Մեր ուղին պիտի հարթենք նաեւ հոգեւոր մաքառումով

12.04.2021 14:27
176542

Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ հրատարակվող «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի 2-րդ համարը նվիրում ենք  Սյունիքի մերօրյա գրական աշխարհին:

Իր պատմության ամենադժվար ու անորոշ ժամանակներից մեկն ապրող Սյունիքում կյանքը շարունակվում է:

Շարունակվում է նաեւ հոգեւոր ոլորտում, գրական-մշակութային անդաստանում:

Սահմանը պահող զինվորականի, սահմանագծում արարող մարդկանց կողքին նաեւ երկրամասի ստեղծագործող մտավորականներն են, գրողները…

Նախատեսվող համարի նպատակն է հանրությանը ներկայացնել նրանց մի մասին՝ արձակագիրներին եւ բանաստեղծներին՝ ի ցույց դնելով ներկայիս գրողական որոնումները:

Սյունիքի մերօրյա գրական աշխարհը ներկայացնելիս կառաջնորդվենք հետեւյալ սկզբունքով. յուրաքանչյուրին հատկացնել (առավելագույնը) 1-2 էջ (A3 չափսի)՝ զետեղելով հեղինակի լուսանկարը, համառոտ կենսագրությունը եւ ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը կամ որեւէ երկի հատված (տրամադրվող մակերեսին համապատասխան). համարը, ինչպես նշել ենք մեկ այլ առիթով, բաղկացած կլինի 36 էջից:

Ցանկալի է, ինչ-որ առումով՝ պարտադիր, որ հրապարակվող ստեղծագործության (ստեղծագործությունների) վերաբերյալ ներկայացվի նաեւ գրականագիտական տեսակետից արժեւորող որեւէ խոսք՝ գրախոսություն, գրականագիտական գնահատական կամ որեւէ հեղինակավոր բանասերի դիտարկում: Խոսքը կարող է վերաբերվել նաեւ տվյալ հեղինակի ստեղծագործական ամբողջական նկարագրին:

Տեղյակ ենք, որ ստեղծագործողներից ոչ բոլորն են մինչեւ այժմ հայտնվել գրականագետների ուշադրության կենտրոնում: Սկսնակների պարագայում դա բացատրելի է, ուստի եւ կհրապարակենք սոսկ ստեղծագործությունները՝ ակնկալելով՝ գրական նորահայտ այդ անունները հանրայնացնելով՝ նրանց ստեղծագործությունների հանդեպ որոշակի հետաքրքրություն կառաջանա:

Համարում կներկայացվեն ծագումով սյունեցի այն գրողները, ովքեր ողջ են եւ բնակվում են ինչպես Սյունիքում, այնպես էլ մարզի կամ հանրապետության սահմաններից դուրս:

Կընդգրկենք նաեւ Վայոց ձորի ներկայացուցիչներին՝ նկատի ունենալով, որ Վայոց ձորը, ըստ Ստեփանոս Օրբելյան պատմիչի եւ «Աշխարհացույցի»՝ Սյունիքի գավառներից է եւ նշվում է իբրեւ երկրորդ գավառ՝ Ծղուկից հետո:

Համարի նախապատրաստության ընթացքում եւ դրանից առաջ՝ ծանոթանալով Սյունիքի գրական կյանքին, ավելի հաստատուն է դարձել մեր տեսակետը, որ ժամանակակից գրողներից ոմանք ըստ արժանվույն են շարունակում Սյունյաց գրական մեծերի ավանդույթները. դրանում կհամոզվի նաեւ ընթերցողը՝ ապագա համարի նյութերն ընթերցելիս:

Բայց մինչ այդ հնարավորություն կունենաք ծանոթանալ գրական Սյունիքի ակունքներին (մենագրության հեղինակ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյան), ինչպես եւ «Սյունեցիները եւ հայ հին գրականությունը» ուշագրավ հոդվածին (հեղինակ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյան):

Համարում կփորձենք ներկայացնել Հայաստանի գրողների միության եւ այդ միության Սյունիքի մասնաճյուղի դերակատարությունը՝ երկրամասի գրական կյանքը կազմակերպելու գործում:

Ներկայացնելով Սյունիքի մերօրյա գրական աշխարհը՝ նպատակ ունենք նաեւ հավաստել Սյունյաց տոհմիկ գրիչների ավանդներին մեր սերնդակից գրողների հավատարմությունը, ցույց տալ, որ ներկայումս նրանք հայրենասիրության, հայրենապաշտության աստվածահաճո առաքելությունը ձգտում են իրականացնել հենց այդ  ոլորտում:

Հին իմաստուններն են դեռեւս սաղմոսել՝ «անունն ավելի ընտիր է շատ հարստությունից. արծաթից ու ոսկիից շնորհն է լավ»:

Դարեր շարունակ Սյունիքում հենց այդ համոզմունքով են մարդիկ ապրել: Եվ պատահական չէ, որ Սյունիքն իր սրի հերոսների կողքին թագադրել է իր գրչի հերոսներին ու այսկերպ պահել լույսը՝ ոգու, սերը՝ բանի, եւ ամենածանր պահերին անգամ աղոթքի պես վանկարկել՝ «Ի սկզբանե էր բանն»: Ու իր հոգեւոր մեծերին, տառը երկնողին, բառն արարողին սյունեցին առանձնակի երախտագիտությամբ է վերաբերվել…

«Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի նախատեսվող համարը սերնդեսերունդ փոխանցված ու մեզ հասած այդ վերաբերմունքի մի նոր եւ համեստ արտահայտություն է:

Միեւնույն ժամանակ՝ նախատեսվող համարն ավելի ամբողջական կլինի, եթե սույն նախաձեռնությանն արձագանքեն Սյունիքի եւ Վայոց ձորի բոլոր գրողները: Չի բացառվում, որ երիտասարդ, սկսնակ բանաստեղծներից ու արձակագիրներից ոմանք ծանոթ չեն մեր խմբագրությանն ու  ընթերցողական շրջանակներին:

Ուստի եւ հարկ համարեցինք հանդես գալ խմբագրական սույն խոսքով ու բոլորին (ովքեր ասելիք ունեն) հրավիրել համագործակցության. համատեղ ուժերով ի մի բերենք Սյունիքի գրական աշխարհն ամբողջացնող-կազմավորող հեղինակներին ու նրանց ներկայացնել հանրությանը:

 Եվ ուրեմն՝ մինչեւ 2021 թ. ապրիլի 30-ը սպասում ենք արձագանքների, առաջարկությունների, հայտերի:

Սամվել Ալեքսանյան

 

 

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43