Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում

15.02.2020 19:14
2403

2019 թվականին «Սյունյաց երկրի» խմբագրակազմն աշխատանք էր տանում Խնձորեսկին նվիրված հատուկ համար նախապատրաստելու նպատակով:

Բացառիկ այդ համարի պատվիրատուն բարեհամբավ Սենիկ Ջուլհակյանն է, ով հայտնի է մեր երկրամասում եւ հատկապես Խնձորեսկում իրականացրած եւ իրականացվող ներդրումային ծրագրերով:

«Սյունյաց երկրի» այդ համարը 2019-ի սեպտեմբերից պատրաստ է հրատարակման, հույս ունենք, որ առաջիկայում այն կուղարկվի տպագրության:

Խնձորեսկին նվիրված համարը բաղկացած է 364 А4 չափսի էջից, կտպագրվի կավճապատ թղթի վրա, սկիզբն ու ավարտը (36 էջ)` գունավոր տպագրությամբ:

Համարի նախապատրաստության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձրինք հին եւ նոր Խնձորեսկի, ինչպես եւ մերձակայքի պաշտամունքային վայրերին:

Դրանք տեղ են գտել թերթի հատուկ համարում, բայց եւ…

Գորիսի տարածաշրջան ուխտագնացություն կատարող յուրաքանչյուր ոք, համոզված ենք, չի կարող չայցելել Խնձորեսկի սրբավայրեր:

Ուստի եւ համառոտ` Խնձորեսկի սրբավայրերի մասին…

 

Նախ՝ պատառիկ Շողիկ Սաֆյանի խոսքից

Շողիկ Սաֆյանի «Հին Խնձորեսկ, իմ Խնձորեսկ» բանաստեղծությունների անզուգական շարքում կա նաեւ անդրադարձ գյուղի սրբավայրերին։

Դա`«Աստված հաշտ էր մեզ հետ» բանաստեղծության մեջ։

 

Ջահլուկի ձորի ձախ ափալեռան

մի շուրթը քաշված,

բայց երկրաշարժից ավեր, հոշոտված,

տարիների հետ փուշ ու մոշոտված,

«Անապատի» հին մենաստանից ու

տաճարից բացի,

Խնձորեսկն ուներ դեռ լավ պահպանված

երկու հոյակերտ մեծ եկեղեցի,

որոնցից մեկը Ներքին թաղումն էր,

իսկ մյուսը՝ Վերին:

Գյուղից դուրս կային

ո՞վ գիտե, թե որ դարում հիմնված,

ո՞ր դարում եւ ո՛ւմ կողմից կործանված

էլի փլատակ եկեղեցիներ,

որոնց թեկուզ մի պահպանված պատի

դարերով ծխված պատուհանների

փոքրիկ թասերում

խնկի բույր ու մոմ չէին պակասում…

 

Բայց հային տրված դժվարին բախտից

Աստծուց խռոված հին խնձորեսկցիք,

կորցրած հավատի ամեն մի հակում,

քսանականներին…

Ներքին թաղինը` «Սուրբ Հռիփսիմեն»,

դարձրել էին գյուղական ակումբ…

Խնկաբույր ակումբ զանգով-զանգակով,

շիրմաքարերով զարդարուն բակով,

ջերմեռանդորեն, գը՜լ-գը՜լ աղոթող

                       իր աղբյուր-ակով,

կուռ կամարների խորքերում կորած

                                   խորան-օթյակով,

սեւ-սաթ քարերի անմաշ հատակով,

սրբատաշ սեմով,

բարձրադիր բեմով…

 

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Կառուցվել է 1663 թ., պահպանվել է եկեղեցին եւ գերեզմանոցը շրջապատող ավերված պարսպապատի մի հատվածը:

Եկեղեցու դռան կամարակապ քարի վրա գրված է՝

 ԹՎ.: ՌՃԺ:: ԵԻ: Բ: ԷՐ ՅԻՇԱՏԱԿ Է ՍԲ ՀՌԻՓՍԻՄԱ ԵԿԵՂԵՑԻՍ. ԵՍ ԳԻՉՈՒ ՈՐԴԻ ԹՈՒԹԱԿՍ ՇԻՆԵԼ ՏՈՒԻ ՍԲ ԵԿԵՂԵՑԻՍ Ի ՀԱԼԱԼ ԱՐԴԵԱՆՑ ԻՄՈՑ. ՅԻՇԵՑԷՔ ԶԻՍ Ի ՔՍ:

 

Սուրբ Թադեոս եկեղեցին

Գտնվում է գյուղի հյուսիսային մասում՝ Փրթոսի թաղամասում:

Ըստ Երվանդ Լալայանի՝ համեմատաբար նոր է:

Շրջանառվում է կարծիք, թե Սուրբ Թադեոսի ճարտարապետությունն ունի Ռուս ուղղափառ եկեղեցուն բնորոշ լուծումներ:

 

Անապատի եկեղեցին

Ըստ Երվանդ Լալայանի՝ «Մինչեւ 1896 թ. այս եկեղեցին բոլորովին կանգուն էր, միայն այդ թուին գյուղացիները քանդեցին եւ նրա սրբատաշ քարերով նրա գաւթում երկու մեծ սենեակներից բաղկացած Հայոց եկեղեցական ծխական դպրոցի շէնքեր կառուցին..»:

«Դիվան հայ վիմագրության» գրքի հեղինակ Սեդրակ Բարխուդարյանի տեսակետը, որ դա Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է, իրականությանը չի համապատասխանում:

Եկեղեցու անունը գրավոր աղբյուրներում չհաջողվեց գտնել:

Միաժամանակ, Անապատ անվանումը թույլ է տալիս ենթադրել, որ այդ վայրում ժամանակին անապատ է եղել (հարանց կամ կուսանաց): Եվ անապատը հիմնվել է 1663 թ., երբ Հարանց մեծ անապատի (Սյունյաց մեծ անապատի) հովանու ներքո անապատներ էին հիմնվում հայոց մեջ:

Հինադիրը տեր Բարսեղն է, ով նույնպես հանգչում է Անապատի բակի գերեզմանատանը:

Ահա նրա տապանաքարի արձանագրությունը.

ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՏՐ ԲԱՐՍԵՂԻՆ, ՍԱՅ Է ՈՐԴԻ ՍՐԱԲԻՈՆԻՆ. ՕՎ ՀԱՆԴԻՊՈՂ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄԻՆ ԲԵՐԱՆ ՀԱՐՄԵՂ ԱՍԻ ԹՎ.: ՌՃԿ:

 

18-րդ դարասկզբի ազատագրական պատերազմի նահատակների պանթեոնը

Այդ պանթեոնում են թաղված 18-րդ դարասկզբի ազատագրական պատերազմի մի խումբ նահատակներ:

Այդտեղ է հողին հանձնվել Մխիթար Սպարապետը:

«Պատմական փշրանքներ» գործում Վաղեմի Էհզարը (Ուսուբ օղլի, Սարգիս Հովսեփի Պետրոսյան) նշում է՝ «1880 թւին ես Խնձորէսկ գյիւղում հողի տակից հանեցի Մխիթար սպարապետի գերեզմանաքարը:

Սպարապետի գերեզմանաքարը գտնելուց յետոյ իմ սիրտը ինքնստիքեան մի ներքին ստիպողական տաք հետաքրքրութեան ենթարկւեց, այնպէս  որ այդ հետաքրքրութիւն, կածես ուժով ինձ դրդեց ասելով-գնայ ձեր գիւղի ծեր մարդիկներիցը հարցրու եւ  իմացիր այդ վաղամեռ հերոսի անմահ գործերը…»:

Մխիթար Սպարապետի տապանաքարին գրված է՝

ԱՅՍ Է ՏԱՊԱՆ Ի ՀԱՆԳԻՍՏԵԱՆ, ԻՋԵԱԼ ՄԱՐՄՆՈՎ Ի ԳԵՐԵԶՄԱՆ, ՍԱՅ ՄԽԻԹԱՐ ՄԵԾ ԱՆՈՒՎԱՆ, ՍՈՐԱ ՕՆԷՐ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ, ՍԱՅ ԲԷՄՈՒՐԱՏ ԳՆԱՑ ՋԻՎԱՆ, ՈՐ ԷՐ ԵՐԿՐԷՆ ՍԱՅ ԿԱՆՃՈՒՎ ԷՐ. ՆԱՀԱՏԱԿԵՑԱՆ ԹՎ.: ՌՃՀԶ:

Տապանաքարի երկարությունն է 1,53 սմ, բարձրությունը 60 սմ եւ լայնությունը 40 սմ:

Հնագետ Սեդրակ Բարխուդարյանը ներկայացրել է տապանաքարի պատկերաքանդակները. «Հյուսիսային կողին քանդակված են երեք հեծյալներ, առաջինն ունի ձեռին կեռ սուր, երկրորդը հրացան՝ դեպի հետ դարձրած, երրորդը, որ գնում է դրանց առաջից, Սպարապետն է, ձեռին ունի նիզակ, որով սպանում է գալարվող վիշապին: Սպարապետին դիմավորում են երկու հետիոտն մարդիկ, առաջինի մի ձեռքին  հրացան է, մյուսին՝ ծաղիկ. երկրորդը հոգեւորականի զգեստով է, ձեռքին դրոշակ, որը պսակվում է խաչով»:

Այդտեղ է թաղված նաեւ Զանգեզուրի վերջին մելիքներից Բարխուդարը, որի գերեզմանը եկեղեցու հյուսիսային պատի տակ է: Մելիքի գերեզմանաքարը թեեւ ավելի մեծ է, բայց իր ձեւով ու քանդակներով, նաեւ գրչությամբ խիստ նմանեցված է Սպարապետի գերեզմանաքարին:

Տապանաքարի վրա գրված է.

