Մեռնողը գյուղ է... Սվարանց

13.03.2015 17:00
3944

Սվարանց գյուղը Գորիսի տարածաշրջանի այն պատմական եւ հնագույն գյուղերից է, որ փռված է Բարգուշատի լեռնաշղթայի ամենաբարձր` Արամազդ լեռան (3392մ) հյուսիսային փեշին` Աղանձուգետի վերին հոսանքի շրջանում:

Գյուղի հեռավորությունը Գորիսից 40կմ է, իսկ ծովի մակերեւույթից բարձրությունը 1700մ է:

Լեռնային գյուղը հարուստ է երկաթի պաշարներով, կան ուրան, պղինձ, այլ գունավոր մետաղներ:

1957-1978թթ. գյուղի շրջակա հանքավայրերում կատարվել են երկրաբանական, լեռնահետախուզական աշխատանքներ:

Գյուղում է գտնվում սրբատաշ, բազալտյա քարերով 1705թ. կառուցված Սուրբ Հազարափրկիչ եկեղեցին:

Շրջակայքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան հուշարձաններ, Ցուրաբերդի ավերակները, մատուռ, խաչքարեր:

Ըստ Ալիշանի` 1450թ. Տաթեւի վանահայր Շմավոն վարդապետն Ամիր Ռոստոմ Օրբելյանից Սվարանցը եւ այլ գյուղեր գնել ու նվիրել է Տաթեւի վանքին:

Պատմագիրը Սվարանց անունը կապում է Ցուրավանք, Ցրվանք, Ցրվունոց անունների հետ:

Ավանդության համաձայն` գյուղի բնակիչները, խաբվելով Լենկ Թեմուրից, հանձնվում են, իսկ նա բոլորին կենդանի-կենդանի թաղել է տալիս: Գյուղի քահանան, երբ այդ ոճիրի մասին լսում է, ծխամատյանում գյուղի հին անունը ջնջում է եւ դնում Սեւարանց նոր անունը, որը հնչյունափոխվելով ստանում է Սվարանց անունը:

Գյուղում գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն անասնապահությունն ու դաշտավարությունն են:

Բարձրադիր եւ ցուրտ այս գյուղում մրգատու ծառերից աճում են հիմնականում խնձորենին, տանձենին, սալորենին, տեղ-տեղ` ընկուզենին:

Հողային տարածքը կազմում է 1621հա, որից գյուղատնտեսական նշանակության` 1563հա, վարելահող` 191հա, բազմամյա տնկարկ` 3հա, խոտհարք` 42հա, արոտ` 799հա, այլ հողատեսքեր` 527հա եւ բնակավայրերի հողեր` 52հա:

Ընդհանուր 6հա են կազմում արդյունաբերության, ընդերքօգտագործման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, հատուկ պահպանվող տարածքների եւ ջրային հողերը:

Սվարանց գյուղ մտնողի առաջին զգացողությունը, որ համակում է, սրտի ցավն է: Գյուղն իրականում շատ ավելի հարուստ պատմություն ունի, քան ներկայացված ավանդազրույցներն ու հիշատակություններն են:

Բայց ամենեւին միտք չունենալով կանգ առնել Արամազդի փեշերին իր դարդ ու ցավի մեջ կուչ եկած գյուղի ստեղծման վարկածներին ու ժամանակագրությանը, մեր խղճի առջեւ պարզ հաշիվ տալով եւ հպանցիկ հայացք նետելով իրականությանը, ուղղակի արձանագրենք, որ երբեմնի Ցուրաբերդը, Սեւարանցը, Սվարին, ի վերջո, այսօրվա Սվարանցը հայտնվել է իրոք սեւի մեջ: Սա ի՞նչ է, պատմական ճակատագի՞ր, որ չկարողացանք փոխել, թե՞ չկամեցողություն, անտարբերություն, որն ավելի վատ է, քան Լենկ Թեմուրի ժամանակ պատահածը:

...Գյուղի հրապարակում մի բուռ մարդիկ էին հավաքված, ամեն տնից` մի մարդ: Մի քանի ահելներ եւ հայրենիքին իրենց սահմանադրական պարտքը մատուցած երեք-չորս ջահելներ:

Արեւոտ օրը դուրս էր հանել տներից Սվարանցի տղամարդկանց եւ բերել պարապ-սարապ շարել արեւկող, հազիվ երկու մետրանոց նստարանին, որի վրա բոլորն էլ կարող էին հանգիստ տեղավորվել…Ինչո՞վ չէ սա շեքսպիրյան ողբերգություն, բեմադրո՜ղն է պակասում…Դե մենք էլ եկանք…որ մի անհաջող բեմադրություն սարքենք եւ քոռուփոշման մեր լսածներից ու ասածներից, մեր տված հույսից, մեր եկած ճանապարհից, նորից գյուղը թողնելով իր անորոշ փափագների ու Արամազդի գլխին սկսած ձյունաբուքի ու ամպերի մեջ, հետ վերադառնանք:

Բայց յո՞ երթաս, եկել ես` մասնակցիր այս բեմականացմանը, լավ-վատ` խոսքդ ասա, ճռռա սելի ու սելվորի հետ, մարդիկ բան հասկանան, տեսնեն` խելքդ ի՞նչ է կտրում, իմանան` ինչո՞ւ ես կտրել քառասուն կիլոմետրը եւ այդպես հանկարծ հիշել Սվարանցն ու սվարանցցուն: Մարդիկ կարոտ են դրսի մարդու երես տեսնելուն, տարիներով այստեղ թուղթ ու գրիչը ձեռքին մարդ չի մտնում (բացի նախընտրական օրերից), եւ մեր մեքենայի երեւացող ճակատին միանգամից թեքվել-հառել էր արեւկող արած սվարանցցիների հետաքրքրասեր հայացքը…Ասես, քսանական թվականներն էին, եւ առաջին մեքենան էր մտնում գյուղացիների մեջ` պատվավոր հանդիսավորությամբ, հալոցքից գոմաղբի ու ծնկաչափ ցեխի միասեռ զանգվածն անիվների տակ չլմփացնելով:

Էլ ի՜նչ գյուղապետարան, ի՜նչ գյուղապետ ու գրասենյակ… Փոքրիկ նստարանն անմիջապես ճաքեր է տալիս, իրար կիպ նստած գյուղացոց համաչափ շարքը` դրսի հյուրի հանդեպ ավանդական հարգանքով, տխուր բեկորների պես ցաքուցրիվ է լինում: Ջահելները թռչում են շրջակայքի քարերին, ահելներից միայն երկու-երեքն են ծանրումեծ նստած` դիմավորում մածուցիկ դարձած ցեխը հերոսաբար հաղթահարող եռյակ, գրչով ու լուսանկարչական ապարատով զինված լրագրողական խմբին:

Իսկ հարցերն ու խնդիրներն անշտապ, հերթագայությամբ թափվում են մեր գլխին… Խեղճ լրագրող, քեզանից լիներ, միանգամից գրիչդ կախարդական փայտիկի կվերածեիր եւ ակնթարթում կվերացնեիր սվարանցցու, վաղատուրցու, տանձատափցու... սրտերի ցավը, եւ բոլոր վարկերը հատուկ գյուղացու համար կդառնային անտոկո՜ս, սերմացուն, վառելիքը` ջրի՜ գին, կոմբայնները կաճեին սնկերի պես, հացթուխները կրակը կընկնեին իրենց թխած հացի առատության ձեռը, չորս հարյուր տեղանոց դպրոցներում աշակերտներին տեղ չէր լինի, խմելու եւ ոռոգման ջրերը կհոսեին զուլալ մաքրությամբ, այլեւս ռադիոակտիվ էլեմենտներն ի չիք կդառնային, առողջ եւ դեռ ամրակազմ տղամարդիկ ժամանակ չէի՜ն ունենա գյուղի պատերի տակ արեւկող անելու, տներում երեւալու, չէի՜ն հասցնի տնամերձերում զբաղված, կարագ ու պանիր պատրաստող իրենց կանանց սիրուն, վառվռուն այտերը շոյելու, բայց եւ այնպես` ամեն քայլափոխի կհանդիպեիր հղի, շորորուն կանանց, կլսեիր ծնվող մանուկների մասին…

