Մելիքսեթ Պողոսյան. «Համայնքը, մարզը մասնատելով՝ երկիրն է մասնատվում, թուլանում. կուզեի միասնական լինեինք, համախմբված, միմյանց արժանիք տեսնեինք, գնահատեինք ու ծառայեցնեինք երկրին»

20.11.2017 15:46
4481

Հարցազրույց գնդապետ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ


Այցեքարտ


Մելիքսեթ Արամի Պողոսյան. ծնվել է 1960թ. օգոստոսի 31-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղում:


1967-1977թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղի կոլտնտեսությունում:


1988թ. ընդգրկվում է Արցախյան շարժման մեջ:


1989թ. միավորում է Տեղ գյուղի կամավորական ջոկատները եւ ստեղծում «Մելիք-Բարխուդար» ինքնապաշտպանական ջոկատը՝ ընտրվելով ջոկատի հրամանատար:


1989-1990թթ. «Մելիք-Բարխուդար» ջոկատը մասնակցել է Գորիսի շրջանի Տեղ, Խնձորեսկ, Կոռնիձոր, Շուռնուխ, Խանածախ, Խոզնավար գյուղերի պաշտպանությանը:


1990-1991թթ. հատուկ գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերին:


1992թ. մայիսի 12-ին Մելիք-Բարխուդարի տանը խորհուրդ գումարվեց, որտեղ որոշվեց ամեն գնով գրավել «Թուրուսի խութ» կոչվող ռազմավարական հենակետը, որտեղից ամեն օր կրակ է թափվում շրջակա հայկական գյուղերի վրա:


Մ.Պողոսյանն անձամբ նախապես տեղազննում կատարելուց հետո մայիսի 16-ին իր ջոկատի մարտիկներին առաջնորդում է դեպի թշնամու հենակետը: Մարտն ավարտվում է ինքնապաշտպանական ջոկատի փայլուն հաղթանակով: Թշնամին տալով զոհեր` ռազմադաշտում թողնում է մեծ քանակությամբ զենք, զինամթերք եւ խուճապահար նահանջում:


«Թուրուսի խութի» գրավումը դարձավ Զանգեզուրյան ռազմաճակատի բեկումնային հաղթանակներից մեկը, որի տրամաբանական ավարտը եղավ Լաչինի մարդասիրական միջանցքի գրավումը:


Թշնամուց առգրավելով մեծ քանակությամբ զենք-զինամթերք՝ «Մելիք-Բարխուդար» ջոկատը Մ. Պողոսյանի գլխավորությամբ մայիսի 18-ին մասնակցեց նաեւ Լաչինի ազատագրմանը:


Այնուհետեւ «Կոբրա» կոչվող ռազմավարական մեծ նշանակություն ունեցող հենակետի գրավումից հետո, Մ.Պողոսյանը ջոկատով մասնակցում է Դեյխանի եւ Ղոչազի գրավմանը:


1993-1994թթ. Մ.Պողոսյանը մասնակցել է հարավ-արեւելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին. Կուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի գրավմանը, որտեղ վիրավորվել է՝ ստանալով կոնտուզիա:


Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության, հայրենասիրության եւ ՀՀ ԶՈՒ-ի շինարարության գործում ներդրած բացառիկ ավանդի համար գնդապետ Մ.Պողոսյանը ՀՀ նախագահի եւ կառավարության կողմից բազմիցս պարգեւատրվել է շքանշաններով ու մեդալներով:


2017թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մելիքսեթ Պողոսյանը զորացրվել է:


Ամուսնացած է, ունի երկու զավակ:

- Պարոն գնդապետ, հավանաբար հեշտ չէ երկար տարիներից հետո զորացրվել, երբ երկիրը պատերազմական վիճակի, համակարգն էլ փոփոխությունների, նոր ծրագրերի ու աշխատանքների մեջ են, եւ Ձեր անելիքներն էլ դեռ շատ են:


Թվում է, ամենքին կարելի է զորացրվածի դերում տեսնել, բայց ոչ՝ Ձեզ:


Կարողանու՞մ եք դիմանալ հանգստի պարգեւած անբնական ցավին:


- Մի քանի օր է, ինչ ստացել եմ զորացրման հրամանը, դեռ ամբողջովին ինձ արձակված չեմ զգում, բայց փաստը դա է, ոչինչ չես կարող անել: Լրացել է պարտականություններիս կատարման տարիքը, պետք է գնամ:


Ասեմ, ինձ զորացրված չեմ զգում, անելիքներս իմ հայրենիքի հանդեպ մինչեւ վերջին շունչս՝ չեն վերջանալու, միշտ էլ իմ ժողովրդի հետ եմ:


Իսկ այս հանգիստն ինձ համար չէ, դեռ լի եմ ուժերով եւ պատրաստ եմ այն նորից ներդնել իմ ժողովրդի պաշտպանությանն ու բանակի հզորացմանը:


Որ պահի էլ կանչեն՝ մարտունակ եմ, վճռական, պատրաստ նոր անձնազոհության:


