Նա կարողացել է իր արվեստով շատ բան փոխել մարդկանց մեջ, նրանց մտքերում ու գործողություններում

07.01.2025 11:58
312

Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» թեմայով կապանյան ցուցահանդեսում (04.12.2024 թ.) զրույց ունեցանք նրա որդու՝ Արամ Դանիելյանի հետ, ով նույնպես գեղանկարիչ է։

- Հարգելի Արամ, առաջին անգամ եք ներկայանում «Սյունյաց երկրի» լսարանին, ուստի և կուզենայինք, գոնե համառոտ, տեղեկանալ Ձեր անցած ճանապարհին, նաև ներկա գործունեությանը։

– Ծնվել և մեծացել եմ Կապան քաղաքում, ավարտել եմ Կապանի արվեստի դպրոցը, այնուհետև՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, բարձրագույն կրթությունս ստացել եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում: Ուսանողական տարիներից բնակվում եմ Երևան քաղաքում՝ պահպանելով կապը Կապանի հետ: Այդ ընթացքում աշխատել եմ դիզայնի, հեռուստատեսության և կինոյի ոլորտներում, այնուհետև՝ 2014 թ.-ին, հիմնադրել եմ «Դանիելյան» արվեստի կենտրոնը, որն ամենախոշորն է Երևան քաղաքում, գործում է չորս մասնաճյուղով, որտեղ ուսանում են բազմաթիվ սաներ:

– Երբ առիթ է լինում խոսել Ձեր հոր՝ Հրանտ Դանիելյան գեղանկարչի մասին, ապա նշվում է նրա՝ նկարչի ընտանիքում ծնված լինելու մասին, ասել է՝ նրա տաղանդը սերում է նախնիներից։ Ձեր նախնիներից ո՞վ էր զբաղվում նկարչությամբ և ի՞նչ ժառանգություն է թողել։

– Նկարչությամբ զբաղվել են պապս և հայրս, այժմ նրանց գործը շարունակում ենք ես և եղբայրս: Հայրս տեսել և սովորել է իր հորից՝ Արամայիս Դանիելյանից, ես և եղբայրս՝ Դավիթը, արդեն սկսեցինք ոգեշնչվել հայրիկի աշխատանքներից ու նրա արվեստանոցից:

– Կարո՞ղ ենք ասել՝ և՛ Դուք, և՛ եղբայրդ՝ Դավիթ Դանիելյանը, գեղանկարիչ եք դարձել նաև նախնիներից եկող շնորհի ու նախասիրության ազդեցությամբ։ Ի՞նչ խորհուրդներ էր տալիս Հրանտ Դանիելյանը գեղանկարիչ զավակներին՝ մասնագիտական (և ոչ միայն) առումով։

– Միանշանակ՝ մեր հայրիկի ներդրումն իմ և Դավիթի գեղանկարչական ուղու մեջ մեծ է և, իհարկե, եթե մեր հայրը չլիներ գեղանկարիչ, դժվար թե մենք ևս զբաղվեինք այդ գործով: Մեր հայրը՝ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը, մեծ ավանդ է ունեցել գեղանկարչությունը մեր մեջ զարգացնելու գործում, քանի որ մեր ծնված օրվանից տեսել ենք հայրիկին այդ աշխատանքի մեջ: Նա խորհուրդներ էր տալիս և՛ գեղանկարչության հետ կապված, և՛ կյանքի հետ կապված, ու այդ ամենն ընդհանրանալով՝ դառնում էր այն ոգեշնչման աղբյուրը, որը ես և եղբայրս ստանում էինք: Նրա հետ շփումներն ու մշակութային դաստիարակությունը հետագայում մեծ հետք ունեցան մեր գեղանկարչական կարիերայում:

– Փորձե՞լ եք ինքներդ Ձեզ համար ճշտել–պարզաբանել՝ ինչպե՞ս ծնվեց, ձևավորվեց կամ ստեղծագործական ի՞նչ փուլեր անցավ նկարիչ Հրանտ Դանիելյանը։

– Հայրիկի հետ մեր հարաբերությունները ծնող-երեխա հարաբերություն լինելուց բացի, նաև շատ ընկերական են եղել, ու քանի որ շատ-շատ մոտ ենք եղել միմյանց հետ, ես մանրամասն գիտեմ, թե հայրիկը և՛ երիտասարդ տարիքում, և՛ հետագայում՝ արդեն պատերազմական ժամանակաշրջանում, ինչպիսի դժվար, դաժան և ծանր ճանապարհներով է անցել: Մեծ դժվարությունների միջով անցնելով՝ երեք որդի կրթեց, երեք որդի ճանապարհեց Հայկական բանակ, երեքին էլ տվեց բարձրագույն մասնագիտական կրթություն: Հայրիկի անցած ճանապարհը շատ արգասաբեր, բայց և դժվար է եղել:

– Փորձեք հիշել Հրանտ Դանիելյանին՝ նկարակալի առջև նստած և նոր աշխատանք սկսելիս...