Այլ բան մտածիր, օրինակ, ընդամենը մի սեւ, փչացած-երկարած ատամով մնացած, կնիկը մեռած, միայնակ Կոլյա դայուն հարցրու ոչ թե կաթկթացող կտուրի, իր ճարած-կերած հացի մասին, որ թխո՜ղ չունի, այլ` հեռուներում դեգերող երեխեքի մասին, հարցրու` օգնո՞ւմ են քեզ, կարողանո՞ւմ են օգնել…Կդառնաս աչքի լույսը, որովհետեւ իր սրտի միջից խոսեցիր եւ մինչեւ հեռանալդ կընկնի կարոտների ու երազների մեջ` երախտագետ եւ արցունքոտ աչքը չկտրելով քեզանից` իր Ատծո՜ւց…

– Չե՜ն կարում օգնեն, չե՜մ էլ ուզում, ինչի՞ս է պետք, կողքս լինեին, կո՜ղքս…Շնորհակա՜լ եմ Աստծու չափ, որ հարցրեցիր, հալիցս հարցնո՜ղ էլ չունեմ…Էդ որ հարցրեցիր, ինձ համար դա ամեն ինչ է, համ հաց է, համ ջուր…

Վայ, Կոլյա դայի, վա՜յ, ոչուփուչ լրագրողս դա էլ չանե՞մ, հորս մենությունն ես հիշեցնում… Բա էլ ինչի՞ համար եմ եկել-հասել Սվարանց…

Կամ քսաներկուամյա գեղեցկատես եւ հարյուր գել միանգամից խեղդող սպիտակ, բարի, արջի արտաքինով Մարության Նվերին ոչ թե տուն ու աշխատանք առաջարկիր, այլ ուղղակի ասա` սիրած աղջիկ ունե՞ս գյուղում...Միանգամից փայլո՜ւն-փայլփլուն են դառնում աչքերը, ժպիտը գնում-տարածվում է դեմքին.

– Բա խի՞ չունեմ…Բայց բերեմ, ո՞նց պահեմ…

Դա արդեն կարեւոր չէ, կարեւորը Նվերի, Կարենի, Արմենի ժպիտներն ու սրտում թաքցրած գաղտնիքի բացահայտման բերկրանքն էր, որ այդ պահին լուսավորեցին դեմքները…

Ի՜նչ հեշտ է մեր օրերում լրագրող լինելը. ասում-խոսում ես, դարդ-դարդի տալիս, սրտները բացում եւ բոլորին թողնելով հրաշափառ խաբվածության մեջ` ծլկում…

Բա հետո՞…Հենց այդ հետոն է ամենավատը, որ վրա է հասնում. Նվերը հասկանում է, որ ինքն աշխատանք եւ զբաղմունք չունի հայրենի գյուղում, որ սիրած աղջիկը տխրում-թոշնում է, Կոլյա դային, Գալուստ պապիկը փիքր են անում. իբր սա ինչի՞ եկավ ու գնաց, էլի նույն անպաշտպան միայնակն եմ` մի հատիկ, սեւացած ատամիս, ծլլըկաթ տանիքիս, քաղցկեղ հարուցող խմելիք ջրիս եւ անթխել մնացած հացիս հետ:

Ոչ եւ հազար անգամ` ոչ, լրագրողն էլ գլուխը բարձին դնելուց` հիշելու բան է ունենալու, անհուսալի եզրագծում հայտնված իր հող ու ջրի մարդկանց համար սիրտը ցավելու է, անընդհատ մտածելու է. տեսնես Կոլյա դային կորցրե՞ց միակ ապավեն հատիկ ատամն էլ, կտուրը կաթա՞ց գլխին, տեսնես բանակում պատվով ծառայած-եկած Նվերն ու Արմենը, Կարենը հո չկապեցի՞ն արդեն արտագաղթի ճամպրուկները, որ ընդամենը երազում էին սիրած աղջկիներին տուն տանել եւ մի վաթսուն հազար դրամ իրենց գյուղում աշխատավարձ ստանալ…