Այ, ուրիշ հարց է, երբ տարածքի լրագրողն ինձ պաշտոնական է դիմում, դա ինձ ստիպում է մտածել, որ իրոք զորացրվել եմ: Իմ տարածաշրջանում, գիտեք, ինձ ոչ-ոք պարոն գնդապետ, կամ պարոն Պողոսյան չի դիմել, բոլորի համար ես «կամանդիր» եմ կամ ուղղակի՝ Մելո:


Խնդրում եմ շարունակեք ինձ այդպես դիմել:


- Ինչպես կասեք, պարոն գնդապետ, դա համակարգի լրագրողիս հարգանքն ու մեծարումն է Ձեր կատարած բազում սխրանքների ու Ձեր մարդ տեսակի նկատմամբ:


Ինչպիսի՞ տրամադրության մեջ եք հիմա, այս պահին, երբ առաջին անգամ նստած եք զրույցի ոչ թե Ձեր աշխատասենյակում, այլ՝ սրճարան-ռեստորանի սեղանի շուրջ:


- Չզարմանաք, բայց տրամադրությունս բարձր է: Այդպես է որոշել իմ վերադասը, ուրեմն պարտավոր եմ այս մեկ հրամանն էլ կատարել:


Զորացրվածներ գիտեմ, ովքեր զորացրվելուց տխրում են, տրտնջում, թե ինչու՞ իրենց զորացրին՝ պատշաճ չգնահատելով անցած մարտական փորձն ու ճանապարհը, դեռ երիտասարդ տարիքը, իրենց պատրաստվածությունը:


Ես այդպես չեմ մտածում, ինձ գնահատել են ամբողջությամբ, առաջինը՝ իմ ժողովուրդն է գնահատել: Շնորհակալ եմ: Եթե օրենքի համաձայն նպատակահարմար են գտել զորացրվելս, դա է ճիշտը:


Ցանկությունս մեկն է՝ թող ինձանից ավելի երիտասարդ, ուժեղ եւ հզոր մարդու նշանակեն, ով կկարողանա արժանի ձեւով շարունակել, ոչ թե ուղղակի նստել աթոռին, աշխատանքում՝ հեռակայել, արվածն էլ քամուն տալ: Պետք է ստացիոնար ծառայել, ամեն օր մի լավ եւ օգտակար բան անել:


Ոչ մեկն իր տնից փորձ չի բերել, շփվելով, գործ անելով կարող ես միայն փորձ ձեռք բերել:


Վստահ եմ, որ գործին գիտակ մարդ կզբաղեցնի իմ տեղը, եւ անկախ նրանից, թե ով կլինի տարածաշրջանի զինկոմ՝ ես կկանգնեմ նրա կողքին, կմասնակցեմ անցկացվող զորավարժություններին՝ ոչ միայն խորհուրդներով, նաեւ՝ անմիջական գործողություններով:


- Պարոն գնդապետ, բոլորիս համար ուղղակի՝ Մելո, նորից անդրադառնամ այն հարցին, որը շրջանցեցիք:


Մեր հրամանատարությունը, ով հրաշալի ճանաչում է Ձեզ, վստահ ենք, արդարացի որոշում կկայացնի, Ձեզ երբեք, ինչպես ասում են, ձեռքից բաց չի թողնի եւ դրա համար նա հազար պատճառ ու հնար կգտնի, եթե կամենա:


Ի՞նչ եք զգում, երբ օր կենդանության բազմաթիվ մարդիկ բուռն ու անկեղծ պոռթկումով դիմել են Հայաստանի Հանրապետության նախագահին՝ Ձեզ հերոսի կոչում շնորհելու խնդրանքով:


- Տեղյակ եմ եւ դրա համար շատ շնորհակալ եմ իմ ժողովրդին: Վերջերս իմացա, որ հարյուրավոր մարդիկ խնդրանքով դիմել են Գերագույն գլխավոր հրամանատարին՝ զորացրելուց առաջ ինձ հերոս ճանաչելու:


Ճիշտն ասած՝ շփոթվեցի, տխրեցի, հուզվեցի: Տարբեր զգացողություն էր, մեկը մյուսից ցավոտ:


Մտածում եմ՝ ինչու՞ պետք է ժողովուրդը դիմեր, մի՞թե իմ զինակից ընկերը չի տեսել, չգիտե, թե ինչպես եմ կռվել, ինչպես եմ պատերազմի ավարտի առաջին օրից Սպարապետ Վազգեն Սարգսյանի խնդրանքով լծվել բանակաշինությանը:


Սպարապետի մի խոսքն ինձ բավական էր, որպեսզի հասկանայի, թե որքան լուրջ խնդիր է առաջարկում: Նա ասել էր՝ Մելո, բանակ ստեղծելն ավելի դժվար է, քան՝ պատերազմելը, դու չպիտի կողք կանգնես այդ սուրբ գործում:


Այդ մասին քիչ հետո կասեմ, հիմա նորից իմ ժողովրդին անդրադառնամ:


Զգացողությունս փոխադարձ է, ինձ համար ողջ Սյունիքն է լեգենդ: Ես ինքս Սյունիք աշխարհի մարդկանց՝ մանուկից մինչեւ ծեր, հերոս եմ համարում, իրական հերոսը նրանք են: Ես տեսել եմ նրանց հայրենասիրական ոգին, կամքն ու վճռականությունը, նրանց միասնական համախմբումն եմ տեսել, երբ վտանգվել է հայրենիքը, աշխարհի հայության բռունցքն եմ տեսել, թե ինչպես են հազար թեւ առած՝ թռչել դեպի պատերազմի բոցերի մեջ վառվող հայրենիք:


Ես ոչ միայն սյունեցուն եմ հերոս համարում, այլ՝ աշխարհասփյուռ ողջ հայությանը: Այդպիսի հերոսական ազգ ոչ մի տեղ չես գտնի, պատերազմի ժամանակ այդպիսի համախմբումը բացառիկ երեւույթ է:


- Հարցը մնաց, Դուք դարձյալ շրջանցեցիք այն՝ նորից անցնելով մեր ժողովրդի արդարացի գովասանքին:


Մեկ այլ հարց էլ ավելացավ՝ արդյո՞ք այդքան հեշտ կարող էին ճանապարհել Ձեզ:


- Այնքան էլ հեշտ չէ, երբ իմ մասին եմ խոսում: Մի բան կասեմ՝ հայ մարդը պետք է վառվի իր հայրենիքի համար, դողա նրան վերաբերող ամեն խնդրի վրա, երկար, շատ երկար մտածի՝ որոշում կայացնելիս, որպեսզի վաղը նոր փակուղու առջեւ չկանգնենք:


Տեսեք, երբ հեղաշրջվեց երկիրը, մենք միանգամից քանդեցինք նրա տնտեսությունը, մշակույթը, կրթության համակարգը, ամեն ինչ, որը ստեղծել էին խորհրդային իշխանությունները:


Արդյո՞ք ճիշտ վարվեցինք: Իհարկե՝ ոչ: Քանդելով ամեն ինչ, հսկա գործարանները կոպեկներով վաճառելով որեւէ լավ տղայի, մենք ազգովին հասանք կործանման եզրին:


Սկսվեց գործազրկությունը, աղքատությունը հասավ մեծ չափերի, մարդիկ արտագաղթեցին, երկիր դատարկվեց:


Այսօր էլ չենք կարողանում այդ սխալն ուղղել: Այդպես էլ հիմա է: Փոքր երկիր ենք, եթե երկար չափենք ու կտրենք՝ նոր ծրագրեր, փոփոխություններ մշակելիս՝ չհամագործակցենք իրար հետ, հանրության կարծիքի հետ հաշվի չնստենք, էլ ավելի ծանր կործանման կգնանք:


Հիմա դառնամ կիսատ մտքիս: Երբ պատերազմից հետո Վազգեն Սարգսյանի խնդրանքով մտա բանակ, այն համարյա չկար, ոչինչ հստակեցված չէր, շատ քիչ տեխնիկա ու բազա ունեինք, չկար բժիշկ, չկային այսօրվա պատրաստված սպաները: Կարելի է ասել՝ ոչինչ չունեինք:


Առաջին գործը, որ կատարեցի, ամենադժվար ու ծանր վայրը՝ Ֆիզուլի, Իշիղլու մեկնելն էր: Այնտեղ տասնյակ ու տասնյակ զինվորներ վիրավոր էին, շուրջբոլորը՝ կեղտ ու ավերածություն:
Մեկ ամիս անց, երբ Սպարապետը եկավ Ֆիզուլի, աչքերին չհավատաց, ամեն ինչ փոխվել էր:

Օրերի մեջ իմ ձեռքով մաքրել, բուժել էի զինվորների վերքերը ձեռքիս տակ ունեցած միակ՝ «մարգանցովկա» լուծույթով: Նրանք նորից կայտառացել էին, ոտքի էի հանել, աչքներից նորից կրակ էր թափվում: Տարածքը կարգավորել էի, վարդի պես բուրում էր շուրջը, վերացրել էի ավերածության հետքերը, այստեղ ապրելու եւ ծառայելու համար նպաստավոր պայմաններ էի ստեղծել:


Սպարապետը հիացմունքով ասաց. «Հենց այստեղ էլ կանցկացնենք խորհրդակցությունը, ավելի լավ ու հարմար տեղ չկա»:


Այդ օրից ի վեր անցել է 23 տարի: Չի եղել մեկ օր, որ թերանամ, խախտում թույլ տամ որեւէ հարցում՝ ծառայության, թե հանրության մեջ, չի եղել դեպք, որ ինձանից, իմ ծառայությունից «դիլխոր մնա» իմ հրամանատարությունը, թեկուզ՝ որեւէ մարդ:


Ինչու՞ եմ սա ասում, Ձեր հարցի պատասխանին եմ գալիս. իհարկե, իմ հրամանատարության համար էլ հեշտ չէ, նա էլ թեթեւ մտքերով չէ որոշում կայացրել եւ զորացրել ինձ:


Ինչպե՞ս կարող էր հեշտ զորացրել մեկին, որքան էլ օրենքը պահանջեր, ով տասը տարվա ընթացքում հանրապետության զինկոմների մեջ հինգ անգամ առաջին տեղն է գրավել, ստացել փոխանցիկ դրոշ, ով կարողացել է մեկ օրում հավաքագրել 4500 զինապարտ եւ 400 տեխնիկա ու ԳՌՏ-ի կողմից արժանանալ գերազանց գնահատականի, մարզի համար ապահովել առաջին տեղը, ով միայն երեսուն անգամ առաջին աստիճանի մեդալ է ստացել եւ ում երեք անգամ զենք են նվիրել, ով ՀՀ ՊՆ լավագույն գնդի հրամանատարի համար պաշտպանության նախկին նախարարի՝ Սերժ Սարգսյանի ձեռքից «1-ին աստիճանի մարտական խաչ» մեդալ է ստացել, գունդն էլ՝ մարտական դրոշ եւ համարվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր:


Բավական չէ՞, էլի՞ թվարկեմ: Վերջ չունի, էլ չխոսեմ քառօրյա պատերազմի ժամանակ հարվածող գումարտակի ստեղծման, առաջարկս պաշտպանության նախարարին ներկայացնելու մասին:


Ուրիշ հարց է, որ արժանավոր մարդուն ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում պետք է գնահատել, առաջ քաշել, նրա համար հորիզոններ բացել՝ իր ուժին, ռազմական տաղանդին, մարտունակությանն ու կարողություններին համապատասխան:


Չէի ցանկանա ոչ մի արժանավոր մարդու հետեւից ասեինք՝ «Գնա մեռիր, արի սիրեմ» ազգային դարձած տխուր ասացվածքը: Թող վերանա այդ ասացվածքը մեր միջից:


Գիտե՞ք, աշխարհի բոլոր անկյուններում բիզնես կարող ես ստեղծել, լավ գործարար լինել, կարող ես բիզնեսում հաջողությունների հասնել, բայց չես կարող հայրենիք ու բանակ կառուցել: Դրանք ուրիշ հասկացություն են, վեր են անձերից, բոլոր սրբություններից: Անհամեստություն չթվա, դրա համար առաքյալ պետք է լինել, առաքելություն ունենալ:


Այսօր պաշտոնով չես զարմացնի, դրանք կգան ու կգնան: Հարստությունը, փողն էլ ոչինչ են, դրանք էլ անցողիկ են, որքան էլ քրտինք թափես, տանջանքով ստեղծես:


Ի՞նչ ենք թողել պատմության մեջ, ի՞նչ ենք արել հայրենիքի համար, դա է կարեւորը:


Կարող ենք միայն մարդկային վերաբերմունքով, մարդ լինելով զարմացնել:


Ամենաուժեղ հայն իր հայրենիքը պահող, նրան գործով, ոչ՝ խոսքով սիրող, նրա վրա դողացող մարդն է: Մարդուց միայն նրա բարի անունն ու գործն են մնում:


- Կարելի՞ է ասել, որ երկրում կադրային թերացումներ կան, քանի որ խոսեցինք ճիշտ ժամանակին արժանի մարդուն չգնահատելու մասին:


Կարծես թե այսօր մեծ փոփոխությունների շրջան է ապրում ՀՀ ԶՈՒ-ն, պաշտպանության համակարգը, հենց թեկուզ՝ զինկոմների մասին առաջ քաշված նոր նախագիծը:


- Այո, ժամանակին արժանավոր մարդուն գնահատելն ու առաջ քաշելը շատ կարեւոր են: Հուսով եմ, դա էլ նոր հասարակարգի անցումային սխալներից է, որն անպայման կշտկվի: Սխալվելն էլ մարդկային է, ուշ չէ սխալը շտկելու, ճիշտ ճանապարհը գտնելու համար, քանի դեռ դրա հնարավորությունը կա:


Ես լավատես եմ այդ հարցում, մանավանդ՝ հիմա, երբ մեծ ծավալով կառավարական, պաշտպանական համակարգում փոփոխություններ են ընթանում: Այնտեղ նստած մարդիկ մտածում են երկրի մասին, չեն կարող անօգուտ ծրագրեր մշակել:


Բոլոր դեպքերում՝ անհատական որոշում չպետք է կայացնել, պետք է համախումբ քննարկվի, խորհրդակցվի մասնագետ, փորձ ունեցող մարդկանց հետ, հաշվի առնվեն բոլոր թեր ու դեմ կողմերը:


Ապրիլյան օրերին եւ դրանց հաջորդող լարված ամիսներին, գիտեք, հարյուրավոր առաջարկներ եմ մշակել, թերություններ մատնանշել եւ ներկայացրել պաշտպանության նախարարին: Բոլորն էլ հաշվի են առնվել, նախարարն անձամբ է կարդացել եւ նշված ուղղություններով եզրահանգում կատարել:


Ճշմարիտը դա է, միայն ընդհանուր աշխատանքը փորձառուների հետ կարող է օգուտ տալ: Եթե նոր որոշումը, ծրագիրն իրական կյանքից կտրված են, ապա խաղաղ օրերին այն կտանի փակուղի, իսկ պատերազմի ժամանակ՝ պարտության:


Վստահ եմ, որ զինկոմիսարիատների խոշորացման մասին ընդունված որոշումն էլ երկար է քննարկվել, բայց որոշակի կարծիք կհայտնեմ, երբ այն կմտնի արդեն ձեւի ու փուլի մեջ, երբ մեխանիզմը կաշխատի:


Մի բան գիտեմ. զինկոմիսարիատը հասարակության եւ բանակի կապող կամուրջն է, նրա միջոցով են համալրվում բանակի շարքերը: Խաղաղության, թե, առավելապես, պատերազմի օրերին նրա դերն ու նշանակությունն անգնահատելի են: Այն եղել, կա, ու միշտ մնալու է բանակի շարժիչ ուժն ու հենման կետը: Նրա խնդիրներն անհամեմատ մեծ ու բազմաճյուղ են, քան կարող են թվալ առաջին հայացքից:


Եթե ուզում ես հաղթանակել, բանակը հզորացնել, զինկոմիսարիատներում աշխատանքը պետք է ավելի հզորացնել:


- Եվ ահա, այսպիսի բարդ ժամանակներում Մելո հրամանատարը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, Սյունյաց Մելոն զորացրվում է:


Բայց, ասեմ, ժողովուրդն այն կարծիքին է, որ քո աստղն արդեն փայլում է երկնքում: Բառացի մեջբերեմ տարածաշրջանի մարդկանց խոսքը. «Մելոն մնում է Մելո, դրանով նրա փառքը չի նվազում, թող մտածեն զորացրողները»:


- Արդեն ասացի, որ զորացրվելուց վատ չեմ զգում, չեմ նեղացել ոչ մեկից, շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար:


Կուզեի ժողովուրդս հանգիստ լիներ՝ Մելոն միշտ քայլելու է իր հետ, ուրախ ժպիտով եւ բաց ճակատով, քաղաքի մի ծայրից՝ մինչեւ մյուսը, բարեւելու է բոլորին:


Էլի շարունակելու եմ կանգնել նեղն ընկած մարդու, երկրի, մեր պետության բոլոր խնդիրների կողքին: Պատերազմից հետո սուրս պատվով դրել եմ պատյան, շարունակել բանակաշինության պատվավոր գործը:


Հպարտ եմ հեռանում, ափսոսալու ոչինչ չունեմ. ինչ արել եմ, իմ պատվի եւ հայրենքիս համար եմ արել, չարիք չեմ եղել ժողովրդիս գլխին, ինչպես ասում են, վազող ջրի առաջ քար չեմ նետել, թեւեր չեմ փշրել: Ուր հասել եմ՝ միայն օգնել եմ:


Գլուխ պահելով, կեղծ համբավ եւ անուն հորինելով, երկար չես գնա, հայրենիք չես պահի: Եթե այդպես լիներ՝ հազար տարի կարող ես գլուխ պահել եւ ապրել: Դա ի՞նչ ապրել է: Կոպիտ է ստացվում, բայց այդպես անասունն էլ է գլուխ պահում, ուտում, փարթամ խոտերի մեջ բառաչում, սատկում-գնում՝ կաշին թողնելով: Կաշի չպետք է թողել, այլ՝ բարի անուն եւ գործ:


Ընդհանրապես, չէի ցանկանա, որ շրջապատս, ինձ հավատացող, սիրող մարդիկ տխրեին իմ զորացրվելով:


Նորից ասեմ, որ զորացրումս ճիշտ եւ օրինավոր քայլ էր, կյանքի բնականոն ձեւ: Ավելի երիտասարդները թող գան, միայն թե՝ կառույցն ավելի ուժեղացնելու համար:


Ուժեղացնենք, ոչ թե ուժեղին տանենք, թույլին բերենք: Այսպես պետք է լինի սերնդափոխությունը: Թույլ մարդու հետ հաշվի չեն նստում, նա չի կարող ոչ ղեկավարել, ոչ հայրենիք պահել, ոչ էլ նույնիսկ՝ ընտանիք:


Մարդ կա աշխատանքի մեջ է, բայց էությամբ, գործով՝ վաղուց զորացրված: Նա մոլախոտ է կոչվում, պետք է նրանից ազատվել, որպեսզի առողջ բույսն աճի:


Այսօր մենք իրավունք չունենք կադրային քաղաքականության մեջ սխալ թույլ տալ, դա կհանգեցնի նրան, որ մոլախոտերը կբազմանան, կխեղդեն մեզ, որն էլ կտանի լիակատար ձախողման:


Իմ օրինակով ասեմ. եթե Մելոն թուլացել է, պետք է ազատել աշխատանքից, տեղն ուժեղ մեկին բերել, ով կուժեղացնի կառույցը: Առաջինը ես կծափահարեմ: Թույլը կթուլացնի շարքերը, ուժեղը՝ կուժեղացնի: Այդ մեկ հոգուց շատ բան է կախված:


Ժամանակներն արագ են փոխվում, մենք պետք է շատ զգույշ եւ շրջահայաց լինենք, այլապես կարող ենք կորցնել արյան գնով, քրտինքով ձեռք բերածն էլ, նույնիսկ՝ ամենաթանկը՝ անկախությունը:


Այսօր 21-րդ դարն է, մենք պետք է խելքով ապրենք, այնպես, որ տեխնիկայի, սպառազինության այս հզոր մրցավազքում կարողանանք կանխել մինչեւ ատամները զինված հակառակորդի ոտնձգությունները եւ արժանի հակահարված տալ:


Նորից եմ ասում՝ երկրին, նրա բանակին վերաբերող ամեն մի գործողություն, ծրագիր առաջ քաշելիս՝ նպատակ եւ գաղափար պետք է տեսնենք, եւ՝ թե այն ինչ օգուտ կտա մեր երկրին, պետությանը, մեր տարածքներին: Ինչպիսի՞ն կլինի, ի վերջո, արդյունքը:


Հայ մնալու-չմնալու խնդիր է, իրավունք չունենք թուլացնել շարքերը, սահմաններ պահելը մեր ճակատի գիրն է, չմոռանանք:


- Քաջ մարդու համար, ի՞նչ եք կարծում, կա՞ տարիքային սահմանափակում, մանավանդ, որ ընդամենը 57 տարեկան եք:


- Քաջը միշտ քաջ է մնում, մեռած, թե՝ ողջ, սահմանափակում չկա: Ապրիլյան օրերին մենք այդպիսի շատ քաջեր ունեինք՝ սպիտակահեր, տարիքը վաղուց անցած, նույնիսկ՝ հենակներով:


Նա երկնքից էլ կարող է դաս տալ, հողի տակից էլ:


- Դատավճի՞ռ է զորացրվելը:


- Ո՞վ է ասում: Ոչ, դատավճիռ չէ. այսօր էլ ուժեղ եմ, խելքս ու միտքս ճկուն են, ոչ հոգեպես եմ թուլացել, ոչ էլ՝ ֆիզիկապես: Առաջվա պես հարյուրավոր կիլոմետրեր կարող եմ ոտքով գնալ, մասնակցել զորավարժությունների, վազել, դեռ մի հազար հոգու էլ թողնել հետեւում:


- Տեղ գյուղի կամավորական ջոկատի Մելո հրամանատարը հիշու՞մ է երիտասարդ լրագրողիս առաջին ռեպորտաժը Տեղի մատույցներից, ջոկատի տղաների, նրա հրամանատարի մասին: Թուրուսի խութը գրավելուց օր առաջ էր, երբ նախապատրաստական խնդիրներով մի քանի ժամով ջոկատն իջել էր գյուղ:


Այդ մասին իմացել էր թերթի խմբագիրը՝ Սամվել Ալեքսանյանը, եւ անմիջապես ինձ գործուղել պատերազմական գոտի:


- Անգիր եմ հիշում, կարող եմ վերնագիրն էլ ասել: «Զանգեզուր» թերթի այդ համարն էլ սրբությամբ պահում եմ: Հիշում եմ նաեւ, որ «Մելիք-Բարխուդար» շտաբում մեզ հետ զրույցի նստած՝ հրետակոծություն սկսվեց:


Այդ օրը գյուղում որքան խաղաղ զոհեր ունեցանք, շտաբը փլվեց: Սեւ փոշու եւ ծխի մեջ վազում էինք հրդեհվող տների ուղղությամբ՝ օգնելու մարդկանց, հրդեհը հանգցնելու:


Մեզնից ցանկացած մեկն այդ օրը կարող էր զոհվել, չէ՞ որ վայրկյաններ առաջ դուրս եկանք շտաբից:


- Կեցցեք, հապա ինչու՞ էիք ասում՝ կոնտուզիա եմ ստացել: (Ծիծաղում ենք):


- Մի քանի անգամ եմ կոնտուզիա ստացել, բայց դա չի խանգարում, որ հիշեմ նաեւ, թե այդ օրն ինչպես քեզ ուղարկեցինք Գորիս՝ վիրավորներով լցված «Շտապ օգնության» մեքենայով:


Հիշում եմ նաեւ՝ ինչպես էիր օգնում գյուղի տարեց մանկաբարձուհուն՝ վիրավոր գյուղացու բեկորից բացված ոտքը մշակելու՝ ինքդ էլ սրտի դեղ խմելով:


- Ատամնաբույժ Սասունը, ով ինքն էլ, ինչպես բոլոր տեղցիները, ազատամարտիկ էր դարձել, տվեց վալիդոլը՝ ասելով, որ երկրորդը չուզեմ, քիչ է, խնայում է:


- Հիշում եմ նաեւ, թե ինչպես մայրս գոմից հանեց ադրբեջանցի ամուսին գերիներին, որպեսզի քեզ ցույց տա:


