Փետրվարի 10-ի երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսեց աշխատանքը, որը դադարեցվել էր հունվարի 31-ին՝ հանքագործների մի մասի բողոքի ակցիայի և աշխատանքի չներկայանալու պատճառով։
Մենք ողջունում ենք այդ իրողությունը, գնահատում կողմերի խոհեմությունն ու վճռականությունը՝ վերջակետելու բացառապես վնասաբեր այդ իրավիճակը։
Արտադրության վերսկսումը, խոստովանենք, տեղի ունեցավ այն բանից հետո, երբ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին կիրակի երեկոյան առաջ քաշեց ընկերության՝ իրավիճակի կարգավորման իրատեսական և հավասարակշռված տեսլականը, որին հաջորդեց ձեռնարկվող միջոցառումների բովանդակության ու ժամանակացույցի հանրայնացումը։
Ընդ որում՝ աշխատավարձերի վերանայման քայլերը ենթադրում են միջին հաշվով 20 տոկոսով աշխատավարձի բյուջեի մեծացում, որի մեկնարկը, կարելի է ասել, տրված է։
Կոնկրետ քայլեր են նախատեսվում բժշկական ապահովագրության նորովի կազմակերպման, աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ։
Հանուն ճշմարտության պետք է փաստել՝ ընկերությունը լուծումների ավելի մարդակենտրոն և բազմակողմանի սկզբունքներ է առաջարկել, քան պահանջում էին իրենք՝ դժգոհող հանքագործները։
Գնահատելի է փաստը, որ հաշտեցման աշխատանքների վերսկսման գործընթացը զերծ է վարչական մեթոդների կիրառումից։
Անշուշտ, գնահատելի է նաև հանքագործների պահվածքը, որ ըմբռնումով մոտեցան ընկերության դիրքորոշմանը, վստահության նոր քվե տվեցին ընկերության սեփականատերերին ու գործադիր ղեկավարությանը՝ թույլ չտալով անորոշության հետագա խորացում։
***
Մի կարևոր հանգամանք. որքան էլ հանքագոծների պահանջը գլխավորապես աշխատավարձի խնդրի շուրջ էր, այնուամենայնիվ, այն չէր կարող նման խորություն և մասշտաբ ընդունել, եթե դրան նպաստող գործոններ չլինեին բարոյահոգեբանական տիրույթում։
Լեռնագործներն անվստահությամբ չէին վերաբերվի ընկերության պաշտոնական առաջարկություններին, եթե մինչ այդ շարքային հանքագործի և ղեկավար անձնակազմի միջև շփումների ավելի հստակ համակարգ գործեր։
Եթե նույնիսկ այդ ամենն ինչ–որ տեղից համակարգվում կամ ուղղորդվում էր, ապա դա նույնպես հաջողություն չէր ունենա, եթե դրա համար պարարտ հող չլիներ։
Եզրակացություն՝ ընկերության ղեկավարությունը և արհմիութենական կազմակերպությունը պետք է նորովի մոտենան մարդկանց հետ հարաբերվելու, նրանց մտահոգությունները լսելու խնդրին, կարողանան մշտապես զգալ կոլեկտիվի, աշխատանքային ամեն մի օղակի իրական բաբախյունը և իրավիճակին համահունչ քայլեր ձեռնարկեն։
Այսինքն՝ ներկոլեկտիվային նոր միջավայր ձևավորելու խնդիր ունենք։ Եվ հաճելի է տեսնել, որ ընկերության գլխավոր տնօրենն այդ ուղղությամբ նույնպես գործնական քայլեր է նախատեսում։
***
Շտապենք հայտարարել՝ մենք չենք ուզում հավատալ, որ քաջարանյան իրադարձություններն ուղղորդվում կամ համակարգվում էին մայրաքաղաքից, ինչի մասին խոսում և գրում էին շատերը։
Եվ, այդ ամենով հանդերձ, կուզենայինք անդրադառնալ մայրաքաղաքից հնչած երկու դիրքորոշման։
