«Մենք դիմում ենք ոչ թե Ադրբեջանի կանանց, այլ ըստ էության դիմում ենք Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին, կողմերին եւ միջնորդություն իրականացնող երկրներին։ Մեր կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին՝ ինչպես հայկական կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի կողմից»,-ասել է Աննա Հակոբյանը:
Նրա խոսքով, իրենց իրենց նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է. «եւ նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետեւ հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք ընդհակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետեւ պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»,- ընդգծել է Աննա Հակոբյանը:
Նա նշել է, որ իրենց այս նախաձեռնության միակ իմաստը կյանքեր խնայելն է երկու կողմից էլ։
«Ադրբեջանի կանանց ուղղված խոսքը հետեւյալն է, որ ընդամնեը առաջարկություն է, որ միանան այս նախաձեռնությանը եւ իրենք իրենց հերթին կոչ անեն իրենց ղեկավարությանը երբեւէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլում չդիմել ուժի կիրառմանը եւ չդիմել պատերազմի, որովհետեւ բացի այն, որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղել տղամարդկանց՝ որպես մայր, որպեսզի խնայեն իրենց որդիների կյանքը, նաեւ կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց Ադրբեջանի կողմից դիմել բռնության, ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին չավարտվեց ոչնչով, եւ նրանց պատկերացումներն իրականություն չդարձան: Այդ դեպքում նույնպես մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչն անթույլատրելի է պարզապես։
Եվ ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն, եւ իրենք էլ իրենց հերթին՝ կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը՝ երբեւէ չդիմել զենքի ուժին, փոխարենը՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչն արդեն, բարեբախտաբար, վերականգնվել է, բանակցային գործընթացը, եւ իրենց ուժը չափեն բանակցությունների սեղանի շուրջ եւ հարցի լուծումը փորձեն բերել իրենց գաղափարներով եւ ոչ թե՝ երիտասարդ կյանքեր խլելով»,- ասել է ՀՀ վարչապետի տիկինը։