Մխիթար Զաքարյան. «Մեղրու տարածաշրջանի ողջ ներուժն ի մի բերելու եւ առավելագույնս նրա զարգացմանը ծառայեցնելու ցանկությունս անկեղծ է»

31.08.2016 10:38
7800

Մեղրու տարածաշրջանի զարգացման նախադրյալների, որոշ հիմնախնդիրների եւ առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին է զրույցը Մեղրի նորաստեղծ համայնքի ղեկավարի թեկնածու Մխիթար Զաքարյանի հետ:


- Պարոն Զաքարյան, ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ին ընդունել է ,,ՀՀ վարչատարածքային բաժանման մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենսդրական փաթեթը: Այն ուժի մեջ է 2016թ. հուլիսի 11-ից: Մեղրու երբեմնի վարչական շրջանի բնակավայրերը միավորվել են մեկ` Մեղրի համայնքի մեջ: Դրանք են` Մեղրի, Ագարակ քաղաքները, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն գյուղերը: Փաստորեն, խոշորացումն արդեն օրենքով ամրագրված է, եւ Դուք հավակնում եք ղեկավարել նորաստեղծ այդ համայնքը:

- Ինչպես բազմիցս եմ հայտարարել, խոշորացումը ժամանակի հրամայականն է եւ ՏԻՄ կարողությունների բարձրացման դրական կողմերից մեկը: Տեղական իշխանության կարողությունների միավորումը, դրանց հնարավորությունների ընդլայնումը հաշվի առնելով` խոշորացումը հետագա աշխատանքների համար լավագույն ուղիներից մեկն է: Դա միանշանակ անհրաժեշտություն էր եւ մեր երկրի զարգացման տրամաբանական ուղիներից մեկը. առաջընթացի տրամաբանությունը հանգեցնում էր համայնքների խոշորացման գաղափարին:

- Մեղրու խոշորացումը կոնկրետ մեր մարզում կամ միգուցե հանրապետության ողջ տարածքում աննախադեպ է այն իմաստով, որ նորաստեղծ համայնքում ընդգրկվեց Մեղրու երբեմնի վարչական շրջանը: Միգուցե պետք է աստիճանաբա՞ր կատարվեր այդ գործընթացը, ինչպես օրինակ` Գորիսում կամ Սիսիանում:

- Գուցեեւ Գորիսում կամ Սիսիանում համայնքների խոշորացման փնջային տարբերակն արդարացված է, բայց թե՛ աշխարհագրական դիրքով, թե՛ մարդկային ռեսուրսով, թե՛ կառուցվածքային առումով Մեղրու տարածաշրջանի համար, համոզված եմ, այս տարբերակը միանշանակ ճիշտ է: Ի սկզբանե, մինչեւ սույն վարչատարածքային բարեփոխումն արդեն իսկ դժվար էր տարանջատել Մեղրի եւ Ագարակ համայնքների խնդիրները: Նախ` այդպես էլ անցած 20 տարում չվերացվեց այն դերը, որ պատմականորեն ուներ Մեղրին, ինչը բնական պետք է համարել. ոչ պաշտոնապես նա միշտ էլ կատարել է տարածաշրջանի կենտրոնի դեր:

Բացի դրանից` մեր հսկա գործատուն` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ կազմում է տարածաշրջանի տնտեսության գերակշիռ մասը, արդեն իսկ միավորում է բոլորիս. կոմբինատի հանքերը Կուրիսի վարչական տարածքում են, հարստացուցիչ ֆաբրիկան` Կարճեւանի, պոչամբարը` Մեղրու, մնացած մասը` Ագարակի: Հաջորդ միավորող գործոնը Մեղրու մաքսակետն է, ինչպես նաեւ ջրային ռեսուրսներն են, որոնք առաջանում են Լիճք, Տաշտուն գյուղերի ջրահավաք ավազանում, իսկ սպառողները մնացած բոլոր բնակավայրերն են: Կրկնեմ ասածս` միանգամայն ճիշտ եմ համարում տարածաշրջանի բնակավայրերի միավորումը մեկ համայնքում. սա մեր զարգացման ընթացքի օրինաչափ հանգուցալուծումներից մեկն է եւ հետագա զարգացման գրավականը:

- Սեպտեմբերի 18-ին նորակազմ համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, եւ առաջադրվել է նաեւ Ձեր թեկնածությունը:

- Թեկնածությունս առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կուսակիցներիս եւ հավաստիացնում, որ կարդարացնեմ նրանց վստահությունը:

- Ընտրվելու դեպքում Դուք կստանձնեք բավականին բարդ եւ պատասխանատու աշխատանք` դառնալով խնդիրներով լի նորակազմ համայնքի ղեկավար:

- Ես գիտակցաբար եմ մոտենում այդ հարցին եւ համոզված եմ, որ իմ կենսագրությունը, աշխատանքային, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման բնագավառում ձեռք բերած փորձը բավարար են այդ պաշտոնը ստանձնելու համար: Ունեմ հստակ պատկերացում Մեղրու տարածաշրջանի հետագա զարգացման վերաբերյալ, եւ համայնքի ազգաբնակչությունը, կարծում եմ, բոլոր հիմքերն ունի ինձ վստահելու չափազանց պատասխանատու այդ պաշտոնը: Մի խոսքով` ի վիճակի եմ արժանապատվորեն ղեկավարել նորաստեղծ համայնքը, կրել այդ ծանր բեռը:

- Ո՞րն է, ըստ Ձեզ, լավ ղեկավարի հաջողության երաշխիքը:

- Լավ ղեկավարի հաջողության գրավականը չի կարող միայն մեկ հատկանիշով պայմանավորվել, անհրաժեշտ է մի քանի հատկանիշների հանրագումար, այսինքն` հայրենի եզերքին անմնացորդ նվիրում, համապատասխան գիտելիքների պաշար, ղեկավարման ձիրք, աշխատանքային փորձ, պատասխանատվության բարձր զգացում: Նորաստեղծ համայնքի առջեւ ծառացած խնդիրները լուծելու եւ անհաջողության չմատնվելու համար անհրաժեշտ է, նախեւառաջ, այս բոլոր հատկանիշները միաժամանակ ունենալ: Իմ առջեւ ծառացած խնդիրների չափը լիարժեք պատկերացնում եմ եւ վստահ եմ ուժերիս վրա. ընտրվելու դեպքում կարճ ժամանակահատվածում կարդարացնեմ ինձ վստահության քվե տվողների սպասելիքները:

- Համայնքը, որը ցանկանում եք ղեկավարել, լա՞վ եք ճանաչում: Որո՞նք են Մեղրու տարածաշրջանի առջեւ ծառացած ամենախոշոր խնդիրները:

- Նախ ասեմ, որ այս տարածաշրջանն իր ուղնուծուծով ճանաչում եմ: Ամենագլխավոր խնդիրը, որ ավելի շատ Ագարակի շրջանին է բնորոշ, տնտեսության դիվերսիֆիկացիայի (բազմաճյուղ տնտեսություն) ցածր մակարդակն է: Ճիշտ է, բարեբախտություն է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ ունենալը, բայց, մյուս կողմից էլ, ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ մեր տնտեսության 80%-ը պատկանում է նրան: Կարճ ասած, մեր տարածաշրջանի կյանքը, կենսագործունեությունը կախված են համաշխարհային շուկայում պղնձի գներից, ինչը վտանգավոր իրավիճակ կարելի է համարել: Հաջորդ կարեւոր խնդիրը ջրային ռեսուրսների կուտակումն է, ինչից կախված է գյուղատնտեսության զարգացումը: Իսկ գյուղատնտեսությունը հանքարդյունաբերությունից հետո մեր տարածաշրջանում ստեղծվող ներքին արդյունքի ամենամեծ ռեսուրսն է պարունակում: Լինելով հարավային դարպաս եւ սահմանակից Հայաստանի Հանրապետության հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրի` Իրանի Իսլամական Հանրապետությանը` չնչին չափով ենք օգտագործում այդ հնարավորությունը: Զարգացած տնտեսություն ունեցող այդ երկրի հետ մեր հարաբերություններն ավելի գործնական հարթակ պետք է բերել, ինչից կշահի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ մեր երկրի տնտեսությունը: Այնպես որ մեր հաջորդ խնդիրն ԻԻՀ-ի հետ հատկապես առեւտրի եւ զբոսաշրջության զարգացումը պետք է լինի: Առեւտրի զարգացմանը տարիներ առաջ նպաստել է սահմանամերձ շուկան, որն ինչ-ինչ պատճառներով փակվել է, իսկ զբոսաշրջությունը նախադրյալներ կստեղծի տեղում փոքր բիզնեսի զարգացման համար: Որպես ՀՀ քաղաքացի` առաջնային եւ մտահոգիչ խնդիր եմ համարում նաեւ երկրի ժողովրդագրական պատկերը, որը վերականգնելու համար բազում տարիներ են անհրաժեշտ: Իրականում երբեմն անհասկանալի է, երբ տնտեսապես ավելի նպաստավոր պայմաններ ունեցող Մեղրու տարածաշրջանում ծնելիության մակարդակն ավելի ցածր է, քան ավելի աղքատ շրջաններում: Այս հարցը, կարծում եմ, մասնագիտական լուրջ ուսումնասիրության կարիք ունի:

- Իսկ բնապահպանական խնդիրների մասին ի՞նչ կասեք:

- Ինչքան էլ ցավալի է արձանագրել, այնուհանդերձ Մեղրու տարածաշրջանի զարգացումն առանց Ագարակի ՊՄԿ-ի հնարավոր չէ պատկերացնել, ինչը, բնականաբար, որոշակի բնապահպանական խնդիրներ է առաջացնում, բայց գնալ ծայրահեղ քայլի, այն է` առաջարկել կոմբինատի փակում կամ գործունեության սահմանափակում, ճիշտ չի լինի: Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ հանքարդյունաբերությամբ զբաղվում են, բայց դրան զուգահեռ իրականացվում են նաեւ բնապահպանական լուրջ միջոցառումներ: Բնականաբար, երկրի սոցիալ-տնտեսական վիճակին զուգահեռ կարեւորվում է նաեւ բնապահպանությունը. ես համոզված եմ, որ մեզանում էլ արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

- Ընդհատելով Ձեր խոսքը` հիշեցնենք, որ, ըստ ՀՀ նոր սահմանադրության, պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը` ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով եւ հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջեւ:

- Առհասարակ կողմ չեմ կտրուկ քայլերի. եթե հանքավայրը շահագործելու լիցենզիա է տրված, ուրեմն համապատասխան փորձագիտական եզրակացություն կա, որտեղ հաշվի են առնվել հնարավոր բոլոր ռիսկերը շահագործման ընթացքում, շրջակա միջավայրին, մարդկանց առողջությանը պատճառվող հնարավոր վնասները: Որպես տարածաշրջանի բնակիչ եւ հայ մարդ, արդեն ասացի, վերապահումով եմ վերաբերվում հանքավայրերը փակելու կամ դրանց գործունեությունը սահմանափակելու` որոշ բնապահպանների պահանջներին:

- Ի՞նչ կասեք հանրապետությունում եւ հատկապես Մեղրու տարածաշրջանում օրեցօր աճող հէկերի վերաբերյալ:

- Կոնկրետ ինձ համար հէկի տիրոջ աշխատած միլիոնավոր դրամն ու 1000 քառ. մետր հողատարածք ունեցող մարդու շահը միահավասար են: Ինչքան հէկի տիրոջ համար կարեւոր է շատ հոսանք արտադրելը, այնքան էլ կարեւոր է թեկուզ փոքր հողակտորը կամ այգին ոռոգելու խնդրի լուծումը:

- Մինչ ընտրությունը Դուք Ագարակի քաղաքապետն եք լինելու, արդեն քանի տարի է` Կարճեւան գետի հունով ջրի փոխարեն մոխրագույն զանգված է հոսում, եւ Ագարակ մտնելիս գարշահոտություն ենք զգում: Փաստորեն, ստացվում է, որ կոմբինատի պոչուկատարի հարցն այդպես էլ լուծում չի ստանում:

- Կոմբինատի պոչուկատարի վթարային հատվածը գտնվում է հիմնականում Կարճեւանի վարչական տարածքում եւ միայն մի փոքր հատվածը` Ագարակի տարածքում: Բայց համոզված եմ` պոչուկատարի հարցը կոմբինատի ղեկավարության ուշադրության կենտրոնում է եւ լուծում կստանա:

- Դեռեւս խորհրդային տարիներից սկսած Մեղրու տարածաշրջանը երկրի համար ունեցել է կարեւոր ռազմավարական նշանակություն, ինչը պահպանվում է նաեւ այսօր: Անկախության տարիներին նույնպես շատ քաղաքական գործիչներ շեշտը դրել են առանձնահատուկ վերաբերմունքի անհրաժեշտության վրա: Դուք նույնպես կարեւորո՞ւմ եք տարածաշրջանի հանդեպ տարբերակված վերաբերմունք ունենալը:

- Իմ ղեկավարման ութ տարվա ընթացքում, վստահորեն կարող եմ ասել, մեր տարածաշրջանը հանրապետական եւ մարզային իշխանությունների ուշադրության պակաս չի զգացել: Տարածաշրջանը զարգացնելու լավատեսական ծրագրերի հիմքերից մեկն էլ մարզպետ Սուրեն Խաչատրյանի մշտական աջակցությունն ու հովանավորությունն են: Իսկ այն բոլոր ծրագրերը, որոնք իրականություն են դարձել անցած տարիների ընթացքում, կարծում եմ, բավարար են, որ ապացուցվի վերոնշյալ դիտարկումս, բացի դրանից` պետք է հաշվի առնել նաեւ երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակը: Մենք ավելի շատ հատկացված միջոցները տեղում ճիշտ օգտագործելու խնդիր ունենք: Ընդհանրապես այն կարծիքին եմ, որ առանց Մեղրու շրջանի ՀՀ վաղվա օրը հնարավոր չէ պատկերացնել, եւ դա հասկանում են բոլորը` բարձրագույն իշխանություններից սկսած: Մենք սովոր ենք անընդհատ պահանջել, հեշտ ճանապարհով հասնել ուզածին, որը հաճախ խանգարել է մեր ներքին ռեսուրսներն արդյունավետ օգտագործելուն: Ներկա վիճակով լիովին բավարար եմ համարում իշխանությունների արձագանքը Մեղրու շրջանում առաջացած բոլոր խնդիրներին: Ի վերջո, մենք ՀՀ տարածքում ենք եւ համեմատություն անելով երկրի մի շարք շրջանների վիճակի հետ` կարելի է արձանագրել, որ ավելի լավ կարգավիճակում ենք:

Դեռեւս ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 17-ի թիվ 417 որոշմամբ ընդունվել է Մեղրու տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման միջոցառումների ծրագիր, որի մի շարք դրույթներ այսօր արդեն իրականություն են: Կարեւոր է նաեւ մանկավարժական ու բժշկական կադրերի համալրման համար համապատասխան բուհերում տեղեր հատկացնելու դրույթը, այլ հարց է այդ կադրերի` Մեղրի չվերադառնալը: Կարեւոր է երիտասարդների համար տարածաշրջանը գրավիչ դարձնելը: Կառավարության մեկ այլ որոշմամբ` արդեն քանի տարի է` պահուստային ֆոնդից գումար է հատկացվում գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու, ինչպես նաեւ անհատական ոռոգման պոմպերով ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով:

- Մեր կարծիքով` մեղրեցին, այնուամենայնիվ, ավելին պահանջելու իրավունք ունի, քանի որ դեռեւս խորհրդային տարիներին այս շրջանում, տարբեր պատճառներով պայմանավորված, մոտ 20 գյուղ է վերացվել: Մեղրեցին գյուղերի վերացման մտավախություն ունենալու հիմքեր ունի:

- Գուցե իմ այս հայտարարությունը մի քիչ հավակնոտ թվա, երազանքի նման, բայց Վանք եւ Կալեր գյուղերի վերաբնակեցումը կհամարեմ իմ հաղթանակներից մեկը. այնտեղ տնտեսական մեծ ներուժ, կենսաապահովման բոլոր նախադրյալները կան:

- Մեղրու շրջանում, որպես սահմանային տարածք, որպես սեպ` Ադրբեջանի երկու տարածքի ու Թուրքիայի միջեւ խրված, հատկապես քառօրյա պատերազմի օրերին նոր իրավիճակ ստեղծվեց, ամեն պահ սպասվում էր հարձակում: Այնպես որ` համայնքի բնակչության` տարածքում տեղակայված զորամասերի հետ համագործակցությունը գլխավոր առաջնահերթություններից է:

- Տարածաշրջանի անվտանգության ապահովումը երկու ուղղությամբ է իրականացվում. Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանի պահպանում, որ, համաձայն միջպետական պայմանագրի, ամենաբարձր մակարդակով իրականացնում է Մեղրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատը` իր ուղեկալներով: Իսկ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածի պաշտպանությունն իրականացնում է Ագարակում տեղակայված հայկական զորամասը` համաձայն մշակված պլանի, եւ այդ առումով ազգաբնակչության ու համայնքային իշխանության խնդիրն է հնարավորության սահմաններում աջակցել եւ օժանդակել մեր զինված ուժերին: Բանակ-հասարակություն կապը բարձր մակարդակի վրա է մեր տարածաշրջանում եւ պետք է ավելի զարգացնել, քանզի Մեղրին անառիկ բերդ դարձնելը բոլորիս ամենօրյա աշխատանքի նպատակը պետք է լինի. ավելի ճիշտ դա համազգային խնդիր է: Առհասարակ երկրի պաշտպանությունը երբեւէ բավարար չի կարելի համարել: Չեմ մանրամասնում այն բոլոր աշխատանքները, որոնք անցած ժամանակահատվածում համատեղ իրականացրել ենք, բայց զինվորականության բարձրացրած յուրաքանչյուր հարցի լուծմանն աջակցելն ու օժանդակելը մեր սուրբ պարտականությունն ենք համարել ու համարում: Մանավանդ վերջին երեք տարում բավականաչափ աշխատանքներ են իրականացվել առաջնագծի հենակետերի ամրապնդման ուղղությամբ, բայց թշնամին քնած չէ եւ նույնպես իրականացնում է քայլեր. այդ առումով, կարելի է ասել, մրցավազքի մեջ ենք, բայց չենք զիջում: Բանակի հետ համագործակցության համար անհրաժեշտ փորձ ունեմ եւ հստակ պատկերացնում եմ այդ ուղղությամբ հետագա անելիքները:

- Ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված հուլիսյան իրադարձությունները մեծ արձագանք գտան: Քաղաքական փորձագետները տարբեր գնահատականներ տվեցին ստեղծված իրավիճակին: Որպես քաղաքական գործիչ` ի՞նչ պետք է անել, որ մարդը որեւէ խնդրի լուծման համար զենքի ուժին չապավինի:

- Ստեղծված իրավիճակի համար քաղաքական վերլուծություններ անելը երկրի բարձրագույն իշխանությունների եւ քաղաքական փորձագետների գործն է: Վստահ եմ, որ առկա խնդիրներն իշխանությունների ուշադրության կենտրոնում են, եւ միջոցներ կձեռնարկվեն դրանք հարթելու առումով: Որպես ՀՀ քաղաքացի, ամենամեծ կորուստը համարում եմ ոստիկանության գնդապետի եւ ենթասպայի մահը, որն անդառնալի կորուստ է մեր ազգի համար. հատկապես ուժային որեւէ կառույցից մարդ կորցնելը շատ ցավալի է երկրի համար: Ես փորձագետ չեմ, եւ, կարծում եմ, եթե յուրաքանչյուր ոք զբաղվի իր գործով, նմանատիպ իրավիճակ չի ստեղծվի:

- Մեղրու ոռոգման ջրի ինքնահոս համակարգի արեւելյան թեւն արդեն իրողություն է, որ շատ կարեւոր է տարածաշրջանի զարգացման համար:

- Աշխատանքների զգալի մասն արդեն ավարտվել է, ներկայումս արաքսամերձ վեց համայնքում կատարվում է ոռոգման ջրի ներքին ցանցի բարելավում, որ շատ մեծ ձեռքբերում է, բայց ոչ` բավարար: Մեր հաջորդ քայլը կլինի ջրամբարների կառուցումը` առանց որոնց չեմ պատկերացնում տարածաշրջանի հետագա զարգացման ընթացքը:

- Իսկ պտուղ-բանջարեղենի իրացման հարցն ինչպե՞ս է լուծվում. դա էլ տարիներ շարունակ հիմնախնդիր է եղել:

- Փառք Աստծո, մինչեւ այսօր մեր տարածաշրջանում պտղի իրացման խնդիր չկա, ինչպես ասենք, Արարատի կամ Արմավիրի մարզերում է լինում: Արտադրված բերքն ամբողջովին իրացվում է, բայց եթե հեռահար հայացք ձգենք, մեզ էլ կարող է սպառնալ այդ հարցը` պայմանավորված երկրի բնակչության թվի նվազումով, գնողունակության անկմամբ, ինչպես նաեւ իրացման ծավալի նվազմամբ: Դրան զուգահեռ, թեկուզ դանդաղ, բայց աստիճանաբար ավելանում է այգիների քանակը: Մեղրու պահածոների գործարանը քիչ քանակով բերք է ընդունում, մնացած մասն իրացվում է ներքին շուկայում: Իմ խորին համոզմամբ` պետք է քայլեր ձեռնարկել մեր բերքն արտահանելու ուղղությամբ, ինչի համար նախադրյալներ է ստեղծում եվրասիական շուկան: Ինչպես նաեւ տեղում անհրաժեշտ է երկրորդ պահածոների գործարան ունենալ, որ կնպաստի նաեւ աշխատատեղերի ավելացմանը. չէ՞ որ առաջընթացը ծնվում է առողջ մրցակցությունից: Անհրաժեշտ է ունենալ նաեւ գյուղմթերքի լոգիստիկայի կենտրոն` կա՛մ մեկը` բազմաֆունկցիոնալ, կա՛մ էլ մի քանիսը` մասնագիտացված:

- Մեղրու տարածաշրջան մտնելիս բավականին շատ չորացած այգիների հետքեր են երեւում: Համայնքի ղեկավարի թեկնածուն ի՞նչ ծրագրեր ունի գոնե մասամբ այգիները վերականգնված տեսնելու համար:

- Իհարկե, Մեղրու տարածաշրջանի այգիների երբեմնի հռչակն ամբողջովին վերականգնել հնարավոր չէ, բայց գոնե դրանց մի մասը կմշակվի, եթե հողագործը վստահ լինի, որ իր մթերքը կիրացվի: Իմ ծրագիրն այդ ուղղությամբ հետեւյալն է. ստեղծել պայմաններ հնարավորինս շատ բերքի իրացման համար: Մինչեւ չստեղծվեն այդ տնտեսական հիմքերը, այգին չի մշակվի: Ինչո՞ւ ենք մենք այսօր հպարտորեն նշում, որ հատկապես պտուղ-բանջարեղենի իրացման խնդիր չունենք, որովհետեւ Ձեր նշած հողատարածքները լիարժեք չեն օգտագործվում: Տնտեսապես շահութաբեր լինելու դեպքում մարդիկ իսկապես շահագրգռված կլինեն մշակել իրենց այգիները:

- Հյուսիս-հարավ ճանապարհի` դեպի մեր մարզ ծրագիրը գործնական հիմքերի վրա է դրվում հենց Մեղրու տարածաշրջանից: Որքանո՞վ այն կնպաստի համայնքի զարգացմանը:

- Մեզ համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունի նաեւ Կապան-Ծավ-Մեղրի միջպետական ճանապարհը, իսկ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը, նախեւառաջ, աշխատատեղեր կստեղծի, բացի դրանից` տնտեսական ակտիվությանը կնպաստի: Մի խոսքով` բոլորս սպասում ենք այդ ճանապարհի շինարարության մեկնարկին:

- Որպես հանրապետության հարավային դարպաս` Մեղրու տարածաշրջանն ունի՞ թաքնված, չօգտագործված ներուժ, որ ընտրվելու դեպքում կկարողանաք օգտագործել:

- Նախեւառաջ, զբոսաշրջության զարգացումը. զբոսաշրջիկների այցը, թեկուզ կարճատեւ, շատ ձեռնտու կլինի տարածաշրջանին, իսկ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ ստորագրված` քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիրը կխթանի նաեւ երկկողմ զբոսաշրջությանն ու կստեղծի առավել նպաստավոր պայմաններ ՀՀ եւ ԻԻՀ քաղաքացիների փոխայցելությունների համար: Սրանով փոքր բիզնեսի զարգացման համար էլ կստեղծվեն նպաստավոր պայմաններ:

- Երիտասարդության զարգացման հեռանկարի, նրան երկրամասին կապելու համար ի՞նչ ծրագրեր ունեք:

- Երիտասարդության` մեր ուզած տեսակի ձեւավորման, զարգացման սաղմերը դրվում են դեռեւս վաղ մանկությունից, եւ այդ հարցի լուծումը տեսնում եմ համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների սահմաններում: Համայնքի ղեկավարի խնդիրը նախադպրոցական կրթությունը ճիշտ կազմակերպելն է, երբ սկսում է ձեւավորվել անհատը: Մանկապարտեզ հաճախող երեխայի մեջ տեսնում եմ վաղվա քաղաքացուն եւ այդ է պատճառը, որ իմ ղեկավարման տարիներին առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական կրթությանը, ձգտել ստեղծել բարեկարգ համայնք, որտեղ վերադառնալու ձգտում երիտասարդները մշտապես ունենան: Մեղրու տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ծրագրերը, նախեւառաջ, նպատակաուղղված են երիտասարդության գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն: Կառավարության որոշման համաձայն` Մեղրու տարածաշրջանին հատկացված տեղերով մանկավարժական եւ բժշկական կրթություն ստացած կադրերից, ինչպես նշեցի քիչ առաջ, ոչ բոլորն են վերադառնում: Վստահ եմ, որ այս հարցը կարող է լուծվել օրենքի ուժով…

- Բազմիցս նշել եք, որ մանավանդ Ագարակում բնակարանային հարցը սրված է, եւ Դուք խրախուսում եք անհատական բնակարանաշինությունը:

- Ոչ միայն խրախուսում, այլեւ, կարելի է ասել, խնդրում ենք, որ մարդիկ տուն կառուցելու համար հողատարածք վերցնեն: Ագարակում վերջին տարիներին երկու անհատական տուն է կառուցվել: Մեր ծրագրերից մեկն էլ այն է, եթե իհարկե ավագանին համաձայնություն տա, որ գյուղական համայնքներում նրանց, ովքեր կցանկանան տուն կառուցել կամ թեկուզ վերանորոգել, որոշակի շինանյութ տրամադրենք: Իհարկե, դա մեծ բան չէ, բայց շինարարական աշխատանքների համար խթան կհանդիսանա: Բնակարանային հարցը մասամբ կլուծվի նաեւ Ագարակի ու Մեղրու նախկին հիվանդանոցների շենքերի շնորհիվ. Մեղրիում մարդիկ արդեն գնել են այդ բնակարանները, իսկ Ագարակում հարցը դեռեւս ընթացքի մեջ է:

- Համայնքների խոշորացումն արդեն օրենքով ամրագրված իրողություն է, բայց արդյո՞ք տեղային զգացումներ չե՞ն առաջանալու` ագարակցի, մեղրեցի, կարճեւանցի…

- Դա ապաշնորհ, անգործունյա մարդկանց հնարածն է: Մենք պետք է կարողանանք տարանջատել պետական, համայնքային եւ անձնական մտածելակերպը: Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ Մ.Զաքարյանը ծնվել է Ագարակի Սայաթ-Նովա փողոցում, եւ իր ութ տարվա ներդրումը միայն այդ տարածքում պետք է լիներ, կամ էլ նրա ծնողները Կարճեւանից են, եւ նա մշտապես առանձնահատուկ վերաբերմունք պետք է ունենար կարճեւանցիների հանդեպ: Համոզված եմ` նորաստեղծ համայնքի ղեկավար կընտրվի քաղաքականապես հասուն, խելացի մտածելակերպ ունեցող մարդը, ով կգիտակցի, որ ինքը Մեղրու շրջանի ղեկավարն է, որն էլ մեկ ամբողջական միավոր է: Եթե համայնքապետը սկսի տեղային մտածելակերպ բանեցնել, ակամայից նա իրեն հակառակորդ կհայտարարի մյուս համայնքներին: Ես պատկերացնում եմ համաչափ զարգացման նախադրյալները մեր շրջանում` հաշվի առնելով յուրաքանչյուր բնակավայրի ողջ ներուժը: Իսկ քաղաքների կամ գյուղերի միջեւ տարբերություն դնելը ղեկավարման գործընթացում պարտություն կրելու առաջին գրավականներից է:

- Հասարակական, քաղաքական դաշտում ընդդիմախոսներ, հակառակորդներ շա՞տ ունեք:

- Ինձ համար նշանակություն ունի միայն առողջ քննադատությունը, որ օգնում է ավելի սթափ դատել: Ես շնորհակալ կլինեմ, եթե գտնվեն մարդիկ, ովքեր կմատնանշեն աշխատանքի մեջ իմ թույլ տված սխալները` իհարկե, միայն համապատասխան հիմնավորումներ ներկայացնելով: Ցավոք սրտի, սթափ քննադատություն մինչ այժմ միայն կողմնակիցներիցս եմ լսում: Ցանկալի կլիներ, որ նաեւ հակառակորդներս, եթե այդպիսիք իսկապես կան, նույնպես ներկայացնեին իրենց հիմնավորված դիտողությունները, որոնք պատրաստ եմ հաշվի առնել: Իմ գործընկերներին մշտապես ասել եմ` յուրաքանչյուր ճշմարտություն ծնվում է առողջ քննարկման ընթացքում. կա՛մ դուք պետք է ապացուցեք, որ ճիշտ եք, կա՛մ` ես:

- Ինչպիսի՞ ընտրություններ եք ակնկալում սեպտեմբերի 18-ին:

- Անկեղծ ասած, ակնկալում եմ բարձր քվե` անկախ մրցակից ունենալուց կամ նրա բացակայությունից, որը ոչինչ չի փոխի իմ մարտավարության եւ նախընտրական քարոզարշավի մեջ: Ես կներկայացնեմ իմ պատկերացումները տարածաշրջանի զարգացման վերաբերյալ, եւ, կարծում եմ, անցած ճանապարհս, գիտելիքներս, աշխատանքային փորձս մեր ազգաբնակչության համար խոսուն վկաներ են: Բարձր քվեն ինձ համար արդյունավետ գրավական կլինի. ինչքան բարձր` այնքան ընտրողի առջեւ մեծ է պատասխանատվությունը: Տեսականորեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունի Մեղրու տարածաշրջանի մոտ ինը հազար ընտրող: Ես այն կարծիքին չեմ, որ պաշտոնը հավերժ է, եւ մարդը կարող է անփոխարինելի լինել: Շատ կցանկանայի արժանի մրցակից ունենալ, որի ներկայացրած ծրագիրը միգուցե եւ հետագայում համատեղ աշխատելու հիմք դառնար: Իմ հնարավոր մրցակիցը, տարածաշրջանի համայնքների նախկին ղեկավարները, ավագանու անդամները, հասարակության մեջ հարգանք վայելող անձինք կարող են դառնալ համախոհս ընտրապայքարում եւ հետագայում:

- Ընտրվելու դեպքում կադրային ինչպիսի՞ քաղաքականություն կվարեք:

- Իրենց հող ու ջրին անմնացորդ նվիրված, բարոյական եւ մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված անձինք պետք է լինեն աշխատակազմի անդամ: Մեխանիզմն այնպիսին կլինի, որ ըստ պատշաճի աշխատանքների վերահսկողություն կկատարվի: Քարանձավային մտածելակերպ եմ համարում ծանոթ-բարեկամին աշխատանքի ընդունելը` առանց հաշվի առնելու նրա մասնագիտական կարողությունները, դա իմ գործելաոճը չէ: Վստահ եմ, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ մեկ տարի հետո Մեղրի համայնքում կատարված աշխատանքների պտուղները կերեւան:

- Ձեր խոսքն ընտրողներին:

- Իմ այցեքարտը եղել եւ մնում է կենսագրությունս, եւ, կարծում եմ, որ այն ինձ վստահելու երաշխիքներից մեկն է: Կարող եմ ասել նաեւ, որ Մեղրու տարածաշրջանի ողջ ներուժն ի մի բերելու եւ առավելագույնս նրա զարգացմանը ծառայեցնելու ցանկությունս անկեղծ է:

- Մեղրու շրջանի ՏԻՄ ընտրությունից երեք օր հետո մեր երկրում կնշվի անկախության 25-ամյակը: Ո՞րն է մեր երկրի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերը:

- Մեր ամենամեծ ձեռքբերումն անկախ պետականության վերականգնումն է, եւ այսօր հպարտորեն կարող ենք նշել, որ ունենք անկախ պետություն: Հաջորդ ամենամեծ ձեռքբերումը հայոց բանակն է` մեր անվտանգության գլխավոր երաշխավորը: Ամենամեծ խնդիրն առաջիկա տարիների ընթացքում ձեռք բերածը պահպանելն ու այն զարգացնելն է. տեղում դոփելով` կկորցնենք նաեւ արդեն ունեցածը: Առավելագույն նվիրումով յուրաքանչյուրս կատարենք մեր առջեւ դրված պարտականությունները, եւ, համոզված եմ, արդյունքն ակնհայտ կլինի:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23