Մորթեզա Աբեդին Վարամին․ «Երկու ժողովրդի բարեկամության հիմնաքարը դրել ենք, մյուսները թող շարունակեն, քարի վրա քար ավելացնեն»

16.09.2026 17:42
756

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին ավարտել է իր պաշտոնավարությունը։ Կապանից մեկնելուց առաջ «Սյունյաց երկիրը» մի քանի հարց ուղղեց նրան,  երբ սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել էր թերթի խմբագրությունում։

– Պարոն հյուպատոս, նախ՝ կուզենայինք իմանալ, թե ի՞նչ տպավորություններով եք հեռանում։

– Հեռանալ, բնավ չի նշանակում մոռանալ։ Մեր բարեկամությունը, որ չորս տարի առաջ է ստեղծվել, պիտի շարունակվի։

Նախ՝ իմ տպավորություններն այն հարաբերությունների մասին, որ ստեղծվել են հյուպատոսարանի և «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության միջև։

Տեսա, թե դուք ինչքան հայրենասեր եք, ինչքան եք սիրում ձեր երկիրը, նրա ապագայի համար պայքարում՝ անկախ այն բանից, թե ում հետ եք շփվում։ Դա ճշմարիտ կեցվածք է։ Շատ օրինակներ կան, երբ մարդիկ իրենց շահերից կամ իրավիճակից ելնելով, փոխում են սեփական դիրքորոշումը, բայց դուք նման կաղապարի մեջ չեք տեղավորվել երբեք։

Ինչ վերաբերում է մեր երկու ժողովրդին, մենք իրար կապող շատ բան ունենք։ Երեկ իրանական հեռուստատեսությամբ Արևելյան Ատրպատականի մասին վավերագրական ֆիլմ էր ցուցադրվում, որը հետաքրքեց ինձ։ Հուշարձաններ և բերդեր էին էկրանին, որոնք բոլորն էլ ուրարտական էին։ Նույնիսկ ցուցադրում էին սեպագրեր՝ Արգիշտի 1-ին թագավորի ժամանակաշրջանին առնչվող։ Դա վկայություն է այն բանի, որ երկու ժողովուրդները՝ հայ և իրանցի, նույն արմատից են սերում։ Հին դարերում այս տարածաշրջանում գոյություն է ունեցել երկու երկիր՝ Իրան և Հայաստան։

Ուրախ եմ, որ անցած չորս տարում, ինչ այստեղ եմ եղել, իմ դիվանագիտական աշխատանքին զուգահեռ կարողացա ընկերական, բարեկամական անմիջական կապեր ստեղծել։

Ես դիվանագիտական աշխատանքի բերումով շատ երկրներում եմ եղել, բայց երբևէ չեմ մտածել այդ երկրները կրկին այցելել։ Իսկ ահա Հայաստանի հետ կապը շարունակական կլինի։ Բնականաբար, այդ ժամանակ պաշտոնյա չեմ լինի, ազատ ժամանակ կունենամ և ինքս կտնօրինեմ այն։

– Շատ ամփոփ ներկայացրեք, խնդրեմ, չորս տարվա Ձեր հյուպատոսական գործունեությունը։

– Կապեր ենք ստեղծել, որոնք մինչև հիմա չեն եղել, բայց դեռ շատ-շատ անելիքներ ունենք տարբեր ոլորտներում՝ տնտեսություն, կրթություն, մշակույթ։ Պիտի խոստովանեմ նաև՝ Հայաստանի մասշտաբով շատ բան չենք հասցրել անել։ Ամենանշանակալի ձեռքբերումն այն է, որ ճիշտ պատկերացում կազմեցինք   Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի մասին։

Երբ Իրանում եմ լինում, պատմում եմ, թե Սյունիքի ժողովուրդն ինչքան հետաքրքրված է մեր երկրով, թե որքան են ցանկանում լինել Իրանում։

Միջոցառումներ շատ կազմակերպվեցին, ունեցանք լավ ու վատ օրեր, ինձ համար զարմանալին այն էր, թե Սյունիքի ժողովուրդը որքան զգայուն էր այն ամենի հանդեպ, ինչը պատուհասեց մեր ժողովրդին՝ նկատի ունեմ Ամերիկայի կողմից սանձազերծված պատերազմը։ Մանավանդ Իրանի հոգևոր առաջնորդի մահվան օրն  ամենամոտ բարեկամի պես ցավակցեցին մեզ։ Նաև զարմանալի էր ինձ համար այն, թե Սյունիքի ժողովուրդը որքան շատ բան գիտի մեր հոգևոր առաջնորդի մասին։