– Երբ հայրիկի անունը տալիս են, ես նրան միանգամից հիշում եմ նկարակալի առջև նստած, որովհետև մանուկ հասակից միշտ նստել եմ նրա թիկունքում՝ նրա հետնամասում գտնվող նստարանին և ուշադիր հետևել աշխատանքի ընթացքին, հետևել նրա վրձնահարվածներին: Մի քիչ մեծանալուց հետո արդեն սկսել եմ նաև նրան խորհուրդներ տալ, և հետաքրքիրն այն էր, որ հայրիկը միշտ հաշվի էր առնում իմ խորհուրդները և ժամանակ առ ժամանակ նաև կիրառում, միասին ուրախանում էինք, երբ իմ տված խորհրդով ինչ-որ բան փոխում էր իր տվյալ աշխատանքի մեջ: Ու երկուսս էլ ոգևորվում էինք, երբ այդ փոփոխությունից աշխատանքն ավելի հետաքրքիր էր ստացվում:

– Դուք անմիջական շփումներ եք ունեցել և, բնականաբար, առավել լիարժեք կարող եք բնութագրել Հրանտ Դանիելյանի արվեստը։ Խնդրեմ։

– Հրանտ Դանիելյանի արվեստը մեկ բառով կարելի է նկարագրել՝ մաքրություն, որովհետև այն ժամանակը, որ միասին ենք անցկացրել արվեստանոցում՝ տեսնելով նրա մոտեցումն աշխատանքին, ես միայն և միայն տեսել եմ մաքրություն ու ազնվություն իր աշխատանքի հանդեպ: Ազնիվ արվեստագետ էր և ոչինչ հենց այնպես չէր անում, ու այդ ազնվությունն ու մաքրությունն է, որ այսօր հարյուրավոր հանդիսատեսներ հայրիկի նկարները բնութագրում են որպես մաքրություն, դրական էներգետիկայի աղբյուր:

– Հրանտ Դանիելյանն ունի՞ ստեղծագործությունների ամբողջական կատալոգ կամ՝ քանակային առումով ի՞նչ ծավալ ունի նրա գեղանկարչական ժառանգությունը, թեև հասկանում ենք՝ քանակով չէ, որ բնութագրվում են արվեստի գործերը։

– Հայրիկն ունի շատ աշխատանքներ՝ մի քանի հարյուրի հասնող: Այցելուն տեսել է դրա կեսը, կա նաև տասնյակ փոքր չափսերի ծաղիկների շարք, որոնք դեռ չեն ցուցադրվել, դրանք կցուցադրվեն նկարչի 65-ամյակի կապակցությամբ կայանալիք ցուցահանդեսին, որը կլինի և՛ Երևանում, և՛ Կապանում: Հայրիկի թողած ժառանգությունն ահռելի է, այդ իսկ պատճառով աշխատում ենք ամեն ինչ անել, որպեսզի պատշաճ կերպով ցուցադրվի հանդիսատեսին: Ամբողջական կատալոգ, որտեղ ներառված են նրա բոլոր աշխատանքները, դեռ չկա, բայց ժամանակի ընթացքում կհասնենք նրան, որպեսզի մեկ ամբողջական կատալոգ ունենանք, որտեղ ներառված կլինեն նրա բոլոր աշխատանքները:

– Երբևէ տեսե՞լ եք հայրիկին՝ իր նկարների հետ մեն-մենակ զրուցելիս, մեն–մենակ խորհրդածելիս։

– Եթե Ձեզ բախտ վիճակվեր ներկա լինելու նրա ամեն մի նկարի ստեղծման ընթացքին, Դուք կտեսնեիք՝ ինչպես էր լռակյաց զրուցում սեփական ստեղծագործությունների հետ՝ իր հայացքով, իր դեմքի արտահայտությամբ: Զրուցում էր մինչև վերջին վրձնահարվածը՝ հոգով, աչքերով, միմիկայով, և դա տպավորվել է իմ մեջ: Միշտ հիշում եմ իր հայացքը ստեղծագործելու պահերին:

– Ազդեցություններ... Կերպարվեստում նույնպես, ինչպես արվեստի մյուս ոլորտներում, արվեստագետը կրում է այս կամ այն նշանավորի ազդեցությունը, որին երբեմն նույնիսկ ընդօրինակում է։ Ո՞ւմ ազդեցությունն էր, ըստ Ձեզ, շատ թե քիչ կրում Հրանտ Դանիելյանը կամ ո՞վ էր նրա համար իդեալ, ընդօրինակման կերպար արվեստում։

– Հայրիկը սիրում էր ռուսական և եվրոպական դասական գեղանկարչությունը, սիրում էր նաև հայ նկարիչների՝ Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Հակոբ Հակոբյան, Հակոբ Կոջոյան և, կարելի է ասել, ոչ թե մեկ նկարչից էր ոգեշնչվում, այլ ժամանակ առ ժամանակ կենտրոնանում էր մի նկարչի ստեղծագործական կյանքի վրա ու այդ ժամանակահատվածում ուսումնասիրում միայն այդ նկարչին, շատ կարդում նրա մասին: Հայրիկը շատ-շատ տեղեկացված էր, շատ էր կարդում նկարիչների մասին, փայլուն գիտեր Հայաստանի արվեստի պատմությունը և համաշխարհային արվեստի պատմությունը՝ թվականներով, մանրակրկիտ դետալներով և իրադարձություններով:

– Կարելի՞ է ասել, որ նրա արվեստն ուսումնասիրված է, թեկուզ և ոչ ամբողջական։ Արվեստագետներից ովքե՞ր են անդրադարձել նրա ստեղծագործություններին, իսկ միգուցե դա կարևոր չէ՞։

– Նրա արվեստին բանավոր կերպով շատ արվեստագետներ են անդրադարձել, բայց գրավոր՝ ոչ, երևի թե մտածելով՝ դեռ կհանդիպեն, կտեսնեն: Ասել է՝ միշտ ներկա կլինի Հրանտ Դանիելյանը, և իրենք հնարավորություն կունենան հենց նրան հայտնել իրենց կարծիքը: Այժմ գրեթե պատրաստ է նրա թանգարանի վեբ կայքը, որտեղ զետեղված կլինեն տարբեր նկարիչների կարծիքներ նրա աշխատանքների վերաբերյալ: Ներառված կլինեն նաև այն կատալոգում, որի մասին քիչ առաջ խոսեցինք:

– Հրանտ Դանիելյանի ոճը, որդեգրած ուղղությունը, աշխարհի հանդեպ իր վերաբերմունքը... Իսկ միգուցե ինքն իր սեփական ճանապա՞րհն ուներ։

– Հրանտ Դանիելյանի ոճը շատ դժվար է բնութագրել, քանի որ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ոճերի մեջ է ստեղծագործել, չնայած ունեցել է իր ընդհանուր գիծն ու թելն այդ ամենի մեջ: Բայց հիմնականում սիրում էր նկարել բնանկարներ, նատյուրմորտներ, ծաղիկներ, դիմանկարներ, աշխատում էր թե՛ էքսպրեսիոնիզմի, թե՛ իմպրեսիոնիզմի ոճերի մեջ, ունեցել է նաև մի քանի աշխատանքներ պուանտելիզմի ոճի մեջ: Եվ հիմնականում կարելի է ասել՝ նա ստեղծեց սեփական ոճը, ուղղությունը, որը շատ խիստ տարբերվեց, և մեր կազմակերպած վերջին ցուցահանդեսի ժամանակ ակնհայտ երևաց՝ բնանկարների այն գիծը, որը ստեղծել էր, բայց, ցավոք, չկարողացավ շարունակել: Այդ աշխատանքների հետ կապված մեծ պլաններ ունեինք, դրանք պետք է գերազանցեին ոչ թե 50-ը, այլ 100-ը, որպեսզի ունենայինք մասշտաբային ցուցահանդես, մենք արդեն իսկ նրա հետ քննարկում էինք այդ ցուցահանդեսի մանրամասները, բայց, ցավոք սրտի, չարաբաստիկ համավարակը թույլ չտվեց ավարտին հասցնել… Նա շատ ակտիվ, ամենօրյա ռեժիմով էր աշխատում ու հենց բնությունից էր օգտվում և շատ հետաքրքիր ու նոր ձևով սկսեց ներկայանալ:

– Վաղուց է՝ գեղանկարչությունը նաև կոմերցիոն արվեստ է համարվում կամ ընկալվում (և ոչ միայն մեզանում)։ Արդյո՞ք ինքն այդ գործելակերպին տեղ էր տալիս։ Չնայած մենք այն կարծիքն ունենք, որ նկարը նաև պիտի վաճառվի, տարածվի...

