«SOS. մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը Հայաստանում գործում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Կազմակերպությունն ի սկզբանե միտված էր այն բանին, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա մեծանալու ապահով, սիրով ու հոգատարությամբ լի ընտանիքում։ Կազմակերպությունը այդ ժամանակվանից ի վեր շարունակում է կանգնել այն երեխաների կողքին, ովքեր զրկվել են ծնողական խնամքից, ինչպես նաև նրանց, ովքեր գտնվում են այն կորցնելու վտանգի տակ։ Կազմակերպությունն աջակցում է նաև երիտասարդներին՝ օգնելով նրանց զարգացնելու հմտությունները, իրականացնել երազանքները և կառուցել սեփական ապագան, մինչև նրանք պատրաստ լինեն ինքնուրույն կյանքին։
Հոկտեմբերի 30-ին կազմակերպությունն հյուրընկալվել էր «Գրանդ հոթել Կապան» հյուրանոցում՝ ներկայացնելու երեքուկես տասնամյակից ավելի գործունեությունը, որ միջոցառմանը մասնակցում էին գործարարներ, ընկերությունների ղեկավարներ, կամավորներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Կազմակերպության գործունեությունը ներկայացրեց «SOS. մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի տնօրեն Սպարտակ Սարգսյանը։ Մասնավորապես նշվեց «SOS. մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը օգնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, երիտասարդներին և ընտանիքներին Հայաստանի հինգ մարզում և Երևանում։ Հյուրերին բարեմաղթանքի խոսքեր հղեց «Գրանդ հոթել Կապան» հյուրանոցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Արև Մանգասարյանը։
Ցուցադրվեց 25 րոպեանոց տեսանյութ, որն ամփոփում էր կազմակերպության 36 տարվա նվիրումն ու քրտնաջան աշխատանքը։
Ներկայացվեցին կազմակերպության աշխատակիցները, ովքեր միավորված են մի գաղափարի շուրջ, ըստ որի յուրաքանչյուր երեխա արժանի է սիրող ընտանիքում մեծանալու և ունենալու լիարժեք ապագայի հնարավորություն։
Վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակում, որ մի եզրահանգում ուներ՝ միասին կարող ենք ապահովել այն, որ Հայաստանում ոչ մի երեխա չմեծանա առանց սիրող ընտանիքի։
Վահրամ Օրբելյան