Շա՜տ բաներ է մտածելու լրագրողը եւ էլի վերջում հույսը դնելու է իր գրածների վրա, սվարանցցու մոգական երազների ու կարոտների վրա եւ տխրելով, ի մի է բերելու. ի՜նչ քիչ բան է քեզ պետք, ահել ու ջահել սվարանցցի, որպեսզի դառնանք ձեր աչքի լույսը եւ ինքներս էլ հուզվենք մեր այդ հայտնագործությունից…

Կարոտների եւ երազների մեջ ապրող սվարանցցի, որոնց հետ միասին նորից ուժ ենք գտնում` դաժան իրականություն վերադառնալու եւ թվեր ու փաստեր արձանագրելու հենց գյուղի մեյդանում, արեւկող ծերերի, երկու-երեք ամրապինդ ջահելների, այստեղ` բերման ենթարկվածի պես, գյուղամեջ կանչված գյուղապետ Մարգարյան Արթուրի եւ դպրոցի տնօրեն Վարդանյան Նվերի մասնակցությամբ:

Չենք բեմադրում, տնեց-տուն նստած զրուցում ենք, խաբել, կեղծել չկա. դեմներս վեհափառ Արամազդը, գագաթը` հրաբուխ, արեւը` ջերմ, շուրջներս էլ պատվավոր վկաներ` մի բուռ մնացած սեւարանցցիք:

Դե հիմա շիփ-շիտակ խոսենք:

Սվարանցում այս պահին մնացել եւ ապրում է 107 բնակիչ, որից մի քանի հոգի տարիներով դրսում` երեխեքի տներում է բնակվում: Տակը մնաց հարյուր հոգի` մի նորմալ հայի գերդաստանի չափ:

1990 թվականին գյուղում բնակվում էր 346 բնակիչ, դպրոցում էլ 187 աշակերտ կար, մնացել է 16-ը եւ միայն մեկ առաջին դասարանցի:

Դե եկ ու սեւը մի տուր գլխիդ, այ սեւարանցցի:

Վերջին տասը տարում գյուղիցդ մեկընդմիշտ արտագաղթել է 246 հոգի, տասնյակ դռներ են երեսիդ նայում կողպեքները կախ, տասնյակ լույսեր գիշերը չեն վառվում, տասնյակ հարսեր մանուկներ չեն ծնում, տասնյակ հացթուխ կանայք սվարանցցու համար հաց չեն թխում, եւ տասնյակ ամրապինդ տղամարդիկ օտարների համար են պատ շարում, քար կրում, տաքսի քշում, հատակ ավլում…

Հսկա, չորս հարյուր աշակերտի համար նախատեսված դպրոցում վախեցնող լռություն է տիրում, 1974 թվականին կառուցված շենքը վերանորոգման բազմաթիվ խնդիրներ ունի, եւ 1988-ից դպրոցի տնօրեն, պատվարժան Նվեր Վարդանյանը հերոսաբար մաքառելով, չի կորցնում հույսը, առաջվա պես նույն կարգապահությամբ եւ պատասխանատվությամբ գործն իր տեղով տանում է` մանկավարժներից պահանջելով, որ տարեկան երկու թե երեք շրջանավարտն էլ պետք է անպայման գերազանց սովորի եւ բարձր գնահատականներով բուհ ընդունվի, իսկ միակ առաջին դասարանցու այբբենարանի հանդեսը պետք է այնպիսի շուքով կազմակերպվի, ասես` դասարանը լեփ-լեցո՜ւն է մանուկներով… Ճիշտ է, դպրոցի մանկավարժները բոլորը մասնագիտացված են, բայց դե` տեղացի, գյուղում բնակվող մանկավարժների կարիք դպրոցն իրոք ունի, որոշ առարկաների գծով մանկավարժներ` օտար լեզուներ, պատմություն, ֆիզկուլտուրա, այսօր էլ Գորիսից են գալիս գյուղ, դասավանդում եւ վերադառնում:

– Նրանց տրանսպորտային ծախսերի հարցը դպրոցը լուծում է, բայց եւ այնպես, երիտասարդ կադրերի կարիք` թեկուզ տասնվեց աշակերտի համար, դպրոցը միշտ էլ ունենալու է:

Իսկ ես այն քչերից եմ երեւի, ով հավատում է, որ վաղ թե ուշ մեր հեռացած աշակերտները վերադառնալու են…, – ասում է դպրոցի տնօրենը:

Ինչպիսի՞ անունով կոչես հայի տոկունության եւ լավատեսության այս ֆենոմեն-երեւույթը: Ակամա ձգվում ես Նվեր Վարդանյան մանկավարժ-տնօրենի անձնվիրության, չնահանջող լավատեսության եւ լուսավոր հոգու առջեւ եւ բառեր չես գտնում ուղղակի երախտագետ լինելու:

Մի պահ մոռանում ես նույնիսկ, որ Սվարանցում ես, որտեղ, թվում էր, գյուղի հոգեվարքի վերջին պատարագի՜ն էիր ներկա լինելու…

Չէ, այս գյուղը չի մեռնելու, այս գյուղը չի ուզում մեռնել, եթե միայն մենք նրան մեր անտարբերությամբ չսպանենք:

Մեղքը գյուղացիների վզին չի ընկնելու, դա` հաստատ, մեղքը` մեր վզին է լինելու եւ մեկ էլ` տասը տարվա համայնքապետի փորձ ունեցող Արթուր Մարգարյանի, ում մասին գյուղացիք անուղղակի հասկացնել տվին` դռներ ծեծել, վերեւների աչքին վատամարդ դառնալ չի սիրում: Մարդը չի սիրում դռներ ծեծել, ի՞նչ կարող ես անել:

Բայց դռներ ծեծելու, ծրագրեր կազմելու եւ ներկայացնելու, տարբեր կառուցողական ծրագրերի մեջ գյուղը ներառելու համար են իրեն անընդհատ ընտրել եւ ընտրում, հո չե՞ն վստահել, որ տեղը նստի եւ թոշակներ կամ ըստ հայեցողության` նպաստ-օգնություններ բաժանի…Գոնե տեղյա՞կ է, որ վերեւներում նստածները կարող են մերժել կամ գնահատել իր համառությունը, ի շահ ժողովրդի` իր անձնվիրումը, տեղյա՞կ է, որ կարող են ոչ միայն ընդառաջել, այլեւ` անհնարինն անել:

– Թող մի անգամ փորձի, ախր, մենք չգիտենք էլ` վերեւում մեր էս խեղճ վիճակի մասին գիտե՞ն, թե՞ ոչ…Գուցե կարծում են, թե հարմարված ենք արդեն մեր չարքաշ վիճակին, ձեններս կտրած ապրում ենք էլի…, – ասում են գյուղի տարեցները, եւ հիշում ժողովրդական ասացվածքը.

– Երեխան մինչեւ լաց չլինի, մերը նրան չի կերակրի, ախր…

Ինչ ճիշտ է, ճիշտ է: Մեզ մնում է լռել եւ համաձայնել փորձով իմաստնացած տարեցների խոսքին, բայց խնդիրները դեռ թվարկվում են, եւ վերջն էլ չի՜ երեւում:

Գյուղի խմելու ջուրն աղտոտված է քիմիական վտանգավոր միկրոէլեմենտներով… Ոռոգման ջուր չկա՜…Մինչդեռ Սվարանցը, երեւի բոլոր գյուղերի մեջ, ամենաջրառատն է, եւ շատ քիչ բան է մնում, որպեսզի այն հասնի գյուղացուն: Ուղղակի` մատը խփել մատին եւ հենց տեղական ուժերով խնդիրը վերացնել: Գոնե` այս մեկ խնդիրը, մնացածներն էլ` դպրոցի վերանորոգում, կոյուղու կառուցում, հանքավայրի շահագործում, այդպիսով` աշխատատեղերի բացում, արտագաղթի կասեցում, սոցիալական այլ խնդիրների բարեհաջող լուծում, հերթով առաջ քաշել: Չէ՞ որ Սվարանցն էլ ութ գյուղի հետ իբր ներգրավված է Տաթեւի զարգացման ծրագրում…

