Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջեւ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով

11.08.2016 10:56
2162

Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ հյուրընկալության համար:

Բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը համապատասխանում է մեր երկրների միջեւ հարաբերությունների մակարդակին: Այդ հարաբերություններն ընդգրկում են մեր պետությունների կենսագործունեության բոլոր ոլորտները` սկսած ՀԱՊԿ ուղղությամբ դաշնակցային գործընկերությունից մինչեւ տնտեսական ինտեգրացում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եւ սերտ համագործակցություն հումանիտար ոլորտում: Մեր տարածաշրջանների միջեւ կապերն ընդլայնվում են, եւ դրա մեջ մեծ դեր են խաղում պարբերական դարձած միջտարածաշրջանային հայ-ռուսական համաժողովները, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների եւ Հայաստանի Հանրապետության մարզերի միջեւ ուղիղ կապերը:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը աշխարհում եւ, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որտեղ զուգահեռ ընթանում են կայունության եւ անվտանգության վրա ազդող բազմաթիվ գործընթացներ: Հայաստանում ուշադիր հետեւում էին վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահի ինտենսիվ արտաքին քաղաքական շփումներին, ինչը լիովին հասկանալի է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան Հայաստանի սահմանակից պետություններ են: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին այդ հանդիպումների ընթացքի մասին մանրամասն տեղեկատվության համար եւ համոզված եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից:

Մենք այսօր քննարկել ենք նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության աճի էական հաջողությունները: Դա ուղիղ պատասխան է այն թերահավատներին, ովքեր կանխագուշակում էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի տա Հայաստանին ոչ մի առավելություն: Բավական է նշել, որ չնայած բոլոր միջազգային դժվարություններին եւ խոչընդոտներին, մեր առեւտրաշրջանառությունը զգալի աճել է, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթե 90 տոկոսով՝ հասնելով իր պատմական առավելագույնին կիսամյակի ընթացքում: Համոզված եմ, որ մենք կկարողանանք պահպանել եւ զարգացնել այդ դինամիկան, քանի որ մեր երկրների միջև առկա առեւտրատնտեսական ներուժը նույնիսկ այսօր ոչ լիարժեք է օգտագործվում:

Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախեւառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը:

Ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցությամբ գործադրում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, եւ այդ գործընթացում նախագահ Պուտինի մեծ անձնական ներդրման համար: Դեռեւս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետեւանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ:

Նման զգայուն թեմայի հետ կապված խաղաղ գործընթացը, բանակցությունները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր այն փորձերը, որոնց արդյունքում կարող են խախտվել ուժերի հավասարակշռությունը, առաջանալ հաղթողներ ու պարտվողներ, դատապարտված են ձախողման եւ նոր լարվածության: Պետք է բոլորը շահեն իրատեսական, հստակ եւ իրագործվող որոշումների արդյունքում, որոնց հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն է, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը:

Վլադիմիր Վլադիմիրի, խաղաղության եւ համերաշխության թեմաները հատկապես արդիական են Օլիմպիական խաղերի օրերին: Մենք եւս մեկ անգամ հաջողություններ կմաղթենք Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականներին եւ ցանկանում ենք միասին ուրախանալ մեր եւ ձեր մարզիկների նվաճած հաջողություններով: Մենք շատ հպարտանում ենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկները հասել են շատ լավ արդյունքների: Մի քանի ամիս առաջ Երեւանում բացվել է համաշխարհային գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի անվան դպրոց: Ես համոզված եմ, որ համատեղ սպորտային հաղթանակները եւ նվաճումները լիովին արտացոլում են մեր ժողովուրդների փոխադարձ զգացմունքները: Ինչպես ասվում է՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի:

10.08.2016

president.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40