ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆ. «Զենքն ամուր ձեռքերում պիտի լինի»

06.09.2013 15:05
5280

2013թ. Գորիսի տարածաշրջանում անցկացված գարնանային զորակոչի, այն իրականացնելիս ծագած խնդիրների, բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին է զրույցը Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի հետ:

– Պարո՛ն գնդապետ, ինչպե՞ս եք գնահատում այս տարվա գարնանային զորակոչի արդյունքները:

– Գարնանային զորակոչն այս տարի, նախորդ տարիների համեմատ, մեկ ամիս ուշ ենք սկսել` պայմանավորված բուհական ընդունելության քննություններով: Վերջին հավաքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին: Ըստ պլան-առաջադրանքի` պիտի զորակոչեինք 150 հոգի, բայց զորակոչել ենք 162: 3 տարի է` Գորիսի զինկոմիսարիատը կարգերի մեջ առաջինն է, իսկ այս տարի` 2013թ., ճանաչվել է ՀՀ զինված ուժերի լավագույն զինկոմիսարիատ:

– Եթե թվային վերլուծություն անենք, ապա զորակոչվողների թվի մեջ կա՞ն էական տարբերություններ:

– Կար ժամանակ, որ ավելի շատ թվով երիտասարդներ էինք զորակոչում` կախված բնակչության թվաքանակից, բայց Գորիսում էական փոփոխություններ չկան այդ առումով, տարբերությունը զգալի չէ:

– Հիմնականում ո՞ր հիվանդություններն են գերակշռում զինակոչիկների շրջանում:

– Ցավալի է, բայց փաստ, որ գերակշռում են հատկապես սրտային հիվանդությունները, ողնաշարի դեֆորմացիան, գիշերամիզությունը, տեսողության խնդիրները: Պիտի նշեմ, որ բանակ զորակոչվողների նկատմամբ տարեցտարի պահանջները խստանում են, մանրակրկիտ ստուգում են անցնում, պատանի կա, որ մի քանի անգամ հետազոտում ենք, որպեսզի լիարժեք զինվոր տանք հայոց բանակին: Եթե համեմատենք 20 տարի առաջ անցկացված զորակոչի հետ, ապա կարող ենք ասել, որ այսօր նվազագույնի է հասցվել հիվանդ զինվորի` բանակում ծառայելու հավանականությունը: Առողջական խնդիրներ ունեցող զինվորի ծառայությունն ազդում է բանակի ե՛ւ մարտական պատրաստության, ե՛ւ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

– Բանակ զորակոչվող պատանին հաճույքով ու պատրաստակա՞մ է գնում պարտադիր զինծառայության, թե՞ դժվարության եք հանդիպում զորակոչն իրականացնելիս:

– Դժվարություններ, իհարկե, կան, բայց որ ասեմ, անհաղթահարելի խոչընդոտներ են, այդպես չէ: Բնականաբար, յուրաքանչյուր աշխատանքի մեջ էլ դժվարություններ լինում են, հիմնական դժվարությունն արտերկրում բնակվող պատանիների հետ է կապված, որոնց որոնողական աշխատանքների միջոցով փորձում ենք գտնել եւ հետ բերել: Եթե մենք այդ քայլերին չդիմեինք, չէինք կարող կատարել մեր պլանը, դեռ ավելին ասեմ` գերակատարել այն: Մեր աշխատանքները կատարելիս ամենացավոտ հարցը, որին բախվում ենք, զանազան հիվանդություններն են: Երբ սկսում ենք մատաղ սերնդի հետ աշխատանքները, երբեմն հայտնաբերում ենք հիվանդություններ, որոնց մասին նույնիսկ ծնողները տեղյակ չեն: Սա ցավալի է այնքանով, որ ծնողն այդքան ժամանակ իր երեխային չի տանում հետազոտման, կարելի է ասել` անտարբերություն է ցուցաբերում: Մեր խնդրանքն այն է, որ գոնե մինչեւ զորակոչի տարիքին հասնելը ծնողները տանեն հետազոտման, կամ գոնե մեր կողմից հիվանդությունը բացահայտելուց հետո հետեւողական լինեն. չէ՞ որ զավակի առողջությունն ամենամեծ հարստությունն է:

– Պարո՛ն գնդապետ, մեկ հարցի հետ ծնողները, այնուամենայնիվ, բախվում են, որը զինկոմիսարիատով չէ պայմանավորված: Դուք նշում եք, որ Ձեր նպատակն է բանակ ուղարկել միանգամայն առողջ զինծառայողի: Ծնողները բողոքում են, որ բուժզննման գնալիս չնչին գումար են տրամադրում, որպեսզի Երեւանում երբեմն մի քանի օր տեւող հետազոտումն անցնեն:

– Պետականորեն այդ հարցը լուծվում է, սակայն շուկայական գներին այն չի համապատասխանում: Այդ հարցի լուծումը պայմանավորված չէ զինկոմիսարիատով, թեպետեւ այդ հարցով մի քանի անգամ դիմել ենք ՀՀ պաշտպանության նախարարություն:

– Հնարավոր չէ՞, որ մի շարք հիվանդությունների զննումը տեղի ունենա հենց տարածաշրջանում` շրջանային հիվանդանոցներում:

– Հնարավոր է, եթե մենք ապահովված լինենք լաբորատոր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Մի քանի անգամ դիմել ենք, որ գոնե մարզային մասշտաբով տարածաշրջանի հիվանդանոցներից մեկում կարողանան անհրաժեշտ հետազոտումներ անել, բայց դեռ որեւէ արդյունքի չենք հասել: Իհարկե, որոշ թեթեւ վիրահատական բուժումներ մարզի հիվանդանոցներում իրականացնում են, բայց ավելի լուրջ հիվանդությունների հետազոտման համար անպայման պետք է ուղարկենք Երեւան:

– Այնուամենայնիվ, մի մասը երեւի ոգեւորությամբ, տոնական տրամադրությամբ, քեֆ-ուրախությամբ է բանակ ճանապարհում իր զավակին:

– Այսօր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը փոխվել է. չէ՞ որ գնում են հաղթանակած բանակ, ծառայում են հաղթանակած երկրի: Զինակոչիկը պետք է ըմբռնումով գնա բանակ, այն մտքով ու գաղափարով, որ ծառայում է իր հայրենիքին: Պետք է որոշ չափով նաեւ ընտանիքից կտրվի, որպեսզի հեշտությամբ հարմարվի զինվորական առօրյային: Կոնկրետ Գորիսի տարածաշրջանից մեկնած զինակոչիկները միշտ պատշաճ ձեւով են ծառայում` առանց փախուստի, առանց լուրջ խնդիրների ու խախտումների: Նույնիսկ ընդամենը 10 օր բանակում ծառայած նորակոչիկի օրինակելի ծառայության մասին շնորհակալական նամակ են ուղարկում զորամասից: Ծնողը, հայոց հաղթանակած բանակից շնորհակալագիր ստանալով, նախ եւ առաջ պիտի հպարտանա իր տված դաստիարակությամբ, այնուհետեւ մեր երկրի հանդեպ լցվի հավատով:

– Փաստորեն, մեր հանրակրթությունը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի միջոցով է իրականացնում ռազմական դաստիարակություն. որքանո՞վ է այն նպաստում բանակի գործունեությանը, զորակոչային տարիքի երիտասարդի պատրաստությանը:

– Այդ առարկայի դասավանդումը դպրոցում բավարար հիմքերի վրա է: Ամեն ամիս զինկոմիսարիատում զինղեկների հետ դասընթաց ենք անցկացնում: Մեր խնդիրն այն է նաեւ, որ դպրոցից կարողանանք ընտրել հետագայում ռազմական ուղղությամբ ուսումը շարունակելու ցանկություն ունեցող պատանիներ: Այդ հարցում դպրոցը մեծ դերակատարում ունի ե՛ւ ծնողների, ե՛ւ աշակերտների հետ տարվող աշխատանքների առումով:

– Հանրակրթական դպրոցի շրջանավարտն ի՞նչ գիտելիքներ ունի ռազմագիտությունից:

– Հանրակրթական դպրոցի շրջանավարտի գիտելիքների չափը մասամբ պայմանավորված է նաեւ զինղեկի պատասխանատու աշխատանքով, բայց զինկոմիսարիատն այդ ուղղությամբ նույնպես որոշակի աշխատանք է կատարում: Գորիսի N4 ավագ դպրոցում կրակային սարքեր ենք տեղադրել, գրաֆիկով հրաձգարանում ուսումնական վարժանքներ ենք կազմակերպում, նույնիսկ տարածաշրջանի գյուղերից են մասնակցում պարապմունքներին, իսկ ամեն փուլի վերջում երկօրյա դաշտային պարապմունքներ ենք անցկացնում: Նախ` տանում, ծանոթացնում ենք զորամասի առօրյային, այնուհետեւ` դպրոցականները մասնակցում են ուսումնական պարապմունքներին: Բնականաբար, ստանում են ոչ բարձր գնահատականներ, բայց դպրոցական ծրագրով նախատեսված պահանջներին որոշակիորեն համապատասխանում են:

– Պարո՛ն գնդապետ, զինկոմիսարիատ-զինվոր կապն ինչպիսի՞ մակարդակի վրա է:

– Մշտապես կապի մեջ ենք զորամասերի հրամանատարների հետ: Երբեմն ծնողները բավականին երկար ժամանակ տեղեկություն չեն ունենում իրենց որդուց, մենք անմիջապես կապ ենք հաստատում տվյալ զորամասի հետ` տեղեկություններ տալով ծնողներին: Եթե զինծառայողի ծնողն առողջական խնդիր է ունենում, ապա մենք ուղեգիր ենք տալիս` բուժումն անվճար կազմակերպելու համար: Իսկ ընդհանուր առմամբ զինծառայողի հետ կապված ամեն հարց զորամասի հրամանատարությունը լուծում է զինկոմիսարիատի հետ համատեղ:

– Բանակից վերադառնալուց հետո պայմանագրային զինծառայության անցնելու համար դիմողներ հաճախակի՞ են լինում:

– Այս պահին հանրապետության բոլոր զորամասերում պայմանագրային զինծառայողներ են ընդունում: Իհարկե, աշխատանք չունենալու պատճառով հիմա շատ են լքում հայրենիքը, բայց հայրենիքի ոգով ապրող զինծառայողներ կան, ովքեր գալիս են եւ դիմում պայմանագրային զինծառայության անցնելու համար, մենք էլ հնարավորության սահմաններում աջակցում ենք նրանց: Պայմանագրային ճանապարհով այսօր շատերն են համալրում հայոց բանակի շարքերը: Այդ առումով ակտիվացման միտում կա, քանի որ օգտվում են մի շարք արտոնություններից, ինչպես նաեւ ապահովվում են աշխատանքով:

– Ամենամյա վարժահավաքներն անցկացնելիս ինչպիսի՞ խոչընդոտների եք հանդիպում:

– Ինձ համար վարժահավաքն ավելի կարեւոր է, քան զորակոչը: Մենք մշտապես հետեւում ենք զինապարտների գործունեությանը: Ես միշտ մի բան եմ ասել, որ պարտադիր զինծառայությունն ավարտած մարդը պիտի հասկանա, որ ինքն իր կյանքը պիտի տա հայրենիքին` առաջնորդվելով «Իմ տունը, իմ հայրենիքն իմ բանակն է» կարգախոսով:

Հայրենիքի համար մարդը պիտի պատրաստակամ լինի իր կյանքը տալու, հայրենիքը մեղավոր չէ, որ դարեր շարունակ իր պետականությունը կորցրել է, քո ապրած կյանքով պիտի ապացուցես հայրենանվիրությունը: Գորիսի շրջանում վարժահավաքը միշտ էլ բնականոն հունով է ընթանում: Մի պարզ ճշմարտություն կա. մենք թվով քիչ ենք, բայց պետք է հնարամիտ ու անձնուրաց լինենք հատկապես պատերազմական իրավիճակներում, կարողանանք առաջին գծում արժանապատվորեն պաշտպանել մեր հայրենիքը:

– Կարո՞ղ ենք ասել, որ Գորիսի պետական մարմինները, հասարակական միջավայրը կարողանում են միջամտել, աջակցել զորակոչի, վարժահավաքի կազմակերպման ընթացքին:

– Ամեն նմանատիպ միջոցառում անցկացնելիս համագործակցում ենք ե՛ւ ոստիկանության, ե՛ւ տեղական իշխանությունների հետ: Համագործակցության պլան միշտ էլ կա. զորակոչը սկսելուց առաջ համապատասխան գրություն ենք ուղարկում տեղական իշխանության մարմիններին, ոստիկանապետին, որպեսզի այդ օրը ժողովուրդը զգա, որ պետությունը կանգնած է իր թիկունքին:

– Վերջին 1-2 տարում հայոց բանակում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները` սպանություններ, ինքնասպանություններ, հանրության մեջ ինչ-որ սկսեցին շահարկումների տեղիք տալ: Ի՞նչ կարծիքի եք բանակում տեղի ունեցող նման արատավոր երեւույթների մասին:

– Իհարկե, նմանատիպ երեւույթները դատապարտելի են, բայց երբեմն դրանցից խուսափել չի լինում: Բանակում ունենք աղանդավորական շարժումների հետեւողներ, ովքեր, դառնալով 19 տարեկան, ինքնասպանություն են գործում` ազդելով բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Աղանդը պիտի բանակ չմտնի: Մենք, ճիշտ է, զինակոչիկի անձնական գործում նշում ենք աղանդավոր լինելու մասին, բայց շատ հաճախ էլ այն գաղտնի է մնում: Բացի դրանից` լինում են նաեւ անձնական բնույթի խնդիրներ, նաեւ հոգեբանորեն անպատրաստ պատանիներ, ովքեր չեն կարող դիմանալ բանակային ռեժիմին, կարգուկանոնին եւ դրանով խնդիրներ են ստեղծում թե՛ իրենց համար, թե՛ հրամանատարների: Բացի դրանից` հասարակությունը պիտի ուժեղ ու կայուն լինի, որպեսզի նորմալ ընտանիքից երեխան գնա բանակ. մեկը ճիշտ է դաստիարակվում, մյուսն էլ «մոլախոտ» է: Հրամանատարի հոտառությունն այնքան ուժեղ պիտի լինի, որ կարողանա ճիշտ ժամանակին կանխել վտանգը, զինվորի թույլ տեղը գտնել: Ոչ մի հրամանատար հաստատ չի ցանկանա, որ իր զինվորի մատը նույնիսկ փուշ մտնի:

– Վերջերս շատ է քննարկվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին արդիական զենք-զինամթերքի տրամադրման հարցը: Մեր երկրի անվտանգությանը որքանո՞վ է այն սպառնում:

– Ժամանակները փոխվում են, այսօր իրենք իրենց հերթին են ուժեղանում, մենք` մեր հերթին: Բայց հիմա ոչ այնքան կարեւոր է զենք-զինամթերքի առկայությունը, որքան դրանք կիրառելու հնարավորությունն ու կարողությունը, զենքը պիտի խելքով ղեկավարվի: Զենքն ամուր ձեռքերում պիտի լինի, ոգին ամուր պիտի լինի, քաջի համար անհնարին ոչինչ չպիտի լինի: Զորքի հրամանատարը պիտի խիզախ լինի, գլուխը պիտի խաղաղ ժամանակ աշխատի, պատերազմի ժամանակ մինչեւ վերջ շունչը տա, սա է պատերազմի մեխը: Ռազմական հավասարակշռությունը սրանից չի փոխվել, քանի որ ադրբեջանցիներն այնքան էլ լավ չեն կարողանում տիրապետել նոր զենքերին:

– Եթե Աստված մի՛ արասցե, պատերազմը վերսկսվի, իսկ մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ անհավանական չէ այդպիսի իրավիճակը, որքանո՞վ ենք պատրաստ այդ արհավիրքին դիմակայելուն:

– Այսօրվա մեր գործող բանակն այնպես չէ, որ բոլոր խնդիրները լուծել է, բայց ամեն զորամաս իր խնդիրը գիտի, թե որն ինչպես պիտի պաշտպանի մեր սահմանները: Եթե որեւէ պատերազմական վիճակ ստեղծվի, ապա ամեն զինվոր իր անելիքը գիտի, թե որտեղ պիտի կասեցնի հակառակորդին, որ խրամատում, որ ուղղությամբ պիտի կանգնի: Մենակ բանակի վրա չէ, որ հույս ենք դրել, շարքային զինվորն էլ, որ 2 տարի ծառայել է հայոց բանակում, այնքան հավատ ունի մեր հանդեպ, որ անմիջապես ոտքի կկանգնի: Հայրենասիրությունը բոլորիս արյան մեջ է:

Հարցազրույցը` ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Եպիսկոպոսական ուխտի անդրանիկ պատարագ՝ Սյունյաց թեմի առաջնորդանիստ եկեղեցում

09.11.2024 21:10

ԱՄՆ նոր նախագահը կկենտրոնանա խաղաղության հաստատման, ոչ թե Կիևին տարածքներ վերադարձնելու վրա․ Թրամփի խորհրդական

09.11.2024 20:19

Նոյեմբերի 9․ փաստաթղթից 4 տարի անց․ ընկած Արցախ, բռնագաղթած արցախցիներ և Բաքվում գերեվարված հայեր

09.11.2024 16:06

Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերը նորից ղողանջել են

09.11.2024 15:47

Խնձորեսկի ջրամբարի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

09.11.2024 12:36

Թրամփի համակիրը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի

09.11.2024 11:31

Որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա. դեսպան

08.11.2024 22:38

Կապանում գործող ՍՊԸ-ի տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ. ՔԿ

08.11.2024 20:14

COP29-ին ընդառաջ․ Իտալիայի խորհրդարանականները կոչ են տարածել Բաքվում գտնվող հայերին ազատ արձակելnւ վերաբերյալ

08.11.2024 19:36

Ֆրանսիայում շուրջ 3 տասնյակ քաղաքական գործիչներ երկրի կառավարությանը կոչ են անում բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովը

08.11.2024 18:59

Հայաստանի զինվելը՝ «ոսկոր» Ալիևի կոկորդում. Բաքվի բռնապետը սպառնալիքներով «զգուշացնում» է

08.11.2024 15:08

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

08.11.2024 11:48