Մենք նրանց կերակրում եւ պահում էինք՝ մեր գերիների հետ փոխանակելու համար:


- Իսկ Մելո հրամանատարն ադրբեջաներեն նրանց ասաց՝ կուզե՞ք ձեզ մատաղ անեմ սահմանամերձ գյուղ եկած լրագրողի ոտքերի տակ: Կարծում էի՝ լուրջ եք ասում, վախեցա:


(Ծիծաղում ենք: Այդ օրը ջոկատի տղաների ու նրա հրամանատարի հետ զրույց-ռեպորտաժն ավարտին հասցվեց Մելո հրամանատարի հայրական տանը՝ ծանր հրետակոծությունից հետո եւ միայն կեսգիշերին Գորիսի հիվանդանոցի «Շտապ օգնության» մեքենան տեղ հասավ, որով էլ ճանապարվեցի տուն: Այստեղ էլ իմացա, որ Գորիսն էլ այդ օրը հրետակոծվել էր):


Հրաշալի եմ հիշում, երբ կորցրիր երկամյա որդուդ՝ Գեւորգին, չկարողացար իջնել դիրքերից, մասնակցել նրա հուղարկավորմանը:


Պատերազմի բոցերի մեջ էր ջոկատդ: Բոլորս գիտեինք՝ հրամանատար Մելոն շարունակում է կռվել՝ ինքն էլ վիրավոր:


Տխուր է, չհիշենք, անցնենք առաջ:


Հրաժեշտի նոտայի պես չհնչի, համոզված եմ, դեռ շատ եմ «Կամանդիր» Մելոյի հետ նստելու զրույցի:


Ի՞նչ կմտորեր տեղցի, իր հող ու ջրի պես պարզ ու մաքուր մնացած Մելոն՝ ինքն իր հետ:


Ի՞նչ կուզենար աշխարհից: Համարեք՝ լսող չկա:


- Մտորելու շատ բան կա: Ընդհանրապես, մարդ պետք է հաճախ մտորի, հաշիվ տա ինքն իրեն, օրվա արած-չարածի, իր ճիշտ ու սխալի մասին: Բարձը միայն քնելու համար չէ:


Ամենօրյա մտորումս սա է. մարդս միշտ մարդ մնա: Նորմալ մարդը պիտի Աստված ու խիղճ ունենա: Իր ապրած կյանքում՝ լինի պատերազմ, թե՝ խաղաղություն, մարդ իր դեմքը, իր խոսքը չպիտի փոխի, եթե փոխեց՝ նա մարդ չի, նա տղամարդ կոչվելու, եկեղեցի մտնելու, եկեղեցի կառուցելու իրավունք էլ չունի: Հաստատուն եւ ճշտով ապրող մարդ մնալն է կարեւոր:


Թույլերը պատճառ են փնտրում, որ արդարացնեն իրենց սխալները, իրենց, ուժեղն իր խնդիրն է կատարում:


Էլի ամենալավը մեր ժողովուրդն է, նրանից լավն ու կարեւորը չկա, երկրից, հայրենիքից բարձր ոչինչ չկա: Մեր երկիրն է, մենք պիտի վառվենք այս երկրի համար, մեր մարմնով պիտի տաքացնենք նրան:


Ես կարող էի հազար անգամ զոհված լինել, բայց ողջ եմ մնացել: Ինպե՞ս կարող եմ շնորհակալ չլինել իմ Աստծուն, որ հնարավորություն է տվել ապրելու, բանակ կազմավորելու, շարքերում լինելու, հիշելու ու հավերժացնելու բարձունք գրաված ընկերներիս, մեր հարյուր-հազարավոր զոհերին՝ խաչքարեր ու հուշարձաններ, փառքի սրահներ կառուցելով:


Կյանքը մի բաժակ է, կաթիլ-կաթիլ լցնում ես, պետք է մաքուր ջրով լցնես, որ խմողը չթունավորվի, չզզվի քո ապրած կյանքից:


Այդ բաժակը թափելը հեշտ է, պետք է դողանք, որ չթափվի կաթիլ-կաթիլ հավաքած բարի անունդ, ընկերությունդ, հարգանքդ ու պատիվդ:


Իսկ պաշտոն կոչվածը սեփականացնելու, դրանով մարդկանց խեղդելու համար չէ, այլ ծառայեցնելու, որ մարդիկ ու հայրենիքդ զորանան, լավերն առաջ գնան, գրավեն իրենց արժանի տեղը, եթե պետք է՝ նույնիսկ քո տեղը:


18 տարի զորամասի հրամանատար եմ եղել, ուր էլ եղել եմ՝ մարտունակությունն ու կարգապահությունը բարձր էին, ծաղկի պես եմ պահել զինվորին էլ, անձնակազմն էլ, տարածքն էլ: 1500 զինվոր մեկ մարդու պես մտել են գնդի ճաշարան. միշտ մաքուր, կոկիկ, հաշտ ու համերաշխ, մի մեծ տան, հոր ու որդիների պես:


Թող մի զինվոր ասի՝ հրամանատարն ինձ խորթ աչքով է նայել, հոր պես չի վերաբերվել:
Նույնն էլ՝ տասը տարի եւ երկու ամիս՝ զինկոմիսարիատում:


Ինչ արած, ժամանակը հոսում է, ժամանակները փոխվում են, տարիք ու նոր սերունդ է գալիս: Իմ գնալու հերթն է եկել, բնական է:


Գնում եմ՝ խնդիրներս մինչեւ վերջ անթերի կատարած, խիղճս՝մաքուր, հոգիս՝ հանգիստ, որ կարողացել եմ այդքանն անել՝ առանց մեկ խախտումի:


Դա է իմ միակ հարստությունը, որ տանում եմ ինձ հետ:


Ոչ այն մարդկանց պես, ովքեր ուղղակի ծառայում են՝ իրենց ծառայածից բան չհասկանալով, վերջում էլ ասելով՝ գնացի թոշակի:


Իմ կենսագրությունն էլ, կատարածս գործն էլ պարզ լույսի պես դրված են սեղանին, եթե որեւէ բիծ գտնեն, թող երբեք հետ չկանչեն ինձ:


Այսպես, թե այնպես, ես երբեք չեմ հեռանալու բանակից, միայն այստեղ եմ տեսնում իմ հետագա տարիները:


Ի՞նչ եմ ցանկանում. ուզում եմ, որ երկիրս լցվի հայրենասեր, աշխատող, գործն առաջ տանող, համեստ ու արժանավոր մարդկանցով, լավագույնները գնահատված լինեն, մի փոքրիկ գյուղ երեք-չորս մասի չբաժանվի, չմասնատվի ամեն անգամ՝ հերթական ընտրությունից:


Թող համայնքի ղեկավարները նշանակվեն, ոչ թե՝ ընտրվեն, որպեսզի վաղը զորահավաքներին տարաձայնություններ չլինեն, կողքից մեկը չասի՝ թող համայնքապետի մարդիկ գնան:


Մարդիկ պետք է հասկանան, որ ոչ թե համայնքապետի կամ մարզպետի կանչով են գնում, այլ՝ հայրենիքի կանչով:


Տեսեք, հասարակության տարանջատումներից բանակն է առաջինը տուժում, հայրենիքը:


Համայնքը, մարզը մասնատելով՝ երկիրն է մասնատվում. կուզեի միասնական լինեինք, համախմբված, միմյանց արժանիք տեսնեինք, գնահատեինք ու ծառայեցնեինք երկրին:


Ուզում եմ խաղաղ ապրի մեր ժողովուրդը, բոլորս ենք խաղաղություն ուզում՝ առաջին գծից մինչեւ Գերագույն գլխավոր հրամանատար, ովքեր լավ գիտեն պատերազմ-չարիքի եւ թանկ խաղաղության գինը:


Իսկ դրա համար հզորանալ է պետք:


Ուզում եմ հայը՝ որտեղ էլ լինի, հայի պատիվը բարձր պահի, հպարտ քայլի, ամոթով չթողնի ոչ իր շրջապատին, ոչ էլ՝ իր երկրին:


Իսկ ամենաշատը կուզեի՝ հայն ապրեր իր երկրում: Բոլորին եմ խնդրում՝ հայրենիքից չգնալ:

Հայրենիքն իր մարդկանցով է հայրենիք, իր ժողովրդով: Հայրենիքից նեղանալ, խռովել չկա: Իսկ աշխատողի համար աշխատանք միշտ էլ այստեղ կա: Աշխատանքի լավն ու վատը չկա:


Ես հավասար գնահատել եմ ե՛ւ հավաքարարի, ե՛ւ սպայի աշխատանքը: Ավելին ասեմ՝ որտեղ էլ աշխատել եմ՝ փառքով ու պատվով ենք ճանապարհել կենսաթոշակի գնացող հավաքարարին՝ ծաղիկներով, շնորհակալությամբ, քաղցր նվերներով ու խոսքերով:


Հայն իր ծոցից ծնված մեծին, հերոսին, իր աշխատանքը կատարող վարորդին ու հավաքարարին պետք է կարողանա սրտանց գնահատել:


Ցավոք, մենք հաճախ, լավագույն դեպքում, գնահատում ենք ուշացումով, գնահատում ենք օտարին, ով մի քանի ժամով՝ իր շահից ելնելով, պարտականության եւ ներկայացում տալու պես, այցելում է մեզ, որակում կատարած գործը, հետո էլ՝ հեռանում եւ մոռանում ընդմիշտ՝ լինի դա ռուս լեյտենանտ, օտարազգի լրագրող, թե՝ …


Իրար գնահատող լինենք: Ամենալավը մեր ժողովուրդն է, մենք ենք: Միայն մենք կարող ենք իրար մատից փուշ հանել, իրար դարդ հասկանալ, դարման լինել:


Շատ բան չեմ ուզում՝ միայն բարին եւ լավագույնն ազգիս:


Մեկ էլ՝ չմեռնեմ, տեսնեմ հայրենիքիս ծաղկումը, Արցախի ճանաչված անկախությունը:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10