Մինչև 2027-ի վերջը ծնված երեխաները նույնպես կներառվեն բնակապահովման ծրագրում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

09.11.2026 17:51
158

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի ընթացիկ արդյունքները և նախատեսվող փոփոխությունները։

Ներկայացված տվյալների համաձայն՝ Ղարաբաղից տեղահանված 5372 ընտանիք արդեն իրացրել է բնակապահովման պետական աջակցության հավաստագիրը։ Արդյունքում շուրջ 25 հազար անձ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք է ձեռք բերել կամ գտնվում է բնակարանի կառուցապատման փուլում։ Այս պահին հաստատվել է ընդհանուր առմամբ 9042 հավաստագիր՝ շուրջ 37 հազար անձի համար։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, ծրագրի շրջանակում ակտիվ է ինչպես հավաստագրերի ստացման դիմումների ներկայացման, այնպես էլ արդեն տրամադրված հավաստագրերի իրացման գործընթացը։

Կառուցապատման բաղադրիչից օգտվել է 107 ընտանիք

Հավաստագիր ստացած ընտանիքներից 396-ն ընտրել է կառուցապատման բաղադրիչը, որոնցից 107-ն արդեն իրացրել է հավաստագիրը։

Ներկայացված տվյալների համաձայն՝ երկրորդային շուկայում պատրաստի տների առաջարկը գրեթե սպառվել է, ինչի հետևանքով շահառուների մեծ մասն այժմ նախընտրում է կառուցապատման տարբերակը։ Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ աշխատանքներ են տարվում կառուցապատման բաղադրիչի ընթացակարգերը բարելավելու ուղղությամբ, որպեսզի շահառուները խնդիրներ չունենան ինչպես բանկերի, այնպես էլ կառուցապատողների հետ։

Ո՞ր մարզերում են առավել շատ իրացրել հավաստագրերը

Իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությամբ առաջատարը Կոտայքի մարզն է, որտեղ անշարժ գույք է ձեռք բերել 1534 ընտանիք։

Մարզային բաշխվածությունը հետևյալն է.

  • Կոտայք՝ 1534 ընտանիք,

  • Արմավիր՝ 830 ընտանիք,

  • Արարատ՝ 748 ընտանիք,

  • Երևան՝ 537 ընտանիք,

  • Լոռի՝ 442 ընտանիք,

  • Սյունիք՝ 264 ընտանիք,

  • Գեղարքունիք՝ 204 ընտանիք,

  • Շիրակ՝ 191 ընտանիք,

  • Արագածոտն՝ 184 ընտանիք,

  • Տավուշ՝ 111 ընտանիք,

  • Վայոց ձոր՝ 74 ընտանիք։

Ղարագյոզյանն անդրադարձել է նաև անշարժ գույքի շուկայում արձանագրված գնաճին՝ նշելով, որ խնդիրը հիմնականում վերաբերում է Երևանին։ Մայրաքաղաքում աջակցության չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3 միլիոն դրամ է, ուստի փոքր կազմով ընտանիքները գույք ձեռք բերելիս հաճախ ստիպված են լինում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել։

Միաժամանակ ընդգծվել է, որ ծրագրի նպատակներից մեկը տարածքային համաչափ զարգացումն է, և Երևանից հեռու բնակավայրերում նախատեսված են ավելի մեծ արտոնություններ։

Փոքր կազմով ընտանիքները նույնպես կարողանում են իրացնել հավաստագրերը

Անդրադառնալով այն պնդումներին, թե անշարժ գույքի թանկացման պայմաններում փոքր կազմով ընտանիքների համար գրեթե անհնար է իրացնել հավաստագրերը՝ ներկայացվել են հետևյալ տվյալները։

  • Մեկ անձից բաղկացած 188 ընտանիք իրացրել է հավաստագիրը, որից 105-ը՝ առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման։

  • Երկու անձից բաղկացած 502 ընտանիք իրացրել է հավաստագիրը, որից 267-ը՝ առանց լրացուցիչ միջոցների։

  • Երեք անձից բաղկացած 703 ընտանիք իրացրել է հավաստագիրը, որից 336-ը՝ առանց լրացուցիչ միջոցների։

Նշվել է, որ այս ցուցանիշները վկայում են՝ նույնիսկ փոքր կազմով ընտանիքները կարողանում են հավաստագրերն իրացնել առանց հավելյալ ֆինանսավորման, այդ թվում՝ 100 տոկոս սուբսիդավորման պայմաններում։

1462 ընտանիք ունի հավաստագրի դրական մնացորդ

Հավաստագիրն իրացրած 1462 ընտանիք անշարժ գույքը ձեռք է բերել իրենց հասանելիք աջակցության չափից ցածր արժեքով և ունի դրական մնացորդ։

Այդ գումարը շահառուները կարող են ուղղել հետևյալ նպատակներին.

