Նախակրթարանը դարձել է երեխաների ուրախ մանկության հավաստագիրը

14.07.2017 08:32
1706

Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան նախակրթարանը դպրոց ճանապարհեց հերթական սերնդին: Այդ առիթով տոնական միջոցառում էր՝ հրաժեշտի ելեւէջներով: Ներս են մտնում «օպերատոր»  Մայքլը եւ «լրագրող» Եվան՝ «Մանկության մոլորակ» հեռուստաընկերությունից: Նրանք թույլտվություն են խնդրում նախակրթարանի կոլեկտիվից՝ միջոցառումը «լուսաբանելու» համար: Իսկ «լուսաբանելու» համար շատ բան կա: Այդ ամենը «տեղակայված» է «Մանկության մոլորակ» գրքում: Եվ երեխաները մեկիկ-մեկիկ բացում են «գրքի էջերը»: Ամեն էջ մի պատմություն է, մի պատում ավագ խմբի առօրյայի մասին: Մի էջում հայ զինվորն է՝ ամուր կանգնած սահմանին: Զինվորական հագուստով աղջիկներն ու տղաները պարի, երգի լեզվով ներկայացնում են հայոց բանակը: Եվ  «էջը կարդալիս» գալիս ես համոզման, որ նախակրթարանում երեխաների հայրենասիրական դաստիարակությունը պատշաճ մակարդակի վրա է, եւ այս տղաները, որ վաղը, մյուս օրը լրացնելու են հայոց բանակի շարքերը, լավ են ծառայելու հայրենիքին:

Հաջորդ «էջում» մայրն է: Եվ անսքող հպարտությամբ երեխաները փառաբանում են մորը, ով դարերի խորքից բերել է սեր, բարություն: Եվ փոքրիկները մայրերին մաղթում են՝ մնացե՛ք միշտ մայր, ինչ էլ որ լինի, եւ հազար օրհնանք բոլոր մայրերին:

«Մանկության մոլորակ գրքի էջերը» շատ են: Դրանք պատմում են ավագ խմբի երեխաների գիտելիքների մասին, որ նրանք ստացել են նախակրթարանում մաթեմատիկայից, հայոց լեզվից... Ահա եւ վերջին «էջը»: Դա դպրոց գնալու «էջն» է: Երեխաները «բացում են» դպրոցի դարպասը եւ ներս մտնում: Այստեղ նրանց սպասում է մի նոր ու հետաքրքիր աշխարհ, որտեղ ստեղծվելու են նրանց ապագայի հիմքերը:

«Մանկավարժի ամբողջ հպարտությունը սաների մեջ է, նրա ցանած սերմերի մեջ...», - ասել է Դ.Մենդելեւը: Եվ Վ.Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթարանի մանկավարժական կոլեկտիվը հպարտանալու իրավունք ունի: Այստեղի դաստիարակչուհիներից արժանացել են «Տարվա լավագույն դաստիարակ» կոչմանը, ստացել ոսկե մեդալներ: Ոսկե մեդալի է արժանացել նաեւ նախակրթարանի տնօրեն Սաիդա Ադունցը: Նա 26 տարի ղեկավարում է այս կոլետիվը: Նրա ճիշտ ղեկավարման, բազում նախաձեռնությունների շնորհիվ նախակրթարանի սաները ստանում են հիմնավոր գիտելիքներ: Գորիսի յուրաքանչյուր դպրոց նախակրթարանի սաներին ընդունում է գրկաբաց, գիտեն, նրանք դպրոցում նույնպես կփայլելեն եւ պատիվ կբերեն իրենց կրթօջախին:

Դաստիարակչուհի Նելլի Գրիգորյանը մեկ առ մեկ նայում է իր սաներին՝ ասես նրանց մեջ փնտրելով  իր կյանքի այն տարիները, որ նվիրել է փոքրիկներին: Ծնողի նման սիրել է այս մանուկներին, ամեն  մի սովորած տառի, թվի համար նրանց հետ միասին ուրախացել, ապրել նրանց ոգեւորությամբ, մոր նման համբուրել նրանց թաթիկները, ու հիմա եկել է բաժանման պահը, բաժանում, որ անհրաժեշտ է, բաժանում, որ երեխաների համար մի նոր աշխարհի սկիզբ է եւ հանուն այդ նոր սկզբի՝ պիտի զսպես քեզ… Ու զսպում է բաժանման արցունքները դաստիարակչուհին...