Եվրոպամետների փաղանգի ներկայացուցիչ Արման Բաբաջանյան անուն–ազգանունով անձնավորությունը գրեց, թե՝ «Չի կարելի բացառել, որ կոմբինատի ճգնաժամը կարող է լինել ուղղորդված գործընթաց՝ տնտեսական քայքայման միջոցով Հայաստանի դիրքերը թուլացնելու համար։ Պատմության ընթացքում նման մեխանիզմներ կիրառվել են տարբեր երկրներում..., որոնք նպատակ ունեին ոչ միայն վնասել տնտեսությանը, այլև ազդել ներքաղաքական կայունության վրա»։
Թեև Արման Բաբաջանյանին Սյունիքում գրեթե չեն ճանաչում և նրա խոսքն այստեղ առանձնապես կշիռ չունի, բայց բարոյական կլիներ, որ հարգելի պարոնը փակագծերը բացեր՝ այդ որտեղի՞ց և ովքե՞ր են ուզում քաջարանյան գործընթացով թուլացնել Հայաստանի դիրքերը։
Ոչ պակաս ուշագրավ էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի դիրքորոշումը։
Ի՞նչ էր ասում պարոն Սարգսյանը։
ա) «Ես բազմիցս առաջարկել եմ ՀՀ իշխանությանը՝ լիցենզիա տալ ամերիկյան, ֆրանսիական ընկերության. այդ մրցակցությանը «Գեոպրոմայնինգը», որի կազմում է ԶՊՄԿ–ն, չի դիմանա»։
բ) «Քաջարանը կարող է տարեկան 1 մլն տոննա խտանյութ արտադրել, բայց ռուսական ընկերությունը շահագործում է հանքավայրի հնարավորությունների հինգ տոկոսը, գետի հունը պետք է տեղափոխվի, գերեզմանները պետք է պետությունը տեղափոխի, որ ամբողջությամբ հանքավայրը շահագործվի, մինչդեռ ռուսական ընկերությունը ձախ ափը վերցնելու լիցենզիա չի պահանջում»։
Սպարապետի եղբոր հանդեպ հարգանք ունենալով հանդերձ, այդուամենայնիվ չենք կարող չասել՝ պարոն Սարգսյան, Ձեր գնահատականները սիրողական բնույթի են, իրականության հետ աղերս չունեցող։ Ավելին՝ զուտ տնտեսական կնճռին փորձում եք քաղաքական–կուսակցական փաթեթավորում տալ, որը մերժելի է և անտրամաբանական։
Սյունիքը տարիներով պայքարել է, որ Ողջի գետի ձախ ափը շատ չափավոր և զգուշորեն օգտագործվի, որպեսզի հազարամյակներով գոյություն ունեցած Քաջարանց գյուղը չվերանա հողի երեսից։ Իսկ Դուք նույնիսկ գերեզմանները տեղափոխելու մտքեր եք փայփայում։
Կամ՝ քննադատում եք, թե հանքավայրի հինգ տոկոսն է միայն շահագործվում՝ ավելի շատ շահագործելու փոխարեն։ Մի՞թե վատ է, որ հանքավայրի քիչ մասն է շահագործվում։ Ի՞նչ եք ուզում՝ մտածենք այսրոպեական շահերի մասին և գալիք սերունդներին ոչինչ չթողնե՞նք։
Կամ՝ ասում եք՝ ԶՊՄԿ–ն և Կապանի կոմբինատը «Գեոպրոմայնինգի» կազմում են։ Ճիշտ չեք ասում…
Չէր կարելի չտեսնել, թե քաջարանյան իրադարձություններն ինչպիսի ակտիվությամբ էր լուսաբանում (միակողմանիորեն) «Ազատություն» ռադիոկայանը։ Այն ռադիոկայանը, որն օրեր առաջ հրապարակեց իբր գաղտնազերծված տեղեկություններ 1999 թ. հայ–ադրբեջանական բանակցությունների մասին, որի ընթացքում քննարկվել է Հեյդար Ալիևի առաջարկությունը՝ Մեղրու տարածքն Արցախի հետ փոխանակելու հարցը։
Քաջարանյան իրադարձությունները կեղծ լույսի տակ մեկնաբանեցին նաև հակահայկականությամբ վաղուց տառապող այլ լրատվամիջոցներ նույնպես։
Եվ այս կարգի ելույթներով ու հրապարակումներով փորձ է արվում Սյունիքը ներքաշել կուսակցական–քաղաքական խաղերի մեջ, ջուր լցնել հակառուսականության ջրաղացին, երկրամասը նոր փորձության ենթարկել։
Սփոփիչ է մի հանգամանք՝ Սյունիքում վաղուց լուրջ չեն ընդունում Երևանից, այն էլ այս կամ այն կուսակցականի շուրթերից հնչող հորդորները։