  • մինչև 4 միլիոն դրամ՝ բնակարանի վերանորոգման վարկի ստացմանը,

  • մինչև 2 միլիոն դրամ՝ կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը,

  • մինչև 5 միլիոն դրամ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերմանը։

Ներկայացված տվյալներով՝

  • 1086 ընտանիք արդեն ստացել է վերանորոգման վարկ։ Ֆինանսական կազմակերպությունները տրամադրել են շուրջ 3.4 միլիարդ դրամի վարկ։

  • 973 ընտանիք ձեռք է բերել կահույք և կենցաղային տեխնիկա, որի համար պետական բյուջեից միանվագ վճարվել է 1.6 միլիարդ դրամ։

  • 80 ընտանիք ձեռք է բերել գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Այդ նպատակով ֆինանսական կազմակերպությունները տրամադրել են 283 միլիոն դրամի վարկ։

2026-ին ծրագրի համար նախատեսված 31 միլիարդ դրամի կեսն արդեն ծախսվել է

2026 թվականի պետական բյուջեով բնակապահովման ծրագրի համար նախատեսվել է 31 միլիարդ դրամ, որի շուրջ կեսն արդեն սպառվել է։

Ծրագրի պատասխանատուի խոսքով՝ հաշվի առնելով նաև վերջերս ընդունված փոփոխությունը, որով սահմանվել է պետության կողմից փոխհատուցվող 20 տոկոս կանխավճար, ակնկալվում է, որ մինչև տարեվերջ նախատեսված ամբողջ բյուջեն կսպառվի։

2027 թվականի պետական բյուջեի նախագծով ծրագրի իրականացման համար նախատեսվել է 42 միլիարդ դրամ։

Բնակապահովման ծրագրում նախատեսվում է երեք նոր փոփոխություն

Տեղահանված անձանց հետ հոկտեմբերի 14-ին Ազգային ժողովում կայացած քննարկման ընթացքում բարձրացված խնդիրների ուսումնասիրության արդյունքում մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ։ Այն ներկայացվել է հանրային քննարկման՝ e-draft.am հարթակում։

Նախագծով առաջարկվում է կատարել երեք հիմնական փոփոխություն։

1. Հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետի երկարաձգում

Գործող կարգավորմամբ աջակցության այս բաղադրիչից կարող են օգտվել այն անձինք, որոնք հիփոթեքային վարկը ձեռք են բերել մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։

Առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այսպիսով՝ մինչև 2026 թվականի տարեվերջ առանց բնակապահովման հավաստագրի անշարժ գույք հիփոթեքային վարկով ձեռք բերած անձինք նույնպես կկարողանան օգտվել գործող աջակցության բաղադրիչից։

Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ որոշ տեղահանվածներ քաղաքացիություն ստանալու գործընթացի ձգձգման պատճառով ավելի ուշ են կարողացել ձեռք բերել անշարժ գույք։

2. Դրական մնացորդը հնարավոր կլինի ուղղել նաև լրացուցիչ հիփոթեքային վարկի մարմանը

Նախագծով առաջարկվում է ընդլայնել հավաստագրի դրական մնացորդն օգտագործելու հնարավորությունները։

Եթե ներկայում դրական մնացորդը կարելի է ուղղել բնակարանի վերանորոգմանը, կահույքի ու կենցաղային տեխնիկայի կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերմանը, ապա նոր կարգավորմամբ այն հնարավոր կլինի օգտագործել նաև լրացուցիչ հիփոթեքային վարկի մարման համար։

Այս փոփոխությունը հատկապես կարող է օգտակար լինել այն ընտանիքների համար, որոնք հավաստագրերի միավորման արդյունքում դրական մնացորդ են ձևավորել, սակայն բնակարան ձեռք բերելու համար լրացուցիչ հիփոթեքային վարկ են ներգրավել։

3. Մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները նույնպես կդառնան շահառու

Գործող կարգավորմամբ բնակապահովման ծրագրի շահառու են համարվում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շահառու ընտանիքներում ծնված երեխաները։

Առաջարկվող փոփոխությամբ այս ժամկետը նախատեսվում է երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Այսինքն՝ այդ ժամկետում շահառու ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կհամարվեն ծրագրի շահառու, և նրանց հաշվով ընտանիքը կստանա լրացուցիչ աջակցություն՝ 3, 4 կամ 5 միլիոն դրամի չափով՝ կախված բնակավայրից, որտեղ ընտանիքը ձեռք է բերել կամ նախատեսում է ձեռք բերել անշարժ գույք։

Նախագիծը դեռևս հանրային քննարկման փուլում է, և քաղաքացիները կարող են իրենց առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնել e-draft.am հարթակում։

 

Իրավաբան.net

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին

09.11.2026 19:13

Սամվել Ալեքսանյանին շուրջ 6 ժամ պահել են օդանավակայանում, ստուգումներ անցկացրել, ապա արգելել նրա մուտքը Ռուսաստան

09.11.2026 19:04

ԶՊՄԿ-ն արդեն երկրորդ տարին է՝ հանդես գալիս որպես CaseKey-ի ռազմավարական գործընկեր և հովանավոր

09.11.2026 18:43

Մինչև 2027-ի վերջը ծնված երեխաները նույնպես կներառվեն բնակապահովման ծրագրում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

09.11.2026 17:51

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

09.11.2026 17:48

Մի անհեթեթ նարատիվի մասին, որ ՔՊ–ական քարոզիչները համառորեն հնչեցնում են նախընտրական Կապանում

09.11.2026 17:17

Սյունիքը՝ մեծ տերությունների գործարքների խաչմերուկում․ Արցախի ցեղասպանությունից մինչև TRIPP` պատասխանատվության միջազգային հետքը

09.11.2026 16:40

Հայաստանը երաշխավորել է, որ հաղորդակցությունների նախագծերում ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի

09.11.2026 15:01

Հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով

09.11.2026 14:56

Ունենք մի հանձնառություն՝ ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների համար հատկացված հողերը պետք է հանձնվեն մաքրված վիճակում

09.11.2026 14:47

Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը

09.11.2026 14:39

ՔՊ-ն որոշել է պահպանել թաղման նպաստները․ հանրային արձագանքը լավը չէր

09.11.2026 14:26