Ներկայումս Սյունիքի անվտանգությունն ապահովելու խնդիրն է հայտնվել օրակարգում

11.11.2020 20:28
21471

Հայաստանի կապիտուլյացիայի ակտով՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, անորոշության ու անտերության մեջ հայտնված հայոց աշխարհի վրա տրտմաթախիծ իրիկուն էր իջել. մթնշաղի մեջ գուժկան լուրերը տնից տուն էին անցնում, փողոցից փողոց, դիրքից դիրք, գյուղից գյուղ…

Մեր զինվորների ու կամավորականների հերոսական վարքի եւ սխրանքների մասին նախորդ օրերի ակտիվությամբ այլեւս չէինք հաղորդակցվում միմյանց: Ավելի շատ ինչ-որ ապիկարների եւ ուրացողների ինքնարդարացումների զառանցանքներին էինք ականատես դառնում կամա-ակամա:

Այն, ինչ կատարվել ու կատարվում էր Արցախում եւ Արցախի շուրջ, երազի էր նման …

Այն, ինչ կատարվել ու կատարվում էր, խորունկ ցավով էր պատել արժանապտվություն եւ հպարտություն ունեցող ամեն մի հայի հոգին:

Երկու ամիս շարունակ մեր լեգենդար զինվորների կյանքի գնով պաշտպանված Արցախի ապագան մղձավանջի մեջ էր հայտնվել:

Այս համընդհանուր ազգային ցավի ու կսկիծի օվկիանում, սակայն, կոնկրետ մեկ խնդիր ենք ուզում առանձնացնել եւ նրա վրա բոլորիս ուշադրությունը սեւեռել, որը, անտարակույս, համազգային անվտանգության  ու պատմական նշանակություն ունի:

Խոսքն Արցախի թիկունք եւ Հայաստանի պետականության  ողնաշար Սյունիքի մասին է, որը պատերազմի որոշակի փուլում եւ հատկապես նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայի ակտով՝ ռազմավարական առումով  հայտնվել է նոր եւ շատ խոցելի իրավիճակում:

Սյունիքին սպառնացող առաջին կոնկրետ վտանգը (պատերազմի ընթացքում) ծագեց այն ժամանակ, երբ թուրքական զորքերն իրենց հսկողության տակ վերցրին Զանգելանի եւ Կուբաթլուի՝ երբեմնի ադրբեջանական շրջանները: Թե ինչ տեղի ունեցավ այդ ամենից հետո Սյունիքի արեւելյան սահմանագլխի գյուղերում՝ հանրահայտ է. զոհեր ու ավերածություններ Մեղրու, Կապանի եւ Գորիսի գյուղերում (առանձնապես՝ Կապանի գյուղերում):

Թե ինչ տագնապալից իրավիճակ ստեղծվեց Գորիս-Կապան ավտոմայրուղու մերձակա տարածքներում՝ դա եւս  սյունեցիներին հայտնի  է:

Եվ այդ ամենից հետո օրակարգում մի պարզագույն, բայց եւ շատ կարեւոր հարց է առաջ եկել. ինչպե՞ս պիտի  ապահովվի Սյունիքի արեւելյան սահմանագլխի բնակավայրերի եւ Գորիս-Կապան  միջպետական ու ռազմավարական նշանակության ավտոմայրուղու անվտանգությունը:

Արդեն բավականին ժամանակ է անցել Զանգելանի ու Կուբաթլուի առեղծվածային անկումից, եւ վերոնշյալ հարցի պատասխանը մենք պիտի օպերատիվ լուծումներով արդեն ունենայինք …

Մի՞թե իրավունք ունենք չտեսնելու ակնհայտը կամ ձեւացնելու, թե չենք տեսնում իրականությունը. չէ՞ որ Գորիս-Կապան մայրուղին մի քանի անգամ մտնում է Կուբաթլուի տարածք եւ դուրս գալիս, իսկ Կապան քաղաքի հարավային ու հարավ-արեւլյան հատվածներին  անմիջապես սահմանակից է դառնում Զանգելանին: Ներքին Հանդի արեւելյան ուղղության վերջին տունն էլ  արդեն մի քանի մետր հեռավորության վրա կգտնվի  Զանգելանի տարածքից: Եվ նման բազմաթիվ օրինակներ…

