Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին

19.03.2026 16:10
315

Բաքվում պահվող հայ գերիների հարազատներն ավելի քան երկու տարի զրկված են նրանց տեսնելու հնարավորությունից: Ընտանիքները խորապես մտահոգված են  նրանց առողջական վիճակով: Հայ գերիներին անկախ հասանելիություն վերջին անգամ ունեցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն էր, որն այցելում էր նրանց պահման վայրերում, սակայն 2025 թվականի սեպտեմբերի 3-ին դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում՝ այդ երկրի կառավարության պահանջով: Այս մասին ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից տարածած հայտարարության մեջ:

«Այս պայմաններում բանտարկյալների իրավական կարգավիճակի հարցը՝ այն իմաստով, որով այն դիտարկում է միջազգային հումանիտար իրավունքը, հատուկ նշանակություն է ստանում: Հենց այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու խնդրանքով էլ Վերոնիկա Զոնաբենդը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին։

Մենք հրապարակում ենք նամակը և կրկնում խնդրանքը՝ պարզաբանում տրամադրելու հայ բանտարկյալների իրավական կարգավիճակի վերաբերյալ այն ժամանակահատվածի համար, երբ ԿԽՄԿ  ներկայացուցիչներն այցելում էին նրանց.

«Հարգելի՛ նախագահ,

Ձեզ եմ գրում իմ ամուսնու՝ Հայաստանի քաղաքացի, բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունից, ում Ադրբեջանի իշխանություններն ապօրինի կալանավորել են 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան անցնելու ժամանակ։

Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության առնչությամբ։ ԿԽՄԿ-ի դերը և մանդատն իսկապես բացառիկ ու աննախադեպ են։ Դաժանությունների, պատերազմների և անարդարության ժամանակներում ԿԽՄԿ-ն մնում է արժանապատվության, կարեկցանքի և մարդկայնության հազվագյուտ խորհրդանիշ՝ իրականացնելով խոցելի մարդկանց պաշտպանելու ազնիվ առաքելություն։ ԿԽՄԿ-ն միջազգային այն փոքրաթիվ կազմակերպություններից է, որի անդամները չեն կորցրել իրենց առաքելության զգացումն ու շարունակում են սրտացավությամբ  և հոգատարությամբ վերաբերվել իրենց աշխատանքին։ Մենք անկեղծորեն գնահատում ենք Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցերը Ռուբենին՝  ադրբեջանական կալանավայրում։ Մեր և, վստահ եմ, կալանավորված մյուս հայերի ընտանիքների համար ձեր այցելությունները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան պարզապես պաշտոնական ընթացակարգ լինելը։

Գրում եմ Ձեզ՝ ԿԽՄԿ-ի մարդասիրական մանդատի, գաղտնիության, անաչառության և չեզոքության՝ վաղուց ի վեր հաստատված սկզբունքների լիակատար գիտակցումով։ Միևնույն ժամանակ, ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարևոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։

Պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները։ Ապօրինի կալանքի և անհիմն դատավարությունների պատճառով նրանց ընտանիքներին հասցված տառապանքն ավելի է խորանում, երբ ադրբեջանական իշխանություններն այդ մարդկանց հրապարակային ձևով ու պարբերաբար անվանում են «ահաբեկիչներ»՝ խեղաթյուրելով կալանավորվածների կարգավիճակը և տարածելով ապակողմնորոշող տեղեկություններ։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ամենայն հարգանքով, խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին։  Մասնավորապես, մենք փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք ԿԽՄԿ-ն նրանց դիտարկել է իբրև ազատությունից զրկված անձանց, որոնց ազատությունից զրկելը կապված է եղել զինված հակամարտության հետ, ըստ այդմ՝ նրանք դիտարկվել են որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր, թե՞ ունեցել են որևէ այլ կարգավիճակ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։

Այս հարցի պարզաբանումը չափազանց կարևոր է։ Ընտանիքներին դա կտա խիստ անհրաժեշտ վստահեցում և պատկերացում այն մասին, թե ինչպես են կալանավորվածները դիտարկվում միջազգային մարդասիրական իրավունքի և ԿԽՄԿ մարդասիրական այցելությունների չափորոշիչների շրջանակում։

Թո՛ւյլ տվեք եզրափակել՝ արտահայտելով անկեղծ երախտագիտությունս այն սրտացավության և արժանապատվության համար, որն իր աշխատանքով ապահովում է Կարմիր Խաչը։ Սրանք անփոխարինելի հատկանիշներ են, որոնց պակասը զգացվում է ամբողջ աշխարհում։

Վերջում ցանկանում եմ դիմել ձեզ ոչ միայն պարզապես պաշտոնական նամակի ձևով, այլև խորապես անձնական բնույթի կոչով՝ որպես մի կազմակերպության, որի առաքելությունը միշտ եղել է մարդու կյանքը, արժանապատվությունն ու արդարությունը ձևականություններից ու քաղաքական նկատառումներից վեր դասելը։ Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ ոգին կուղղորդի ձեզ՝ ուշադրություն դարձնել Ռուբեն Վարդանյանի և կալանավորված մյուս հայերի հետ կատարվողին։

Հարգանքով,

Վերոնիկա Զոնաբենդ»»:

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37