Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

21.04.2019 10:08
1393

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Յարեաւ Աստուած եւ ցրուեցան ամենայն թշնամիք Նորա» 
(Ժամագիրք):

Սիրելի հավատավոր զավակներ Մեր,

Սուրբ Հարության տոնի ուրախությունն է համակել մեր հոգիները, Հարության հաղթական բերկրանքն է ամենուր՝ մեր շուրջը, մեր եկեղեցիներում, ընտանիքներում, քրիստոնյա ողջ աշխարհում, նաև՝ բնության զարթոնքի մեջ: Քրիստոս հաղթական ելել է փակված քարանձավից, և հրեշտակը Նրա հարության ավետիսն է հնչեցնում թափուր գերեզմանից: Փրկչի հաղթանակով փշրվել են մեղքի ու մահվան կապանքները, բացվել են դռները երկնքի արքայության և մարդկանց ընծայվում է աստվածային շնորհը՝ ժառանգելու հավիտենական կյանքի անգին պարգևը. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհ. ԺԱ 25-26):

Քրիստոսով հարության և հավիտենական կյանքի ուղին սկսվում է այս աշխարհից, մարդու կյանքի վերափոխումից, մեղքի ու չարիքների մերժումից, դեպի սրբություն ու կատարելություն ընթացքից: Արդարև, որտեղ բաց են մարդկային հոգիները Քրիստոսի Հարության լույսի առջև, այնտեղ ցրվում ու նահանջում են խավարները աստվածամերժ չարահնար խորհուրդների, մոլորեցնող գաղափարախոսությունների, բաժանումների ու բևեռացումների, անհանդուրժողականության, թշնամության ու պառակտումի, և հաստատվում են համերաշխություն ու միաբանություն, հավատարմություն, սրբություն, սեր և ուրախություն: «Աստված հարություն առավ, և ցրվեցին Նրա բոլոր թշնամիները»,- օրհնաբանում է ժամասացը:
Աշխարհի խաղաղության, հասարակության բարօրության, մարդկության ներդաշնակ գոյակցության, ընտանիքների ամրության և ամենայն բարիքի հակառակ են այն ընթացքները, որոնք մերժում են Քրիստոսով նորոգությունը և գերի դարձնում կյանքը մեղքին, ենթարկում աղավաղումների ու կործանման:

Քրիստոսի Հարության ավետիսը հրավեր է ամենքին՝ ապրելու Փրկչի պարգևած շնորհներով՝ որպես նոր մարդ, ինչպես պատգամում է առաքյալը. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփ. Դ 22-24): Հավատալ Քրիստոսի Հարությանը և Քրիստոսով մեր հարությանը ու մեր կյանքի վերափոխմանը, նշանակում է ոչ միայն հաղթանակ տանել մեղքի, մոլությունների ու մոլորությունների դեմ, այլև սիրով համակվել ամենքի հանդեպ՝ մերժելով արդարության, արժանապատվության և ամենայն մարդկայինի ոտնահարումները, տարածել հոգատարություն ու համընդհանուր հաճություն, ինչպես Քրիստոս, «որ եկավ և փրկեց բոլոր արարածներին» (Շարական): Հարության շնորհն ընդունած քրիստոնյայի կյանքում տեղ չունեն ագահության, անիրավության, ատելության, բռնությունների և Աստծո պատվիրանները անտեսող այլ դրսևորումները, որոնք մեղքից ու մահից Քրիստոսի պարգևած ազատության մերժումն են և վերացնում են բարին ու բարիքը մարդու, ընտանիքի, երկրի կյանքից: Ազատությունը տրված է բարին ընտրելու և ո՛չ թե չարիքի ու սանձարձակությունների պատրվակ դարձնելու համար (հմմտ. Ա Պետ. Բ 16): Հիրավի, հարության շնորհի ժառանգորդ լինելը արտահայտվում է ապրելակերպի, գործերի, ոչ միայն անձնական ու ընտանեկան, այլև հանրությանը, ազգին, մարդկությանը բերած օգտակարության ու ներդրումի մեջ: Այս ճանապարհով է պայծառանում և արդյունավորվում հավատքը, առատանում հույսը, հաստատվում եղբայրասիրությունն ու միասնաբար առաջընթացի ուղին: 

