Ներսես Խառատյան. «Բանակի եւ զինվորի հանդեպ գրողներս պարտք ու անելիք ունենք»

30.11.2020 11:53
8156

Հարցազրույց բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ Ներսես Խառատյանի հետ

- Պարոն Խառատյան, տարիներ առաջ մեր թերթում տպագրվեցին Ձեր բանաստեղծությունները: Դրանից հետո շատ ջրեր են հոսել: Իսկ Դուք արդեն հանդես եք գալիս որպես արձակագիր, մասնավորապես, վերջին հինգ տարիներից յուրաքանչյուրում ընթերցողի սեղանին դնելով մի վեպ: Նախ՝ կուզենայինք եւս մի անգամ ներկայանալ մեր ընթերցողին:

- Ծնվել եմ 1947 թ. Մեղրի քաղաքում, ավարտել եմ տեղի Ստ. Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը: Իրավաբանական բարձրագույն կրթություն եմ ստացել Երեւանի պետական համալսարանում: Աշխատել եմ ներքին գործերի համակարգում, հանրապետության դատախազությունում, Սյունիքի մարզային դատախազությունում:

Դպրոցական տարիքից եմ ստեղծագործել, բանաստեղծություններս տպագրվել են Մեղրու «Արաքս» շրջանային թերթում, հաղորդվել եմ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, «Ավանգարդ», «Երեկոյան Երեւան » թերթերում, ունեմ բանաստեղծությունների հինգ ժողովածու:Հետո անցա արձակի, ընդհանուր առմամբ, տասնհինգ գիրք ունեմ տպագրված:   «Խաղ մահվան հետ» պատմվածքն  ընդգրկվել է վերջին 25 տարում «Литературная Армения» հանդեսում հրապարակված լավագույն ստեղծագործությունների՝ 2016 թ. լույս ընծայված անթոլոգիայում:

- Ձեր գրական գործունեությունը սկսել եք պոեզիայից: Ինչպե՞ս եղավ անցումն արձակին, այն էլ՝ մեր գրականության մեջ քիչ հանդիպող դետեկտիվի ժանրին:

- Երջանկահիշատակ գրականագետ Ֆելիքս Մելոյանը եւ արձակագիր Ռուբեն Հովսեփյանը խորհուրդ տվեցին իմ անցած ուղին արտացոլել գրականության մեջ: Հինգ վեպ եմ գրել, որից չորսը դետեկտիվ, մեկը՝ սիրային: Նաեւ պատմվածքների ժողովածուներ ունեմ: «Ով սպանեց Էլենին» վեպի համար 2016թ. արժանացել եմ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի (արձակի ժանրում): 2017 թ. «Մերժվածները» վեպն արժանացել է «Հրանտ եւ Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի   (Լոս Անջելես) մրցանակին, նույն թվականին պարգեւատրվել եմ ՀԳՄ նախագահության «Գրական վաստակի համար» մեդալով: Գրքերիս շնորհանդեսներ են եղել մայրաքաղաքում, 2015 թ. «Խաղ մահվան հետ» գրքինս՝ Մեղրիում, որին մասնակցում էին Ֆ. Մելոյանը, Ռ. Հովսեփյանը եւ Սամվել Կոսյանը: Աշխատանքիս բերումով շատ էի զբաղված : Երկար տարիներ աշխատել եմ իրավապահ մարմիններում, սկզբից՝ անձնագրային բաժանմունքի պետ, այնուհետեւ քննիչ եւ այլ պաշտոններ եմ զբաղեցրել, անընդհատ զբաղված էի, գրականության համար ժամանակ չէր մնում, 2007-ից լրջորեն զբաղվել եմ գրական աշխատանքով:

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ անցաք դետեկտիվ ժանրին, այլ ոչ թե պատմավեպին, որ ձեւավորված ավանդույթներ ունի հայ արձակում:

-Դրա հիմնական մեղավորը Սամվել Կոսյանն էր՝ «Գրական թերթի» նախկին գլխավոր խմբագիրը, ինչպես նաեւ այլ ընկերներ, ովքեր հորդորում էին անցնել դետեկտիվի: Այդ ժանրով ստեղծագործելու գաղափարը հենց Սամվել Կոսյանինն էր, ով, ի դեպ, նաեւ վերջին վեպիս խմբագիրն է: 2007 թ., երբ անցա կենսաթոշակի, լրջորեն սկսեցի զբաղվել դետեկտիվ ժանրով: Օպերատիվ բնույթի աշխատանքի մեջ լինելով՝ մի քիչ դժվար էր ստեղծագործելը. նյութը պիտի խմորվի մեջդ եւ այլն: Հիմա յուրաքանչյուր տարի, ինչպես էլ լինի, մի վեպ է լույս տեսնում:

- Ինչպես տեղեկացանք, Ձեր «Պատասխան տալու ժամանակը» վեպն ուղղակի շարունակությունն է «Ով սպանեց Էլենին» վեպի: Չորս տարի հետո լույս տեսավ մի ստեղծագործություն, որ նախորդի շարունակությունն է, սա եւս հետաքրքրական փաստ է:

- Դա ընդամենը նախորդի օրգանական շարունակությունն է: «Ով սպանեց Էլենին» վեպը կիսատ չի մնացել, ավարտուն ստեղծագործություն է:  Առաջին գրքում էլ խոսվում էր կոնկրետ այդ գեղանկարների եւ մեծարժեք սրբապատկերների մասին: Պատմությունը սկսվում է նրանից, որ մեծահարուստ ամերիկահայը մի քանի սրբապատկերներ ու որոշ հայտնի նկարիչների հավաքածու է բերում՝ նվիրելու Հայաստանի Հանրապետությանը եւ Մայր Աթոռին, որոնք, սակայն, հափշտակվում են: Սա է ընկած դետեկտիվ այդ վեպերի հիմքում:

- Որտեղի՞ց ես քաղում ստեղծագործություններիդ նյութը:

- Նյութը մեջս է: 73 տարի ապրել եմ այս երկրի վրա , մեծ ճանապարհ եմ անցել, աշխատանքի բերումով տարբեր խառնվածքի ու զբաղմունքի տեր մարդկանց հետ շփվել: Ինչքան չլինի՝ ամեն մեկից մի բան եմ վերցրել: Եթե խոսքը վերաբերում է դետեկտիվ վեպերին, դրանք իրավապահ մարմիններում իմ աշխատանքի արդյունքն են: Պատմվածքներում էլ արտացոլված են կյանքից քաղված իրադարձություններ: Աշխատանքի բերումով շատ եմ վազվզել: Այժմ, երբ նստում եմ գրասեղանի առջեւ, երկար եմ աշխատում:

- Կա՞ մի ստեղծագործություն, որ ավելի հոգեհարազատ է Ձեզ:

- Ստեղծագործություններս իմ երեխաներն են, բոլորն էլ հարազատ են ինձ: Հավասարապես չարչարվել եմ դրանք ստեղծելով: Ինչպե՞ս կարելի է առանձնացնել:

- Կարո՞ղ եք գնահատական տալ գրողների միության Սյունիքի մասնաճյուղին, մարզի գրական ընթացքին:

-Սյունիքի մարզի ստեղծագործողներից  որեւէ մեկին չեմ առնչվել: Գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Լեւոն Սահակյանին գիտեմ, ինքն էլ ինձ է ճանաչում, գրողների միությունում հանդիպեցինք, կարճ զրուցեցինք:   Մեկ էլ արձակագիր Արկադի Ծատուրյանն է իր գիրքը նվիրել ինձ, որոշ չափով ծանոթացել եմ նրա ստեղծագործություններին:

- Մի երկու խոսքով բնութագրեք գրողների միությունը:

- Գրողների միությունը միավորում է երեք սերնդի գրողներին՝ երիտասարդ, միջին, ավագ, տարբեր խառնվածքի մարդիկ են: Ասեմ, որ միության մեջ պատահական մարդիկ էլ կան: Միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը բավականին ուշադիր է գրողների հանդեպ, մեծ գործ է անում, կողքից դա չի երեւում: Այստեղից-այնտեղից գումարներ է հայթայթում՝ գրքերի տպագրության համար:

- Հիմա կարծիք կա, որ գրական մեծ գործեր չեն ծնվում: Ճի՞շտ է այդ մտայնությունը:

- Դա սխալ մտածելակերպ է: Չկարծեք՝ ժամանակակից գրող եմ, դրա համար եմ ասում: Կարո՞ղ եք ասել, որ գրողն է ժամանակին հավուր պատշաճի գնահատվել: Մեր մեջ ամուր նստած է «Գնա մեռի, արի սիրեմ» կարծրատիպը: Բացառիկ դեպքեր են եղել, երբ գրողն ըստ ամենայնի գնահատվել է կենդանության օրոք: Ցավոք սրտի, հիմա էլ երեւույթը շարունակվում է: Հրանտ Մաթեւոսյանն ըստ ամենայնի գնահատվե՞ց կենդանության ժամանակ: Մահից հետո ավելի մեծ գնահատականի արժանացավ: Ժամանակակից գրականությունն արձակի ժանրում հետաքրքրական անուններ ունի, մի մասը, ցավոք, արդեն հրաժեշտ են տվել երկրային կյանքին՝ Վրեժ Իսրայելյան, Լեւոն Խեչոյան, ուրիշներ:

- Եթե գրականության պատուհանից ես նայում, ըստ Ներսես Խառատյանի, ո՞վ է այսօր գրականության հերոսը, ավելի ստույգ՝ մեր կյանքի հերոսը, որին ձգտում եք տեղափոխել գրականության դաշտ:

- Ճիշտն ասած՝ ինձ դա չի հաջողվել: Նա դիրքում կանգնած զինվորն է՝ վտանգին դեմ հանդիման: Նրանց մասին շատ պիտի գրվի. գրում են, իհարկե, բան չունեմ ասելու: Բայց շատ լավ պիտի գրվի: Նրանց մասին դեռեւս լավագույնը չի գրվել, եւ գեղարվեստորեն պիտի գրվի: Մենք անելիք եւ պարտք ունենք բանակի հանդեպ. եւ Արցախյան պատերազմի, եւ Մեծ հայրենականի մասնակիցների: Նորովի պիտի մոտենանք. շատ բաներ կան, որ հիմա են բացահայտվում: Դրանց մասին չենք իմացել եւ չենք լսել: Չենք էլ մտածել, որ նման բան կարող է լինել, բայց լինում է:

- Գրողի եւ հասարակական կյանքի ձեր պատկերացումը. գրողի գործը հասկացանք, իր երկը ստեղծելն է, բայց արդյո՞ք նա հասարակական կյանքում պիտի առաջամարտիկի դեր չունենա, չպիտի սեփական դեմք ունենա, որի միջոցով մեր ազգային կերպը, արժեքային համակարգը պիտի ձեւավորվեն: Կարծես, մեր օրերում մտավորականությունը եւ հասարակական կյանքը տարանջատված են իրարից:

- Ժամանակին մի միտք կար. թեթեւ մարմինները բարձրանում են ջրի երեսը, ծանրերը սուզվում են ջրի հատակը: Այնպես արեցին, որ մտավորականությունը հետ մղվեց, ձեր կաշվի վրա էլ զգացել եք դա: Այսօր հարգի էլ չէ կարդալը: «Գրական թերթ»-ը ընթերցելիս զգում ես, որ նոր գործեր են ստեղծվում, բայց միայն դա չէ:

-  Ձեր գրքերը հայտնվու՞մ են գրախանութներում, գնվու՞մ են:

- Շատերը տրտնջում են, որ իրենց գրքերը չեն վաճառվում, իմ գրքերը համարյա չեն մնում գրախանութներում: Դետեկտիվ ժանրը ընթերցողի կողմից պահանջարկ ունի: Դետեկտիվը լավ է վաճառվում, պատմվածքներս էլ ճանաչում ունեն, դե բանաստեղծություններ չեմ գրում: Տպաքանակը խորհրդային ժամանակների հետ չես համեմատի, վերջին վեպիս տպաքանակը՝ 300 օրինակ էր:

- Ձեր միջոցներո՞վ եք տպագրում, թե՞ պետպատվերի շրջանակում:

- Մի շրջան կար, երբ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը կարողացավ գումարներ հայթայթել եւ դրանք ուղղել գրքերի հրատարակմանը, շնորհանդեսներ է կազմակերպում, ընդառաջում է սկսնակներին, նույնիսկ այն գրողների, ովքեր միության անդամ չեն:  Մեծ գործ է անում, իսկ ահա ԿԳՄՍ նախարարությունը կտրել է ֆինանսավորումը, Էդ. Միլիտոնյանն այստեղից- այնտեղից գումար է հայթայթում, 20-րդ դարի գրականությունն առանձին մատենաշարով հրատարակվեց, ճիշտ է՝ փոքր ծավալով (չորս մամուլ), բայց համենայն դեպս գործը գլուխ եկավ: Ասեմ նաեւ, որ վերջին «Պատասխան տալու ժամանակը» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 26-ին՝ Հայաստանի գրողների միության կլոր սրահում: ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանն իր խոսքում  մասնավորապես նշեց, որ դետեկտիվ ժանրով գործերի պակասը հայ գրականության մեջ զգալի է:

- Իսկ ասենք գրական կյանքն ու գրողների միությունը կապ ունե՞ն իրար հետ: Ասենք, մեկը տանը նստած մի գրական ստեղծագործություն է ստեղծում: Դա կապ ու՞նի գրողների միության հետ:

- Բացարձակ կապ չունի: Գիտե՞ք ինչ, մարդիկ կան, որ իրենց գցում  են գրողների միություն՝ կարծելով, որ այդտեղից պիտի ինչ-որ ստանան: Բայց գրողների միությունը բան չի տալիս, դու պիտի տաս միությանը: Բա գրողի գործը ո՞րն է՝ գրականությունը եւ գրելը...

- Ո՞ր արձակ ստեղծագործություններդ են թարգմանվել ռուսերենով:

-«Литературная Армения» ամսագրում թարգմանաբար տպագրվել են պատմվածքներս: Բառացիորեն տասը օր առաջ զանգահարեց ամսագրի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանը, չորս պատմվածք պահանջեց, ուղարկեցի: Երկար ժամանակ ամսագիրը չէր տպագրվում: Բանաստեղծությունների ժողովածու ունեմ ռուսերենով: Վերջերս զանգեցին  Պարսկաստանից եւ հայտնեցին, որ գործերիցս ուզում են թարգմանել պարսկերեն, այդտեղ համաշխարհային գրականության մատենաշար է հրատարակվում:

- Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ամենաշատ ընթերցվողը Սուրբ գիրքն է՝ Աստվածաշունչը: Երկրորդ հորիզոնականում Շեքսպիրն է, երրորդում՝ Ագաթա Քրիստին, ում դետեկտիվի թագուհի են անվանում: Ասելս այն է, որ դետեկտիվ ստեղծագործությունները պահանջարկ ունեն ընթերցողի կողմից: Դուք մոտավորապես գիտե՞ք, թե ով է ձեր ընթերցողը, երբ որեւէ ստեղծագործություն լույս է տեսնում, արձագանքներ լինու՞մ են:

-Արձագանքներ միշտ են լինում. բանաստեղծ Ֆոլիկ Հակոբյանը, Գրողների միության Եղեգնաձորի մասնաճյուղի նախկին նախագահը, որի հետ ծանոթ չեմ, զանգահարեց, շատ ջերմ արտահայտվեց վերջին գրքիս լույս ընծայման առիթով, էլի ուրիշ արձագանքներ եղան գրողների շրջանակից՝ օրինակ՝ Լիպարիտ Սարգսյանը, Բագրատ Ալեքյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, գրականագետ Արթուր Անդրանիկյանը, որն ի դեպ «Իրատես» թերթում գրախոսական տպագրեց, արձակագիր Վահան Սաղաթելյանը, ով էլ մի ամբողջ էջ գրախոսական  տպագրեց «Հայրենիքի ձայն» թերթում, գրականագետ Արմեն Կարապետյանը եւ այլք:

- Մի քանի խոսքով գրական մամուլը ներկայացրեք:

- Հայաստանի գրողների միության շաբաթաթերթը՝ «Գրական թերթը», կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, որոշ ժամանակ հրապարակվում էր միայն էլեկտրոնային տարբերակով: Բարեբախտաբար, մասամբ հաղթահարվել են դժվարությունները, եւ թերթը վերսկսել է լույս տեսնել իր ավանդական ձեւաչափով: Գրական կյանքը որոշակիորեն աշխուժացնում է համացանցում գործող «Գրանիշ գրական համայնք» հասարակական կազմակերպությունը: «Литературная Армения» ամսագիրը երկար ժամանակ չէր ֆինանսավորվում, հիմա կարծես գործում է: Ռուբեն Հովսեփյանի եւ Ֆելիքս Մելոյանի մահվանից հետո «Նորք» հանդեսն էլ դժվարին օրեր է ապրում, համենայն դեպս  երկար ժամանակ այդ ամսագիրը ձեռքս չի ընկել:

- Մի քանի խոսք Խառատյանների տոհմի մասին: Ի վերջո այդ տոհմից է սերվել ճանաչված դերասան Դմիտրի Խառատյանը՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր դերասան, ով կինոյում վաթսունից ավելի դեր է խաղացել:  

- Մեղրու գեղագիտական դաստիարակության կենտրոնի տեղում իմ պապի տունն է եղել: Հարուստ մարդ է եղել պապս, հայրս ասում էր՝ ես այդ տանն եմ ծնվել, որը միայն ինը ննջասենյակ է ունեցել: Հետագայում կուլակաթափ են արել պապիս, այդ շենքը խլել ձեռքից, տեղը մշակույթի տուն կառուցել: Պապիս մյուս եղբայրները տարբեր տեղեր են ցրվել՝ Երեւան, Կիրովական, Թիֆլիս: Քանի որ տատս մեղրեցի է եղել, Մեղրիում են տուն կառուցել ու ապրել: Դմիտրի Խառատյանի պապը գնացել է Միջին Ասիա, Դիման Ուզբեկստանի Ալմալիկ քաղաքում է ծնվել, հետո տեղափոխվել են Մոսկվա: Տպավորություն կա, որ մեր ազգանունը խառատ բառից է ծագում: Բայց այդպես չէ, քանզի այն ժամանակ խառատ չի եղել: Ազգանունը կապվում է խրատ բառի հետ: Ասել են՝ գնանք այդ ազգից խրատ ստանանք: Անընդհատ խրատ բառը կրկնելով՝ ազգը դարձավ Խառատյան:

Երբ Դմիտրի Խառատյանն առաջին անգամ Երեւան եկավ, մեծ միջոցառում կազմակերպեցին, բարեկամներիս էլ էին հրավիրել: Համերգից հետո (Դիման նաեւ լավ երգում է), նա պատասխանեց հանդիսականներին հուզող հարցերին: Դահլիճից հարց հնչեց. ասում եք՝ հայ եք, բայց աչքերդ կապույտ են, մազերդ՝ շեկ: Նայեց դահլիճին, թե կարծում ե՞ք՝ չգիտեմ, որ հայերը կապուտաչյա են եղել, շեկ մազերով: Մեկ էլ թե՝ այսպես ձեզ նայում եմ, կարծես ձեր միջի հայը հենց ես եմ:

Դմիտրին երեք օր անցկացրեց Մեղրիում, տպավորված էր այստեղի բնությամբ եւ մարդկանցով: Նույնիսկ ասաց, թե այնպիսի տպավորություն ունի, կարծես այստեղ է ծնվել:

- Եվ վերջում՝ Ձեր ծրագրերի մասին: Ի՞նչ եք պատրաստվում դնել ընթերցողի սեղանին:

- Պատմվածքների ժողովածու եմ պատրաստել տպագրության (15 մամուլ ծավալով): Այսօրվա իմ խնդիրն այդ է: Տպագրվելիք գիրքն  առայժմ վերնագիր չունի, հավանաբար, պատմվածքներից մեկի անունով կլինի:

 

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

23.09.2020 թ.

 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25