Գորիս-Կապան մայրուղու առումով  հստակորեն արձանագրենք՝ գործող հիմնական մայրուղու փոխարեն հույսը դնել Շինուհայր-Տաթեւ-Աղվանի-Կապան մայրուղու վրա՝ հերթական ամոթալի նահանջ եւ պարտություն կընկալվի: Այո, Կապանի տվյալ ենթաշրջանի գյուղերի համար  կարեւոր է այդ ճանապարհը, բայց այն Գորիս-Կապան մայրուղուն ոչ մի պարագայում փոխարինող չի կարելի համարել (եւ առաջին հերթին՝ բարոյահոգեբանական առումով): Ի դեպ՝ Կապան գնացող այլընտրանքային այդ ճանապարին՝ Տաթեւ-Աղվանի հատվածում, 2020-ի տարեսկզբից հիմնովին վերակառուցման աշխատանքներ են ընթանում:

Հիմա՝  ոչ պակաս լրջագույն  մեկ ուրիշ սպառնալիքի մասին:

Ընթերցենք Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության 9-րդ կետը:

Ահա այն՝ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

Բազմաթիվ երկիմաստ դրույթներ պարունակող եւ իրավական տեսակետից սնանկ հայտարարության վերոնշյալ կետը լրջագույն մտահոգությունների տեղիք է տալիս Սյունիքի մարզի առումով:

Խոսքը՝ հստակորեն գնում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկու ուղղություններով երթեւեկություն կազմակերպելու մասին:

Երկու ուղղություններից մեկը երեւի թե լինի Լաչինից  Տեղ գյուղ մտնող, ապա Գորիսից Սիսիանի Անգեղակոթ գյուղ, իսկ հետո Նախիջեւանի տարածք մտնող ավանդական ճանապարհը: Այդ ուղին, անշուշտ,  բազմաթիվ ռիսկեր է պարունակում իր մեջ (պատմական դառը փորձն ունենք, որը խոսակցության առանձին նյութ կարող է լինել):

Կարծում ենք ավելի ռիսկային է եւ բազմապիսի վտանգներով լեցուն երկրորդ ուղու տեսլականը, որը, որքանով հասկանում ենք, Զանգելանից (Մեղրու տարածքով՝ Արաքսի ձախ ափով) պիտի հասնի Նախիջեւանի Օրդուբադի շրջան:

Մեղրու տարածքով Զանգելանի եւ Օրդուբադի միջեւ տրանսպորտային ուղու կառուցման հարցը, խոստովանենք, վաղուց էր ծագել: Սակայն միշտ էլ միանշանակ եւ կտրուկ մերժումի է արժանացել Հայաստանի կառավարության կողմից:

Շատերը կհիշեն Հոբլի հայտնի ծրագիրը:

Մեր սերունդը հիշում է Կարեն Դեմիրճյան փառահեղ հայորդու եւ Հեյդար Ալիեւի կառավարման տարիները: Այդ ժամանակ Հեյդար Ալիեւը ճանապարհը հասցրել էր մինչեւ Մեղրու շրջանի Նռնաձորի (Նյուվադիի) մերձակայքը (շատերը հավանաբար տեսել են այդ մայրուղին):

Մեր սերունդը հիշում է նաեւ, որ Կարեն Դեմիրճյանը, այն էլ Խորհրդային Միության կառավարման  ամենաբարձր ու ամենազոր մարմնի՝ Քաղբյուրոյի ճնշման պայմաններում, թքել էր Ալիեւի ճակատին:

Անգամ Ստալինի կառավարման տարներին Հայաստանի ղեկավար Գրիգոր Հարությունյանն էր կարողացել  առարկել այդ ծրագրին:

Ու հիմա նորից օրակարգում է հայտնվել  Մեղրու տարածքով Զանգելանն Օրդուբադի հետ տրանսպորտային ուղիով կապելու հարցը: Եվ դա այն դեպքում, երբ այդ հարցը 1994-ի զինադադարից ի վեր երբեք բանակցությունների թեմա չի եղել (բացառությամբ վերոհիշյալ Հոբլի զառանցանքից, որը, ի վերջո, շպրտվել է աղբանոց):

Հիմա ի՞նչ անել…

Մենք ռազմագետ չենք, քաղաքագետ չենք, կուսակցական չենք, սեւ կամ սպիտակ չենք, մենք պարզապես Սյունյաց աշխարհի զավակ ենք, ով քաջատեղյակ է Սյունիքի անցած պատմությանն ու ներկային, ով մտահոգ է երկրամասի ներկայով ու ապագայով, ով ծանոթ է սյունեցիների հոգեկերտվածքին եւ մեծ մասի տրամադրություններին, սյունեցիների՝ միայն հաղթական ոգորումներին միտված բացառիկ էությանը:

Պիտի արձանագրել, որ Մեղրու տարածքով Զանգելան-Օրդուբադ միջանցքի տրամադրումը (ավտոճանապարհի տեսքով) ոչ մի դեպքում եւ ոչ մի պայմանով չի կարելի թույլ տալ, դա անուղղելի ռազմավարական  սխալ ու անդառնալի վրիպում կլինի ոչ միայն Սյունիքի եւ Արցախի, այլեւ Հայաստանի համար, հայ ժողովրդի ապագայի ու  հայոց պետականության համար:

Վերոնշյալ նկատառումներից ելնելով՝  ստեղծված իրավիճակում Սյունիքը պետք է անվտանգության առումով հզորացնել: Այդ գործընթացը պետք է սկսել նախեւառաջ Սյունիքի կառավարումն ուժեղացնելուց, Սյունիքի ներուժն ու բոլոր տեսակի ռեսուրսները  կենտրոնացնելուց ու այդ ամենն մեր ազգային անվտանգային նպատակներին ծառայեցնելուց:

Վերջին երկու-երեք տասնամյակում, ցավոք, Սյունիքի ռազմավարական դերն ու պատմական նշանակությունը չեն ընկալել ժողովրդից մեկուսացած, անհայրենիք շատ կառավարիչներ: Սյունիքը դիտվել է որպես թալանի, ասպատակության, մարդու իրավունքների անվերջ ոտնահարման եւ խոսքի ազատության դեմ պայքարի տարածք, իբրեւ մարգագետին՝ մեր ազգադավ,  տգետ  ու ապիկար շատ առաջնորդների համար:

Իսկ հիմա երկրամասի վրա կախված է լինել-չլինելու ստույգ սպառնալիք, նման իրավիճակն արդեն բոլորվին հանդուրժելի չէ:

Եվ ժամն է անհապաղ մեկնարկ տալու Սյունիքի ինքնակազմակերպմանն ու պետական մակարդակով երկրամասին առանձնահատուկ կարգավիճակ շնորհելուն, որի ղեկավարն առնվազն պիտի ունենա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի կարգավիճակ, ում տնօրինությանը կանցնեն ոչ միայն մարզի ամբողջ կառավարումը, այլեւ մարզի տարածքում առկա բոլոր ռեսուրսներն ու առաջին  հերթին մարզի ընդերքն օգտագործող ընկերությունների կառավարումը՝  դրանց շահույթը բացառապես ուղղելով Սյունիքի սահմանների պաշտպանունակությունն արդիական դարձնելուն եւ հզորացնելուն::

Այդ նպատակով ստեղծվելիք հատուկ մարմինը պետք է ունենա Վազգեն Սպարապետի նման կամ  Նժդեհի կերպարին մոտ անհատականություն, որին կհավատան բոլոր սյունեցիները եւ ամբողջ հայ ժողովուրդը:

Պիտի մոռանալ մեր բոլոր տարաձայնություններն ու անհամաձայնությունները եւ համախմբվել վիճահարույց հայտնի փաստաթղթով Սյունիքի լինելիությանը սպառնացող վտանգների դեմ:

Բարեբախտաբար  մեր համազգային համընդհանուր տրտմության միջից սկսել է նորից ծիլ տալ համաժողովրդական ցասումը, հայի արժանապատվության գիտակցումը, Արցախն ամեն գնով պաշտպանելու վճռականությունը, պատերազմում նահատակված հայոց քաջորդիների հիշատակը պղծողների մերժումն ու պարսավումը:

Բարեբախտաբար մեր համաժողովրդական նոր զարթոնքի խորքերից սթափ եւ ողջամիտ ձայներ ենք լսում նաեւ Սյունիքին սպառնացող վտանգների առնչությամբ, որոնց չեզոքացումը պետք է սկսել հայտնի հայտարարությունն ապօրինի ճանաչելուց  կամ (առնվազն) էականորեն սրբագրելուց:

Սյունիքի պաշտպանությանը եւ հզորացմանը նպաստելը ոչ թե պարտք պիտի լինի սոսկ, այլ բոլորիս եւ առաջին հերթին իշխանությունների սրբազան առաքելությունը…

Ի վերջո ամուր եւ պաշտպանված Սյունիքը ողջ հայության եւ Հայաստանի արժանապատիվ լինելիության, հայոց պետության եւ պետականության հետագա գոյության գլխավոր ու անվիճարկելի գրավականը պիտի լինի:

 

Տիգրան Գրիգորյան

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34