Ուղղակի, գյուղապետի կողմից նախաձեռնություն հանդես բերել է պետք, թե չէ գյուղում ապրող սվարանցցին հույսի եւ լավատեսության, հավատի ու լավ օրվա երազանքի պակաս ու խնդիր չունի: Եթե Նիկոլայ պապը, Նվեր, Արմեն ջահելներն ուրախանում եւ մինչեւ երկինք շնորհակալ են լինում մի փոքրիկ, սրտհովիչ խոսքից, ապա պատկերացնել կարելի է` որքա՜ն ավելի երախտագետ կլինեն, ուժով ու երջանկությամբ կլցվեն, եթե մի իրական հարց լուծես…

Բա այսպիսի հավատավոր, մի լավ խոսքի ականջը կարոտ, սիրտն իր հողին կպած, սրտի ցավով ճամպրուկ նախապատրաստող ահել ու ջահել սվարանցցուն ինչպե՜ս կարելի է հուսախաբ անել, վերջին հավատը սպանել եւ թողնել, որ իր յուղի մեջ այնքան տապակվի, մինչեւ շունչը փչի, հողն ամայանա, պատմությունը վերանա, Արամազդ լեռն էլ իսպառ որբանա իր առասպելը պատմող Գալուստ պապուց:

Լսե՞լ եք գոնե մեկ անգամ, թե ինչ է պատմում ութսունն անց Գալուստ պապը.

– Արամազդի զավակները` հայոց դիցամայր Անահիտն ու հուրհեր Վահագնը ծնվել են մեր գյուղում, մեր լեռներում, ապրել եւ զորացել Ցուրաբերդի հող ու ջրով…

Բա այս պատմությունը գյուղի տարեցից լսող գյուղապետի քունը գիշերը կտանի՞…

Ինչպե՞ս կարող է նա քնել, երբ գիտե, որ գյուղ մտնող խմելու ջրի ակունքին խոտ չի աճում, որովհետեւ ռադիոակտիվ էլեմենտներով հագեցած ջրեր են հանքախորշերից գալիս ու խառնվում խմելու ջրին, եւ ինքը չի՜ էլ ձգտում ամենաբարձր ատյաններում քննության առարկա դարձնել այդ խնդիրը:

Եվ դրան անմիջապես հաջորդում է Արշակյան Գալուստի` գյուղի բուժկետի նախկին վարիչի, դպրոցի ֆիզկուլտուրայի երկարամյա ուսուցչի մտահոգ, սրտամաշ խոսքն իր գյուղի մասին.

– Ի՞նչ է դառնալու մեր գյուղի վերջը…

Տարեց թոշակառուն իր վաստակած հանգիստը տաք վառարանի մոտ վայելելու, իր ծաղկաբույր թեյը խմելու եւ թոռներով հրճվելու փոխարեն այս ցրտով դուրս է եկել գյուղամեջ, կանգնել ու հարց է տալիս.

– Բա ի՞նչ է դառնալու մեր գյուղի վերջը…

Ասում է եւ գյուղի փրկության ելքը տեսնում տեղի երկաթի հանքավայրի բացման եւ շահագործման մեջ: Չէ՞ որ նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո երկաթի հանքավայրի շահագործման հեռանկարից, «Սպին» գործարանի, տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաճյուղերից զրկվել է գյուղը… Ելքը միայն դա է, այլապես…, – ամփոփում է Գալուստ պապը` խոսքն օդում կախելով…

Այլապես ի՞նչ, շարունակությունն ուղղում ենք գյուղապետին.

