Սահմաններում սարերի պես տղերք ենք կանգնած

25.12.2018 11:10
1119

Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի՝ ԶԼՄ-ների գծով պատասխանատու, կապիտան Գեղամ Գրիգորյանի ուղեկցությամբ  ուղեւորվեցինք առաջնագիծ՝  հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, որտեղ զինծառայողները մարտական հերթապահություն էին իրականացնում: 

Հանդիպեցինք հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաներին` նրանց նվիրական առաքելությունն արժեւորելու,  զրուցելու նրանց առօրյայից ու հոգսերից:

Նրանք բոլորն էլ հայրենիքին, ծառայությանը նվիրված տղաներ են, հասկանում են կատարած գործի, ստանձնած առաքելության կարեւորությունը։ 

Ժամկետային զինծառայող Տարոնը, ում մեկ ամսից էլ քիչ է մնացել ծառայության, ասաց, որ դիրքային ծառայությունն ամբողջությամբ փոխել է իրեն, ինքն այսօր անճանաչելի է, նման չէ այն տղային, ով առաջին անգամ դիրք էր բարձրացել:  Մինչ զորակոչվելը` զինծառայության մասին  գրեթե պատկերացում չուներ, իսկ ահա, բանակ գալով՝ ֆիզիկապես եւ հոգեպես կոփվել, դարձել է հայրենիքին նվիրյալ իսկական մարտիկ:

Նա իր զինակից ընկերների հետ հաղթահարել եւ այսօր էլ հաղթահարում է ամեն մի դժվարություն, գիտակցում  իր պարտքը հայրենիքի հանդեպ։ 

Դիրքերում հանդիպեցինք նաեւ Տարոնի զինակից ընկերոջը՝ շարքային Արման Ղավալբաբունցին, ում ծառայությանը եւս քիչ է մնացել` մեկ ամիս:

Առաջինը, որ նկատեցի, Արմանի կոշիկներն էին՝ ցեխոտ, հնամաշ: Հենց կոշիկներից էլ սկսեցի հարցս.

-Արման, ինչու՞ են կոշիկներդ այդ վիճակում՝ ոչ ձմեռային եւ հնամաշ:

Պարզվեց՝ Արմանը զրույցից առաջ հողաշինական աշխատանքներ էր կատարում:

Զինվորը վազքով մտավ կացարաններից մեկը եւ այնտեղից բերեց ձմեռային իր նոր կոշիկները, ցույց տվեց.

-Ահա, գուցե չհավատաք, ձմեռայինն էլ ունեմ, ուղղակի գործ էի անում, հներն էի հագել, որ չփչանան:

-Ընդհանուր առմամբ, գո՞հ եք հանդերձանքից, ժամանակին փոխվու՞մ են դրանք՝ եղանակին համապատասխան:

Դիրքապահ զինվորներին խնդրեցի առանց քաշվելու անկեղծ լինել եւ մանրամասն ներկայացնել սննդի, հանդերձանքի, կենցաղային պարագաների մասին:

Արդյո՞ք ժամանակին սնունդը տեղ է հասնում՝ որակյալ ու թարմ: 

Տնից ինչպիսի՞ կենցաղային իրեր, գուլպա, ներքնաշապիկ եւ այլ հանդերձանք են ծնողներն ուղարկում:

Հարցս մի քիչ շփոթեցնող էր, որպեսզի տղաները ժամանակ չունենային մտածել եւ անկեղծորեն պատասխանեին:

Չշփոթվեցին, միանգամայն անմիջական հնչեց պատասխանը:

-Ամեն ինչից գոհ ենք, մեր տներում էլ այդպես կալորիական չենք սնվել: Ամեն օր ուտում ենք մսով կերակուրներ: Օրական երեք անգամ սնվում ենք՝ բազմազան, օրվա ժամերին համապատասխան: Հաճախ այնքան շատ է մատուցվում սնունդը, որ չենք կարողանում ուտել:

Ինչ վերաբերում է տնից որեւէ բան ուղարկելուն, նման դեպք չի եղել, այստեղ մեզ ամեն ինչով ապահովում են` ե՛ւ կենցաղային իրեր, ե՛ւ ներքնաշապիկ ու գուլպա: Ուղարկելու կամ բերելու  կարիքը չկա:

Ժամակետայիններն այստեղ՝ ամենաբարդ դիրքային ծառայության են եկել ուսումնական դասընթացներից հետո, շուրջ մեկ եւ կես տարի առաջ: Ամեն ինչից երեւում էր, որ նրանք ոչ միայն հարմարվել են դժվարին ծառայությանը, այլեւ իրենց շատ լավ են զգում՝ փորձառու զինվորի ու տանտիրոջ պես:

Հարցը Տարոնին ուղղեցի, ով մեկ ամիս շուտ էր եկել առաջագիծ: Նա ավարտել է Վանաձորի միջնակարգ դպրոցը, այնուհետ՝ գյուղատնտեսական քոլեջը:

-Տարոն, հեռավորությունը դիրքերից Ադրբեջանի առաջնագիծ՝ մի քանի հարյուր մետր է: Վախ, տագնապ, կամ անհանգստություն չե՞ք ունեցել երբեւէ:

Դժվա՞ր չէ առաջնագծում ծառայելը:

Զարմանալի է, բայց Տարոնի պատասխանը միանգամայն հասուն մարդու պատասխան էր.

-Դժվարությունը տղամարդու համար է, իմ եւ զինակից ընկերներիս անունից եմ ասում. վախի կամ տագնապի դեպքեր չեն եղել, որովհետեւ այստեղ ամեն ինչ մեր կողմից աչալուրջ վերահսկվում է, թշնամու ամեն շարժը մեր նշանակետի տակ է: 

-Իսկ դիրքապահները կարողանու՞մ են պահպանել անհրաժեշտ զգուշություն, չէ՞ որ մի աննշան շեղումն էլ բավական է, որպեսզի հակառակորդը նկատի ձեզ եւ կրակ արձակի:

-Չափազանց զգույշ ենք, այդ եւ այլ մարտական թեմաներով մեր հրամանատարները պարբերաբար զրույցներ, պարապմունքներ են անցկացնում մեզ հետ: Մինչեւ հիմա, որքան ծառայել եմ այստեղ, սատանայի ականջը խուլ, անզգուշության դեպք կամ պատահար չեն եղել:

Ապրիլյան քառօրյային այստեղ թեժ մարտեր են ծավալվել, հենց մեր դիրքերում, հիմա հակառակորդն ինքն էլ լավ գիտե, թե որքան ուժեղացված են մեր հետախուզությունն ու պաշտպանությունը, նա չի համարձակվի կրակ բացել այս ուղղությամբ:

Զրույցին խառնվում է հյուսիսարեւելյան պաշտպանական շրջանի հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ,  փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ու ասում.

-Մեր քաջ դիրքապահների, նրանց անմիջական հրամանատարների շնորհիվ սահմանները, իրոք,  հուսալի ձեռքերում են:

Դիրքերում կանգնած 18-20 տարեկան տղաներն ու նրանց ուսուցանող հրամանատարները…  յուրաքանչյուր պահի նրանք  պատրաստ են պաշտպանել  հայրենիքի սահմանները եւ խափանել հակառակորդի ոտնձգությունները։ 

Ժամանակին, այո, այս դիրքից մեր զինվորները մարտեր են վարել, հերոսաբար կռվել, հակառակորդի առաջխաղացումը կասեցրել, թույլ չեն տվել  մեր դիրքերի մեկ ներթափանցում:

Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր դիրքապահները գիտակցում են իրենց դերն ու անելիքը, հետեւում են կարգապահությանը, հրամանատարների ցուցումներին, պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները:

Հրամկազմը,  թե՝ վարչակազմի սպաներս բոլոր հարցերում եւ խնդիրներում դիրքապահ անձնակազմի հետ ենք՝ մեր ընկերական խորհուրդներով, ցուցումներով, նրանց միշտ էլ զգաստության ենք կոչել:

Շատ կարեւոր է զինծառայողի մասնագիտական պատրաստվածությունը հակառակորդի գործողությունների դեպքում եւ թե՝ մարտը վարելիս:

Այդ նպատակով պարբերաբար պարապմունքեր ենք անցկացնում, ուսուցանում, թե հակառակորդի դիվերսիոն գործողություններին ինչպես պետք է արձագանքել, ինչ պետք է անել:

Շատ ենք կարեւորում ընկերական վերաբերմունքը դիրքապահի, առհասարակ՝ ժամկետային զինծառայողի հետ, քանի որ դրանով շատ բան է պայմանավորված, առաջինը հենց՝ մեզ առաջադրված խնդիրների հաջողությամբ իրականացումը:

Խորհրդակցումներ, կարծիքների փոխանակում, տեղանքում անելիքների ճշտում, դրանց արդյունավետ իրականացում.  պարբերական են եւ՝ անհրաժեշտ:

Նորից դիմելով դիքապահներին, հարցն ուղղում եմ Տարոնին, ով զորակոչվել է 2017-ի հունվարին եւ, ինչպես խոստովանում է, դեռեւս պատանի տարիքից զբաղվել է սպորտով, ինչն էլ օգնում է  ծառայողական պարտականությունների բարձր մակարդակով կատարմանը:

-Ես չգիտեի, որ դիրքապահ եմ գալու, բայց գիտակցում էի, որ մարզված լինելն անհրաժեշտ է լինելու հետագայում`  ծառայության ընթացքում:

Դիրքապահը պետք է ֆիզիկապես կոփված լինի, այստեղ թույլ կամ չկոփված զինվորի տեղը չէ: Ֆիզիկական կոփվածությունս ինձ  օգնել է հաղթահարել դիրքապահի պարտականությունների կատարման շատ  դժվարություններ,  մշտապես զգոն լինել:

-Իսկ Տարոնը հե՞շտ է հարմարվել զինվորի՝ ծանր ու պատասխանատու  առօրյային, մանավանդ՝ դիրքապահի առօրյային:

-Հեշտ բան չկա, բայց նախքան զորակոչվելս՝  ավելի դժվար էի պատկերացնում զինվորական ծառայությունը: 

Դրանում ինձ օգնել է ոչ միայն ֆիզիկական կոփվածությունս, նաեւ՝ ավագ եղբայրս անցած տարի է ավարտել ծառայությունը, արդեն որոշ չափով տեղյակ էի  պատերազմի եւ զինծառայության մասին, նրա փորձն ինձ համար  մեծ դաս  էր հետագա ծառայողական պարտականություններս սրբորեն եւ անթերի կատարելու համար: 

Փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը նորից միջամտում, ավելացնում է.

-Մեր դիրքապահները բոլորն էլ հիմնականում կոփված են, որոշներն էլ հենց դիրքերում են կոփվում, դառնում իսկական զինվոր: 

Ի դեպ, անձնակազմի զինծառայողները բոլորն էլ գիտակցաբար են վերաբերվում դիրքապահի պարտականությունների կատարմանը:

Այստեղ  ծառայությունը կազմակերպված է ըստ օրվա կարգացուցակի,  իրականացված են  ինժեներական բազմաթիվ աշխատանքներ, դիրքապահների անվտանգությանն ուղղված միջոցառումներ:

Կարող եք մտնել ամեն մի խրամուղի, շրջել նրա ողջ տարածքով,  խնդրեմ, ամենուր դուք կտեսնեք մաքրություն, կարգապահություն, մարտական  հերթապահության ճշգրիտ կատարում: 

Անձնակազմի հրամանատարը պարբերաբար ստուգում է  ծառայության ընթացքը, լրացուցիչ հրահանգներ տալիս, անդրադառնում  անվտանգության կանոնների խիստ պահպանմանը: 

Մեր դիրքապահը հրաշալի տեղեկացված է, որ հակառակորդը սովորաբար օգտվում է իրենց  զգոնության նույնիսկ ամենաաննշան թուլացումից:

Կոնկրետ այս հենակետում դա բացառված է, բայց եւ՝ չպետք է ոչ մի ակնթարթ զգոնությունը կորցնել, բավարարվել ունեցած աչալրջությամբ: Օր-օրի պետք է կատարելագործել զգոնությունն ու պատասխանատվությունը, ինչն էլ արվում է:

Ճիշտ է, վերջին շրջանում համեմատաբար հանգիստ է հակառակորդը, բայց դա ոչինչ չի նշանակում: Երբեք չես իմանա՝ ինչ հերթական դիվերսիա է մոգոնում նա, չպետք է զգոնությունն ու մարտունակությունը  ոչ մի ակնթարթ թուլացնել:

Դիրքապահներ Արմանին եւ Տարոնին մեկ ամսից էլ քիչ է մնացել ծառայության, նրանց արդեն անհամբեր սպասում են ծնողները, քույր եղբայրները:

Հաշվու՞մ են, արդյոք, ծառայության վերջին օրերը, թե՞ մի քիչ էլ տխրում են, որ շուտով պետք է հրաժեշտ տան հարազատ օջախ դարձած զորամասին, զինակից ընկերներին ու հրամանատարներին:

Տարոնը ժպտում, կատակում է.

