Մենք ամուր կառչած ենք մեր հողից. Արցախում լայնածավալ բնակարանաշինություն է ընթանում

30.05.2022 14:47
8335

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու նպատակով Արցախի տարբեր շրջաններում նոր թաղամասեր են կառուցվում: Ինչպես օրերս հայտարարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը արդեն իսկ սկսվել է, իսկ ընդհանուր ծրագրով նախատեսված է յոթ հազար տուն կառուցել և ամեն ինչ անելու են, որպեսզի Արցախում ապրող յուրաքանչյուր ընտանիք սեփական տունն ունենա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանը հայտնեց, որ ներկայումս նոր թաղամասեր են կառուցվում Իվանյանում, Հովսեփավանում, Աստղաշենում, Նորագյուղում, Խնածախում, Այգեստանում, Դահրավում, Կարմիր Շուկայում, Մարտունիում, որոնց մի մասը շահագործման կհանձնվի 2022 թվականի վերջին, իսկ մնացածը՝2023 թվականին: Որոշում է կայացվել նոր թաղամասերը կառուցել համայնքներին կից, որպեսզի ավելի հեշտ լինի լուծել ենթակառուցվածքների և աշխատատեղերի հետ կապված խնդիրները։ Բնակարանաշինության ծրագրերը իրականացվում են Արցախի պետական բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, բարեգործական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների միջոցներով:

Արամ Գասպարյանը ներկայացրեց  նոր կառուցվող թաղամասերից մեկը՝ Իվանյան համայնքի տարածքում:

«Այստեղ կառուցվում է 3 հարկանի 15 բնակելի շենք, ընդհանուր` 70 բնակարան բոլոր անհրաժեշտ պայմաններով: Շենքերի արժեքը կազմում է մոտ 4.5 միլիարդ դրամ, բայց այդ գումարի մեջ ընդգրկված չեն բարեկարգման աշխատանքները, կոյուղագծերի, ջրագծերի, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցումը: Թաղամասը կառուցվում է 8 շինարարական ընկերության կողմից, իսկ աշխատուժը և՛ Արցախից է, և՛ Հայաստանից: Շենքերը կունենան նկուղային հարկեր, որոնք անհրաժեշտության դեպքում կծառայեն նաև որպես ապաստարաններ»,- ասաց Գասպարյանը:

Իվանյանի համայնքի տարածքում կառուցվում են նաև երկուսից չորս սենյականոց 107 առանձնատուն։

«Յուրաքանչյուր առանձնատուն ունենալու է 1200 մ2 հողատարածք, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան այգեգործությամբ զբաղվել։ Առանձնատները հիմնականում բնակեցվելու են Ուղտասարի (Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքը օկուպացվել է Ադրբեջանի կողմից- խմբ․) բնակիչներով։ 107 առանձնատներից 86-ը կառուցվում է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 21-ը Արցախի պետբյուջեի միջոցներով»,- նշեց Գասպարյանը։

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալը ընդգծեց՝ բնակարանաշինության ծրագրերի իրականացումը շարունակական է լինելու։

«Ասկերանի շրջանի համայնքներում (օրինակ՝ Խաչմաչում), Մարտակերտի շրջանի համայնքներում առաջիկայում կսկսվի նոր թաղամասերի կառուցումը։ Այսինքն՝ բնակարանաշինության ծրագրերը շարունակական են լինելու, մշակելու ենք նախագծերը և գումարի առկայության դեպքում սկսելու ենք նոր թաղամասերի կառուցումը»,- ընդգծեց Գասպարյանը։

«Քարավան» շինարարական ընկերության ներկայացուցիչ, աշխղեկ Մուրադ Շահբազյանը նշեց, որ շինարարները 400-700  հազար դրամ աշխատավարձ են ստանում։

«Արցախում մեկ տարի է, ինչ շինարարական աշխատանքներ ենք իրականացնում: Մենք որակով, արագ ենք կարողանում կյանքի կոչել նախագծերը։ Շինարարների համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծել ենք»,- հավելեց Շահբազյանը։

Ասկերան շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի խոսքով՝ Ասկերանի շրջանի համայնքների մեծ մասում նոր թաղամասեր են կառուցվում:

«Բնակարանները կտրամադրվեն առաջին հերթին տեղահանվածներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամներին: Անկախ նրանից, թե ինչպիսի ընթացք կունենան Արցախի շուրջ գործընթացները, մենք ամուր կառչած են մեր հողին և չենք պատրաստվում որևէ տեղ գնալ, իսկ բնակարանաշինությունը հենց այդ նախադրյալներից մեկն է: Մենք գնալու տեղ չունենք և մենք պայքարելու ենք մինչև վերջ, մինչև մեր նպատակներին հասնելը»,- շեշտեց Ապրեսյանը։

Ասկերան շրջանի վարչակազմի ղեկավարը այսօր չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր Ադրբեջանի հետ խաղաղության հասնել։

«Մենք երբեք չենք համակերպվի այն մտքի հետ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Դա բացառվում է: Մեր դիրքորոշումը հստակ է և այն սակարկության ենթակա չէ։ Քանի դեռ Ադրբեջանը բարձր մակարդակով վարում է հայատյացության քաղաքականություն, ինչպե՞ս կարող ես այդ պետության հետ բարեկամություն անել և խաղաղ ապրել, եթե նա քեզ փորձում է անընդհատ ոչնչացնել։ Քարագլխի վերջին դեպքերը ապացուցեցին, որ մեր բնակչությունը չի պատրաստվում լքել Արցախը: Բոլորս միասնական,միահամուռ ուժերով, առանց հաշվի առնելու սոցիալական խնդիրները, գնացինք առաջնագիծ: Մենք գնալու այլ տեղ չունենք»,- ընդգծեց Ապրեսյանը։

Ստեփանակերտի բնակիչ, 70-ամյա Ռոմա Առաքելյանը երկար տարիներ աշխատում է շինարարության ոլորտում։ Նա ամբողջ կյանքը ապրել է և ապրում է Արցախում ու հայրենի հողից այն կողմ չի պատկերացնում իր կյանքը։

«70 տարեկան մարդ եմ՝ Ղարաբաղում ապրել եմ, Ղարաբաղում էլ կմահանամ: Իմ ընտանիքն էլ, բոլորը՝ երկու որդիներս, աղջիկս, թոռնիկներս մնացել են Արցախում»,- ասաց Առաքելյանը։

Ստեփանակերտի բնակիչ Գագիկ Ադամյանը 12 տարի է՝ կռունկավար է աշխատում, նա մասնակցել է և՛ ապրիլյան քառօրյա պատերազմին, և՛ 44-օրյա պատերազմին։

«Ինձ Սիրիայից այստեղ բերեց հայրենասիրությունը: Արդեն երրորդ պատերազմն եմ տեսնում, կարծես այն ինձ հետապնդի։ Զանգելանում (Կովսական – խմբ․) կյանքը մինչև պատերազմ շատ լավ էր՝ վարում էի, ցանում էի, աշխատում էի, խաղաղ ապրում էինք․․․

Մենք պատրաստ չենք Ադրբեջանի հետ ապրել, մենք չենք կարող իրենց հետ ապրել, Արցախն էլ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կարծում եք, մենք կթողնե՞նք: Այստեղ իմ հայրենիքն է, պապենական հողերն են, ի՞նչ անեմ, որ Սիրիայում եմ ծնվել, այստեղ մեր ազգի արյունն է թափվել: Մենք ծնվել ենք Արցախը ոտքի կանգնեցնելու համար, միասին ապրելու և զարգացնելու, ինչպե՞ս լքեմ ես այս հողը»,- եզրափակեց Տեր-Ներսեյանը։

Կարեն Խաչատրյան

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43

ՀՀ իշխանությունները ցուցաբերում են ընդգծված անտարբերություն Բաքվում պահվող հայերի ճակատագրի հարցում․ Վահագն Սարոյան

23.06.2026 17:56

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել

23.06.2026 16:48

ՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան

23.06.2026 16:12

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

23.06.2026 16:08

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

23.06.2026 12:48

Սյունիքում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին

23.06.2026 12:36

Ռոման Նավասարդյան․ «Առանց ներքին խաղաղության և ազգային համախմբվածության, առանց ազգային ոգու և արժանապատվության վերականգնման չի կարող լինել խաղաղություն»

23.06.2026 12:26

Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

23.06.2026 10:23

Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ադրբեջանագետ

22.06.2026 16:10

В Ереване отметили 85-летнюю годовщину начала Великой Отечественной войны

22.06.2026 15:57