Իսկ եթե սյունիքյան իրավիճակն իսկապես հետաքրքրում է այս կամ այն կուսակցական կամ պետական գործչին, ապա եկեք քննարկենք գլխավոր հարցը՝ ինչպե՞ս վերադարձնենք Սյունիքից բռնազավթված տարածքները։
***
Տասն օրվա ընթացքում ականատես եղանք իրողությունների, որոնք, մեղմ ասած, բացատրելի չեն։
Օրինակ, երկրի օրվա իշխանությունը որդեգրել էր դիտորդի կարգավիճակ։
Եվ դա այն դեպքում, երբ կառավարությունը կոմբինատի բաժնեմասերի մոտ 22 տոկոսի սեփականատերն է և պարտավոր էր, գոնե այդ փաստի թելադրությամբ, հստակ ու գործնական դիրքորոշում որդեգրեր։
Եվ դա այն դեպքում, երբ ընկերությունը տարիներ շարունակ երկրի թիվ մեկ հարկատուն է ու մեր (այնքան էլ ոչ կենսունակ) տնտեսության լոկոմոտիվներից մեկը։
Եվ դա այն դեպքում, երբ կոմբինատի կանգը խորացնում էր Սյունիքի մարզի՝ առանց այդ էլ անորոշությամբ պարուրված վիճակը։
Հասկանալի չէր ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքը՝ «Ես կարծում եմ՝ դա արհմիության և հանքարդյունաբերության համալիրի աշխատակիցների տիրույթում գտնվող հարց է»։
Վերստին ակնհայտ դարձավ Սյունիքի մարզպետարանի, սյունեցի խորհրդարանականների անկարողությունը՝ առերեսվելու իրականությանը կամ արտահայտելու սեփական կարծիք տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։
Գոնե ուշացումով կոմբինատ այցելեցին ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, ինչպես և Մարդու իրավունքների պաշտպանը, թեև այդ այցելությունները ոչ միանշանակ ընդունվեցին։
Դրվատելի են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարության այցը կոմբինատ և գործադրած ջանքերը՝ ստեղծված վիճակից ընկերությունը դուրս բերելու ուղղությամբ։
***
Հարկ ենք համարում շեշտել՝ Քաջարանում տեղի ունեցածը վերաբերում էր և է բոլորիս, անկախ այն բանից՝ Քաջարանո՞ւմ ենք բնակվում, թե՞ ոչ։ Կամ՝ ԶՊՄԿ–ո՞ւմ ենք աշխատում, թե՞ ոչ։
Այլ կերպ ասած՝ ընդերքը երկրի սեփականությունն է, համաժողովրդական սեփականություն է, և ընդերքի խելամիտ ու արդյունավետ օգտագործումն է մեր պետական գանձարանի համալրման կարևոր աղբյուրներից մեկը։
Ուրեմն և՝ հասկանալ կարելի է Սյունիքին (և ոչ միայն) համակած անհանգստությունը՝ մարզի խոշորագույն գործատու ձեռնարկությունում ստեղծված վիճակից բխող։
Գնահատելի է, որ և՛ ընկերության ղեկավարությունը, և ՛ հանքագործների մեծամասնությունը, և՛ Քաջարան համայնքի բնակիչները կարողացան տեսնել–կանխատեսել, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ վնասաբեր այն գործընթացը, որ մեկնարկել էր հունվարի 31-ին։
Չմոռանանք՝ օրեցօր ավելի է թեժանում աշխարհաքաղաքական պայքարը Սյունիքի շուրջ, իսկ իրավիճակի ապակայունացումն ավելի կբացեր Ադրբեջանի ախորժակը, որը չի էլ թաքցնում իր ցնորական նկրտումները Սյունիքի հանդեպ։
Ուրեմն և՝ երիցս հարգանք բոլոր նրանց և հատկապես ընկերության ղեկավարությանը, որ երկրամասը հետ պահեցին նոր խառնաշփոթից ու փորձությունից, որ մեր պետական ընթացքի ճանապարհին նոր խոչընդոտներ չստեղծեցին:
Եվ, այդ բոլորով հանդերձ, եկել է տեղի ունեցածից դասեր քաղելու, ինչ–ինչ հարցեր վերագնահատելու, վերարժևորելու ժամանակը...
Սամվել Ալեքսանյան