ԱՅՍ Է ՏԱՊԱՆ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ, ԻՋԵՂ ՄԱՐՄՆՕՎ Ի ԳԵՐԵԶՄԱՆ, ՍԱ ԲԱՐԽՈՒԴԱՐ ԵԻ ՄԵԾ ԻՇԽԱՆ, ՆԱՀԱՏԱԿՈՒԵՑ ՕՐ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ, ՈՐ Է Ի ԳԵՂՋԷՆ Ի ՏԵՂՈՒ ԱՅՆ, ՕՎ ՈՔ ԱՌՆԷ ԶՍԱՅ ՅԻՇՄԱՆ, ԱՐՔԱՅՈՒԹԵԱՆ ԼԻՆԻ ԱՐԺԱՆ, Ի ԹՎԻՆ ՀԱՅՈՑ: ՌՃՂԷ:

Պանթեոնում կան նաեւ այլ տապանաքարեր, որոնց վրա նույնպես կան քանդակներ ու արձանագրություններ:

 

Խաչքարեր Կուրաթում՝ Զրնգանի ձորի սկզբնամասում

Այդ վայրում հանդիպեցինք մեծ քանակությամբ խաչքարերի՝ միմյանց չկրկնող եւ չքնաղ քանդակներով:

Գրեթե բոլոր խաչքարերը, սակայն, կիսով չափ հողի մեջ են, ուստի եւ չկարողացանք ծանոթանալ խաչքարերի վրա առկա գրություններին:

Ամենայն որոշակիությամբ կարող ենք ասել՝ այդտեղ վաղ ժամանակներում հայկական խոշոր բնակավայր է եղել, որի հետքերը վերացվել են 1960-70-ականների չարաբաստիկ մելիորացիոն աշխատանքների հետեւանքով:

Կուրաթի ձորի խաչքարերը եւ այդ տեղանքը գիտական ուսումնասիրության կարիք ունեն:

 

Սուրբ քարի միջից լսված ձայնը. «Կկուրանա նա, ով կհամարձակվի ձեռք բարձրացնել ինձ վրա»

Խնձորեսկի երկդասյա դպրոցի տեսուչ Ն. Շիրակունու «Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը» մենագրության մեջ հեղինակը մի ավանդազրույց է հիշեցնում:

Պատմում են, թե իբր Խնձորեսկ գյուղից մի երիտասարդ, տնային իր կարիքների համար, ցանկացել է ապառաժը քանդել եւ հող վերցնել:

Վայրը գտնվում է Հին գյուղից մոտ 2 վերստ հեռավորությամբ դեպի հյուսիս:

Երբ նա սկսել է ապառաժը քանդել, ներսից ձայն է լսվել. «Կկուրանա նա, ով կհամարձակվի ձեռք բարձրացնել ինձ վրա»:

Ու հենց այդ պահին երիտասարդը զրկվել է տեսողությունից:

Այդ դեպքից հետո խնձորեսկցիները տոնական օրերին նույն ապառաժի շուրջ մոմ են վառում:

Վայրը կոչել են Սուրբ քար:

Սրբավայրը գտնվում է նոր գյուղի դպրոցից մի փոքր հարավ-արեւելք ընկած տափարակում:

 

«Քառ-դաշի» լեգենդը

Այդ ավանդազրույցը եւս մեզ է փոխանցել Խնձորեսկի երկդասյա դպրոցի տեսուչ Ն. Շիրակունին:

Ըստ ավանդազրույցի՝ կա Խնձորեսկից հեռու մի ժայռ` Գորիս տանող ճանապարհին, որ թաթարերեն կոչվում է «Քառ-դաշ»։

Այդ մասին պահպանվել է այսպիսի ավանդություն։

Երկու թաթարական ընտանիք ուշ գիշերին ճանապարհվում են Գորիսից Խնձորեսկ։ Թանձր մառախուղ էր, ուստի` կանգ են առնում գիշերելու «Քառ-դաշ»-ում։ Յուրաքանչյուր ընտանիք տեղ է գտնում այդ ժայռի հակադիր կողմերում, եւ զրույց է սկսվում նրանց միջեւ, որ կարճ լինի գիշերը։ Եվ որքան էլ ճգնում են բարձր գոռալ, միեւնույն է` իրար չեն լսում, չնայած որ ժայռի տրամագիծը չէր  գերազանցում յոթ արշինը։

Վերջապես այդ ընտաիքները, հավաքվելով մի տեղում, սկսում են մեղադրել միմյանց` պատասխանել չցանկանալու համար։ Բայց հետո, երբ ամեն ինչ պարզ է դառնում, նրանք կռահում են, որ այդ երեւույթի պատճառը պիտի փնտրել ժայռի մեջ, որի ստորոտում նրանք հանգրվանել էին։ Դա այն է, որ ժայռի մեջ թաքնված է ինչ-որ գերբնական ուժ, որ խլացնում էր նրանց ձայնը։ Այդ ժամանակվանից ժողովուրդը սկսեց ժայռն անվանել «Քառ-դաշ»։

 

Ուղլեցի  ձմեռանոցի ժայռափոր եկեղեցին, որ կկոչվի Սուրբ Մարիամ

2019 թ. հունիսի 23-ի օրը «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Սոնա Արզումանյան), հայրենանվեր խնձորեսկցիներ Ժորա Ալեքսանյանի եւ Գրիշա Հարությունյանի ուղեկցությամբ, այցելեց Հին Խնձորեսկից մոտ 10 կմ հարավ (դեպի Որոտան գետ) գտնվող ժայռափոր եկեղեցի։

Վաղնջական ժամանակներից այդ տարածքը եղել է Խնձորեսկի ձմեռանոցը. վայրը գյուղացիները կոչել եւ կոչում են Ուղլեցի:

Բայց ուշ միջնադարում այդտեղ բնակվեցին ազերի թուրքեր՝ վայրը կոչելով Ալիղուլիշաղ, ինչի մասին վկայում է նաեւ Ղեւոնդ Ալիշանը:

Ուղլեցիում ականատես եղանք անձեռակերտ երկու հսկա հուշարձանախմբի:

Առաջինն Ուղլեցու անկրկնելի ամրոցն էր:

Իսկ մի փոքր հարավ-արեւմուտք մեկ ուրիշ ամրոց է՝ անթիվ-անհամար քարանձավներով, որի ներքեւի մասում ժայռափոր եկեղեցին է՝ հողաշեն բեմով:

Ազերիները ժամանակին ջարդուփշուր են արել եկեղեցու եւ մերձակայքի խաչքարերը, որոնց բեկորները պահպանվում են:

Հենց եկեղեցում խորհուրդ արեցինք ու որոշեցինք անուն առաջարկել Աստծո մոռացված այդ տաճարին:

Եվ  առաջարկություն ներկայացրինք Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանին՝ ժայռափոր եկեղեցին կոչել Սուրբ Մարիամ, ով էլ բարեհաճությամբ հավանություն տվեց հավատավորներիս մտահղացումին՝ խոստանալով այցելել մարդու ոտքի կարոտ, աղոթքի ու պատարագի կարոտ այդ եկեղեցի ու այնտեղ (դարերի լռությունից հետո) պատարագ կազմակերպել ու կատարել օծման եւ անվանակոչության արարողություն:

Ուղլեցու ժայռափոր եկեղեցի այցելեցինք Խնձորեսկ-Կուբաթլի ճանապարհով, Հարամի հարթավայրի վերջնամասից թեքվեցինք աջ ու ոչ անհայտ Թալակի ձորով իջանք նախ՝ Աղջկա բերդ, ապա՝ Ուղլեցի:

Թալակի ձորից դեպի Ուղլեցի ձգվող ճանապարհը, ինչպես պատմեց Ժորա Ալեքսանյանը, Արցախյան գոյակռվի օրերին մարտական գործողությունների վայր է եղել:

Այդ ճանապարհին է Սանասար Բեգլարյան դյուցազնի ջոկատը վրեժ լուծել ազերիներից` այն բանի համար, որ նրանք Թալակի ձորում դաժանաբար սպանել են մեր չորս հովվին:

… Իսկ ձորում այդ օրն անսովոր շոգ էր, մասրենին տեղ-տեղ կարմիր էր հագել արդեն, չնայած ոչ ոք այդ տարածքում վաղուց մասրենու կարմրելուն չի սպասում, ավելի ճիշտ՝ այդ տարածքները, թեեւ վերադարձել են Մայր հայրենիքի գիրկը, կարոտ են մարդու ոտքերի:

Ու, որքան էլ զարմանալի է, հասունացող մասրենու, վաղուց բանաստեղծականացված եւ մարդկային զգացողություններով իմաստ ու բովանդակություն ստացած մասրենու հետ զրույցի բռնվեցինք սահյանաբար.

«Պտուղդ քաղող չկա,

Մասրենի, սարի մասրենի,

Պատիվդ պահող չկա,

Մասրենի, բարի մասրենի:

Ասում են՝ թէ մարդ չկա,

Որ փնտրի քնքշանքդ փշոտ,

Քեզ գրկի ու տաքանա,

Մասրենի, ժայռի մասրենի»:

Եվ, այդուհանդերձ, մասրենին մեր կողմերում չի փորձում «քաղաքակրթվել», չի աղավաղվում աշխարհի անհասկանալի անցուդարձի մեջ ու մնում է իր նախնական տեսքով՝ որպես Սյունյաց անզուգական քարափների հավերժական ուղեկից:

 

Ինը մանուկ աղբյուր-սրբատեղին

Հին Խնձորեսկի յուրաքանչյուր թաղամաս ունեցել է իր նշանավոր կենտրոնական աղբյուրը:

Այդ աղբյուրներից շատերը, մարդկանց խմելու ջրի պահանջը բավարարելուց բացի, եղել են նաեւ յուրատեսակ հավաքատեղիներ, ինչպես եւ սրբատեղիներ:

Այդպիսի հավաքատեղ-կենտրոնատեղ-սրբատեղ է եղել նաեւ Ներքին թաղի նշանավոր աղբյուրներից մեկը՝ Ինը մանուկը:

Ժողովուրդն այսպիսի մի լեգենդանման պատմություն է հորինել այս նշանավոր աղբյուրի մասին:

Ահա՝ թշնամիները հերթական հարձակումն են գործում Խնձորեսկի վրա: Կանայք ու   աղջիկներն էլ տղամարդկանց հետ հավասար կռվում են գյուղի ազատագրման համար:

Կռվի ընթացքում զոհվում է ինը երեխաների մայր, այրի Սոնան:

Նրա հայրը՝ որմնադիր-վարպետ Օհանը, գյուղի նշանավոր  թաղամասում՝  Պիծի ծորում, ուր հսկա ընկուզենու ժայռաշաղախ արմատների արանքներից ջուր է ցայտում, զարդանախշ կամարով ու կլոր թասով մի աղբյուր է կառուցում՝ իր աղջկա՝ Սոնայի հիշատակին:

Աղբյուրի թասը (գուռը) կնոջ կուրծք է հիշեցնում, որից ջուր խմել հնարավոր է միայն երկու ձեռքով հենվելով գետնին: Ուստա Օհանն ավարտում է աղբյուրի կառուցումն, առաջինն ինքն է խմում աղբյուրից, նայում դեպի երկինք ու դիմում սրբին. «Այ սուրբ աղբյուր, աղաչանք եմ անում, թող աղբյուրի ջուրը դառնա մեր Սոնայի կրծքի կաթը եւ պահպանի որբացած թոռներիս»:

 

Նորաշեն խաչքարը Լալազարի կամրջի մոտ

2019 թ. հունիսի 15-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Սոնա Արզումանյան), թերթի բարեկամներ Գրիշա Հարությունյանի եւ Ժորա Ալեքսանյանի հետ, այցելեցին Սյունյաց աշխարհի արեւելյան սահմանագիծ, որտեղ գտնվում է 19-րդ դարի բացառիկ մի հուշարձան՝ Լալազարի կամուրջը:

Երկու կամարով այդ կամուրջն այսօր էլ չի կորցրել իր հմայքը եւ ամուր վիճակում է, սակայն 1980-ականների վերջին ազերի վանդալների կողմից զրկվել է արեւելահայաց պատի վրա քանդակված հայատառ վիմական արձանագրությունից, որը յուրօրինակ անձնագիրն էր հրաշալի այդ կոթողի:

Լալազարի կամուրջը հայոց ճարտարապետական մտքի փայլատակումներից է:

Կամուրջը եւս մեկ վկայություն է առ այն, թե մեր նախնիներն ինչպիսի հոգածությամբ եւ արժանապատվությամբ են տեր կանգնել Սյունյաց տանը եւ շենացրել այն:

Կամուրջը կառուցել է խնձորեսկցի Լալազար Փանդունցը (Հովակիմ Լալազարյանը) 1860-ական թվականներին՝ Խնձորեսկից 12-13 կմ հարավ, Որոտան գետի վրա:

Լալազարի կամուրջ գնալու ճանապարհին մեզ ուղեկցում էր Որոտան գետը՝ անպատկերացնելի խորը կիրճերով ու կեռմաններով:

Եվ մենք դարձյալ հիշեցինք Համո Սահյանի տողերը.

 

Ոմանք հեգնում են, ոմանք ափսոսում,

Որ ես քո մասին հաճախ եմ խոսում,

Որ շառաչում եմ քո ջրերի հետ,

Հավիտյան ջահել իմ հայրենի գետ:

Հայոց բարձրաբերձ սարերից գալիս

Լույս դարձած՝ նորից սարերն ես գնում,

Դու անհիշելի դարերից գալիս,

Եվ դեպի գալիք դարերն ես գնում:

Որքան «նեղ» լինի ու որքան էլ «հին»

Ես նախանձում եմ քո ճանապարհին

Իսկ կամրջի մատույցներում մեզ «ընդառաջ եկավ» մի համեստ հուշաքար՝ առավել համեստ հիշատակագրումով՝ Մկրտչյան Արայիկ Անդրանիկի (1960-1992), Միրզոյան Մուշեղ Յուրիկի (1972-1992), Բաղդասարյան Կարեն Վազգենի (1971-1992), Մինասյան Կարեն Արծրունի (1968-1992):

Գորիսեցի այդ երիտասարդները հենց այդտեղ էին անհավասար մարտի բռնվել ազերի հրոսակների հետ, որտեղ էլ նահատակվեցին հերոսաբար…

Այո, այդ տարածքում ամեն մի հողաթումբ քաջերի շիրիմ է, ամեն մի պտղունց հող՝ հայոց նվիրյալների արյամբ շաղախված, որը մոռանալ անկարելի է…

Այդ ամենի մղումով է, որ երախտապարտ քարահունջցիներն այդտեղ 2016-ին խաչքար կանգնեցրին:

 

Հին եկեղեցին կամ քարանձավի եկեղեցին

Գտնվում է Հին Խնձորեսկի արեւելյան կողմում՝ Փրթոսի թաղամասից հարավ-արեւելք:

Անունը հայտնի չէ:

Մերձակայքում կան մի քանի խաչքարեր, որոնց վրա որեւէ գրառում չկա:

Դատելով այդ խաչքարերի կերպից, կարելի է ենթադրել, որ 7-8-րդ դարերի խաչքարեր են:

Եկեղեցու մեջ մի խաչքար է, որի վրա երկու բառից կազմված գրություն է՝ առաջին մասն անհասկանալի է՝ վերջին երկու-երեք տառի անընթեռնելիության պատճառով (սկիզբը՝ ԵԱՃԱ…), իսկ վերջին բառը՝ ԱՆԿԱՆ:

Խաչքարը թվագրված է՝ չԼԳ, ասել է թե՝ 1284 թ.:

Հին եկեղեցուց մի քանի մետր դեպի արեւելք, բարձունքի վրա կա հին գերեզմանատուն:

19-րդ դարավերջին այդ եկեղեցում եղել է ազգագրագետ Երվանդ Լալայանը, ով հետագայում գրել է՝ «…Մի գետնափոր եկեղեցի դեռեւս կանգուն մնացել է գյուղից դուրս, դեպի արեւելք, մի քերծի մեջ, ուր կան նաեւ գերեզմաններ առանց տապանագրերի»:

Հին եկեղեցի գնալիս մեզ ուղեկցում էր հիանալի  խնձորեսկցի Համլետ Թելունցը:

 

Սուրբ Նահատակ եւ Սուրբ Մինաս մատուռները, որոնց տեղորոշումը չկարողացանք կատարել

Ըստ Երվանդ Լալայանի՝ Հին Խնձորեսկում եղել են նաեւ Սուրբ Մինաս եւ Սուրբ Նահատակ մատուռները (վերջինս՝ Կզկահատ թաղամասում), որ ուխտատեղիներ են համարվել դարեր  շարունակ, սակայն մեզ չհաջողվեց գտնել Սուրբ Նահատակը:

Մեզ չհաջողվեց գտնել նաեւ գյուղի գրեթե կենտրոնում, նույնպես քերծի մեջ փորված եկեղեցին:

 

Մեծ հայրենականում եւ Արցախյան հերոսամարտում նահատակված խնձորեսկցիների հիշատակը՝ հավերժացված

Մեծ հայրենականում զոհված խնձորեսկցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը կառուցվել է 1966 թվականին:

2011 թվականին հուշարձանի մոտ, համագյուղացի Արմեն Գիլավյանի նախաձեռնությամբ ու միջոցներով, յոթ խաչքար է կանգնեցվել ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված յոթ խնձորեսկցիների:

 

Արցախյան պատերազմում զոհված խնձորեսկցիների հիշատակը՝ հավերժացված

Հին գյուղի դիմաց՝ Կայծակնահարի լանջին, կանգնեցվել է խաչքար՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում զոհված խնձորեսկցիների:

Այնուհետեւ խաչքարի շուրջ ստեղծվել է հանգստի գոտի:

Նախաձեռնության հեղինակը համագյուղացի Ռազմիկ Ղալդունցն է:

Համալիրի բացումը տեղի է ունեցել 2004-ին:

Հուշահամալիրում տեղադրված նահատակ խնձորեսկցիների հիշատակը հավերժացնող խաչքարն օրհնել է Գորիսի հոգեւոր հովիվ Տեր Մարտիրոս քահանա Ավետիսյանը:

Հանդիսությանը ելույթ են ունեցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, համագյուղացի գեներալ-մայոր Կամո Քոչունցը, Արկադի Ծատուրյանը, գյուղի կրթօջախի սան Մանե Բալոյանը, գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը, ԵԿՄ փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, «Արցախի մայրություն» հկ նախագահ Հասմիկ Միքայելյանը:

Հուշահամալիրը կառուցվել է ճարտարապետ Սեւադա Զաքարյանի նախագծով, համայնքի ղեկավար Սերյոժա Հայրապետյանի, երախտապարտ խնձորեսկցիների գործուն օժանդակությամբ:

 

Վերջաբանի փոխարեն` հատված Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներից»

Ես այստեղ եկա հազար տարի ուշացումով կամ տասնհինգ տարի: Եթե գայի հազար կամ տասնհինգ տարի առաջ, այս քարանձավները կլինեին ապրող տներ, բակերը կզրնգային  երեխաներով, թոնիրներից հացի բույր կելներ, եւ գետը նման չէր լինի երգեհոնի, որ հնչում է ոչ ոքի համար:

Ուշացա:

Քարանձավների կույր աչքերն են հիմա ինձ նայում, իսկ փողոցներում, բակերի մեջ բարձր խոտ է, տաքացած քարերին՝ մողեսներ: Տխրում եմ: Ես տեսել եմ հանգած գյուղեր, քաղաքներ, տարիներ առաջ, այսպիսի մի օր ես քայլել եմ Պոմպեյի փողոցներով, չեմ տեսել, բայց ինձ նկարագրել են Շուշի քաղաքի մի կեսի կործանումը (որ, իհարկե, երկրաշարժից… չեղավ):

Ես մտնում եմ եկեղեցու բաց դռնով: Ներսում արեւ է, լույսի ժապավենի մեջ միլիարդավոր փոշեհատիկներ են՝ որպես օդը մանրադիտակի տակ: Սալահատակին, դարմանի վրա մի քանի հորթ են մեկնվել, իսկ եկեղեցու պատերին անուններ են, տարեթվեր՝ գրված յուղաներկով, ջրաներկով, մատիտով, փայտածուխով… Քամին փոշի է բարձրացնում, իմ տխրության պես բարակ փոշի, իսկ եկեղեցու զանգերը ոչ մի անգամ այլեւս չեն հնչի: Ոչ մի անգամ:

Ես դուրս եմ գալիս, գտնում Մխիթար Սպարապետի գերեզմանը: Եթե հավատանք պատմությանը, այդ քարի տակ զորավարի մարմինն է միայն, որովհետեւ գլուխը թշնամիները տարան: Պառկում եմ դեղնականաչ խոտերի վրա, մեջքս Մխիթարի տապանաքարին: Քարը տաք է, արեւը բարի է տատիս նման, թմրում եմ: Գետը հոսում է մեղմ, վախվորած, օդում միջատների տոնավաճառ է, իսկ մրջյունները, ոչինչ, թող այսօր էլ իմ վրայով տանեն իրենց  բեռները:

Տարիներ առաջ, կարծեմ, այս գերեզմանատանն են գտել Խնձորեսկի ամենահին խաչքարը, կարդացել տարեթիվը՝ 544 թվական: Ուրեմն, գյուղն առնվազն հազար հինգ հարյուր տարեկան է:

Տասը-տասնհինգ տարի առաջ գյուղը դուրս եկավ քարանձավներից, թողեց ձորը ու վերեւում կառուցեց նոր Խնձորեսկը: Ես հիմա մտնում եմ այդ լքված քարանձավները: Ահա մեկը, քաղաքային շենքի լեզվով ասած՝ երեք սենյականոց քարանձավ: Քայլում եմ քարե դատարկ սենյակներով, լսում եմ սեփական քայլերիս խուլ տնքոցը: Թոնիրը լցված է հողով, ժայռի մեջ փորված պահարանում ոչինչ չկա, ինձ բացատրում են՝ այստեղ դնելիս են եղել անկողինը՝ ծալքը: Խորքում նորապսակների սենյակն է, այս բացվածքի մեջ վառվելիս է եղել ձեթի կամ նավթի ճրագը: Նաեւ մոմերը, հալված մոմը թափվել է քարին, ես շոշափում եմ, ինչ-որ կենդանի բան կա այդ փափկության մեջ, մոմը դեռ ապրում է: Ամենամեծ սենյակի կենտրոնում թոնիրն է, սրա շուրջն են քուրսի նստել:  Թոնիրը բերնեբերան լցված է հող ու մոխրով, քանի՜ հեքիաթ կա խառնված այս մոխրին… Քարանձավների առաջ, տեղ-տեղ փոքրիկ հրապարակներ են, այստեղ խմբվելիս են եղել խնձորեսկցիները՝ ուրախության կամ տագնապի օրերին, խաղացել են երեխաները՝ բոլոր օրերին: Ինձ պատմում են, որ գյուղը բաժանված է եղել մի քանի խոշոր թաղերի: Յուրաքանչյուր թաղ իր աղբյուրն է ունեցել: Աղբյուրները շարունակում են հոսել, բայց նրանց ջուրը հիմա խմում են հորթերը, ոչխարները կամ ինձ նման հազար տարով ուշացած մարդիկ:

Ի՞նչ եմ ուզում քեզնից, Խնձորեսկ:

Մի՞թե ուզածս այն է, որ քո զավակները եւս հազար տարի ապրեին այս քարանձավներում: Ո՛չ: Քարանձավներդ գյուտ են բանաստեղծի, բայց ոչ հղի մայրերի համար, երկու-երեք    օրվա փրկություն՝ հոգնած քաղաքաբնակի, բայց ամենօրյա տառապանք՝ զավակներիդ համար: Եվ քիչ հետո կբարձրանամ ձորից վերեւ, որտեղ նոր Խնձորեսկն է՝ քարաշեն, պայծառ տներով, եւ կհրճվեմ քո փրկված կենսագրությամբ: Քիչ հետո այդ նոր Խնձորեսկում ինձ կհյուրընկալի հարյուրիննամյա Թեւոս ամին, որ կկենդանացնի քո կյանքի հարյուրամյա դեպքերը՝ ինչպես բրուտն է փչում ու կենդանացնում մեռած կավը, ինչպես, երբ գորգից թափ ես տալիս փոշին, երեւում են հրաշք նախշերը: Իմ հարցին, թե ե՞րբ է վերջին անգամ նորոգվել եկեղեցին, նա կասի. «Եկեղեցի՞ն, երեկ-մեկէլ օրը» (այսինքն՝ վաթսուն տարի առաջ): Նա կվերհիշի խնձորեսկցի դյուցազուն Բաղդասարին, գեղեցկուհի Լալային, որ զանգեզուրցի տաքգլուխ ջահելներից փրկվելու համար ձորի օձերին էր ապավինում, եւ օձերը, պատմում են, գալարվում էին աղջկա ոտքերի տակ, փաթաթվում ուսերին, իրանին: Թեւոս ամին կվերծանի քո դաշտերի ու ժայռերի զարմանալի անունները: Ինչո՞ւ է կոչվում Թագավորի դաշտ,- կհարցնեմ: «… Էդ դաշտում թագավորն էր սիրում ման գալ,- կասի,- քանի որ էդ դաշտից աշխարհքն ա ըրեւում»…

Աշխարհն այդ դաշտից, իրոք, երեւում է, որովհետեւ ամեն մարդու համար աշխարհն աշխարհի ի՛ր տեսած մասն է:

Ես նորից մտնում եմ քարանձավից քարանձավ, եւ թող ներեն ինձ քո որդիները, Խնձորեսկ, որովհետեւ դառնությամբ եմ մտածում նրանց մասին: Տասնհինգ տարի առաջ, երբ որոշում ընդունվեց գյուղը քարանձավներից վեր փոխադրելու մասին, սկսվեց նաեւ Հին Խնձորեսկի կործանումը: Քանդեցին-տարան դռները, լուսամուտները, շենքերի քարերը (քարաշեն տները, հասկանալի է, թալանվեցին ավելի հիմնավոր. բա՛ն կար տանելու): Խնձորեսկը փլատակների փոխվեց: Մեկ-երկու փտած գերանի համար քանդեցին տանիքները, հինգ-վեց սրբատաշ քարի համար՝ կամարները: «Խոստացել էին, թե փող կտան ապրանքի դիմաց, չտվին», բացատրում են: Ո՞վ էր խոստացել: «Պետությունը: Չտվին, դրա համար էլ նեղսրտեցին ու քանդեցին, շատ բան իսկի պետք էլ չեկավ…»: Բայց մտածե՞ց, արդյոք, մեկնումեկը, որ ձորում մնում են իրենց պապերի ու նախապապերի ստվերները (ստվերի ապրելու համար էլ տուն է հարկավոր), մնում են նրանց ձայների արձագանքները (արձագանքների մնալու համար էլ քարանձավներին դռներ են հարկավոր)…

Ներիր մեզ, Խնձորեսկ, իսկ քո անվան բացատրությունը ոչ թե խնձորի գյուղ է, ինչպես թվում էր ինձ, այլ խոր ձոր: Հիմա դու խոր վերքի ես նման: Ներիր մեզ, Մխիթար Սպարապետ: Եթե քո գերեզմանը լիներ Արաքսի ա՛յն ափին, հայ բոլոր բանաստեղծները սրտակեղեք ողբեր կգրեին, ես ինքս նորից կծախսեի «գերեզմանների հայրենադարձություն» զրնգուն ձեւակերպումը, որ իմ մեջ ծնվեց Փարիզում, Անդրանիկ զորավարի մահարձանի մոտ: Դու Արաքսի մե՛ր ափին ես, Մխիթար Սպարապետ, ուրեմն, քեզ կարող ենք լքել, ուրեմն թող հորթեր արածեն քո շուրջը, եւ իրենց ազնիվ դնչիկներով հարյուրամյա մամուռդ համբուրեն: Ոչինչ:

Խնձորե՜սկ: Ի՞նչ եմ ուզում քեզնից, ինչո՞ւ մտար իմ էության մեջ, ինչպես հին մեխն է մտնում վազող տղայի բոբիկ կրունկը, ինչպես ծխախոտի մուգ ծուխը՝ երեխայի մաքուր թոքերի մեջ: Ինչո՞ւ…

Խնձորե՜սկ, իմ ժողովրդի պատմության լքված դասագիրք, մի՞թե մենք քեզ չէինք կարող պահել-պահպանել այնպես, ինչպես կայիր դարեր եւ մի՞թե դու ճշգրիտ պատկերը չես այն բանի, թե ինչպես մեր ժողովուրդը բարձրացավ իր պատմության քարանձավներից դեպի արձակ դաշտը, որտեղից, իրոք, աշխարհն է երեւում:

Խնձորե՜սկ, հանկարծ քո ժայռերն ինձ քարակոփ հարսներ են թվում, հանկարծ նրանք շարժվում են, ամֆիթատրոնի բնական աստիճաններով իջնում ներքեւ, ու ես լսում եմ նրանց ազնվական ճակատներին շարած մետաղադրամների արծաթե զրնգունը:

Հնարավո՜ր լիներ…

Հանկարծ վերադառնային բոլոր հազար հինգ հարյուր տարիների քո զավակները, ձորդ լցնեին կյանքով ու կռվով, ուրախությամբ  ու  բամբասանքով, քաջությամբ ու երգերով, հանկարծ բարձրանար Մխիթար Սպարապետը՝ սպիտակ ձիու վրա…

  

Սամվել Ալեքսանյան

На изображении может находиться: небо, гора, дерево, растение, трава, на улице и природа

На изображении может находиться: небо, растение, дерево, гора, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, небо, обувь и на улице

На изображении может находиться: растение, дерево, мост и на улице

На изображении может находиться: гора, небо, облако, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, облако, трава, растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: гора, трава, небо, на улице и природа

На изображении может находиться: растение, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, трава, на улице и природа

На изображении может находиться: 1 человек, стоит и на улице

На изображении может находиться: растение, трава, обувь, на улице и природа

На изображении может находиться: растение, на улице и природа

На изображении может находиться: 3 человека, ребенок и на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: гора, небо, облако, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, небо, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, трава, небо, на улице и природа

На изображении может находиться: гора, растение, дерево, небо, трава, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: гора, растение, небо, дерево, мост, на улице, природа и вода

На изображении может находиться: небо, гора, облако, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево и на улице

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: растение, дерево и на улице

На изображении может находиться: гора, дерево, растение, небо, трава, на улице и природа

На изображении может находиться: один или несколько человек, небо, облако, на улице и природа

На изображении может находиться: гора, дерево, небо, растение, трава, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, небо, трава, гора, на улице и природа

На изображении может находиться: растение, небо, дерево, трава, гора, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, трава, растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, небо, трава, на улице и природа

На изображении может находиться: 4 человека

На изображении может находиться: 3 человека, в помещении

На изображении может находиться: растение, мост, дерево, на улице и природа

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: небо, растение, дерево, трава, гора, облако, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: 2 человека, люди стоят и на улице

На изображении может находиться: 1 человек, сидит и стол

На изображении может находиться: 1 человек, стоит, дерево, на улице и природа

На изображении может находиться: 1 человек, дерево, на улице и природа

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57