Մի խոսքով, երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության հիմնաքարը դրել ենք, մյուսները թող գան ու շարունակեն, քարի վրա քար ավելացնեն։ Պաշտոնավարման անցած չորս տարում կարողացանք Սյունիքի և Իրանի որոշ քաղաքների միջև բարեկամության կամուրջներ գցել՝ այդ իրողությունը հաստատող հուշագրեր ստորագրելով։ Հուսամ՝ հետագա քայլերը կլինեն շատ ավելի հաստատուն։ Այնուամենայնիվ, երբ հետադարձ հայացք եմ նետում, տեսնում եմ՝ ինչ-որ նախատեսել էինք, հիմնականում իրականացրել ենք։

– Կուզենայինք Ձեր կարծիքն իմանալ Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակի մասին՝ հատկապես ԹՐԻՓՓ նախագծի շուրջ տարաձայնությունների համապատկերի վրա։

– Հայաստանի և Իրանի ժողովուրդներն ունեն դարավոր կապեր։ Ով էլ գա իշխանության, պիտի հարգի երկկողմ այդ հարաբերությունները․․․

Բազմիցս կրկնել եմ այն միտքը, որ երկրները, որոնք ցանկանում են իրենց հարցերը լուծել Իրանի հետ, Հայաստանին հանգիստ պիտի թողնեն։ Սա նաև ասել եմ այն ժամանակ, երբ ԹՐԻՓՓ-ի մասին խոսք չկար։

Միշտ ասել եմ նաև՝ որոշ երկրներ գալիս են մեր տարածաշրջան՝ ինչ-ինչ հաշիվներ մաքրելու ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների հետ։

Իրենք իրենց ձեռքին ունեն մի կեղծ «ապրանք», որ փորձում են գեղեցկացնել։ Դա կարող է կոչվել ճանապարհ կամ միջանցք։

Մենք պետք է շատ զգույշ լինենք, չխաբվենք դրա արտաքին գեղեցկությամբ։

Եթե ճանապարհը տարածաշրջանի որևէ երկրի համար պրոբլեմ չի ստեղծելու՝ Իրանը դեմ չէ դրան: Բայց եթե դա կառուցվում է Հայաստան-Իրան սահմանին խնդիրներ առաջացնելու, հազարամյակների մեր հաղորդակցության ուղիներին խոչընդոտներ հարուցելու, Իրանի դեմ ինչ-ինչ քայլեր ձեռնարկելու կամ Հայաստանի տարածքն այլ նպատակների ծառայեցնելու համար, ապա դա համապատասխան հակադարձում կունենա:

– Մեկնումից առաջ ի՞նչ կմաղթեք Սյունիքի բնակիչներին։

– Դժվար է մի քանի նախադասությամբ իմ զգացումներն արտահայտել...

Ես շատ հետաքրքիր և հագեցած ժամանակ անցկացրեցի այստեղ՝ նոր բարեկամներ ձեռք բերեցի։ Սա իմ ամենամեծ ձեռքբերումն էր։ Հաճելի զգացողություններով, անմոռանալի հիշողություններով եմ հեռանում Սյունիքից։

Բոլորիդ ամուր առողջություն և ամենայն բարիք եմ ցանկանում։

 

Հարցազրույցը՝ Վահրամ Օրբելյանի

 

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան

13.10.2026 22:17

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք

13.10.2026 17:21

Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին

13.10.2026 17:11

6-ամյա երեխային ապտակելու դեպքով Սիսիանում քրեական հետապնդում է հարուցվել

13.10.2026 16:56

В Ереване отметили годовщину освобождения Ереванской крепости от персидского ига

13.10.2026 16:51

Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»

13.10.2026 16:32

Ալիևի կուսակցությունը բողոքել է Էրդողանի գլխավոր խորհրդականից՝ նրա հայտարարությունները որակելով «պոպուլիստական և անպատասխանատու»

13.10.2026 16:12

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

13.10.2026 15:35

Հարևանը ժամը 23:00-ից հետո խախտում է լռությունը. ե՞րբ է կիրառվում նախազգուշացում, և ե՞րբ՝ 40 000 դրամ տուգանք

13.10.2026 15:00

Մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո

13.10.2026 14:44

«Ռուսական երկաթուղիների» ղեկավարը աշխատանքային այցով կժամանի Երևան

13.10.2026 12:49

Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»

13.10.2026 12:05