– Եթե փոքր գյուղերի խոշորացում կատարվի, Սվարանցի վիճակն էլ ավելի կվատթարանա, եղած հաստիքներն էլ կկրճատվեն, եւ ամենափոքր հարցն էլ մեծ խնդիր կդառնա գյուղացիների համար, – ասում է գյուղապետը:

Այդ մեկը գիտենք, ուրի՞շ, ի՞նչ է արվում գյուղերի խոշորացմանն ընդդիմանալու ուղղությամբ:

Գյուղում կոոպերատիվ տնտեսությունների ստեղծումը, ինչպես հասկացանք, նույնպես, ոչ բոլորին է հրապուրում:

Խնդիրների լուծման ուղղությամբ դռներ չեք սիրում ծեծել, գյուղում խմելու ջրի որակը բարելավելու համար ոչինչ չեք ձեռնարկում, ոռոգման ջրի խնդիրը չեք կարգավորում, ծրագրեր չեք ներկայացնում, չեք մերժվում եւ չեք էլ ընդունվում:

Այս ճանապարհներն անցե՞լ եք. ակամա հարց է ծագում: Ո՛չ, չեք անցել, ուրեմն գյուղապետը ոչ թե չի՜ կարողացել, այլ` չի կամեցել, իսկ սրանք տրամագծորեն բոլորովին տարբեր իրավիճակներ են, առաջինը` ներելի. մարդը ջանացել է մինչեւ վերջ, երկրորդը      ` ծանր մեղք. մարդը չի կամեցել:

Ուրեմն ձեռքերն անօգնական բարձրացնելու եւ շվար դեմքով գյուղամեջում կանգնելու, խնդիրներ թվարկելու եւ ելքը չտեսնելու իրավունքն էլ չունեք…Այդպես է ստացվում:

Այսքանից հետո Գալուստ պապն ինչպե՞ս կարող է հանգիստ խղճով նստել իր տանը, տաք վառարանի մոտ եւ իր ծերությունը վայելել, կամ Մանգասարյան Կոլյան իր սառը, դատարկ պատերից ինչպե՞ս կարող է խուճապահար եւ հույսով չփախչել գյուղամեջ… Երիտասարդ Մհերը, Արմենն ու Կարենն էլ ինչպե՞ս, ի՞նչ հույսով չկապեն ճամպրուկները` դեպի հեռուներ:

Ի վերջո, ինչպե՞ս կարող են բոլորը միասին չաղաղակել.

– Բա ի՞նչ է դառնալու մեր գյուղի վերջը…

Ի՞նչ կարող է լրագրողը պատասխանել սվարանցցու այս հարցին, ի՞նչ ասես հույսով աչքն աչքիդ հառած, իննսունին հասնող Կոլյա պապին, ում դեռ ոչ մի լավ բան չարած` անվերջ շնորհակալություն է հայտնում։

Խոսք չկա, երեսպարզության համար անպայման կարձանագրենք. Սվարանցն ունի մեկ կոմբայն եւ մեկ «Բելառուս», որոնք էլ ձեռք է բերվել Սյունիքի մարզպետի օգնությամբ:

Գյուղի մոտ 200 հա վարելահողից կոմբայնահարմար է ընդամենը 80հա-ը, մնացածը խոտհարք է, ոչ մեքենահարմար:

Տաթեւում կառուցված ճոպանուղին, ըստ գյուղապետի, գյուղին ավելի շատ վնաս հասցրեց, քան` օգուտ: Չգիտես ինչ տրամաբանությամբ, նրա կառուցումից հետո վերջնական խաչ դրվեց երկաթի հանքավայրի բացման եւ շահագործման հեռանկարի` սվարանցցու վերջին հույսի վրա: Ինչո՞ւ: Շատ պարզ. այստեղ եկող տուրիստներին կարող է չհրապուրել հանքահորերի առկայության փաստը եւ փոքր-ինչ վնասե՜լ նրանց առողջությանը… այդպիսով սպառնալիք դառնալ այցերի քանակի՜ն, բիզնեսի՜ն, ի վերջո, շահագրգիռ եւ թելադրող ուժերի գրպանին:

Ակամա դառը քմծիծաղ է առաջանում. ոչի՞նչ, որ այդ տարածքում մարդիկ են ապրելու, բնիկներ… Ոչի՞նչ, որ այստեղ երեխաներ են ծնվելու, դեռատի աղջիկներ են մայրանալու… Բայց այդքանով հանդերձ, սվարանցցին, տեսեք` ինչ վիճակում է, որ իր առողջության եւ կյանքի գնով` դարձյալ հանքավայրի շահագործման մեջ է տեսնում գյուղի փրկությունը…

Իսկ տուրի՞ստը… մեկ-երկու ժամով, կամ օրով կգա եւ հանկա՜րծ… իր առողջությունը կարող է այդ ընթացքում …խաթարվե՜լ, քաղցկեղածին օդ շնչել… Դա հեչ` ուղղակիորեն խփել ճոպանուղու տերերի ախորժակին… Էլ ո՞նց կլինի... Չգիտես էլ` խնդա՞ս, թե՞ լաս այս զավեշտը լսելով:

Սվարանցցին մի ելք էլ է առաջարկում. «Հյուսիս-հարավ» մայրուղին կառուցել գյուղի մերձակայքով: Մտածում է` կակտիվանա կյանքը, առեւտրային հարաբերություններ կձեւավորվեն, մարդիկ կկապվեն արտաքին աշխարհի հետ…

Գյուղամիջում դեռ երկար ժամանակ են սվարանցցիները ելքեր փնտրելու շուրջ տալիս-առնում, հուսավառվում եւ հուսախաբվում, հնարավոր եւ անհնարին եզրեր փնտրում, երազում ու հավատում:

Իսկ այդ ընթացքում ակամա մի շաբլոն, գուցեեւ անտեղի, անհուսալի միտք է նորից ծնվում. ասենք` գյուղապետը դռներ ծեծել չի սիրում, իմաստ չի տեսնում ճակատը կառավարական հաստ պատերին զարնելու մեջ, բայց մի՞թե գյուղնախարարությունը կամ հանրապետության համապատասխան մյուս գերատեսչությունները չեն տեսնում հանրապետության թույլ, վթարային, օրհասական եւ եզրային գծում գտնվող կետերը, որոնք գյուղեր են կոչվում, գյուղերն էլ` ճակատագրեր, պատմություն, առասպել, ողնաշար, ի վերջո... Հայրենիք:

Եվ մի՞թե իրոք երկրի իշխանությունները խորապես թքած ունեն այդ մեռնող, հոգեվարք ապրող գյուղերի հոգսերի վրա եւ արդյո՞ք նրանք ի զորու չեն պատկերացնել, որ մեկ ողի վթարումն արդեն լուրջ սպառնալիք է ազգի ողնաշարի համար:

Իսկ վթարված ողնաշարի մեռնող ողերը մե՜կը չեն վաղուց, արդեն այս հանցավոր անտարբերությունը փտախտի է վերածել ողջ օրգանիզմը, եւ վերջինս, եթե լեզու ունենար, ութսունամյա Արշակյան Գալուստի, կամ սպիտակ, բարի, արջ Մհերի պես էլ ողջ ուժով կպոռար`

ԲԱ ՄԵՐ ՎԵՐՋՆ Ի՞ՆՉ Է ԴԱՌՆԱԼՈՒ, միեւնույն է, նրան լսող եւ արձագանքող չէր լինելու:

Հ.Գ. Մնում է Կոյլա պապի ծանր ու ցեխոտ մահակն էլ բանեցնել, բարձրացնել ու մի լավ զրխկուն հարվածով սթափեցնել իշխանության համապատասխան օղակների քնած եւ պարարտ գլուխներին, դռներն էլ ոչ թե վախվորած ծեծել` պարտադիր «կարելիով», այլ տղամարդավարի` ոտքի մի լավ, մոռացված ողջույնով:

Եվ, ի վերջո, ոչ թե նրանց քնած ունկին շշնջալ ամենավերջին վախկոտի, աղքատ եւ չսպասված հյուրի պես, այլ` բղավել ուղղակի նրանց խուլ ականջին.

– Գյուղ է մեռնողը, լսո՞ւմ եք, ՄԵՌՆՈՂԸ ԳՅՈՒՂ Է…

ՍՈւՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25