– Կարծում եմ՝ ստեղծագործությունը պետք է արվի ազնիվ, մաքուր, առանց որևիցե կոմերցիոն նշանակության, բայց կոմերցիան, միանշանակ, մեծ դեր է խաղում նկարչի առաջխաղացման և սոցիալապես ապահովված լինելու գործում: Ինչպես շատերը, հայրիկը նույնպես վաճառում էր աշխատանքներ, որի շնորհիվ էլ ապրում էինք, զարգանում, կրթվում: Նաև դրանով է ոգևորվում արվեստագետը, որովհետև երբ դու ստեղծում ես մի հետաքրքիր գործ՝ պետք է ոչ թե պահես քո արվեստանոցում, այլ պետք է «թույլ տաս» նրան՝ դուրս գալու քո տիրույթից ու գտնելու իր հանգրվանը: Կարծում եմ՝ արվեստագետը պետք է կարողանա «բաց թողնել» իր ստեղծագործությունը, որ նկարը գտնի իր ընտանիքը, իր մշտական տեղը և ապրի այդ ընտանիքում, պատկանի այդ ընտանիքին՝ սերնդեսերունդ: Հայրիկի մահից հետո ոչ մի վաճառք տեղի չի ունեցել, նրա աշխատանքներն այս պահին չեն վաճառվում, միայն մասնակցում են ցուցադրությունների, հետագայում անգամ եթե վաճառվի, ապա դրանք լինելու են եզակի դեպքեր ու միայն միջազգային աճուրդների շնորհիվ, որոնց հասույթն ուղղվելու է Հրանտ Դանիելյանի թանգարանի զարգացմանը, երիտասարդ ստեղծագործողներին օգնելուն, նրանց համար լավ պայմաններ ստեղծելուն, այդ միջոցները ծառայելու են միայն բարեգործական նպատակների: Համենայնդեպս այս պահին նման ծրագիր ու նպատակ չկա, նրա աշխատանքները միայն ցուցադրվում են:

– Հրանտ Դանիելյանի լավագույն կտավներից մի քանիսը փորձեք առանձնացնել։

– Դժվար է առանձնացնել Հրանտ Դանիելյանի լավագույն նկարները, հնարավոր չէ նրա մեկ նկարը մյուսից գերադասել: Կամ այդ հարցի հասցեատերը ես չեմ, որովհետև ես ամեն մի վրձնահարվածն ու գիծն եմ սիրում հայրիկի և ընդունում ամեն մի նկարը, ինչպես մեր ընտանիքի անդամ, և չեմ կարող մի նկարը մյուսից առանձնացնել: Ու կարծում եմ՝ այդ հարցը ճիշտ կլիներ ուղղել հանդիսատեսին, ով այլ ռակուրսից և այլ հայացքով է նայում այս ամենին, որպեսզի կարողանաք ավելի օբյեկտիվ պատասխան լսել: Իմ պատասխանը լինելու է սուբյեկտիվ և հուզական, որովհետև բոլոր աշխատանքներն էլ ինձ հարազատ են:

– Ցուցահանդեսը դիտելիս, կարծեք, նրա համար նախապատվելի գունային միջավայրն էլ հասկանալի դարձավ՝ կանաչը և կապո՞ւյտը, թե՞...

– Այո, Դուք ճիշտ եք, ցուցադրված նկարներում գերիշխում էին Ձեր նշած գույները: Այնուամենայնիվ, այնտեղ կային այլ կոլորիտներ: Ուզում եմ նշել նաև , որ Ձեր նշած գույները հայրիկի ամենասիրելի գույներն էին, բնության այդ գույները նրա նախընտրելի և ներկապնակի հիմնական գույներն էին:

– Ստեղծագործական պրոցեսը չի կարող տեղի ունենալ՝ առանց ոգեշնչման աղբյուրի։ Ցուցահանդեսը թույլ է տալիս եզրակացնել՝ նրա ոգեշնչման աղբյուրը բնօրրան Կապանն էր։ Արդյո՞ք ճիշտ է մեր ընկալումը։

