Մի անհեթեթ նարատիվի մասին, որ ՔՊ–ական քարոզիչները համառորեն հնչեցնում են նախընտրական Կապանում

09.11.2026 17:17
1351

Կապան համայնքում թևածող նախընտրական քարոզարշավը, ցավոք, արդեն իսկ անհեթեթ դրսևորումներ է ունենում նաև, որոնց կողքով անհնար է անտարբեր անցնել։

Տեսեք․․․

Համայնքի ընտրողների մեծագույն մասը Գևորգ Փարսյանին բնութագրելիս (արդարացիորեն) նկատի է ունենում նախևառաջ մի քանի արժանիք կամ կատարված աշխատանք, որով աչքի է ընկել նա պաշտոնավարման ութ տարում։

Ընդ որում՝ ակնհայտ այդ արժանիքներից կամ կատարված աշխատանքներից ամենաուշագրավը կամ գնահատելին համարում են քաղաքաշինության ոլորտում կատարվածն ու կատարվողը։

Այդ ոլորտի հաջողությունների վերաբերյալ հիացմունք են արտահայտում նաև մարզկենտրոն եկող–գնացողները։

Հիրավի, այն ամենը, ինչ Գևորգ Փարսյանի թիմի կողմից կատարվել ու կատարվում է Կապանում՝ քաղաքաշինության, կառուցապատման ու բարեկարգման տեսակետից, աննախադեպ է ու (առանց չափազանցության) ապագային մեկնված։

Սակայն Գևորգ Փարսյանին ու նրա թիմին (այդ ամենի համար) գնահատելու, քաջալերելու, կատարվածն արժևորելու փոխարեն․․․

ՔՊ–ի քարոզիչները (դեռևս քարոզարշավի մեկնարկից առաջ ու մինչև հիմա) համառորեն առաջ են քաշում թեզը, թե Կապան քաղաքում կատարված ու կատարվող աշխատանքներն իրագործվել և իրագործվում են բացառապես ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ։

Անմիջապես փաստենք՝ մեծագույն ամոթ է նման խոսակցություն ծավալելը, մանավանդ որ անհիմն է, իրականության հետ աղերս չունեցող։

Ավելին՝ նման խոսակցությունը պետական մեր կարգը վարկաբեկող է, կառավարության և համայնքային իշխանության միջև արհեստական ջրբաժան ստեղծելու վարժանք է, հայրենի մեր կառավարությունն ինչ–որ մարդկանց սեփականությունը համարելն է։

Դա՝ քաղաքագիտական տեսակետից։

Բայց հարցը նաև ֆինանսական բաղադրիչ ունի։

 Կապան համայնքը, օրինակ, 2025 թվականին ՀՀ պետբյուջե է վճարել մոտ 40 մլրդ դրամ  (բոլոր տեսակի հարկերը, տուրքերը, վճարները միասին վերցրած)։

Այդ գումարից՝ մեկ տարվա կտրվածքով, համայնքին է վերադարձվել մոտ 4.8 մլրդ դրամ  (բոլոր տեսակի պաշտոնական դրամաշնորհները միասին վերցրած)։

Եվ եթե ՔՊ–ական քարոզիչների տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա  (վերը նշված թվերը նկատի ունենալով) կարող ենք հարցնել՝ հիմա ո՞վ է ում ֆինանսապես աջակցում՝ կառավարությո՞ւնը համայնքին, թե՞ ընդհակառակը։

Իսկ եթե շարունակենք մնալ այդ տրամաբանության մեջ, ապա պետք է արձանագրենք նաև՝ Սյունիքի մարզպետի, նրա կող(մ)ակցի, նախարարների, պատգամավորների աշխատավարձերն ու միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարները նույնպես տրվում են Կապան համայնքից պետբյուջե փոխանցված 40 մլրդ դրամի հաշվին։

Հարգելի քարոզիչներին կուզենայինք հիշեցնել նաև՝ ՀՀ կառավարությունը բոլորիս կառավարությունն է և ոչ միայն ՔՊ–ականներինը։

Իսկ Կապանը Հայաստանի Հանրապետության լիիրավ ու արժանավոր, նաև պատմական ու ռազմավարական առաքելություն իրականացնող քաղաք է։

