Նիկոլ Փաշինյան․ «Հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար»

07.10.2019 12:08
892

Այսօր Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը:

Բացման ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերին «համաշխարհային նշանակության այս հավաքի բացման առիթով», մասնավորապես ասաց․

«Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետև այն շատ լավ առիթ է ձեզ և ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին, և ես հույս ունեմ՝ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան և մթնոլորտը, որ մեր երկիրը համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո։

Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն։

Քաղաքական հեղափոխությունից հետո այժմ մենք գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջափուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ, որովհետև մենք տնտեսական հեղափոխության հիմնական միջոց համարում ենք յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, անհատական նախաձեռնությունը, որը նա անում է ոչ թե կառավարության հրահանգով, այլ իր անձնական որոշումներով, իր անձնական նպատակներով և ամբիցիաներով»։

«Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում, այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ, մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է գրանցում, այս տարի ունենք տուրիզմի շուրջ 13 տոկոս աճ, տպավորիչ աճ է գրանցում նաև տեխնոլոգիական ապրանքների արտահանումը. առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը մեր երկրից աճել է 40.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 34.4 տոկոսով», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունն իր հերթին կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, և մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորարարական առաջատար երկրներից մեկն աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն»։

«Այս նպատակը մեզ հասանելի և իրատեսական է թվում նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են», - նշեց Փաշինյանը՝ թվարկելով․

«1853 թվականին մեր հայրենակից Հովհաննես Ղուկասյանն ստեղծեց կերոսինային լամպը՝ այսպիսով նոր ուժ հաղորդելով տեխնոլոգիական լուսավորության դարաշրջանին, հեղափոխություն իրականացնելով մարդկանց առօրյա կյանքում։

1854 թվականին մեր հայրենակից Քրիստափոր Տեր-Սերոբյանն ստեղծեց ԱՄՆ դոլարի կանաչ գույնը, և այդ կանաչը մինչև հիմա համարվում է դոլարի բացառիկ գույն։

1911 թվականին մեր հայրենակից Գաբրիել Կազանչյանն ստեղծեց մազեր չորացնող սարքավորումը՝ բոլորիս հայտնի ֆենը։

1916 թվականին մեր հայրենակից Ստեփան Ստեփանյանն ստեղծեց մեխանիկական բետոնախառնիչը, որը ժամանակակից աշխարհում նույնքան տարածված է, որքան ֆենը։

1930-ականներին մեր հայրենակից Հովհաննես Ադամյանը ձևակերպեց և ստեղծեց այն ալգորիթմը, տեխնոլոգիան, որը հնարավոր դարձրեց գունավոր հեռուստացույցների ստեղծումը։ Ժամանակակից աշխարհը դժվար է պատկերացնել առանց գունավոր հեռուստացույցի, դոլարի կանաչի, ֆենի, կամ մեխանիկական բետոնախառնիչի։

1931 թվականին, մեր հայրենակից Ասատուր Սաֆարյանն ստեղծեց ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփը՝ նոր հեռանկարներ բացելով ավտոմոբիլաշինության հետագա զարգացման համար։

1939 թվականին մեր հայրենակից Լյութեր Գևորգ Սիմիջյանն ստեղծեց բոլորիս հայտնի բանկոմատը, որը նույնքան տարածված է ժամանակակից աշխարհում, որքան դոլարը, որքան ֆենը, որքան բետոնի մեխանիկական խառնիչը, որքան գունավոր հեռուստացույցը, ավտոմատ փոխանցումատուփով ավտոմեքենան։

1960-ականներին մեր հայրենակից Միքայել Տեր-Պողոսյանը դարձավ տոմոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, որը հեղափոխական նշանակության նորարարություն էր առողջապահության ոլորտում։

1970-ականներին մեր հայրենակից Ռայմոնտ Տամատյանն ստեղծեց մագնիսական ռեզոնանսային սկանավորման սարքը, որը մի նոր հեղափոխություն դարձավ առողջապահության ոլորտում։

Այս երկու հայտնագործությունները միլիոնավոր, հարյուր միլիոնավոր կյանքեր են փրկել ամբողջ աշխարհում, բարելավել են հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքի որակը։

