուտով կներկայացնենք կոմբինատի տնօրենությանը:

– Վերջին շրջանում  թեժացել են խոսակցությունները Մեղրու միջանցքի առնչությամբ: Դրանք ի՞նչ անդրադարձներ են ունենում մեղրեցու մտքերի, հոգեբանության վրա:

– Ուրախալի է, որ մեր անմիջական հարևանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, կտրականապես դեմ է Հայաստանի ինքնիշխանությունից դուրս միջանցքի ստեղծմանը: Այդ երկրի ղեկավարությունը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, որ սահմանների փոփոխություն չի լինի: Յուրաքանչյուր մեղրեցի ևս այն հաստատ համոզմանն է, որ նման բան չի կարող լինել:

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի և Վահրամ Օրբելյանի

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25