Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամիավորման հրամանատարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության 1-ին աստիճանի Մարտական խաչ» շքանշանի ասպետ, գնդապետ Արարատ Մելքումյանի հետ
- Պարո՛ն գնդապետ, Ձեր զորամիավորումն անմիջապես կանգնած է հայ-ադրբեջանական շփման գծի հարավարեւելյան հատվածում, եւ, բնականաբար, Դուք իրավիճակին ամենաքաջածանոթ հրամանատարներից եք: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
- Ներկա դրությամբ իրավիճակը մեր վերահսկողության ներքո է, նախաձեռնությունը մեր ձեռքին է: Կրակը դադարեցնելու պայմանավորվածությունը հակառակորդը երբեմն խախտում է՝ կրակելով տարբեր զինատեսակներից՝ թե՛ դիպուկահար հրացաններից, թե՛ ականանետներից: Համարժեք պատասխան տալիս ենք այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինում է: Հետախուզության համար հակառակորդն օգտագործում է անօդաչու թռչող սարքեր, դրանց դեմ պայքարի պլան ենք մշակել, որով էլ առաջնորդվում ենք:
- Բայց, որքանով տեղյակ ենք, անօդաչու սարքերի առումով չորսօրյա պատերազմի օրերին եղած լարվածությունն այլեւս չկա:
- Անօդաչու թռչող սարքեր միշտ էլ եղել են, որոնք կարող են մինչեւ 50-60 կմ թափանցել մեր տարածք եւ հետախուզություն կատարել: Խոսքը ներկայումս օգտագործվող «կամիկաձե» կոչված անօդաչու թռչող սարքի մասին է, որը զենք է կրում եւ կարող է խոցել թիրախը: Մենք դրան դիմակայելու հնարն այլեւս գիտենք:
- Ինչպես զանգվածային լրատվամիջոցներն են նշում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության նախագահը՝ իր հարցազրույցներից մեկի ժամանակ, թշնամին մի քանի մետր առաջ է եկել, ինչ-որ բարձունք գրավել:
- Ինչ վերաբերում է այդ բարձունքին, ես եւ իմ գործընկերները կարեւորություն չենք տալիս դրան ռազմական տեսակետից: Համոզվելու համար կարող եք նայել դեպի արեւմուտք, եւ կնկատեք, որ մեր բարձունքներն ավելի իշխող են, եւ մի դիրք կորցնելը դեռեւս ոչ մի բան չի ասում: Ռազմավարական տեսակետից, կրկնում եմ, էական ոչ մի նշանակություն չունի տվյալ դիրքը:
- Եթե հակառակորդը փորձի մի անգամ էլ լայնածավալ հարձակման անցել, պատրա՞ստ եք ավելի կազմակերպված դիմակայել: Եվ ինչպիսի՞ն է զինվորի մարտական ոգին, նրա պատրաստվածությունը:
- Եթե թշնամին 100-200 մետր առաջխաղացում է ունեցել եւ ինչ-որ դիրք վերցրել, դա բնավ էլ չի նշանակում, որ ինքը հաջողություն է ունեցել: Հանկարծակի հարձակումն է իրեն ինչ-որ տեղ չնչին առավելություն տվել: Հիմա մեր զորքերը մարտական պատրաստականության առաջին աստիճանում են, ռազմական գործողությունները վերսկսելու դեպքում կերեւա, թե ով է վերջնականապես իրադրության տերը: Իսկ նման համոզվածության գլխավոր գրավականը մեր զինվորի մարտական ոգին է ու պատշաճ զինվածությունը, որի ականատեսը եղանք ապրիլյան գործողությունների ընթացքում:
- Լրատվական դաշտում եւս մի կարծիք է շրջանառվում, ըստ որի թշնամին ավելի լավ է զինված: Իսկապե՞ս նրանց սպառազինությունը գերազանցում է մեր զինանոցին:
- Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ նրանք արդիական զենք ունեն, մանավանդ հեռահար հրետանի, «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգեր: Գիտեինք, որ ունեն, բայց չէին կիրառում: Արդեն նշեցինք անօդաչու թռչող սարքերի մասին («կամիկաձե»), որոնք հեռվում գտնվող ղեկավարման կետերին կարող են վնաս հասցնել, ինչը հաշվի առնելը շատ կարեւոր է: Որքան գիտեմ, ձեռք են բերել հակատանկային հեռահար միջոցներ եւս, որոնք ի զորու են խոցել թաքստոցում գտնվող զրահատեխնիկան: Բայց այդ ամենին դիմակայելու եւ պատասխանելու հնարավորություններ կան մեր տրամադրության տակ, այնպես որ պետք չէ գերագնահատել թշնամու հնարավորությունները:
- Այսինքն՝ այսօրվա պատերազմն իննսունականների պատերազմի հետ համեմատելու հիմքեր չունե՞նք:
- Միանշանակ ոչ, երկու պատերազմի միջեւ էական տարբերություն կա, եւ արդեն դրան էլ ենք պատրաստ: Հակառակորդին զսպելու միջոցներն ունենք, որոնք ձեռք ենք բերել կարճ ժամանակամիջոցում:
- Իսկ սպան, զինվորը տիրապետո՞ւմ են նոր զենքին ու տեխնիկային, չէ՞ որ դա էլ խնդիր է:
- Ովքեր պիտի օգտագործեն նոր տեխնիկան, միանշանակ պատրաստված են: Նաեւ մեր ռազմական հաստատություններում են ուսուցանում նման տեխնիկային տիրապետելը:
- Որպես սպա, գնդապետ, Դուք երեւի հակառակորդ կողմին խորհուրդ չէիք տա նորից մարտական գործողություններ ձեռնարկել, քանզի պատերազմը, որքանով տեսնում ենք ու ենթադրում, առավել արդիական զինատեսակներով է լինելու՝ համապատասխան հետեւանքներով:
- Հեռուստատեսությամբ հարցազրույց եմ տվել եւ հետեւյալ միտքը հայտնել՝ եթե թուրքը վերստին նախահարձակ լինի, այնպիսի հարված կստանա, որից էլ երբեք ուշքի չի գա:
- Զորամիավորման շտաբի բակում տեսանք աշխարհազորայինների, որոնց մասին նույնպես տարբեր կարծիքներ կան: Նրանց կարիքն իրո՞ք զգացվում է, թե՞ զուտ բարոյական նշանակություն ունի ավագ սերնդի ներկայությունը:
- Ինչպե՞ս կարող է նրանց մարտական փորձի կարիքը չզգացվել: Խրամատում թրծված մարդիկ են, միշտ էլ նրանցից օրինակ կարելի է վերցրել: Կամավոր վեր են կացել-եկել մեր հայրենի հողը պաշտպանելու: Մենք նույնիսկ խնդրել ենք, որ իրենց փորձը փոխանցեն սկսնակ զինվորներին: Կամավորականների հետ միշտ կապի մեջ ենք, հաղորդակցության համապատասխան միջոցները կան: Ի դեպ, ռազմական գործողությունների ընթացքում ոչ մի խնդիր չի եղել կապի ոլորտում, չենք ունեցել հաղորդակցության համակարգի խափանման դեպքեր:
- Դուք, կարծեք, կանխագուշակեցիք մեր հաջորդ հարցը. կապի վիճակի վերաբերյալ իրարամերժ կարծիքներ են շրջանառվում:
- Անկեղծորեն, ռազմաճակատի մեր ուղղության վրա կապի խնդիր չի եղել, անձնակազմն անխափան ղեկավարվել է կապի հուսալի միջոցներով:
- Չորսօրյա պատերազմում բոլոր օղակների գործը կարեւոր է, բայց երեւի մեր օրերի հերոսը, այնուամենայնիվ, առաջնագծի 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներն են՝ իրենց հրամանատարների հետ: Ճի՞շտ է մեր ընկալումը:
- Միանշանակ այդպես է: Արցախյան պատերազմի ժամանակ 18 տարեկանում եղել եմ վաշտի հրամանատար: Ցավով եմ հիշում, որ մեր զոհերը միշտ եղել են այդ տարիքի տղաները: Միշտ կրկնել եմ, որ կռվողները հենց այդ տարիքի տղաներն ենք, քանզի իրենք չեն մտածում սխրագործության մասին, սեփական անձի անվտանգության մասին: Իրենք պատրաստ են միշտ իրենց զոհաբերել՝ հանուն հայրենիքի: Միշտ ընկերներս, ծանոթներս հարցրել են՝ բա որ վաղը պատերազմ լինի, ի՞նչ է լինելու: Ես էլ բերում էի առաջին պատերազմի օրինակը, որ այն ժամանակ ինքս, մարտական ընկերներս որ տարիքում էինք ու ինչ էինք անում: Եվ նույն այդ տարիքի տղաներն այսօր արդարացրին մեր սպասելիքները, իսկական սխրանքներ գործեցին: Այնքանով են արդարացրել, որ մինչեւ վերջին փամփուշտը կրակել են, բայց խրամատից դուրս չեն եկել, դիրքը չեն լքել: Այնպես որ՝ ավելորդ է նույնիսկ հարցնել՝ երիտասարդ տղաները պատրա՞ստ են կռվի, թե՞ ոչ:
- Պարո՛ն գնդապետ, Ձեզ՝ հաջողություն, Ձեզ եւ միավորման զինվորներին՝ անփորձանք ծառայություն: Աստված բոլորիդ պահապան: Մենք էլ մեր կարողությունների չափով փորձում ենք լուսաբանել հակամարտության գոտու կյանքը, քանզի թիկունքում բոլորին է հետաքրքրում պաշտպանության բանակի գործունեությունը:
- Շնորհակալ ենք:
Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