Միջնադարյան Սյունիքի վիմագրության հետքերով. նոր բացահայտումներ Հին Հարժիսում

27.08.2023 22:16
1189

Վեցերորդ տարին է՝ Տաթեւի վանքի եւ հարակից հուշարձանների վիմագրերի ուսումնասիրման նպատակով Սյունիքի մարզի Տաթեւ համայնք է գործուղվում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, վիմագրության բաժնի վարիչի պաշտոնակատար,  պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանը:

Ի դեպ, 2022թ. օգոստոսի 28-ին առաջին անգամ հանդիպեցինք Արսեն Հարությունյանին եւ  զրույց ունեցանք, թեման 2014-15 թթ. Տաթեւի վանական համալիրում  իրականացված պեղումներն էին («Սյունյաց երկիր», N 18, 13 հոկտեմբերի 2022 թ.):

Այցեքարտ

Արսեն Հարությունյանը ծնվել է 1985-ին՝ Երեւանում, արմատներով Մեղրու տարածաշրջանի Վահրավար գյուղից է։

2007 թ․ ավարտել է Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մինչ այդ՝ 2003-05 թթ․, ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։

2009 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում՝  առաջատար գիտաշխատող, ներկայումս՝ վիմագրության բաժնի վարիչի պաշտոնակատար, 2012-ից համատեղությամբ աշխատում է նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ ավագ գիտաշխատող։

2019-ից ԵՊՀ պատմության ֆակուլտետում դասավանդում է վիմագրություն, 2023-ից Գեւորգյան հոգեւոր ճեմարանում՝  Ձեռագրագիտություն եւ վիմագրագիտություն առարկաները։

Ինը գրքի եւ 90-ից ավելի հոդվածի հեղինակ է, մասնակցել է միջազգային գիտաժողովների՝ Վրաստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում։ Թեկնածուականը պաշտպանել է 2013 թ․, թեման՝ «Վաղարշապատի վանքերը․ պատմավիմագրագիտական ուսումնասիրություն»։

2014-2015 թթ․ մասնակցել է Տաթեւի վանքի հնագիտական պեղումներին, որից հետո սկսել է զբաղվել Տաթեւի վանքի եւ հարակից բնակավայրերի հուշարձանների վիմագրերի ուսումնասիրությամբ։

2015-ից՝  ամեն տարի, գործուղվել է Սյունիքի մարզի Տաթեւ, Տանձատափ, Սվարանց, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Հարժիս բնակավայրեր, ընդօրինակել է ավելի քան 300 նորահայտ արձանագրություն, որոնց հիմամբ պատրաստվում է պաշտպանել դոկտորական ատենախոսություն՝ «Միջնադարյան Տաթեւը եւ նրա գրավոր-մշակութային ժառանգությունը» թեմայով։

Հավաքված նյութի շրջանակներում հրատարակել է ավելի քան 20 հոդված, այդ թվում՝ միջազգային գիտական պարբերականներում։

                                                                                            ***

- Պարոն Հարությունյան, ողջունում ենք Ձեր հերթական այցը Սյունիք: Հարժիս գյուղում Դուք ուսումնասիրություններ էիք իրականացրել նաեւ նախորդ տարվա Ձեր այցի շրջանակում: Կարելի՞  է ենթադրել, որ գործն այդ տարածքում անավարտ էր մնացել:

- Այո, քանի որ  յուրաքանչյուր հուշարձան պահանջում է համակողմանի ուսումնասիրություն, եւ մեկանգամյա այցի ընթացքում նյութը սպառելը միշտ չէ, որ հնարավոր է: Հարժիսն այդ առումով բացառություն չէ: Եվ այս տարվա մեր այցի շրջանակում փորձեցինք սպառիչ պատասխաններ տալ թեական մնացած հարցերին:

- Հարժիսը հայտնի է նախաքրիստոնեական բացառիկ հուշարձաններով՝ մարդադեմ կուռքեր, կիսանդրիներ, ցից քարեր, տաճարային սյուներ եւ այլն: Սակայն Ձեր ուսումնասիրությունները, որքան հասկացա, միտված են միջնադարյան հուշարձանների քննությանը, որը, ինչպես Դուք եք նշում, երբեւէ համակողմանիորեն չի ուսումնասիրվել:

Ներկայացրեք, խնդրեմ, Հարժիսի միջնադարյան մշակութային ժառանգության ընդհանուր նկարագիրը:

- Հարժիսում կատարված ուսումնասիրությունները պարզում են, որ այդտեղ մենք գործ ունենք միջնադարի բոլոր շրջափուլերում՝ վաղ շրջանից մինչեւ ուշ միջնադարն ընդգրկող տարաբնույթ հուշարձանների հետ: Մասնավորապես՝ առանձնանշելի են եկեղեցական կառույցները, գերեզմանոցները, կոթողային հուշարձանները՝ խաչքարերն ու տապանաքարերը:

Առանձնակի  հետաքրքրություն են ներկայացնում նաեւ աշխարհիկ նշանակության կառույցները՝ քարավանատունն ու միաթռիչք կամուրջը:

- Արդեն իսկ փաստագրված հուշարձանների ժամանակագրությունը. Ձեր մեկնաբանությունը:

- Նախեւառաջ կցանկանայի հատկանշել Հին Հարժիսի (Ներքին շենի) գերեզմանոցում (Քշնատափի գերեզմանոցում) այս տարի փաստագրված քառանիստ կոթողը, որը, մեր նախնական համոզմամբ, վաղմիջնադարյան հուշարձան է՝  հետագայում (1211 թվականին) խաչքարացված եւ կանգնեցված իբրեւ մահարձան:

Մեր այս տեսակետի օգտին է վկայում ներկայիս Հարժիսից Ներքին շեն ձգվող ճանապարհի սկզբնամասում կառուցված մատուռի ներսում գտնվող (Խաչի գլուխ անվանյալ վայրի մատուռը)՝ դարձյալ քառանիստ կոթողը, որից պահպանվել են խաչաքանդակ խարիսխը, խաչազարդ սյունը (օգտագործված պատի շարվածքում) եւ թեւավոր խաչը:

Այս եւ վերը նշված կոթողների գոյությունն ինքնին վկայում է տվյալ տարածքի վաղմիջնադարյան մշակութային հարուստ ժառանգության մասին:

Եվ ուրեմն՝ վստահաբար կարելի է արձանագրել՝  Հարժիսի տարածքում առնվազն 6-7-րդ դարերից քրիստոնեական մշակույթն իր ուրույն եւ նշանակալի դրսեւորումներն է ունեցել:

- Շատ հետաքրքիր եզրակացության եք հանգել, իսկ հիմա անդրադառնանք հաջորդ հուշարձանին:

- Ժամանակագրորեն հաջորդը  դարձյալ Հին Հարժիսում է՝  Ալան թագավոր կոչվող վայրում. նկատի ունեմ 10-11-րդ դարերով թվագրվող եկեղեցական համալիրը՝ բաղկացած միանավ թաղակապ եկեղեցուց, արեւմուտքից կից կամարակապ գավթից, հյուսիսից կից տապանատնից:

Հուշարձանը ժողովրդին հայտնի է Ալան թագավորի եկեղեցի, որը, մեր համոզմամբ, պայմանավորված է գավթում պահպանված՝ բավական ճոխ եւ բարձրարվեստ տապանաքար-մահարձանի հյուսիսային նիստի վիմագրում վկայված ննջեցյալի՝ մանուկ Ալանի անունով:

Այդ անունն է, որ հետագայում հիմք է ծառայել՝ հուշարձանը եւ տեղանքը կոչել Ալան թագավոր, իսկ դեպի արեւելք տարածվող հարթությունը (կամրջից հյուսիս-արեւելք)՝ Ալալար:

Իսկ ի՞նչ  հիմքեր ունեք եկեղեցին 10-11-րդ դարերին թվագրելու համար:

-Հիմքերը մի քանիսն են: Նախ՝ բուն եկեղեցին՝ հյուսիսային մուտքով միանավ բազիլիկ է, որին արեւմուտքից կցված գավիթը՝ իր ճարտարապետական լուծումներով եւ զուգահեռներով, ունի  10-11-րդ դարերի համալիրներին բնորոշ լուծումներ:

Կամարակապ սրահների ժամանակամերձ լավագույն հուշարձանները հայտնի են Որոտնավանքից եւ Տաթեւի վանքից, համապատասխանաբար՝ 1006 եւ 1043թթ., մի երեւույթ, որ նույնությամբ տեսնում ենք Ալան թագավորի եկեղեցու գավթի պարագայում՝ վավերացված նույն՝ 1043 թվականով: Այդ թվագիրը, որը հիշատակում են նաեւ հուշարձանի նախորդ հետազոտողներ Երվանդ Լալայանը, Սեդրակ Բարխուդարյանը, Գրիգոր Գրիգորյանը, պահպանվել է գավթի արեւմտյան ճակատի ստորին հատվածում՝ խաչաքանդակի ձախակողմում՝ ներկայումս մասամբ եղծված:

Բացի այդ, հուշարձանի մի շարք վիմագրեր, որոնք ցարդ անտիպ են եւ հաղորդում են համալիրը կառուցած մեկենասների անունները, իրենց հնագրական առանձնահատկություններով համապատասխանում են առնվազն 11-րդ դարի առաջին կեսի վիմագրերին, որոնց լավագույն զուգահեռները կարելի է տեսնել Տաթեւի վանքի վիմագրերում: Մեկենասներից  հիշատակենք Հովհաննեսին եւ իր զավակներին, Մամիկոնին ու Թագուհուն, Զաքարեին ու Թամարին:

- Եկեղեցու անունը…

- Գրավոր աղբյուրներում եկեղեցու անունը վկայված չէ, սակայն ժողովրդական հիշողության մեջ պահպանվում է Սուրբ Աստվածածին անվամբ:

Ալան թագավոր կոչված վայրում, ենթադրում ենք, ուսումնասիրել եք նաեւ միջնադարյան կամուրջը՝ Որոտան գետի վրա:

- Հին Հարժիսը Տաթեւի հետ հաղորդակցող միաթռիչք կամուրջը համեմատաբար լավ է պահպանվել, թեեւ 1970-80-ականներին երկիցս փորձության է ենթարկվել  Շամբի եւ Սպանդարյանի ջրամբարների պատվարների փլուզման հետեւանքով:

Ենթադրելի է, որ կամրջի կառուցումը ժամանակամերձ է քարավանատան կառուցմանը, իսկ քարավանատունը, ըստ արեւելյան մուտքի բարավորի արձանագրության՝ կառուցվել է 1343-ին:

Բայց կա մեկ ուրիշ հանգամանք եւս. կամրջի արեւելյան քիվատակին պահպանվել է արաբերեն՝ ցարդ չվերծանված արձանագրություն: Այդ արձանագրությունը, ըստ արեւելագետ Տիգրան Միքայելյանի նախնական վերծանման, թվակիր է՝ հիջրի 1081 թ., որը փրկչական 1670 թվականն է: Եթե սա հիմնավորվի, ապա կարելի է ասել, որ կամուրջը գրեթե ժամանակակիցն է Տաթեւի համանման կամրջին, որ կառուցվել է 1676 թ. :

- Մինչեւ 1980-ական թթ. կեսը Ալան թագավոր կոչված վայրում կար մի խաչքար-կոթող, որն առանձնանում  է իր պատկերագրական-հորինվածքային յուրօրինակ լուծումներով, այն է՝ խաչի հիմնախորանը պարուրված է իրար միահյուսված զույգ  վիշապ-օձով: Ցավոք, այդ կոթողը կամայականորեն տեղափոխվել է նախ՝ Գորիսի նախկին  պիոներ պալատի բակ, իսկ հետո տեղափոխվել ու կանգնեցվել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում՝  քողարկելով արձանագրության վերջին տողը:

Ձեր տեղեկություններն այդ խաչքարի մասին:

- Խաչքարն ինձ հայտնի է վիմագրագետ Գրիգոր Գրիգորյանի արխիվային լուսանկարներից (1964թ.), երբ այն ընկած է եղել սկզբնական վայրում: Լուսանկարի հիմամբ մեզ հաջողվել է ստորին հատվածում առկա եռատող վիմագիրն ամբողջությամբ վերծանել: Ըստ վիմագրի՝ խաչքարը կանգնեցվել է 1273 թվականին՝ ոմն Մեսրաքի կողմից իր եւ կողակցի համար:

- Մեր ունեցած տեղեկություններով՝ վերջին տարիներին այլազգի որոշ հետազոտողներ, ամենայն հավանականությամբ օսեթներ, սկսել են պնդել  վարկած, թե  իբր ննջեցյալ Ալան «թագավորը» իրականում  ազգությամբ ալան է, սակայն անունը տապանագրում նշված չէ, փոխարենը նրա ծնողների՝ Չաղարի եւ Բաբախաթունի անուններն են նշված, որոնց  եւս համարում են  ալաններ կամ օսեթներ:

Ձեր տեսակետը:

- Տապանագրում ննջեցյալի անվան բացակայությունը եւ դրա փոխարեն ազգությունը նշելը, ինչպես նրանք են պնդում, առնվազն տրամաբանությունից դուրս է:

Ուստի եւ՝ առաջնորդվելով գիտական բարեխղճությամբ, վստահաբար կարող եմ արձանագրել՝ տապանագրում հիշատակված է մանուկ հասակում վախճանված Ալանի անունը, ով իր վաղաժամ մահվամբ սուգ եւ կսկիծ է թողել ծնողների՝ Չաղարի ու Բաբախաթունի սրտերում, անուններ, որոնք հայտնի են հայկական  այլ աղբյուրներում նույնպես:

Տապանաքարը թվակիր է՝ 1326թ. :

Մի խոսքով՝ այդ վարկածի հեղինակները հիմք են ընդունել ննջեցյալի անունն իբրեւ էթնիկ անուն, որի հիման վրա կառուցել են գիտականորեն չհիմնավորված եւ տրամաբանությունից դուրս թեզը:

- Տեղափոխվենք Ներքին շեն. ինչպե՞ս  եք արժեւորում այդ բնակավայրի մշակութային ժառանգությունը:

- Կենտրոնում կանգուն է եռանավ բազիլիկ Սուրբ Մինաս եկեղեցին, որի հյուսիսարեւելյան մույթի արեւելահայաց նիստին պահպանված է թվականը՝ ՌՃԸ, վկայում է՝ առնվազն 1659 թվականին եկեղեցին կանգուն է եղել:

Գյուղատեղիի պատմության խոսուն վկաներն են նաեւ եկեղեցու շուրջը տարածված գերեզմանոցի խաչքարերն ու տապանաքարերը, որոնց վաղագույն օրինակները (ըստ վիմագրերի) հասնում են մինչեւ 13-րդ դարը:

Քաշնատափի գերեզմանոցում, ինչպես վերը նշեցինք, փաստագրել ենք 1211 թվականի խաչարձան:

Խաչքարերը 15-16-րդ դարերի խաչքարային արվեստի ինքնատիպ եւ ուշագրավ նմուշներ են: Դրանցից մեկի վրա պահպանվել է նաեւ վարպետի անունը՝ Ղարդաշ (Ղարդաս), որի բազմաթիվ գործեր հայտնի են հայագիտությանը (գործել  է 16-րդ դարում):

- Ինչպե՞ս եք գնահատում հուշարձանների պահպանության վիճակը  Հին  Հարժիսում:

- Ծայրահեղությունից՝ ծայրահեղություն: Եթե Սուրբ Մինաս եկեղեցին ինձ հանդիպած՝ Գորիսի տարածաշրջանի ուշմիջնադարյան եկեղեցիներից թերեւս ամենաբարվոք եւ մաքուր կառույցն է, ապա մեծ ցավ ապրեցի՝ տեսնելով Ալան թագավորի եկեղեցական համալիրի՝ փլուզման եզրին գտնվող վիճակը: Հուշարձանի գավթի տանիքի քարերը թափվել էին նաեւ նախորդ տարվա տեսածիս համեմատ ու լցվել մանուկ Ալանի տապանաքարի շուրջը: Հիմա խիստ վտանգավոր է եկեղեցի մուտք գործելը: Եվ, օգտվելով առիթից, կցանկանայի մեկ անգամ եւս բարձրաձայնել այդ հուշարձանի խիստ անմխիթար վիճակի մասին եւ հորդորել պատկան մարմիններին՝ վերահաս աղետից խույս տալու համար՝ հնարավորինս շուտ, միջոցներ ձեռնարկել, գոնե ամրակայել:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25