Մտորումներ Բակունցի «Կարմրաքար» վեպի շուրջ

19.04.2024 15:55
635

Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,

Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր,

Իմ ժողովուրդն անել վշտի մեջ,

Երկիրն իմ անբախտ եւ աղետավոր:

Վահան Տերյան

1920-ական թվականներին Բակունցն ուներ ընթերցողների լայն շրջանակ եւ մեծ հեղինակություն: Հրապարակի վրա էին նրա առաջին ակնարկներն ու չքնաղ պատմվածքները, «Մթնաձոր» ու «Սպիտակ ձին» ժողովածուները:

Ասել է թե մեծ գրողը գրականության մեջ, իր առաջին իսկ երկերով, ստեղծել էր գյուղական կյանքի կացության եւ կեցության, հողի եւ մարդու, հասարակական հարաբերումների` քաղցրություններով ու դառնություններով միահյուսված անզուգական պատկերասրահը:

Եվ, սակայն, տասնամյակի երկրորդ կեսի նոր իրականությունը գրողին կանգնեցնում է նոր խնդիրների առաջ, որոնցով էլ պայմանավորված է նորից գյուղաշխարհին վերադառնալու անհրաժեշտությունը:

Եվ գրվեց «Կարմրաքարը»:

Փոխվել էր ժամանակը, փոխվել էին հասարակական հարաբերությունների բնույթն ու հատկապես` տնտեսաձեւը:

Գրականության վավերականությունը պահանջում էր սեփական դիրքորոշում: Բակունցի այս երկը երկխոսություն է ժամանակի եւ իրականության տարաբնույթ, բայց եւ միագիծ ծավալումների շուրջ:

Գրողի այս կամ այն գործը գիտականորեն արժեւորելու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ, որոնց մեջ առաջնահերթ դերակատարություն ունեն նյութի հղացման պայմանները(1):

Հարկավոր է դիտարկել, պարզաբանել այն իրական դրդիչները, որոնք գրողին մղում են ստեղծագործելու, որոշակիացնելու ժամանակի առաջադրած խնդիրների եւ հարցադրումների խճճվածքում գրողի ուշադրությունը` ո՞ր եւ ինչպիսի՞ հարցերի վրա է կենտրոնանում, ո՞ւր է տանում դրանց զարգացումների տեսլականը, որով հրճվում են փառամոլության տենդով տարված անտաղանդ գրչակները, տագնապում` երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ գրողները:

Բակունցն այդ տարիներին բուռն եռանդով նվիրվել էր գյուղատնտեսության զարգացման գործընթացին, աշխատում էր գյուղատնտեսության մեջ արմատավորել ինչ-ինչ զարգացումներ, զբաղվում վիկի, ճակնդեղի, կորնգանի մշակության հարցերով:

Դեռ ավելին, նա հիմնադրեց «Գյուղացու գրադարան» մատենաշարը, պաշտոնապես զբաղվում էր հողաչափումների, նոր կազմավորվող խորհրդային տնտեսությունների տարածքային բարդ ու վիճահարույց սահմանագծումների կանոնակարգման խնդիրներով:

Ասել է թե նա լայն շփումների մեջ էր մարդկանց, ժամանակի առաջադրած խնդիրների, կոլեկտիվացման գործընթացն իրականացնող քաղաքական վայրիվերումների, կատարվող իրադարձությունների հետ:

«Կարմիր Քրդստանի» (այն ժամանակ կարմրազգեստ կեղծարարներն այդպես էին կոչում Ադրբեջանի` Հայաստանի հետ ունեցած սահմանամերձ տարածքները) ներկայացուցիչ Կարաեւը, հաճախ անտեսելով տեղում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերադառնում էր Բաքու, հետ գալիս`«սահմանները վերաճշտելու» նոր հանձնառությամբ, ինչը եւ նրան հաջողվում էր բոլոր պարագաներում:

Միով բանիվ, Զանգեզուրի եւ հորինովի Քրդստանի սահմանները ճշտելու խնդիրներում, ինչպես նշում է մեծ գրողը, միշտ տանուլ էր տալիս Հայաստանը:

«Ամենից մեծ սխալն այն է եղել, – գրում է Բակունցը, – որ հանձնաժողովը փաստորեն ազգային սահման գծեց` թուրք գյուղերը թողնելով Ադրբեջանի կողմը, հայ գյուղերը` Հայաստանի: Այս ձեւի դեմ ես բողոքել եմ շատ անգամ հանձնաժողովում»(2):

Հին, ինչպես աղետաբեր, այնպես էլ հերոսական իրողությունները թանձրանում են նոր դառնություններով: 

Զանգեզուրի սահմաններից դուրս մղված քոչվորները նորից վերադառնում եւ վերահաստատվում են փոքրիկ աուլներում, գետափերին, ճանապարհների եզրերին եղած ղշլաղներում, որոնք գյուղ անվան տակ մտան Ադրբեջանի կազմի մեջ` իրենց հետ տանելով հրաշալի անտառներ ու բարեբեր հողատարածքներ: Ավելին, վերադառնում էին Սիսիանից հեռացած քոչվորները` սեփականելով հսկայական արոտավայրեր:

Հայոց նկատմամբ կազմավորված այս վերաբերմունքը հայ կոմունիստների` նախապես որդեգրած քաղաքականության արդյունքն էր: Նրանք (չհաշված առանձին բացառություններ` Շահումյան, Մյասնիկյան) մշտապես պատրաստ էին ազգային շահը զոհաբերել սոցիալիստական հեղափոխության հաղթանակի համար:

Բակունցը նուրբ եւ զգայուն մարդ էր: Անշուշտ, նա վիրավորված էր խորհրդային իշխանության հաստատման արշալույսին հայ կոմունիստների դրսեւորած ապազգային, անշրջահայաց, թուլամորթ, ըստ էության դավաճանական վարքագծից եւ թույլ տված սխալներից:

Նրանք զբաղված էին ոչ թե հայրենիքի ճակատագրով, այլ հեղափոխական դիրեկտիվները հաստատելու փորձառությամբ եւ առաջնորդվում էին Բաքվից թելադրվող քաղաքականությամբ:

«Ազգային նիհիլիզմով» ախտահարված հայ բոլշեւիկները, – ինչպես նկատում է Սիմոն Վրացյանը, – ամեն ինչ ենթարկել էին «.…համաշխարհային հեղափոխության ուրվականին»:

Այստեղ կա մի շատ նուրբ հանգամանք:

Սահմանագծումների մեջ առաջացած վեճերի ժամանակ Կարաեւին մշտապես զորավիգ էր լինում Անդրկենտգործկոմի լիազոր Կոչետկովը:

Ասել է թե Ադրբեջանի կողմից յուրացվող հայոց հողատարածքները վերեւներից երաշխավորված եւ Անդրերկրկոմի կողմից վարվող պետական քաղաքականություն էր:

Առաջին հայացքից կարող են ավելորդ թվալ մեր կողմից արված այս համառոտ անդրադարձումները, բայց հընթացս ասեմ, որ մենք խորապես կարեւորում ենք նյութի նկատմամբ գրողի ունեցած տրամադրության, իրադարձությունների թողած տպավորության եւ դրանց հոգեբանական ընկալումների, անդրադարձումների բնույթը, որոնք խմորված են մեծ ու փոքր անարդարություններից մինչեւ Անդրերկրկոմի` Հայաստանի նկատմամբ վարած նենգ ու դավադիր, ստոր ու քստմնելի վերաբերմունքով ու վարած քաղաքականությամբ:

Հարեւան հանրապետություններն ամեն ինչ անում էին իրենց կողքին ունենալ ծվատված ու թույլ Հայաստան, հնարավորինս յուրացնել սահմանամերձ տարածքներ: Սա վերեւից թույլատրված քաղաքականություն էր:

Այս քաղաքականությունը կարող էր փոխել կամ մեղմել միայն մեկ մարդ` Ալեքսանդր Մյասնիկյանը, ում, սակայն, ինչպես ժամանակին արձագանքեց Չարենցը, Ստալինի կարգադրությամբ սպանեց Բերիան:

Նկատենք նաեւ, թե ինչպիսի խժդժություններ էին տեղի ունենում գրականության մարզում, որտեղ գրչակները խամաճիկային խանդավառությամբ ու հորթային հրճվանքով անզիջում պայքար էին սանձազերծել Խանջյանի, Չարենցի, Բակունցի եւ նրանց համակիր տաղանդավոր մարդկանց նկատմամբ, որոնց ողջունած հեռուներն ամպոտվում էին կայծակնահար աղետներով:

Իրականության հետ ունեցած այսօրինակ կենդանի շփումները, իրադարձությունների թողած տիրական ազդեցությունները, մարդկային ու ընկերային հարաբերությունները, երկրում կատարվող գործընթացների նկատմամբ վարվող պետական քաղաքականության տեսանելի եւ, մանավանդ, անտեսանելի բազմաթիվ գործոններից է մերանվում ստեղծագործող անհատի մտահղացումը եւ նրան մղում իրականության գեղարվեստական վավերացմանը:

Հայրենի հողի ու ժողովրդի ճակատագրի շուրջ ունեցած տագնապներն ու մտահոգություններն են կյանքի կոչում վեպի նախադրույթը եւ ստիպում գրողին գրել «Կարմրաքարը»:

Վախթանգ Անանյանը հիշում է. «Կոլեկտիվացման եւ կուլակաթափության խառն օրերին մտավ խմբագրատուն.

- Իսկական հեղաշրջում, - բացականչեց նա: - Աղքատներն ամեն տեղ կուլակների ունեցվածքը խլում, կոլեկտիվ սեփականություն են դարձնում…

- Իսկ իրենց քշում են գյուղից, - ծիծաղելով ավելացրի ես:

- Այո՛, սայլերի շարանը Սարդարապատից ձգվում է մինչեւ Երեւանի տակ…

- Լավ է, լավ է, - ձեռքերս շփում էի ես:

Նայեց ինձ հանդիմանանքով, թախիծով:

- Իսկ գիտե՞ս, որ չորի հետ թացն էլ են վառում… Անմեղներ էլ կան, երեխաներ, կանայք… Գնամ Աղասու մոտ»(3):

Գյուղի եւ գյուղացիության նկատմամբ պետության կողմից վարած այս բարբարոս վերաբերմունքն ու նոր հիասթափությունները խմորվում են հին դառնություններին եւ գրողի տեսլականը դարձնում ավելի քան ողբերգական:

Բակունցը, ինչպես նկատում է Դավիթ Գասպարյանը, գուցե եւ կոլեկտիվացմանը դեմ չէր: Նա նույնիսկ կյանքի կոչեց փոքր-ինչ հայոց հին համայնքը հիշեցնող «Խոտորջրի կոմունան», բայց խորապես դեմ էր կոլեկտիվ տնտեսությունների այդօրինակ իրականացման մեթոդներին:

Այս խնդիրն ավելի քան խորքային էր:

Իհարկե, ինչ-ինչ մոտեցումների նկատմամբ պետության դրսեւորած հանդուրժողականությունը, աղքատներին արտոնված բարբարոս ազատությունները փոխադարձվում էին կոլեկտիվացումն իրականացնելու կոմունիստական ծրագրի անհրաժեշտությամբ: Դա «բոլշեւիկյան խաբկանք էր, քաղաքական աճպարարություն»: Բակունցն ավելի քան համոզված էր, որ կոլեկտիվացման բուն նպատակն ազգային համայնքների փոշիացումն է, ազգերի ուծացման հեռահար նպատակների առաջին արարը: Կոլեկտիվ տնտեսությունները կազմավորվում էին կոշտ ու կոպիտ, բռնի ու դաժան միջոցներով: Կամավորականության սկզբունքը փոխվեց պարտադրանքի: Խուսափողները, տատանվողները որակվեցին իբրեւ դասակարգային թշնամիներ: Մարդիկ դատապարտվում էին գնդակահարության, լավագույն դեպքերում` աքսորի:

Կոլեկտիվացումը կործանում է գյուղը, ոչնչացվում են անհատ տնտեսությունները, երկիրը շենացնող մարդիկ` մեծ ու փոքր, ընտանիքներով աքսորվում Ալթայ, վրդովվում էին երկրի բախտով ապրող մարդիկ:

«Չարենցը գնացել է ՀԿ(բ)Կ կենտկոմի նախկին քարտուղար ընկ. Կոստանյանի մոտ եւ խիստ վրդովվել է Հայաստանում անցկացվող կոլեկտիվացումից` ասելով, որ կուսակցությունը Հայաստանում կիրառում է մոսկովյան օրինակները, կործանում է գյուղական աշխատասեր տնտեսությունները եւ գյուղացիներին հասցնում սովամահության»(4):

«Կուսակցությունը Հայաստանում կիրառում է մոսկովյան օրինակներ». Չարենցյան այս խորունկ դիտարկումը մեզանում դարձել էր արատավոր սովորություն:

Հայ կոմունիստների` ի սկզբանե որդեգրած այս արատավոր ու աղետաբեր, ստրկամտության եւ քծնանքի սինդրոմով ախտահարված սովորույթը, ինչ կատարվում էր Ռուսաստանում, պիտի տեղի ունենար մեզանում:

Կուլակ, կուլակություն, կուլակների դասակարգ. սրանք տիպիկ ռուսական երեւույթներ են` կազմավորված 1861թ.-ից, որ աննախադեպ եռանդով ընդունվում են մեզանում եւ «ռուսական շաբլոնով» անզիջում պայքար սկսում չեղած դասակարգի դեմ: Սա աղետաբեր սխալ էր, որի արդյունքում գնդակահարվում, աքսորվում էին ձեռներեց, ստեղծող, հողագործ ու արարող մարդիկ: Ինչպե՞ս կարելի է, որ հեղափոխություն կատարած երկրում կուլակություն, դասակարգային թշնամիներ չլինեն, - այսպես էին մտածում հեղափոխությունը երկիր ներմուծած հայ կոմունիստները:

Գյուղական կյանքի այսօրինակ անխիղճ ու կործանարար ավերակումների ժամանակ, բնականաբար, ժողովրդի ճակատագրով մտահոգված գրողը համադրում է դարերի հոլովույթում կայացած, կազմակերպված գյուղական համայնքը` նոր ձեւավորվող տնտեսաձեւի հետ:

Պատմական փորձառության եւ արդիական գործառության այսօրինակ համադրումն իրենց զուգահեռների հետագծում որոշակիացնում են իրականության վավերական ճշմարտությունը: Բացվում է մի կողմից` անհատ ու համայնք, մյուս կողմից` անհատ ու կոլտնտեսություն հարաբերումների համընդհանուր, բայց եւ երկատված դաշտանկարը ծավալվող իրադարձությունների հակամետ հոսքերի մեջ:

Անշուշտ, ինչպես ժամանակի, այնպես էլ այսօրվա ընթերցողի հայացքի առաջ տեսանելի են դառնում գրվածի ու «չգրվածի», հնի եւ նորի համադրման արդյունքում ստացված տեքստային եւ ենթատեքստային տարբերությունները:

Միջանկյալ ասեմ, որ այս կարգի մոտեցումը հուշում է, թե ինչպիսի բովանդակություն պիտի ունենար վեպի` առայժմ կորսված հատվածը:

Երբ հայտնի են վեպի գրության ժամանակը, երկրում կատարվող իրադարձությունների, քաղաքական ու տնտեսական վայրիվերումների ընթացքը, գրողի աշխատանքի եւ զբաղվածության բնույթը, գրական մտահղացման դրդապատճառներն ու հանգամանքները, գրողի ստեղծագործական բնավորությունն ու մարդկային նկարագիրը, վերոհիշյալ ենթադրությունը դառնում է համոզմունք:

Բակունցը ոչ միայն նորից նկարագրում է հին գյուղն ու նահապետական բարքերը, այլեւ գրում է խորապես արդիական, իր ժամանակին համահունչ վեպ` աշխատելով ցույց տալ «ծմակուտային» կյանքի վերափոխման բնականոն ընթացքը, որ փոշիացավ, խարդախվեց բոլշեւիկյան հեղափոխությամբ, կոլխոզային շարժումով, օրվա իշխանությունների աղետաբեր, կոշտ ու կոպիտ, բռնի ու բարբարոս միջամտություններով:

Բակունցն իր մտածողությամբ, իրականության նկատմամբ ունեցած հայեցակարգով համընդհանուր աղմկարարության մեջ առանձնանում է իր հանճարեղ ներքնատեսությամբ:

Նորից հիշենք երիտասարդ Անանյանի հետ ունեցած զրույցի վերջին տողերը. «Նյութը իմ մեջ հասունանում է օրերի, շաբաթների, երբեմն ամիսների ընթացքում, - բացատրում է Անանյանին, - թող հասունանա, դեռ գրիչ չեմ վերցնում: Գծագրվում է սյուժեն, գուցե մղկտաս, ցավ զգաս քո` իմ նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար»: Ասել է թե երիտասարդ Անանյանը հետո է զգալու կոլեկտիվացման տարիներին կատարված խժդժությունների ողբերգական ընթացքն ու ծանր հետեւանքները:

Այս եւ վերոհիշյալ փաստարկումները հուշում եւ հաստատում են, որ մեծ գրողի ստեղծագործական մտահղացման հիմնադրույթը պիտի բացվի, ծավալվի, զարգանա հնի եւ նորի համադրման զուգահեռներում:

Վեպը սկսվում է Կարմրաքար գյուղի մասին եղած հիշատակումներով:

1823թիվ. ապրիլի 17-ին գեներալ Ալեքսեյ Երմոլովին ուղղված «ռապորտում» նշվում է , որ «….այն ժամանակ Կարմրաքարն ուներ 19 ծուխ, որոնցից հարկատու չէին միայն 3 ծուխ», եւ որ գյուղը «միայն երկու բարակ կածանով էր կապվում աշխարհի հետ»:

Գյուղի հիմնավորման շուրջ տեր Գեւորգի հիշատակած փաստարկներին մշտապես հակադրվում է Ավան ամին եւ բերում իր փաստարկը, կարծում, որ գյուղի հիմնադիրը մի գնչու է եղել, այլապես, - խելքը գլխին մարդը չի գա էս քար ու քոլի մեջ տուն շինի… եւ կարծում` «Կարմրաքարն ապրելու տեղ չի»:

Սակայն պարզվում է, որ ծանր ու դժվարին ժամանակներում 19 ծուխ ունեցող Կարմրաքար համայնքը «հիմա ունի 110 խարջ տվող տուն»:

Ծխերն ավելացել են, հողատարածքը մնացել է նույնը:

Սա բնականոն զարգացման գործընթաց է, որ իր հետ բերում է նոր խնդիրներ, որոնք իրենց լուծումը պիտի գտնեն թե՛ համայնքի ներսում, թե՛ համայնքից դուրս, մանավանդ, երբ գյուղը քաղաքի հետ կապող «երկու բարակ կածանի» փոխարեն արդեն գործում է լայն ու բանուկ ճանապարհ:

Հայոց գյուղերն ունեն իրենց հավաքատեղին: Մարդիկ գալիս են աշխատանքից, մտնում տուն եւ ապա իջնում գյուղամեջ: Կարմրաքար գյուղի հավաքատեղին Բոլոր քարն է, որի շուրջ նստած մարդիկ զրուցում են առօրյա խնդիրների, հոգս ու կարիքի, դժվար ապրուստի, գյուղի անցյալի, ներկայի եւ անորոշ ապագայի մասին: Ովքե՞ր են այս մարդիկ. ազնիվ ու շիտակ, խոսքաշեն ու արդարամիտ, մաճկալ եւ այգեգործ, սերմնացան ու հնձվոր, ջրաղացպան ու դարբին, որ անձանձիր լսում են նույն զրույցները` իրենց հոգիներում խտացնելով անարդարության նոտաներն ու անբավարարվածության զգացումները, միաժամանակ շարունակում տարուբերվել ինքնաբավ ծուլության նիրհի մեջ:

Գյուղն անտառի մեջ է, բայց տները` խարխուլ, փողոցները` անբարեկարգ, սելավները` անկառավարելի: Ամեն ինչի շուրջ զրուցող այս մարդիկ զգուշանում են որեւէ խոսք ասել Խոջա Հիբանի եւ նրա որդիների մասին, մասնավորապես, երբ զրուցատեղում հայտնվում է նշանավոր ընտանիքի ծառա Գոդին: Նրանք համակերպվել են իրավիճակին եւ հաշտություն կնքել աղքատության հետ, չեն տեսնում իրենց կյանքն ու կենցաղը բարելավելու եւ ոչ մի ճանապարհ:

Բայց այդ ճանապարհը կա, այն գտել է Հիբանը, եւ այդ ճանապարհով են գնում նրա որդիները: Դա բարոյակա՞ն է, թե՞ անբարոյական, արդա՞ր է, թե՞ անարդար, երկու պարագայում էլ դա է ժամանակի թելադրանքն ու պահանջը:

Եթե հանկարծ մի հրաշքով այս պատումի մեջ հայտնվեր աստվածամերձ տարածքներում հանգրվանած Աթա ապերը, պիտի զայրալից շեշտադրությամբ պատգամեր. «Աշխատեք է՜, դո՛ւք էլ աշխատեք»` այս դեպքում Մելքումովների («Կյորես») փոխարեն մատնացույց անելով Հիբանին եւ նրա որդիներին:

Հիբանի եւ նրա որդիների նկատմամբ չարության եւ նախանձի թթված, մի կծծի երանգ կա, որ գնալով ավելի է թանձրանում, ինչքան առաջադիմում է Հիբանի ընտանիքը, այնքան ավելանում են բամբասանքները:

Այս անբարյացակամ վերաբերմունքը բնավ էլ կապ չունի դասակարգային ինչ-ինչ մոտեցումների հետ: Դա մարդկայնորեն հասկանալի սովորական երեւույթ է:

Դժբախտաբար, բայց եւ հասկանալի պատճառներով, պետական քաղաքականության տիրական ազդեցությամբ այս վերաբերմունքն ինչ-ինչ հավելումներով ժառանգեցին «Կարմրաքար» վեպը քննության ենթարկած գրականագետները` քննադատության թիրախ դարձնելով Հիբանին եւ նրա ընտանիքը` անտեսելով պատմության, հասարակական հարաբերությունների շրջադարձային փուլերը եւ դրանց առանձնահատկությունները:

Պատմականորեն ձեւավորված համայնքներում առանձնանում են բարգավաճ ընտանիքներ, ընդունակ, ճարպիկ ու բանիմաց, նախաձեռնող ու գործարար մարդիկ, ովքեր աստիճանաբար լայնացնում են իրենց գործունեության տարածքը. սա է կյանքի զարգացման բնականոն ընթացքը:

Համայնքներում անհատները բացարձակապես ազատ են, յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր գործունեության միջավայրը, զբաղմունքի կերպն ու եղանակը: Նրանք կաշկանդված չեն կոլխոզային կանոնագրքերով:

Նոքար կլինի, թե շահութաբեր գործարար, առեւտրական կլինի, թե սղոցարան կառուցող` ինքն է որոշում իր անելիքը:

Սա ընդհանրական երեւույթ է, կյանքի վերելքը պայմանավորող չհամակարգված գործընթաց:

Ապրելակերպի ծույլ ու ծանրաքաշ ընթացքի ներքին շերտերում դանդաղ, բայց եւ անվարան խմորվում էր կյանքի վերափոխման հրամայականը:

«….Ոմանք հարստանում էին, ոմանք` աղքատանում, .…ընկնում էին, բարձրանում: Մեկը մյուսին ոտնատակ էր տալիս»: Այսպիսին է ժամանակը, եւ այս ժամանակի ծնունդն էր Հիբանը: Այս գործունյա ու ճարպիկ մարդու կերպարը պետք է քննության ենթարկել ստուգապես ճշգրտված ժամանակի եւ առաջադրած հարցադրումների, նորացվող հարաբերությունների ու պայմանների համատեքստում:

Մարդն իր բնույթով անփոփոխ է, միջավայրն է նրան փոփոխության ենթարկում, ավելի ստույգ` սրում, ակտիվացնում նրա հոգեկերտվածքի այս կամ այն հատկանիշը, պայմանավորում մարդկանց ու միջավայրի, ինչպես եւ ընտանիքի անդամների ու տան ծառաների նկատմամբ ունեցած հարաբերումների եղանակը:

Հիբանը բակունցյան պատումի մեջ հայտնվում է, եթե կարելի է այսպես ասել, իբրեւ պատրաստի կերպար. խիստ, դաժան, անզիջում ու հաշվենկատ, անհանգիստ գործարար` կուտակելու անսահման ցանկությամբ:

Նա ժառանգություն ստացած պապենական խարխուլ տունը դարձրել էր նոր, պարսպապատ ապարանք, որ իր «մեծությամբ եւ նստվածքով հետ էր մնում միայն եկեղեցուց»:

Հիբանը գործի մարդ է: Նա ամենուր փնտրում է իր շահը եւ չի ներում հարազատ որդիների անշահ գայթակղություններն անգամ:

Անկարելի է նրան պատկերացնել Բոլոր քարի շուրջ հավաքված համագյուղացիների մեջ: Նա այդ մարդկանց հետ շփվում է միայն պարտքով փող տալիս եւ տոկոսներ ստանալիս, այդ ճարպիկ, մեծ ու փոքր խաբեություններով ընթացող գործառույթին մասնակից դարձնում Մկրտումին` նախապատրաստելով գալիք կյանքի համար:

«Հիբանն աշխատանքից տուն գալուց… լսել էր զուռնայի ձայն. կամացուկ մոտեցել էր ձայնի վրա եւ տեսել, որ նվագողը որդին է` Մկրտումը` 10-12 տարեկան տղան:

Հայրը զայրացել էր, ձեռքի գրվանքանոցը շպրտել որդու վրա: Երկաթը կպել էր ճակատի անկյունին եւ ոսկորը ճեղքել:

.…Այդ գիշեր Հիբանը ծեծել էր եւ կնոջը:

- Էս լակոտն ինձանից չի… Ուրիշից ես բերել, շա՛ն աղջիկ. իմ ցեղում զուռնա ածող չի եղել:

.…Բայց հենց երեխան առողջանում է թե չէ, ձեռքերն իրար զարկելով` կնոջը հայտարարում է, որ Մկրտումի ոսկորն իրենից է…»(5):

«Հիբանի կինը ավելի կանուխ է մահանում, բայց տան կարգն ու կանոնը չի փոխվում»: «Դարձյալ գիշերները զարթնեցնում էր, գործի ուղարկում», ուր գնում էր` Մկրտումին տանում էր հետը, զրուցում, խրատում, սովորեցնում` ում հետ ինչպես վարվել: Աստիճանաբար Մկրտումի մեջ «զարթնում է փոքրիկ գազանը»:

Հիբանը կուտակել էր մեծ հարստություն, որդիներին փոխանցել իր փորձը, ուղենշել նրանց ապրելու կերպն ու եղանակը, ինքն իր մեջ հաշտվել հակառակորդների հետ:

Վերջին պահին, երբ մահամերձի սենյակն է մտնում Մկրտումը, «….հիվանդը ձեռքով ետ է տանում գորգի ծայրը եւ ընկնում: Ու միայն Մկրտումն է տեսնում գորգի տակ ծածկված ինչ-որ բարակ կապոցներ»(6):

Անշփոթ, պարտքերը մարած, պարտականությունները կատարած, մի ներքին ինքնաբավ գոհունակությամբ կյանքից հեռանում է Հիբանը: Նա առեւտուր էր անում, բայց խանութ չուներ, եւ ծիծաղում էր «քաղաքի վաճառականների նիստուկացի վրա»(7):

Եվ, սակայն, կյանքի բնականոն զարգացման անվարան ընթացքը հասնում է գյուղ: Գյուղացիներն այլեւս իրենց կենցաղային կարիքները հոգալու համար քաղաք չեն հասնում:

Նրա որդիները գյուղում բացել են խանութ` «Եղբ. Մանգասարովների» ցուցանակով, վաճառում են «Ցինդելի» սատին, Մարոզովի «ամենապերվի հալավացու»:

Ասել է թե ժամանակները փոխվել են փափուկ, անարյուն հերթագայությամբ, առանց կատակլիզմների, առանց աքսորի ու գնդակահարությունների:

Որդիները ժառանգել են հոր հարստությունը եւ այն օգտագործում են գյուղաշխարհի դժվարությունները մեղմելու համար:

Այս, գուցե եւ աննշան, փոփոխությունները կատարվում են հորից որդիներին փոխանցված դրամով:

«Խոջա Հիբանի մահից հետո այդ խանութն էր ավելացել Կարմրաքարում, որի շաքարն ու չիթը գնված էին այդ դրամով, որի մասին Խոջա Հիբանը իր վերջին ցանկությունն անգամ չկարողացավ որդուն հայտնել…»(8):

Հիբանի կերպարը քննադատության մեջ, իրավացիորեն, համադրվել է Մարկոս Ալիմյանի կերպարի հետ: Նրանց մարդկային նկարագիրն ու առեւտրականի վարքագիծը, գործունեության կերպարն ու կուտակումի տենչը եւ, հատկապես, փողի նպատակասլաց օգտագործման անտրոհելի պահանջը նույն զուգահեռականի վրա են: Մարկոս Ալիմյանի «կտակում» որոշակիորեն դրված են այն պայմանները, որոնց իրականացման դեպքում միայն Սմբատը բաժին կունենա հոր ունեցվածքից: Հիբանի պարագայում այդ «կտակային» պայմաններն ավելորդ են:

Նրա որդիներն ապրել եւ մեծացել են բնաշխարհում, հասակ առել խստաբարո հոր հայացքի առաջ, մտահոգվել հայրենի եզերքի խեղճությամբ:

Բակունցագիտության մեջ Հիբանի կերպարը հանիրավի դարձել է քննադատության թիրախ: Մինչդեռ, մեծ գրողն ստեղծել է բանիմաց, խրթին պարագաներում արագորեն կողմնորոշվող, հնարամիտ, գործարար, ժառանգների վաղվա օրով մտահոգ, հեռատես հոր եւ, որ կարեւոր է, աշխատող ու տնտես մարդու կերպար:

Հիբանն ի՞նչ մեղք ունի, որ կողքիններն աղքատ են, որ ջրաղացպան Անդրիի տան գերանը պոկվել եւ ընկել է կնոջ գլխին: Այս հիանալի մարդը, ով պատմելու հրաշալի ձիրք ունի, անսահման բարություն, մտորումների ու խոհերի ինքնուրույն աշխարհ, երազելու անհատնում կիրք ու բանաստեղծի ոգի, բայց երբեւիցե չի մտահոգվել, ժամանակ չի գտել տան խարխուլ գերանը փոխելու համար:

Երկիրը շենացնում են աշխատող ու տնտես մարդիկ: Այս բանաձեւումը ելակետային դրույթ է Բակունցի ստեղծագործության մեջ, եւ սա աշխարհայացքային խնդիր է:

Հիշենք «Մթնաձոր» ժողովածուից «Զորբան» պատմվածքը, որի հերոսը մի ինքնատիպ Հիբան է:

Օսեփը գյուղի հարուստներից է: Նրա տունն էլ գյուղի ծայրին է` ճանապարհի կողքին, եւ տարբերվում է մյուսներից կապույտ ներկած դարպասով: Ունի հրաշալի այգի, ինքնաբավ ընտանիք, աղքատներին օգնում է աշխատանքով, տոկոսով փող է տալիս, ավանսով` սերմացու, զբաղվում է առեւտրով, պահանջում, որ չքավորներն էլ հարկ տան, այլապես նրանք վարժվում են ծուլության(9): 

Սա տնտես ու աշխատավոր մարդու պահանջ է:

Ինչպես նկատում է բակունցագետ Շչորս Դավթյանը, «1925 թվականին` այս պատմվածքը գրելիս, Բակունցն արդեն գիտեր` մի քանի տարի հետո այդ «զորբաներին» վերացնելու են, համահավասարում են հայտարարելու, եւ գյուղը դեռ շատ երկար չի սթափվելու այդ արհավիրքից»: Դավթյանի այս եզրահանգումն էլ գալիս է հաստատելու «Կարմրաքար» վեպի մտահղացման, մեր` վերեւում ասված կանխադրույթը, միաժամանակ հուշում վեպի չհրապարակված հատվածի շուրջ ունեցած մեր ենթադրության օգտին:

Հիբանը բախտավոր մարդ էր: Նա մահացավ հարազատների ներկայությամբ սեփական տանը: Նա չբարձրաձայնած, բայց ներսում մի հպարտ զգացողություն ուներ, որ իրենից հետո որդիները պիտի շարունակեն իր գործը: Իսկ Օսեփը եւ նրա նման բազմաթիվ տնտես, երկիրը շենացնող, տնտեսությունը հասկացող, աշխատանքները կազմակերպող մարդիկ ո՞ր ձորերում, ո՞ր քարերի արանքում, ո՞ր թփերի տակ ոչնչացվեցին կարմիր կոմունարների մահաբեր գնդակներից: Ի՞նչ եղան այդ գնդակահարված մարդկանց ժառանգները: Նրանք աքսորվեցին հեռու-հեռավոր տայգաներ, տարբեր ուղղություններով, մեռան անծանոթ ճամփեքին, օտար երկինքների տակ:

Շատ քչերը վերադարձան` այլեւս վհատված, վախվորած, շատերը մնացին անհայտ ու անհասցե: Երկիրն ամայացավ, գյուղերը դատարկվեցին, հողը որբացավ, ժողովուրդը կրկին մատնվեց սովամահության:

Կանայք ու երեխաներն էին մաճ բռնում, սերմ ցանում, ցանքս ու հունձ անում… մարդիկ խորթացան հանդ ու հողին:

Ի դեպ, ամեն անգամ` «Կարմրաքար» վեպին առնչվելիս, հիշում եմ իմ` հեռվում մնացած պատանեկությունը: Տղաներով հաճախ էինք լսում մեր հայրերի, գյուղի ավագների զրույցները: Նրանք մեծ ափսոսանքով էին խոսում կոլեկտիվացման տարիների ողբերգական անցքերի մասին, նողկանքով հիշում «որոտման որդիներին» եւ նրանց չարագործությունները:

Շարադրանքի ընթացքում մեկ-մեկ գրիչս փախուստ է տալիս, թվում է, թե կարդում եմ այս բարձրարվեստ վեպի չհրապարակված հատվածը, լսում Խաչունց Բադու` Արարատ թոռանը հրաժեշտ տալու մղկտոցը, Շամխալ քեռու` գյուղից հեռանալու ափսոսանքի կսկիծն ու զայրույթը, անտերացած հանդ ու հողի համատարած տխրությունը եւ, մանավանդ, մեծ գրողի տառապանքն ու հիասթափությունը:

Իր շքեղաշուք պատկերներից մեկը Բակունցը վերջակետում է հետեւյալ տողերով. «Իսկ քիչ հետո, երբ խավարը թանձրացավ, ու ճրագները մեկ-մեկ հանգան, որպես հսկումի կրակ մնաց միայն անտառի խարույկը, որի շուրջբոլորը նստոտել էին խոզարածները, եւ Հիբանի ամարաթի լուսավոր պատուհանը, որ բլրի բարձունքից անթարթ աչքի պես դիտում էր գյուղին»:

Իսկ պատուհանից ներս… փոխվել, նորացվել էին տան առարկաները, բայց մնացել էր տնտեսելու` Հիբանից ժառանգած սովորույթը: Հիմա Մկրտումն է մանրադրամները, «Սամավարի» փոխարեն, լցնում «գիպսե հորթի մեջ», պահում մատյան, որտեղ մանրամասնորեն, ինչպես Հիբանի ժամանակ, գրանցված են պարտատերերի անունները, եւ, որ շատ կարեւոր է, մշակվում է գյուղը շենացնելու ծրագիր:

«Խոջա Հիբանի մահից հետո երկու եղբայրների մեջ լռելյայն աշխատանքի բաժանում էր սահմանվել»:

Քաղաքային կյանքի հետ կապված գործերը, պաշտոնատար մարդկանց հետ պարտադիր շփումները, խանութում առեւտուր անելը Եփրեմի պարտականությունն էր, գյուղի տնտեսության, վարուցանքի եկամուտը, քոչվորների եւ այլոց հետ հարաբերումները` Մկրտումի բաժինը:

Ընտանիքում մեծի խոսքն օրենք է: Մկրտումը կարողանում է ի չիք դարձնել Եփրեմի` քաղաքի նկատմամբ ունեցած գայթակղությունը, նրան համոզում գյուղում սղոցարան կառուցել:

«Կարմրաքարից լավ տեղ աշխարհումս ինձ համար չկա, - ասում է Մկրտումը, - թող ում գլուխը ցավում է, գնա քաղաքում դուքան դնի….» , «….Աշխատող մարդը քարից էլ նավթ կհանի», «Կարմրաքարի ի՞նչն է պակաս»: «Ապերը լավ էր ասում, թե նրանք մեզնով են ապրում»: «Հրես ոսկին դռանդ թափած, սարքի, ստեղծի, թող քո անունն էլ բարձրանա, մի 20-30 աղքատներ էլ էն փշրանքովդ ապրեն, հորդ ողորմի տան»(10):

Դժվար էր Եփրեմին համոզելը, եւ, սակայն, Մկրտումը գիտեր եղբորը համոզելու, հոր կուտակած եւ իրենց աշխատանքով բազմապատկված փողերը քաղաքում քամուն չտալու գաղտնիքը:

«Էս ո՞ւմ համար ենք աշխատում. ես ի՞նչ ունեմ մեջը: Մի դատարկ անուն է (նա երեխաներ չուներ): Թող քո ժառանգները մեծանան, տիրություն անեն»:

Եղբորը եւ նրա երեխաների ապագան ապահով տեսնելու հոգատար վերաբերմունքը, գյուղին կապված մնալու համառությունը, իր գործնական ծրագրերի իրականացման հասարակական օգտակարության գիտակցումը, գյուղը շենացնելու, մարդկանց աշխատանքով բավարարելու մտահոգությունը, տոհմի անունն ու հոր հիշատակը պանծացնելու ցանկությունը որակներ են, որոնցով բնութագրվում են Մկրտումի անհատական նկարագիրն ու մարդկային խառնվածքը:

Եվ, սակայն, Մկրտումի կերպարն էլ բակունցագիտության մեջ հանիրավի դարձել է քննադատության թիրախ: Եղբայրների մեջ շարունակում է ապրել ճարպիկ, աշխատասեր, գործարար Հիբանը, եւ տնտես հոր տնտես տղաներն անցնում են գործի: Մկրտումը հիանում է իր հայրենի եզերքի գեղեցկությամբ, ոգեւորվում. «….Ինչ լավ է աշխարհը… Կարմրաքարը», բայց եւ ցավում, որ գյուղում «չեն սիրում իրեն եւ իրենց տունը»:

Նա հանուն իր ծրագրի իրականացման անտեսում է մարդկանց այդ նեղմտությունը:

- Անհասկ մարդիկ… ես ձեզ ի՞նչ եմ արել…

Սպասեք մի քիչ էլ… կտեսնեք, թե ես ինչ կանեմ, ես` Մկրտում Խոջա Հիբանի տղան…»:

Բակունցյան տեքստի ենթաշերտերում զգացվում են գալիք արհավիրքները, գյուղի բնականոն զարգացման ընթացքը հեղափոխության միջամտությամբ փոփոխելու վայրագությունները: Կոլեկտիվացման կործանարար եռքի մեջ պիտի փոշիանան այն տնտես ու աշխատող մարդիկ` իրենց ունեցվածքով, ստեղծած կարելիություններով:

Վերեւում հիշատակված «անհասկ մարդկանց» նեղմտությունը պիտի շիկանա, վերաճի «որոտման որդիների» կողմից հորինված դասակարգային պայքարի եւ իր ճանապարհին ոչնչացնի նյութատնտեսական, բարոյահոգեբանական, ազգային արժեքներն ու ժողովրդին մատնի սովամահության:

Գյուղում կատարվող գործողությունները` իրենց ներքին տրամաբանությամբ, լայնացնում ու խորացնում են գալիք իրադարձությունների տարածական ընդգրկումների ողբերգականությունը:

Դա զգացվում է ոչ միայն տեքստային հյուսվածքի առանձնահատկությունից, այլեւ ենթատեքստային հուշարարության որոշակիությունից, երեւույթների մտային հարաբերումների հաշտ ու նուրբ անցումներից, գործողությունների կատարման ժամանակային հերթագայության մեջ աստիճանաբար հասունացող տագնապների, կյանքի կոշտ ու կոպիտ, բարդ ու ինքնօտարացման հոգեբանական գործոնների փաստարկումներից:

Ի դեպ, բոլոր բակունցագետներն էլ սխալվում են վեպի չհրապարակված հատվածի շուրջ արտահայտած իրենց ենթադրություններով` առաջադրելով սյուժետային գծի, հավանական եւ անհավանական ինչ-ինչ զարգացումներ, ասենք` Սալբիի եւ Արզումանի սիրո մասին, Խաչանի` բանակից ազատվելու նպատակով «ծխախոտի, ջուր խմելու եւ նմանօրինակ դրսեւորումների շուրջ»:

Սա այն պարագայում, երբ մեծ գրողի շուրջ` նրա աչքի առաջ, տեղի են ունենում զանգվածային աքսորներ, գնդակահարություններ, դաժան ու կոպիտ ունեզրկումներ, բանտարկություններ, ձերբակալվում էին գործարար ու երկիրը շենացնող մարդիկ, ժողովուրդը մատնվում էր սովամահության:

Բակունցը` գրականության նկատմամբ ունեցած հայացքներով, իրականությունը կեղծելու անկարողությամբ, վաղվա օրվա նկատմամբ ունեցած տագնապներով ու բյուրեղյա ազնվությամբ, չէր կարող ամենադույզն չափով անգամ նմանվել նրանց, ովքեր հանուն գրական փառքի քաղաքական ստրկահաճության դաշն էին կնքել իշխանությունների հետ:

Նորից հիշեցնենք, որ Բակունցը գրում է դարերի հոլովույթում բյուրեղացած հայոց համայնքի մասին, բայց նյութը շարադրում է կոլեկտիվացման տարիներին, երբ աղետաբեր այդ պետական գործընթացը հրահանգում է գյուղացիությանը խլել կալվածատերերից ոչ միայն հողը, այլեւ նրանց ինչքը, ֆիզիկապես ոչնչացնել այսպես կոչված կալվածատերերի դասակարգը:

Կարմրաքարում տեղի ունեցող բնականոն զարգացման ընթացքը, կամա, թե ակամա, համադրվում է նոր ժամանակներում` գյուղական համայնքները քայքայելու նպատակով հրահանգավորված հեղափոխական փորձառության հետ:

Տարաբեւեռ ժամանակների այսօրինակ համադրման արդյունքում բացվում է ժողովրդի միասնականությունը երկատող վիհը` մի կողմում` հարուստներ, մյուս կողմում` աղքատներ, եւ օրվա իշխանությունների կողմից արդարացված դասակարգային պայքարն ու կուլակության ոչնչացումը: 

Դժբախտաբար, «Կարմրաքար» վեպի շուրջ եղած քննական վերլուծությունները հիմնականում կատարվել են այս մտայնության թանձր ազդեցությամբ:

Անսովոր երեւույթի (սղոցարանի կառուցումը) նկատմամբ գյուղացիների դրսեւորած տրտունջն ու նրանց խոսքի բողոքավոր հնչերանգն անգամ պետք է դառնան պետական վերաբերմունքը ձեւավորող քաղաքականություն` կուլակաթափությունն ու ունեզրկումը արդարացնելու, պատճառաբանելու կռվան:

Բակունցագիտության երախտավոր Սուրեն Աղաբաբյանն իրավացիորեն նկատում է, որ Բակունցի վիպական համակարգում «Հիբանի եւ որդիների գիծը չի առանձնացվում որպես վիպական կոնֆլիկտի «հակադիր ծայրաթեւ»»(11):

Սա խորապես ճշմարիտ եւ ստույգ հետեւություն է, որովհետեւ գրողն իրապես մերժում է հայոց համայնքի մեջ դասական կուլակության գոյությունը եւ առաջադրում կյանքի վերափոխման ընթացքը պայմանավորող աշխատասեր ու նախաձեռնող մարդկանց խնդիրը:

Վաստակաշատ եւ փորձառու քննադատը, նրբորեն նկատելով եւ ձեւակերպելով Բակունցի վեպը քննության ենթարկելու վերոհիշյալ ճշգրիտ կանխադրույթն ընդհանուր շարադրանքի մեջ, սակայն, ստիպված այն փաթեթավորել է գործող քաղաքականության գաղափարախոսությամբ:

Բոլոր պարագաներում Հիբանի եւ նրա որդիների գործունեությունը, նրանց կուտակած հարստությունը ծառայում են համայնքի բնականոն զարգացմանը` առանց կոլեկտիվացման տարիներին հատուկ սոցիալ-քաղաքական կատակլիզմների, բռնի ու բարբարոս ունեզրկումների, առանց աքսորի ու գնդակահարումների:

Հայոց համայնքներն ազգապահպան կառույցներ էին` իրենց կառավարման համակարգով, ներքին օրենքներով` ազատ ու ինքնուրույն: Համայնքի անդամներն ունեին իրենց հողատարածքները` ըստ ընտանիքի անդամների, իրենց ունեցվածքը տնօրինելու իրավունք եւ բազմապատկելու հնարավորություններ: Մշակում էին պատերազմ գնացած մարդկանց հողերը, օգնում աղքատ ընտանիքներին:

Եվ պատահական չէ, ինչպես նկատում է Ս.Աղաբաբյանը, որ Բակունցը «Կարմրաքարում» կառուցվածքային իմաստով «հրաժարվում է կոնֆլիկտի այն ըմբռնումից, որ բնորոշ էր քննադատական ռեալիզմի վիպագրությանը»:

Այդ այդպես է, որովհետեւ արմատապես վերափոխված իրականությունը գրողին կանգնեցնում է նոր խնդիրների առաջ:

Անազատ համակարգում ազատ գրողի միտքն ու մտածումի ուղղությունը, ճշմարտությունն ընկալելու եղանակը հուրքավորվում են որոնումների ստեղծագործական հայտնությամբ:

Սա առավելապես վերաբերում է վիպական կառույցին:

Ավարտված վեպի անավարտ մնացած հրատարակությունը հաստատում է, որ չհրապարակված հատվածն արտացոլում է կոլեկտիվացման տարիների բռնի ու դաժան գործընթացը` պայմանավորված քաղաքական, տնտեսական վերափոխումների եւ մարդկային հարաբերությունների` նոր ժամանակներում ձեւավորվող, հրահանգավորված ու անբնական չափորոշիչներով:

Ինչպես գրում է Սուրեն Աղաբաբյանը, «….«Կարմրաքար» վեպի բնակիչներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը, իր ձայնի ինքնատիպ երանգը, որով եւ ստեղծվում է ժողովրդական կյանքի չբեկբեկված ռիթմը, մասնատման չենթարկված կյանքի ամբողջական պատկերը:

Ժողովրդական բազմանդամ ընտանիքի ամեն մի ներկայացուցիչ իր կոնկրետ բնավորությունն ունի, իր դեմքն ունի, արտահայտում է ազգային կյանքի այս կամ այն առանձնահատկությունը, ազգային կյանքի այս կամ այն գիծը»:

Վաստակաշատ քննադատը բացում է գրողի խոսքի ենթատեքստը, մասսայական տեսարանների քննության հատվածում բանաձեւում համայնքի անդամների համախմբման, մեկը մյուսին սատարելու, իրար օգնելու, իրար հարեհաս լինելու խորապես մարդկային սովորույթը:

Բայց փոխվում են իշխանությունները, կառավարման համակարգերը, փոխվում են եւ մարդիկ:

Նոր կազմավորվող կոլեկտիվի անդամը բարոյապես պատասխանատու է ոչ միայն իր, այլեւ կոլեկտիվի մյուս անդամների գործունեության եւ ամբողջ կոլեկտիվի համար:

Առանձին անհատը երբեմն կարող է ավելի լավ հասկանալ կոլեկտիվի խնդիրները, քան նրա անդամների մեծամասնությունը: Սա հրահանգված առաջադրույթ է, որին պիտի ենթարկվեն բոլորը:

Վերեւում` Ստալին, ներքեւում` «որոտման որդիք»:

Նման պարագաներում պարզ ու միամիտ մարդիկ վերածվում են դիմազուրկ կատարողների, վիզ ծռում կոլեկտիվի խնդիրները «հասկացող» անհատի առաջ, դառնում նրա հրահանգները կատարող կամակատար` ստանձնելով մեկը մյուսին հսկելու, մեկը մյուսին մատնելու պարտականություն: Աղավաղվում ու պղտորվում են պարզ հոգիները: Այդ աղավաղված ու պղտորված միջավայրում էլ առաջ են գալիս ժողովրդի ու հայրենիքի ճակատագիրը տնօրինող «որոտման որդիք», որոնց վարած միանման ու միագիծ քաղաքականությամբ անմիաբանության հին հիվանդությունը լիցքավորվում է նոր, հեղափոխական էներգիայով: Աշխուժանում են ծույլ եւ անբան, փառամոլ ու իշխանատենչ մարդիկ` խտացնելով մատնիչների շարքերը: Վիպական պատումի մեջ կան ներքին հոսքեր, երկխոսություններ, դեպքեր ու դիպվածներ, որոնք հուշում, ուղղորդում են վեպի չհրապարակված հատվածի զարգացման ուղղությունը, մարդու եւ հողի միջեւ եղած, դարերով սրբագործված բարեկամության խաթարումը:

Առաջ հողը պտուղ էր տալիս, հիմա հողը խռովել է…

…Կովը, որ կով է, էլի չարացած ժամանակ կաթը քաշում է…

Հողն էլ էդպես է:

Երեսը հազար մարդ է կոխ տալիս, թքում են, արյուն են թափում…

Արտի մեջ սատկած շուն են քցում…էլ էն հողը պտուղ կտա՞:

Մի խոսքով. «հողը խռովել է»:

Նոր իշխանությունները ստեղծում են մարդու նոր տեսակ, համահարթում հասարակության անդամների մտածողության, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի անհատական ընկալումներն ու վարքագծի առանձնահատկությունները եւ ընդհանրապես քաղաքական ու քաղաքացիական նկարագիրը: Բակունցի մտահոգությունը հայրենի հողից պոկված, ինքն իրենից հեռացող, ինքն իրենից օտարվող, հայրենի բնաշխարհից դուրս մղվող մարդն է: Վիպական նյութը շարադրելիս մեծ գրողն իր թիկունքում մշտապես զգացել է Սարդարապատից մինչեւ Երեւանի մատույցները ձգվող աքսորականների հառաչանքը, նրանց անհատականությունը հաստատող ավանդական որակների կորստի ցավն ու կոլեկտիվացման գործընթացի ողբերգականությունը: Հենց ցավի եւ ողբերգականության այդօրինակ զգացումն է կյանքի կոչել վեպը:

Եվ քանի որ գրողի նպատակը հին համայնքի եւ նոր` կոլեկտիվացման, ասել է թե տարաբնույթ ժամանակների եւ ավելի քան տարաբնույթ իրավիճակների համադրման գեղարվեստական պատկերումն է, ինքնին հասկանալի է դառնում, որ վեպի երկրորդ` չհրապարակված մասի պահանջով է գրվել հրապարակված մասը: Նշանակում է, որ գրողի ասելիքը, ծանրության կենտրոնը խտացված է չհրապարակված երկրորդ մասում:

Այսօր էլ, ամենասովորական ընթերցողն անգամ կզգա, որ հրատարկված հատվածի վերջին գլուխը` «Զեյթայի ավերումը», պարզապես առանձնացված մի պատում է, որ բոլորովին էլ կապ չունի վեպի նախադրույթի հետ: «Փաստարկումների առարկայական ձեւակերպումները, վեպի վերջնամասի առիթով, ոչ միայն կասկածահարույց են, այլեւ ուղղակի չեն համապատասխանում վիպական միջավայրին, կապ չունեն գրողի ստեղծագործական մտահղացման հետ:

Ինչպես վկայում է Բակունցի այրին` Վարվառա Չիվիջյանը, վեպի վերջին գլխում պետք է պատկերվեր համատարած կոլեկտիվացումը եւ Կարմրաքար գյուղում կոլտնտեսություն ստեղծելը» (12):

«Կարմրաքարը» անավարտ չէ, այլ, ինչպես գրում է Բակունցը 1932-ին գրած ինքնակենսագրականում, «անավարտ տպած» վեպ է(13):

Գեղարվեստական այս հրաշալի կոթողը վիրավոր է, թռիչքի պատրաստ, բայց թեւերը ջարդած արծվի նման: Խնդիրն այն է, որ հենց վեպի տպագրման ժամանակ քննադատությունը թշնամական վերաբերմունք էր դրսեւորում Բակունցի նկատմամբ, այն էլ այնպիսի եռանդով ու կրքով, որ նրան չէր կարող պաշտպանել անգամ ինքը` Աղասի Խանջյանը:

Բակունցն ազգային ճակատագրով մտահոգված, անկեղծ ու անմիջական մարդ էր: Նա անկարող էր գունազարդել իրականությունը, կեղծել մարդկային ու հասարակական հարաբերությունների բնույթը, երկրում կատարվող անարդար ու բռնի գործընթացները:

Եղել են այնպիսի պահեր, հիշում է Վ.Չիվիջյանը, «որ Բակունցը Ա.Խանջյանի մոտից եկել է հուզված, ճնշված տրամադրությամբ»: «Չէր կարողանում կատարել նրա պահանջը, վերջին գլուխը ոչ մի կերպ չէր գրվում այնպես, ինչպես պահանջում էին նրանից»(14):

Նախ պարզ է դառնում, որ Խանջյանը եւ Բակունցը զրուցում են գրական տեքստի շուրջ, ավելի ստույգ` քննարկում վեպի վերջին գլուխը, որի մեջ ցանկանում էր ինչ-ինչ ուղղումներ մտցնել Աղասի Խանջյանը` նպատակ ունենալով մեծ գրողին փրկել աղմկարարների վտանգավոր հարձակումներից: Բակունցն էլ չէր կարող կատարել Խանջյանի պահանջած փոփոխությունները, այլապես կխաթարվեր ստեղծագործական մտահղացման ամբողջականությունը: 

Հայտնի է, որ վեպը գրվեց ու ամբողջացավ Պետերհոֆում` հանգստյան տանը: Եվ, ըստ էության, գրվեց այնպես, ինչպես հղացել էր մեծ գրողը:

...Բայց հայոց կյանքի բայցերը....

Ավարտված վեպը չունեցավ ոչ մեկ ընթերցող...

Տան խուզարկության պահին վեպը կնոջ հնարամտությամբ փրկվեց կալանավորումից, բայց որտե՞ղ եւ ո՞ւր, ո՞ւմ մոտ հանգրվանեց… ցայսօր անհայտ է: Սպասենք եւ հուսանք… Խորհրդային իշխանության ամենավտանգավոր, ամենադաժան տարիներին մեծ գրողը խիզախեց` գրելու իր հերթական գլուխգործոցը:

Ես աշխատեցի նորովի ներկայացնել «Կարմրաքար» երկի հրապարակված մասը եւ փորձեցի կարդալ այդ հրաշալի վեպի չտպագրված հատվածը: Ստացվեց, թե չստացվեց, թո՛ղ ընթերցողը որոշի: Բակունցի ստեղծագործական տիրույթը հայ գյուղն է ու հայ բնաշխարհը: «Կարմրաքար» վեպն իր ամբողջության մեջ պետք է դիտարկել կոլեկտիվացման տարիների ջարդարարական եռուզեռի արյունոտ մթնոլորտում:

Բակունցն ամենօրյա շփումների մեջ էր Չարենցի հետ: Նրանք խոսում, քննարկում էին երկրի իրական վիճակը, տագնապում, անհանգստանում, գնում Աղասու մոտ` անօգուտ: Աղասին էլ չէր կարող փոխել իրադարձությունների ընթացքը: Երկրում տիրում է ընդհանուր հիասթափություն: Հիասթափված էր եւ կարմիր այգաբացի տրուբադուր Չարենցը.

Վառ երգերս` հղած կարմիր 

                այգաբացին,

Ողբ ու տրտունջ դարձան, 

                փոխվեցին լացի,

Եվ այնքա՜ն բորբ` հանկարծ 

                անվերադարձ հանգավ,

Անդրդվելի հավատս դեպի 

                գալիքն անգամ

Եվ ինձ խոցող ներկան 

                դարձավ անձիր:

Բակունցի գրողական շնչի մեջ զգացվում է Չարենցի ներկայությունը, նրա մեծ հիասթափության ծանրությունը:

Բակունցն իր հոգեկերտվածքով, ազգային ճակատագրի շուրջ ունեցած մտահոգություններով խորապես հարազատ է Տերյանին:

Եվ բնավ էլ պատահական չէ, որ Բակունցի երկերը կարդալիս մշտապես, կամա, թե ակամա, ընթերցողի մեջ զարթնում են տերյանական մորմոքներն ու ընդվզումի կրքերը, Նաիրյան անծայր տխրությունը:

Այս զգացումից թելադրվեց մեր շարադրանքի բնաբանը, եւ նույն զգացողությամբ էլ ուզում ենք մեծ գրողի մասին գրված մեր այս խոսքն ավարտել, ճիշտ է, այլ առիթով գրված, բայց «բոլշեւիկյան» խաբկանքին հարիր Տերյանի բանաստեղծությամբ:

Չեմ հավատում ճիչերին 

                ձեր ցնծագին

Եվ խանդավառ աղմուկներին 

                այդ շփոթ,

Գաղտնի մի թույն կեղեքում է 

                իմ հոգին,

Եվ ձեր խինդը սարսեցնում է 

                որպես բոթ:

Ով է կանգնել պաշտպան 

                երկրին իմ ավեր,

Ով է թարգման մեր դարավոր 

                տանջանքին....

 

Ծանոթագրություններ

1.            Վախթանգ Անանյան, հ.3.:

2.            Բակունց, հ.4, էջ 486:

3.            Վախթանգ Անանյան, հ.3, էջ 295:

4.            Դավիթ Գասպարյան. «Ակսել Բակունց», Երեւան, 2009թ., էջ 142:

5.            Բակունց, հ.3, էջ 114:

6.            Բակունց, հ.3, էջ 119:

7.            Բակունց, հ.3, էջ 121:

8.            Բակունց, հ.3, էջ 121:

9.            Այդ մասին տե՛ս գրականության նվիրյալ, բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանի առաջաբանով եւ հետգրություն-մեկնաբանություններով հրատարակված Բակունցի «Մթնաձոր-Կյորես» գիրքը, 2007թ., Երեւանի պետական համալսարանի հրատարակչություն:

10.          Բակունց, հ.3, էջ 133:

11.          Սուրեն Աղաբաբյան, «Ակսել Բակունց» 1963թ., էջ 321:

12.          Այդ մասին տե՛ս Ռաֆայել Իշխանյանի «Մեր ինքնության գլխավոր նշանը» գիրքը, էջ 199, Երեւան, 1999թ.:

13.          Տե՛ս նույն տեղում, էջ 200:

14.          Ռաֆայել Իշխանյան, «Մեր ինքնության գլխավոր նշանը», Երեւան, 1991թ., էջ 200:

ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ

6.08.2013թ.

Հոդվածը գրվել է «Սյունյաց երկրի» առաջարկությամբ

 

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը. Ռուբինյան

12.12.2024 23:25

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

12.12.2024 23:16

Դեմ եմ ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին. Թրամփ

12.12.2024 20:31

Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել

12.12.2024 19:25

Տվյալներ են ստացվել ՀՀ և Թուրքիայի պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ

12.12.2024 19:22

Մարզի խորհրդի տարեվերջյան նիստում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքն ու համայնքների սեփական եկամուտների հավաքման պատկերը

12.12.2024 17:51

Կյանքը Հայաստանում թանկացել է. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել

12.12.2024 17:43

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար անփոխարինելի նախագծերից է. Թուրքիայի տրանսպորտի նախարար

12.12.2024 17:39

Կաթնառատ–Փիրմազրա գյուղում էինք․ հինգ ընտանիք է մնացել

12.12.2024 17:18

Հանրային քննարկում Քաջարանի համայնքապետարանում

12.12.2024 16:33

Թոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. ծրագրի ժամկետ երկարացվեց

12.12.2024 16:29

ՀՀ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար սուբսիդիաներ կտրամադրեն ևս 400 ընտանիքի

12.12.2024 15:54