Մուրազ Գրիգորյան. «Կատարենք միայն գիտակցված ընտրություն՝ հանուն մեր երկրի անվտանգության եւ առաջընթացի»

07.03.2017 10:21
4219

Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Մուրազ Գրիգորյանի հետ


ՀՀԿ-ն թիվ 12 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է առաջադրել նաեւ Մուրազ Գրիգորյանին:

Կապանի տարածաշրջանում բարեհամբավ գերդաստանի զավակ է, մարզի եւ հատկապես Կապանի գործարար աշխարհում հայտնի անձնավորություն:

Մինչեւ հիմա, սակայն, քաղաքական գործունեությամբ չի զբաղվել եւ չի կարեւորել իր իսկ կատարածը հանրությանը ներկայացնելու գործելակերպը:

Այդ պատճառով էլ հարկավոր ենք համարում նախեւառաջ նրան ներկայացնելը, նրա կատարածը համառոտ ցուցանելը:

Կարեւոր է նաեւ, թե երկրի օրենսդիր մարմնի անդամի մանդատին հավակնող Մուրազ Գորիգորյանն ինչպես է պատկերացնում Ազգային ժողովի դերը մեր պետության կյանքում` ՀՀ նորացված սահմանադրության պայմաններում, ինչպես է պատրաստվում իրականացնել (ընտրվելու դեպքում) պատգամավորի լիազորությունները, որքանով է քաջատեղյակ Հայաստանի Հանրապետության, նաեւ Սյունիքի մարզի ու հատկապես Կապանի տարածաշրջանի հիմնախնդիրներին:


– Պարո՛ն Գրիգորյան, Դուք գործարար մարդու համբավ ունեք: Փորձենք ընդհանրացնել` ի՞նչ դրսեւորումներ է ունեցել Ձեր գործարարությունը, որո՞նք են տարիների առավել ուշագրավ ձեռնարկումները կամ աշխատանքներն այդ տեսակետից:

– Որպես գործարարության առավել կարեւոր դրսեւորում համարում եմ տարաբնույթ արտադրությունների եւ ձեռնարկությունների կազմակերպումը, կայուն աշխատատեղերի ստեղծումը, ստեղծված կոլեկտիվներում միջանձնային ճիշտ փոխհարաբերությունների ձեւավորումը, ինչը հնարավորություն է ընձեռել լուծել ամենաբարդ արտադրական խնդիրները:

– Եթե ոչ Դուք, ապա ուրիշ ո՞վ կարող է ասել` դյուրի՞ն է մեր մարզում ձեռներեց լինել, ի՞նչ խոչընդոտներ կան փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտում:

– Ձեռներեց լինելը եւ արդյունք ստեղծելը ճիգ է պահանջում աշխարհի ցանկացած անկյունում: Մարզի տարածքում ձեռներեցության յուրահատկությունը պայմանավորված է օբյեկտիվ իրականությամբ` մայրաքաղաքից հեռու գտնվելու հանգամանքով եւ ավտոմոբիլային տրանսպորտից լրացուցիչ կախվածությամբ, ինչը ծառայությունների եւ արդյունք ստեղծելու առումով բերում է ինքնարժեքի ավելացման եւ մրցունակության որոշակի նվազեցման: Սակայն նշվածը դատավճիռ չէ, եւ աշխատանքի գիտական կազմակերպման պարագայում հնարավոր է շրջանցել այդ խոչընդոտները:

– Արդեն ասացինք, որ թիվ 12 ընտրական տարածքում ՀՀԿ-ի առաջադրած ութ թեկնածուից մեկը Դուք եք:

Ի դեպ, մարզկենտրոնի մի քանի հարյուր Հանրապետականից հենց Դուք եք արժանացել ՀՀԿ-ի թեկնածու լինելու պատվին:

Ինչո՞վ եք դա բացատրում, ինչո՞ւ հենց Ձեր թեկնածության վրա կանգ առավ ՀՀԿ-ն:

– Ժամանակներն ունեն իրենց առաջնահերթությունները եւ դրանց ընթացքն ապահովելու համար ընտրվում են չափորոշիչներ: Հնարավոր եմ համարում, որ իմ առաջադրումը պայմանավորված է առկա կենսափորձը ծառայեցնելու նշված առաջնահերթությունների ընթացքի ապահովմանը:

– Կապանում շրջանառվող առնվազն երկու ասեկոսե ոչ միայն Ձեզ են վերաբերում, այլեւ տեղավորվում են նախորդ հարցի տրամաբանության մեջ:

Իբր Կապանի քաղաքապետի վերջին ընտրությունից առաջ Ձեր եղբորը համայնքապետի տեղակալ նշանակելը վճռորոշ նշանակություն է ունեցել 2016-ի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրության ժամանակ` ՀՀԿ-ի թեկնածուի հաղթանակն ապահովելու առումով:

Իբր հենց Ձեր գերդաստանի ներկայացուցիչն է լինելու Կապան խոշորացված համայնքի ղեկավարի իշխանական թեկնածուն, եթե, իհարկե, առաջիկայում տեղի ունենա Կապանի երբեմնի վարչական շրջանի մեջ մտնող բնակավայրերի միավորում մեկ համայնքի մեջ, եթե Դուք կարողանաք ապրիլի 2-ին վերստին վճռորոշ դեր խաղալ` ՀՀԿ-ի օգտին ձայներ բերելու առումով:

Ի՞նչ կասեք այդ խոսակցությունների առիթով:

– Կապանի համայնքապետի ընտրության վերաբերյալ Ձեր հարցին պատասխանեմ. մեր ընտանիքը մասնակցել է այդ ընտրությանն իր հնարավորություններով, ինչը բնավ պայմանավորված չէր իմ եղբոր` համայնքապետի տեղակալ նշանակվելու հանգամանքով: Հարցի երկրորդ մասի վերաբերյալ նշեմ, որ թե՛ թիմային աշխատանքում եւ թե՛ մարդկային փոխհարաբերություններում նախապայմաններով աշխատելը եւ առեւտուր անելը մեզ բնորոշ չեն, ինչը մենք ապացուցել ենք մեր ապրած կյանքով: Ապրիլի 2-ի վերաբերյալ կասեմ, որ առանց նախապայմանների մեր ամբողջ հնարավորություններով մասնակցելու ենք ընտրական գործընթացներին:

– ՀՀ գործող սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի համաձայն` ԱԺ պատգամավորի թեկնածուն առանձին նախընտրական ծրագիր չի ներկայացնում, նախընտրական ծրագիր ներկայացնում է ընտրությանը մասնակցող քաղաքական ուժը:

Դուք, որպես թեկնածու, մասնակցե՞լ եք ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակմանը:

Եթե նույնիսկ չեք մասնակցել, ապա ենթադրում ենք, որ հանգամանորեն ծանոթացել եք ՀՀԿ նախընտրական ծրագրին:

Ծրագրի հատկապես ո՞ր բաժինն է Ձեզ սրտամոտ, ո՞ր մասի իրագործմանը Դուք կկարողանաք (ընտրվելու դեպքում) գործնական մասնակցություն ունենալ:

– ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակմանը չեմ մասնակցել, սակայն, բնականաբար, ծանոթացել եմ, եւ, չառանձնացնելով որեւէ դրույթ, կնշեմ, որ այն բխում է առկա իրողություններից եւ առաջարկվող լուծումների առումով իրատեսական է:

– Դուք առաջիկա ընտրություններին կմասնակցեք ՀՀԿ-ի դրոշի ներքո:

Կարո՞ղ եք շատ համառոտ բնութագրել քաղաքական այդ ուժին եւ իմաստավորել նրա կատարածը Հայաստանի 3-րդ հանրապետության 25-ամյա պատմության ընթացքում:

– Հայաստանի հանրապետական կուսակցությունը պահպանողական գաղափարախոսության կրողն է, ինչն անձամբ շատ կարեւորում եմ: Կարծում եմ` անժխտելի է ՀՀԿ-ի գերիշխող դերը երկրի կառավարման, պետական ինստիտուտների ձեւավորման, միջազգային կարեւորագույն կոմունիկացիաներից կտրվածության պայմաններում տնտեսության կազմակերպման գործում:

– Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին թիվ 12 ընտրատարածքում` միայն տարածքային ընտրացուցակներով, կմասնակցի մի քանի տասնյակ թեկնածու` ներկայացված 9 քաղաքական ուժի կողմից:

Ո՞ր կուսակցությունը կամ կուսակցության դաշինքը կլինի ՀՀԿ-ի մրցակիցը թիվ 12 ընտրատարածքում:

Ո՞ւմ եք համարում Ձեր գլխավոր մրցակիցն այդ ընտրատարածքում:

– Կուսակցությունների եւ դաշինքների մասով նշեմ, որ յուրաքանչյուրին համարում եմ ունակ քաղաքական միավոր եւ մրցակից: Սակայն այս մրցապայքարում հավատում եմ ՀՀԿ-ի հաղթանակին:

– Ընտրատարածքը, նաեւ Կապան մարզկենտրոնը (որտեղ բնակվում է Ձեր հավանական ընտրազանգվածի գերակշիռ մասը), բնականաբար, բազմաբեւեռ հասարակություն է իրենից ներկայացնում: Եվ հանրության ամեն մի խավ պատգամավորի թեկնածուի իր պատկերացումները, իր համակրանքն ու հակակրանքն ունի:

Ի՞նչ եք կարծում, հատկապես ո՞ր խավն է Ձեր սոցիալական-քաղաքական հենարանն առաջիկա ընտրություններում, ո՞վ է Ձեր ընտրողը:

– Բնականաբար քաղաքական հենարանը Հանրապետական կուսակցությունն է, իսկ սոցիալականը բազմաշերտ է, որտեղից էլ կլինեն իմ ընտրողները:

– Ուզենք-չուզենք, կա, գոյություն ունի վարչական ռեսուրս ասվածը, որը սովորաբար ուղղորդվում է դեպի իշխանության թեկնածուն:

Դուք գոնե Կապան քաղաքի վարչական ռեսուրսը համարո՞ւմ եք Ձեզ աջակցող գործոն, թե՞ ոչ:

– Կապանի վարչական ռեսուրս ասվածն աշխատավոր կապանցին է` ներգրավված տարբեր պետական կառույցներում, եւ, իհարկե, չեմ կարող բացառել, որ այդ միջավայրից ինձ ընտրողներ կլինեն: Ավելին, ես ակնկալում եմ, որ կլինեն:

– Ձեր քարոզարշավի ընթացքում կաշխատեք միայն Կապանի՞ տարածաշրջանի ընտրողների հետ, թե՞ Վայոց ձորի ու Սյունիքի մյուս տարածաշրջանների ընտրողների հետ նույնպես:

– Բնականաբար առավելապես կաշխատեմ Կապանի տարածաշրջանի ընտրողների հետ, իսկ թիմային աշխատանքների պահանջի դեպքում կընդգրկվեմ նաեւ այլ ուղղություններում:

– Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարումը, որին անցնում ենք առաջիկա ընտրություններով, նոր եւ ավելի պատասխանատու դերակատարություն է վերապահում Ազգային ժողովին, ԱԺ պատգամավորին:

Դուք, ընտրվելու դեպքում, կկարողանա՞ք արժանապատվորեն կրել պատասխանատու այդ մանդատը:

– Այո՛:

– Ազգային ժողովի ո՞ր մշտական հանձնաժողովում եք տեսնում Ձեր պատգամավորական գործունեությունը:

– Կարծում եմ` կարող եմ ընդգրկված լինել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում` ելնելով իմ աշխատանքային գործունեությունից եւ ունեցածս փորձից: Միաժամանակ պետք է նշեմ, որ նմանատիպ որոշումները կայացվում են թիմային քննարկումների արդյունքում:

– Ազգային ժողովի գլխավոր գործառույթներից առաջինը, անտարակույս, օրենսդրական գործունեությունն է, որին մասնակցելու համար պատգամավորն ունի բացառիկ իրավունք` օրենսդրական նախաձեռնության իրավունք:

Դուք կկարողանա՞ք օգտվել Ձեր այդ բացառիկ իրավունքից` օրենսդրական նախաձեռնության հնարավորությունից:

– Ազգային Ժողովի օրենսդրական գործունեությունն առավելապես ձեւավորվում է նաեւ կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնություններից, սակայն դա չի կարող նվազեցնել առանձին պատգամավորների եւ պատգամավորների խմբերի կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու սահմանադրական իրավունքը:

– Սյունիքը տարիներ շարունակ, կարելի է ասել, բախտ չի ունեցել Ազգային ժողովի պատգամավորի առումով:

Կուզենայինք Ձեր պատկերացումն իմանալ օրինակելի պատգամավորի, աշխատող պատգամավորի մասին:

Ի՞նչը հատկապես պետք է բնորոշ լինի ԱԺ պատգամավորին:

– Մինչ օրս Սյունիքից ընտրված պատգամավորների վերաբերյալ որակավորմանը համաձայն չեմ, ինչը, սակայն, չի խանգարի ինձ ընտրվելու դեպքում ունենալ ԱԺ պատգամավորի իմ ձեռագիրը: Կարծում եմ` ԱԺ պատգամավորին բնորոշ պետք է լինի գիտելիքի, կենսափորձի, աշխատասիրության եւ անձնական պատասխանատվության համադրումը` ի նպաստ օրենսդիր գործունեության:

– Լինել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր` նշանակում է նախեւառաջ շատ լավ իմանալ Հայաստանի Հանրապետությունը:

Ի՞նչ եք կարծում` Ձեր երազած, պատկերացրած Հայաստանի եւ մերօրյա Հայաստանի միջեւ շա՞տ տարբերություն կա:

– Ես տեսնում եմ մերօրյա Հայաստանի ընթացքը դեպի իմ երազած Հայաստան: Այդ ընթացքը տեւական է լինելու: Վստահ եմ, ուղղությունը ճիշտ է:

– Կուզենայինք Ձեր տեսակետն իմանալ` որո՞նք են Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած առավել սուր եւ հնարավորինս արագ լուծում պահանջող հիմնախնդիրները:

– Ըստ առաջնահերթությունների հիմնախնդիրները կդասակարգեմ հետեւալ կերպ. ընդգրկուն անվտանգության շարունակական ապահովում, սոցիալական բեռի թեթեւացում, հանրային գիտակցության մեջ ազգային բարիքի արդարացի բաշխման գաղափարի ամրապնդում, հայ մարդու կողմից աշխատանքով վաստակ ստեղծելու մասնակի կորսված գաղափարի վերականգնում:

– Իսկ Սյունիքում եւ հատկապես Կապանի տարածաշրջանում ի՞նչ հիմնախնդիրներ եք տեսնում եւ ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումը:

– Վերը նշված խնդիրները հատկանշական են նաեւ Սյունիքի համար:

– Սյունիքյան հինգ խնդրի առնչությամբ կուզենայինք Ձեր դիրքորոշումն իմանալ. ա) բնապահպանական իրավիճակ, բ) լեռնային գյուղերի փրկություն, գ) պոչամբարների շուրջ ռիսկերի նվազեցում, դ) հանքարդյունաբերության հետագա զարգացում, ե) տնտեսության դիվերսիֆիկացում:

– Հարցին պատասխանեմ ըստ Ձեր առանձնացրած կետերի` ա) նշված ուղղությամբ կան անելիքներ պարտականությունների վերաձեւակերպման եւ հստակ բաշխման առումով, բ) լեռնային գյուղերի փրկության խնդիրը պետք է լուծվի տնտեսական համալիր ծրագրերի համատեքստում, գ) հնարավոր ռիսկերի դասակարգում եւ ռիսկերի նվազեցման համալիր գործողությունների շարունակական իրականացում, դ) կարեւորում եմ հանքարդյունաբերության դերը, որը մրցունակ է միջազգային շուկայում եւ ոչ միայն Սյունիքի, այլեւ ՀՀ տնտեսության զարգացման շարժիչ ուժն է, ե) գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզի տնտեսությունը հիմնականում ունի մեկ ուղղվածություն` լեռնահանքային արդյունաբերությունը: Տնտեսության միաճյուղ զարգացումն իր մեջ ռիսկեր է պարունակում: Կարծում եմ` անհրաժեշտ է խթանել նաեւ տնտեսության այն ճյուղերը, որոնք լեռնահանքային արդյունաբերությունից կախվածություն չունեն, եւ դրանով փորձել մեղմել առկա ռիսկերը, քանզի դիվերսիֆիկացումը տնտեսական անվտանգության գլխավոր բաղադրիչն է:

– Ի՞նչ հորդորով եւ կոչով կդիմեք ընտրողին` ապրիլի 2-ի քվեարկությունից առաջ:

– Կատարենք միայն գիտակցված ընտրություն` հանուն մեր երկրի անվտանգության եւ առաջընթացի:

Զրույցը` 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25