- Ես ձեզ խնդրանք ունեմ, իմ սիրելի՛ փոքրիկներ, - ասում է Նելլի Գրիգորյանը, - այստեղ ապրած երանելի ակնթարթները պահեք ձեր հոգու մի անկյունում, ձեր խելառ աշխարհի մի անկյունում: Ու թե երբեւիցե ձեր կյանքում ցանկանաք կիսել ձեր ուրախությունը, տխրությունը, բացեք այդ անկյունը եւ դուք այդտեղ կգտնեք նրան, ով ձեզ այդ պահին շատ է պետք, դուք ձեզ հզոր կզգաք, եթե դժվարության հանդիպեք, բացեք այդ անկյունը, այն ձեզ՝ ուժ եւ հուզող հարցի պատասխանը կտա: Միշտ ապրեք այս երջանիկ ակնթարթներով, եւ կյանքը ձեզ միշտ լավը կմատուցի:

Նախակրթարանն այդ օրն իր հարկի տակ շատերին էր հյուրընկալել: Այստեղ է նաեւ Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը:

- Այս հրաշք հանդեսը նախակրթարանի ողջ կոլեկտիվի միասնական աշխատանքի արդյունքն է: Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում դաստիարակչուհի Նելլի Գրիգորյանին, երաժիշտ Մերի  Տոռոզյանին, Անահիտ մորաքրոջը, բոլոր նրանց, ում մտահղացումը կոնկրետ գործ դարձավ, եւ բոլորս ականատես դարձանք հիասքանչ այս միջոցառմանը: Սա նաեւ խոսում է կոլեկտիվի արհեստավարժության մասին: Այս հրաշք երեխաները մեր ապագան են: Համոզված եմ՝ մեր երեխաները շատ են սիրելու իրենց համայնքը, Հայաստանը: Այդպես է լինելու, որովհետեւ այստեղ սիրո, բարության, նաեւ պատասխանատվության դասեր են նրանք առել: Ասել է թե՝ մեր երեխաները վաղը պատասխանատու են լինելու իրենց համայնքի համար, եւ ամեն ինչ անելու են, որ իրենց համայնքը միշտ զարգացող լինի, միշտ բարգավաճ ու շեն: Բարի ճանապարհ բոլորիդ:

Նախակրթարանի տնօրեն Սաիդա Ադունցը ասաց. «86 երկար ու ձիգ տարիներին մեր՝ ժամանակներին պահ տված հունդերը, որոնք բազում են ու ինքնատիպ, այսօր իրենք են ծլարձակում: Եվ այս կոլեկտիվի վաստակը հար ճառագելու է: Թող հետայսու էլ բարին ու երկնային բարեհաճությունը լուսապսակ լինեն մեր կյանքի բեղուն ճանապարհին»:

Սիրելի՛ փոքրիկներ, ձեր թաթիկներով աշխարհն առեք ձեր ափի մեջ, մաքրեք, փայփայեք եւ այն ավելի անաղարտ դարձրեք: Այսպիսով դուք կկերտեք մեր եւ ձեր ապագայի մոլորակը` տանելով այնտեղ մանկության անկեղծ, շիտակ ու լուսավոր այս պատառը: Բարի երթ ձեզ, սիրելի՛ սաներ:

Նախակրթարանն ավարտելու եւ դպրոց գնալու համար երեխաներին բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասացին ծնողները, հրավիրվածները: Երախտիքի ու շնորհակալության բազում խոսքեր հնչեցին նախակրթարանի հասցեին, որ միշտ պատվով է դուրս գալիս երեխաների կրթության ու դաստիարակության այս դժվարին, բայց աստվածահաճո առաքելությունից:

Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթարանը մի սերունդ էլ ճանապարհեց դպրոց: Իսկ սերունդն այդ գնաց՝ օծված սիրով ու բարությամբ:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00