1995 թվականին մեր հայրենակից Էմիկ Ավակյանն ստեղծեց հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ինքնագնաց սայլակը՝ փոխելով հաշմանդամություն ունեցող միլիոնավոր մարդկանց կյանքը։

2006 թվականին մեր հայրենակից Յուրի Օգանիսյանը հայտնաբերեց Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրը, որը հենց գիտնականի պատվին կոչվում է ogannesson»:

«Այս թվարկումը դեռ երկար կարելի է շարունակել՝ հիշատակելով աշխարհահռչակ «Միգ» ինքնաթիռների հեղինակ Արտյոմ Միկոյանին, ամերիկյան բանակում օգտագործվող հակագազերի հեղինակ Արթուր Բլբուլյանին, պլաստիկ վիրաբուժության համահիմնադիրներից մեկին՝ Վարազդատ Կազանջյանին, ժամանակակից միալծակ ծորակի հեղինակ Ալեքս Մանուկյանին», - ասաց վարչապետը: - «Այս ամենը և այն փաստը, որ խորհրդային առաջին համակարգիչը՝ «Նաիրի» անունով ստեղծվել է Հայաստանում, այն փաստը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ գործուն մասնակցություն են ունեցել խորհրդային և ամերիկյան տիեզերական ծրագրերում, այն փաստը, որ այսօր էլ համաշխարհային տեխնոլոգիական, նորարարության ոլորտում մեր շատ հայրենակիցներ լրջագույն հաջողություններ են գրանցում, մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանն իսկապես դառնալու է տեխնոլոգիական ոլորտի կարևոր կետերից մեկն աշխարհում, կարևոր կենտրոններից մեկն աշխարհում»։

«Այս նպատակով մենք ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինչև 2023 թվականն ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը տասը տոկոս եկամտային հարկ։ Որպես արդյունք՝ մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին յոթ տարում աճել է շուրջ հինգ անգամ և ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում։

Մենք խնդիր ենք դրել լրջորեն զարգացնել կրթությունը՝ սկսած նախակրթարաններից մինչև մագիստրատուրա և ասպիրանտուրա և ասում ենք, որ մեր երկրում կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ՝ այն տրամաբանությամբ, որ մեր երկրում մարդը երբեք ու երբեք չպետք է դադարի սովորել և մեր բոլորի՝ սկսած վարչապետից ավարտած համակարգչային օպերատորով, կրթական ցենզը, պրոֆեսիոնալ մակարդակն ամեն հաջորդ օր պետք է ավելի բարձր լինի, քան նախորդ օրը», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

«Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես երկար տարիներ, աշխարհի տարբեր երկրներ՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը, բազմաթիվ այլ երկրներ սեփական տաղանդը զարգացնելու և դրսևորելու, կրթություն ստանալու և հայտնագործություններ անելու հնարավորություն են տվել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր բազմաթիվ հայրենակիցների, որոնց մի մասին ես հիշատակեցի որպես համաշխարհային նշանակության նորարարությունների հեղինակների, այնպես էլ հիմա՝ ազատ և զարգացող ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը դառնում է ավելի ու ավելի գրավիչ երկիր տեխնոլոգիական, կրթական, նորարարական ներդրումների, գործունեության և կրթության համար։

Մենք ընդամենն ամիսներ առաջ ստեղծել ենք նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի ոլորտով հետաքրքրված բոլոր մասնագետները, սկսնակները, ներդրողներն ու գործընկերներն իմանան, նրանց համար կոնկրետ լինի, թե Հայաստանում որն է իրենց հասցեն», - հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը բոլոր ներկաներին հաջողություններ մաղթեց «բարձր տեխնոլոգիաների միջոցով աշխարհն ավելի մարդասեր, ավելի աստվածավախ, ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող դարձնելու գործում»։

Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությանը, որն այս տարի հյուրընկալվում է Երևանում՝ Հայաստանի կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ, մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

WCIT 2019-ը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը։

Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից: Համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

azatutyun.am

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04

Այսօր ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81 ամյակն է

09.01.2026 15:56

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ելույթ է ունեցել

09.01.2026 15:44

Քիչ անց Խամենեին հանդես կգա ճառով

09.01.2026 14:07