-Չեմ հաշվում, որ հաշվեմ՝ ուշ կանցնի: Սա կատակով եմ ասում: Իրոք, մի քիչ էլ տխրում եմ, այնքան շատ եմ սովորել զինվորական կոլեկտիվիս, ասես մի տուն լինենք, հարազատ եղբայրներ: Այս երկու տարին ինձ շատ բան տվեց, առաջինը՝ ընկերասիրություն, հայրենիքի հանդեպ սեր ու պատասխանատվություն, պարտքի զգացում:

Կարծում եմ` զորացրվելուց հետո էլ յուրաքանչյուր երիտասարդ պետք է մնա զինվոր, չմոռանա այստեղ սովորածը, իր մասնագիտական գիտելիքները, ծառայության տված փորձը, դասերը, որովհետեւ, քանի դեռ մեր հայրենիքը պատերազմական վիճակում է, մենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք նորից զորակոչվելու, օգնության հասնելու նրան, հակառակորդին արժանի հարված հասցնելու:

Արմանն այս հարցին ավելի զգացմունքային է պատասխանում.

-Ճիշտ է, անկախ իմ կամքից հաշվում եմ օրերը, բայց գիտեմ, որ բոլորին կարոտելու եմ: Ինձ թվում է՝ երազում էլ տեսնելու եմ այս դիրքերը, նրանց պաշտպանող ընկերներիս, նույն  լարվածությունն եմ ունենալու, որովհետեւ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ հանգիստ քնել՝ իմանալով, որ երկու-երեք հարյուր մետրի վրա հակառակորդն է կանգնած. եւ ես այնտեղ չեմ:

Նախապես շնորհավորելով մեր դիրքապահների Ամանորն ու նրանց հաջողություններ, անփորձանք ծառայություն բարեմաղթելով, վերջին հարցն եմ ուղղում.

-Տղաներ, ի՞նչ կբարեմաղթեիք Արցախի եւ Հայաստանի ժողովրդին:

Պատասխանն էլ նույնն էր՝ ուրախ Ամանոր եւ խաղաղություն, ինչը, խոստացան, իրենք ապահովելու են հարյուր տոկոսով:

Բարի, անփորձանք ծառայություն, դիրքապահներ:

Մեր ժողովրդի անունից էլ ավելի ուրախ, երջանիկ Ամանոր ենք մաղթում ձեզ, հաջողություններ նոր տարում եւ միշտ…

Շնորհակալ ենք ձեզ, մեր քաջ ու հերոս տղաներ, Աստված ձեզ պահապան:

***

Մառախուղն իջել, արագորեն  ծածկել էր շուրջբոլորը, սկսել էր ձյուն տեղալ:

Նկատեցինք՝ դիրքապահներն ավելի զգոն են կատարում դիտարկումը, տեղանքի զննումն ու հակառակորդի հնարավոր շարժի կասեցումը:

Ճանապարհին զրույցը  դեռ երկար շարունակվում է:

Բոլորիս մտահոգությունն ու հարցերի հարցը երկրի ու նրա սահմանների անվտանգությունն է: 

Գիշերով եկանք Շուշի, Սբ Ղազանչեցոց մայր տաճարին՝  պարտադիր այցի: 

Մոմ վառեցինք Արցախի եւ Հայաստանի խաղաղության, զորական ուժերի անփորձանք ծառայության, մեր երկու բանակի հզորության, անպարտելիության համար եւ հաստատ յուրաքանչյուրս մեր մտքում աղոթք հղեցինք առ Աստված՝ թող Հայոց երկրում  այգաբացներն ամենուր խաղաղ լինեն, անձնակազմերի հրամանատարներն էլ միշտ  զեկուցեն. 

-Մարտական իրադրությունը կայուն է, անձնակազմը՝ հզոր եւ մարտունակ, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել…

Այդպես էլ կլինի, որովհետեւ երկրի սահմաններում  սարերի պես հզոր տղերք են կանգնած: 

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34