Քրիստոսի չարչարանքներն ու Հարությունը հանուն մեզ, հանուն ողջ մարդկության՝ աստվածային անսահման սիրո արտահայտությունն են: «Նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլև Նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար (Բ Կորնթ. Ե 15): Սերը, սիրելիներ, անձնակենտրոն չէ, իրենը չի փնտրում (Ա Կորնթ. ԺԳ 5), արտահայտվում է միմյանց հանդեպ նվիրվածությամբ և հիմքն է ծաղկումի, վերելքի, հարության: Այս է այն կարևոր պատգամը, որ Փրկիչ մեր Տերը փոխանցում է մարդկանց Իր օրինակով: Տիրոջ Հարությունն ինքնին համընդհանրության, հավաքականության ու միաբանության խորհուրդն է բերում աշխարհին: Քրիստոս բոլորին բերեց իր ծառայությունը, այդպես էլ մենք ապրենք միմյանց հանդեպ սիրո ու ծառայանվիրումի, նախանձախնդրության ու հանձնառության ոգով: Այս գիտակցությամբ է, որ ի զորու պիտի լինենք դիմագրավել մեր պետական ու համազգային կյանքի դժվարությունները, լուծել մեր առջև ծառացած խնդիրները, ամրապնդել ընտանիքները, անսասան պաշտպանել ու շենացնել մեր հայրենիքը, աշխարհասփյուռ ազգային մեր կյանքը: Մեր ժողովուրդը, որ ընդունել է Քրիստոսին որպես իր Փրկչի, և առ Տերը սիրով ու հավատարմությամբ հառնել պատմության արհավիրքներից, այսօր էլ այդ հավատքով, այդ զորությամբ պիտի շարունակի կերտել իր հաղթանակներն ու ձեռքբերումները: Արդ, սիրելիներ, Քրիստոսի էջքով սրբագործված մեր երկրում և համայն մեր կյանքում հարատև պահենք Քրիստոսի Հարության լույսն ու զորությունը և շարունակ նորոգվենք մեր Փրկչի պարգևած շնորհով: Այսպես մենք կարող կլինենք միասնաբար ընթանալ դեպի հզոր հայրենիքի նորակերտում, դեպի նոր հորիզոնները մեր կյանքի՝ փաստելով, որ մենք Քրիստոսով հարուցյալ ժողովուրդ ենք, Քրիստոսի ժողովուրդն ենք, Աստծո սեփական ժողովուրդն ենք:

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության ցնծալի ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ իրենց ծառայության արգասավորման մաղթանքով: Հայրապետական օրհնությամբ ողջունում և ամենայն բարյաց Մեր մաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանին: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն: Սուրբ Հարության շնորհաբեր տոնի առիթով Մեր բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը՝ մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին: 

Սուրբ Հարության շնորհառատ այս օրը աղոթում ենք, որ աշխարհում հրաշագործեն Փրկչի Հարության շնորհները, մարդիկ նորոգվեն կյանքի, խաղաղության, միասնության բարի ձգտումներով ու իրագործումներով և լինեն մեկ ընտանիք աստվածային օրհնության ներքո: Ընտանիքին նվիրված այս տարում վերստին հայցում ենք, որ Քրիստոսի Հարության լույսով պայծառանան ու ամրանան ընտանեկան մեր հարկերը՝ լի սիրով, համերաշխությամբ ու երջանկությամբ: Թող Տերն Իր անսահման սիրո մեջ պահպանի մեր ժողովրդին և անշեջ պահի հարության լույսն ու ուրախությունը մեր սրտերում, մեր երկրում ու համայն աշխարհում:
Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46