– Միանշանակ՝ նրա առաջնային ոգեշնչման աղբյուրը հենց Կապանն էր, որովհետև քնում և արթնանում էր Կապանով, նույնիսկ երբ գտնվում էր այլ քաղաքում կամ երկրում, ժամանման օրվանից արդեն ուզում էր վերադառնալ Կապան: Կապանին սիրահարված արվեստագետ էր, Կապանի ամեն մի քարն ու ծառը, ամեն մի հայրենակիցն ու բնակիչը նրա ոգեշնչման աղբյուրն էին: Սկսած հարևաններից՝ վերջացրած ամենատարբեր մարդկանցով, միշտ ոգևորված ու ոգեշնչված էր մտնում տուն կամ արվեստանոց, և իր ստացած դրական էներգիան փոխանցում կտավներին:

– Հրանտ Դանիելյանը վաղ հեռացավ կյանքից։ Ասում են՝ դեռ ասելիք ուներ, կիսատ ծրագրեր ուներ, ասում են՝ գեղանկարչության մեջ նրա սահմանն անսահմանությունն էր։ Բայց այդ մասին, կարծում ենք, Դուք ավելի քաջատեղյակ կլինեք։

– Հրանտ Դանիելյանն անժամանակ և անակնկալ կերպով հեռացավ՝ թողնելով մեծ ժառանգություն, բայց և շատ կիսատ գործեր: Վերջին շրջանում զգացվում էր, թե ինչպես է ուզում ամեն մի ժամն ու րոպեն օգտագործել ստեղծագործությունների վրա. բազում պլաններ ու երազանքներ ուներ, որոնք պետք է ի կատար ածեր: Այնուամենայնիվ՝ ընտանիքով բախվելով ճակատագրի այդ հեգնանքին ու հարվածին, սկսում ենք ուղղել մեր մեջքը և առաջ տանել Հրանտ Դանիելյանի կիսատ թողած աշխատանքները: Ու ոչ թե ավարտին ենք հասցնելու, այլ շարունակելու ենք այնքան, մինչև մեր երեխաներն էստաֆետը կվերցնեն իրենց ձեռքը: Իհարկե, նրա ստեղծագործական կյանքը կանգ է առել, բայց դեռ ցույց տալու բան ունենք: Չենք սահմանափակվելու Հայաստանով, պլանավորում ենք ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում: Ու արվեստասեր մարդիկ՝ աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր հեռուստածրագրերից կտեղեկանան Հրանտ Դանիելյանի ստեղծագործությունների մասին և, միանշանակ, մեր համերկրացիները մեծ հպարտությամբ կլցվեն՝ տեսնելով այդ ամենը:

– Ասված խոսք կա՝ նկարիչը ցավ պատկերելու, հոգիներ բուժելու առաքելություն ունի։ Իսկ հիվանդը հասարակությունն է, ժամանակի որոշ բարքերն են...

Ի՞նչ եք կարծում, կարողացա՞վ Հրանտ Դանիելյանն ազգային մեր ցավերին իր բաժին հոգևոր բալասանը դնել։

– Համոզված եմ՝ այդ հարցում մեծ դեր ունեցավ Հրանտ Դանիելյանը՝ որպես մարդ, որպես ստեղծագործող, բայց այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանի արվեստասեր հասարակությունը: Կարծում եմ՝ նման ներդրում, միանշանակ, ունեցել է, և իր արվեստով կարողացել է շատ բան փոխել մարդկանց մեջ, նրանց մտքերում ու գործողություններում: Եվ, անշուշտ, ստացվել է…

 

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Շնորհավորո՛ւմ ենք ՀՀ Ազգային Անվտանգության մարմինների բոլոր ծառայողներին` օրվա առթիվ

08.01.2025 13:08

ՀՀ վարչապետի արձագանքն Ադրբեջանի նախագահին. ԲԱՑԱՌԻԿ

08.01.2025 12:18

«Մենք այլ ելք չունենք»․ Իլհամ Ալիև

08.01.2025 11:11

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան

07.01.2025 23:55

«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի». Ալիև

07.01.2025 23:51

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ առաջիկա վեց ամսում բանակցելու ցանկության մասին

07.01.2025 23:48

Եթե ​​Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ. Իլհամ Ալիև

07.01.2025 22:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

07.01.2025 18:58

Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն

07.01.2025 17:46

Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները՝ Facebook-ում, Instagram-ում և Meta-ի այլ հարթակներում ազատ արտահայտվելու հնարավորությունը վերականգնելու համար

07.01.2025 17:41

Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները

07.01.2025 16:36

Սուրեն Պապիկյանը ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

07.01.2025 14:44