Եվ եթե կառավարությունը Կապան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերում  համաներդրում է կատարում, ապա դա մեծահոգության կամ բարի կամեցողության դրսևորում չէ։

Կառավարությունը, միանշանակ, պարտավոր է հանրապետության համայնքներում ծրագրեր իրականացնել, հակառակ պարագայում  էլ ի՞նչ կառավարություն։

Այնպես որ, հարգելի տիկնայք և պարոնայք, երեսով տալն այս դեպքում տեղին չէ, քանզի  երեսով տալու համար էլ պետք է առնվազն բարոյական իրավունք ունենալ։

Ի դեպ, այդպես են աշխատել ՀՀ բոլոր կառավարություններն անկախության տարիներին՝ անկախ այն բանից՝ ո՞վ է եղել երկրի նախագահը կամ կառավարության ղեկավարը։

Այդպես է լինելու նաև հետայսու․․․

Հիմա՝ խնդրո առարկայի բարոյական աստառի մասին․․․

Հնարավոր է կույր լինել և քաղաքաշինության ոլորտում Կապանի համայնքային իշխանության կատարածը չտեսնել։

Հնարավոր է Գևորգ Փարսյանի ու նրա թիմի կատարածն ամեն գնով ստվերելու մոլագարությամբ տառապել։

Հնարավոր է չտեսնել–չիմանալ, որ համայնքապետարանը յուրաքանչյուր ծրագրում պարտադիր կարգով իր բաժին համաներդրումն է կատարում, այլապես ոչ մի սուբվենցիոն ծրագիր չի էլ կարող լինել։

Հնարավոր է չտեսնել, որ տեղում գործի գլխին պարտադիր կարգով ու տանտիրոջ սրտացավությամբ կանգնած է համայնքային իշխանությունը և անձամբ համայնքապետը։

Բայց իրականությունն աղավաղել կամ Կապանը ներքաշել ծուռ հայելիների թագավորության մեջ՝ անհնար է, քանզի մարդիկ տեսնում և ամեն օր առերեսվում են իրականության հետ։

Վերջաբանի փոխարեն․․․

Քարոզարշավը դեռ 10-15 օրվա ճամփա ունի անցնելու․․․

Ակնկալում ենք ոչ թե իրականության աղավաղում, ոչ թե նեղ–անձնական–խմբակային շահերով պայմանավորված նեյնիմների շաբաշ, այլ համայնքում և համայնքապետարանի կողմից կատարվածը տեսնելու ազնվություն, համայնքի առջև ծառացած հիմնախնդիրները մատնանշելու կարողություն ու դրանց լուծմանը միտված սեփական ծրագրերը հիմնավորելու բարոյականություն և բարեխղճություն։

 

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին

09.11.2026 19:13

Սամվել Ալեքսանյանին շուրջ 6 ժամ պահել են օդանավակայանում, ստուգումներ անցկացրել, ապա արգելել նրա մուտքը Ռուսաստան

09.11.2026 19:04

ԶՊՄԿ-ն արդեն երկրորդ տարին է՝ հանդես գալիս որպես CaseKey-ի ռազմավարական գործընկեր և հովանավոր

09.11.2026 18:43

Մինչև 2027-ի վերջը ծնված երեխաները նույնպես կներառվեն բնակապահովման ծրագրում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

09.11.2026 17:51

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

09.11.2026 17:48

Մի անհեթեթ նարատիվի մասին, որ ՔՊ–ական քարոզիչները համառորեն հնչեցնում են նախընտրական Կապանում

09.11.2026 17:17

Սյունիքը՝ մեծ տերությունների գործարքների խաչմերուկում․ Արցախի ցեղասպանությունից մինչև TRIPP` պատասխանատվության միջազգային հետքը

09.11.2026 16:40

Հայաստանը երաշխավորել է, որ հաղորդակցությունների նախագծերում ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի

09.11.2026 15:01

Հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով

09.11.2026 14:56

Ունենք մի հանձնառություն՝ ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների համար հատկացված հողերը պետք է հանձնվեն մաքրված վիճակում

09.11.2026 14:47

Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը

09.11.2026 14:39

ՔՊ-ն որոշել է պահպանել թաղման նպաստները․ հանրային արձագանքը լավը չէր

09.11.2026 14:26