Նոր հոդվածաշար՝ «Կապանը՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք»

16.01.2024 14:12
787

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ նոր հոդվածաշար ենք սկսում՝ syuniacyerkir.am կայքով և կայքի SyuniacYerkir Newspaper ֆեյսբուքյան էջով՝  «Կապանը՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք»։

Մինչև ս.թ. օգոստոս ամիսը, շաբաթական պարբերականությամբ, կհրապարակվեն թեմային առնչվող հոդվածներ։

Հոդվածաշարի կազմակերպման ընթացքում կհամագործակցենք հայ ժողովրդի պատմության տվյալ ժամանակաշրջանով զբաղվող գիտնականների հետ (նրանցից մի մասի հետ արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ), կօգտագործենք բոլոր այն նյութերը, որոնք պատրաստվել և հրապարակվել են մինչև հիմա։

Միևնույն ժամանակ ակնկալում ենք Սյունիքի մարզում և մասնավորապես Կապանում բնակվող   (գործող) պատմաբանների արձագանքն ու համագործակցությունը։

Սույն նախաձեռնությունը, կարծում ենք, անտարբեր չի թողնի Գորիսի պետական համալսարանի պատմաբան դասախոսներին և պատմության ֆակուլտետի ուսանողներին։

Հոդվածաշարով հրապարակվող նյութերը կամփոփվեն «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարում, որը (ենթադրում ենք) կհրատարակվի ս.թ. օգոստոս ամսին՝ A4 ձևաչափով և կավճապատ թղթով։

Հոդվածաշարի և թերթի հրատարակվելիք համարի նպատակն է՝ նախ՝ աճող սերնդի հայրենագիտական դաստիարակություն, Սյունիքի պատմության փառապանծ այդ դրվագի վերաբերյալ հիշողության արթնացում, մեր նախնյաց հայրենատիրական ավանդույթները շարունակելու պատրաստակամության և վճռականության ձևավորում։

Հոդվածաշարը յուրօրինակ գիտական և փաստարկված պատասխան կլինի ադրբեջանաթուրքական այն կեղծարարներին, ովքեր (հայագիտության մերօրյա նշանավոր դեմքերի լռության պայմաններում) աղավաղում են Սյունիքի պատմությունը, նաև կեղծ անուններ վերագրում մեր երկրամասում հազարամյակներով գոյություն ունեցած տեղանուններին՝ մնալով անպատասխան։

Հոդվածաշարը սկսում ենք Սյունյաց աշխարհի պատմագիր Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» կոթողային գործից մի հատված ներկայացնելով, որում պատասխան է տրվում հարցին՝ ի՞նչ հանգամանքների կամ պատմական ի՞նչ իրողությունների (զարգացումների) արդյունքում ստեղծվեց Սյունիքի թագավորությունը, որը կոչվում է նաև Բաղաց կամ Կապանի թագավորություն։

 

Ի՞նչ հանգամանքների կամ պատմական ի՞նչ իրողությունների արդյունքում ստեղծվեց Սյունիքի թագավորությունը (ըստ Ստեփանոս Օրբելյանի)

              

... Ո՛վ պատվական ընթերցող, այժմ լսի՛ր ինձ, և ես քեզ կպատմեմ պանծալի բաներ. քանի որ Սիսական տոհմը, որ սերվում է Հայկից, մի ժամանակ միավորված էր Արշակունի և Պահլավիկ թագավորական ցեղին, երբեմն առնչվում էր Խազիրների թագավորության, իսկ ամենից հետո` Բագրատունիների հետ, երբեք չըմբոստացավ հայրենի իշխանությունների դեմ: Իսկ երկար ժամանակ անց, երբ դուռ բացեցին նախ Արծրունիները` թագադիր լինելով846 ընդդեմ հայոց թագավոր Սմբատի847, թագադիր եղան նաև Վրաց բդեշխ Ատրներսեհն ու Աղվանից Համամը, Ափշինը մեծարանքով [առաջարկեց] թագադիր լինել Վասակ Սյունիին, բայց սա չկամեցավ ապստամբի անուն վաստակել:

Ապա, երբ թուլացավ Բագրատունիների իշխանությունը, և ուժեղացավ արաբական բռնությունը, տրոհվելով անջատվեցին երկրի բոլոր գլխավոր նախարարական գահերը` Վասպուրականինը, վրացականը, աղվանականը, Կյուրիկյան կոչված ձորագետցիներինը848, ինչպես նաև Կարս-Վանանդինը849, որ Բասյանք է կոչվում:

Ապա Աշոտի որդի Սահակի որդի Սմբատը850, որ ամուսնացած էր Աղվանից մեծ ու փառաբանված իշխան Սևադայի Շահանդուխտ անվամբ դստեր հետ, իր թոռ Կատրամիդեին` իրենից հետո թագավոր դարձած իր Վասակ որդու դստերը, կնության էր տվել Աշոտի որդի Գագիկ թագավորին851, որը և կառուցեց Անիի մեծ կաթողիկե սքանչելի, հոյաշեն եկեղեցին852: Սմբատը կապված է Ատրպատական աշխարհի Թավրիզի մեծ աթաբեկի, Դերբենդի կիրճին853 տիրող Ռան ամիրայի, ինչպես նաև Աղվանքի իշխանների հետ: Սրանք բոլորով [իրենց տածած] առավել սիրուց ծանուցում են Խորասանի854 մեծ սուլթանին, ստանում նրա թույլտվությունը և թագադրում այն գեղեցկահասակ ու վայելչագիսակ հայկազուն մարդուն` Սյունյաց իշխան Սմբատին: Այն ժամանակ Բագրատունիներն իշխում էին միայն Շիրակին ու Այրարատին` մինչև Գեղարքունիք, Ուխտիք855, Կարին856, Վասպուրականի սահմանը, Ձորագետ857 ու Գարդման858, իսկ Սյունիքը կտրված էր նրանցից: Այդ պատճառով էլ Սմբատը քրեական մեղք չհամարեց: Եթե Բագրատունիները, որ գերեվարությամբ բերված էին Հրաչեից, արժանի գտնվեցին դրան, ապա որքա՜ն առավել արժանի էին սրանք, որ Հայկից ակնհայտ հարազատությամբ որդիները հայրերին փոխարինելով բնիկ իշխանությամբ եկել-հասել են մինչև այժմյան ժամանակները: Արդ` Սմբատը թագադրվելով ճոխ ու երևելի փառքով կազմակերպում է թագավորությունը`ինքնակալ թագավորների ձևով: Եվ շատ ճոխություններից ու արքունական երևելի գործերից հետո վախճանվում է: Նրա դին թաղվում է Տաթևի աստվածաբնակ աթոռի մեծ սրբարանում`համաժողովրդական մարդաշատ հանդեսով:

Նրա իշխանությունը ժառանգում է իր կտրիճ որդի Վասակը, որը և մեծահանդես համախմբությամբ, ազատակույտ բազմությամբ օծվում է Սյունիքի ու Բաղքի թագավոր359` Սյունյաց եպիսկոպոս Տեր-Գրիգորի ձեռքով: Նա իր Սևադա եղբորը դարձնում է իր ազատակույտ զորքերի իշխանաց իշխան: Սրանց մայրը՝ երանելի թագուհի Շահանդուխտը, [դեռ] կենդանի էր: Սա, աստվածային մի հիշեցումից մղված, շինում է Վաղատնի գեղեցկակերտ ու վայելչաձև վանքը860, որը դեռ վաղուց ուխտադիր մարդկանց վայր էր, որովհետև այնտեղ վաղ ժամանակներից մի եկեղեցի կար սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, որը կարծեմ նրա կողմից էլ հինադրված էր, հետո [վերա] շինված Ստեփանոս հոր և սուրբ ճգնավորի կողմից: Այն բուժում էր թունավոր օձերից խայթվածներին, ինչպես որ Փարպու եկեղեցին է բուժում մարդու և անասունի անբուժելի կատաղի ցավը: Այստեղ հենց այժմ էլ տեսնում ենք անպատմելի հրաշքներ. թունավոր [զեռուններից] խայթված, սևացած ու պայթելու աստիճան ուռածներին հանում են բարձրադիր լեռները, ցույց են տալիս վանքը և կամ եկեղեցուց մի քիչ հող են հասցնում, մակարդված թույնն իսկույն քայքայվում է, ու հիվանդը` բուժվում:

Այդ պատճառով մեծ բարեպաշտ Շահանդուխտը կոփածո քարերով եկեղեցի է շինում`սուրբ նախավկա Ստեփանոսի անունով, հայոց չորս հարյուր քառասունինը թվականին861, այնտեղ հաստատում է կրոնավորների ու վանքի բազմաթիվ սպասավորների տուն: Եկեղեցու բակում շինում է նաև աղոթատուն` կրաշաղախ քարե շարվածքով, ինչպես նաև պահեստներ, արհեստանոցներ, և վանքը շրջափակում պարսպով: Վանքի համար սահմաններ է առանձնացնում Վաղատնից, նրան է հանձնում Գոմեր ագարակը862: Զանազան զարդերով պայծառապես զարդարում է եկեղեցին: Ինքն էլ վախճանվելով թաղվում է նույն սրբարանի բակում: Ապա որոշ տարիներ անց, չորս հարյուր հիսուն հինգ թվականին863, Սևադան` նույն Շահանդուխտի որդին և Վասակ թագավորի եղբայրը, մեծ ջանքերով կառուցում է մի եկեղեցի` խիստ պայծառ, գեղեցկակերտ, գմբեթահարկ` սուրբ Կարապետի անունով, նրա բակում էլ` մի գավիթ: Նույն բակում իրենք են հանգչում: Նրանց հիշատակն օրհնությամբ լինի, և վարձը` բյուրապատիկ մեր Քրիստոս աստծուց:

 

Ծանոթագրություններ

846. Խոսքը վերաբերում է Հայաստանի կենտրոնական թագավորությանը հակադիր Վասպուրականի Արծրունյաց թագավորության հիմնադրմանը, (էջ 256):

847. Խոսքը վերաբերում է Սմբատ 1-ին Բագրատունի թագավորին (890-914 թթ.): (էջ 256):

848. Հայոց Սմբատ 2-րդ Բագրատունի թագավորի (977-990 թթ.) ժամանակ նրա եղբայր Գուրգենը, որ իշխում էր իրեն բաժին ընկած Լոռում, ըմբոստացավ Անիի թագավորության դեմ և Գուգարքն անջատեց նրանից: Սրա որդի իշխան Դավիթը (Անհողին) 989 թվականին իրեն հայտարարեց թագավոր: Այսպիսով հիմք դրվեց Գուգարքի թագավորության, որն սկզբում կոչվում էր Ձորագետի կամ Լոռու, հետագայում՝ նաև Կյուրիկյան թագավորություն: (էջ 256):

849. Բասյանքի (Կարս-Վանանդի) թագավորությունը հիմնադրեց Աշոտ 3-րդ թագավորի եղբայր Մուշեղը: Սա Հայաստանի սպարապետն էր: Երբ 962 թվականին արքունիքը Կարսից փոխադրվեց Անի, Մուշեղը չենթարկվեց թագավորին, մնաց Կարսում և իրեն հայտարարեց թագավոր՝ իշխելով մինչև 984 թվականը: Նրան հաջորդեց իր որդի Աբասը: (էջ 256):

850. Հմմտ. ծան. 830: (էջ 256):

851. Գագիկ 1-ին Բագրատունի թագավորն է, Աշոտ 3-րդ Ողորմածի որդին է, որը հաջորդեց իր եղբայր Սմբատ 2-րդ թագավորին և իշխեց 990-1020 թթ.: (էջ 256):

852. Ս. Գրիգոր անունով կոչված այդ հռչակավոր եկեղեցին կառուցվել է 1000 թվականին, նրա առաջ դրված է եղել Գագիկի արձանը: (էջ 256):

853. Սա այժմ ընդգրկված է Դաղստանի ԻՍՍՀ-ի տարածքի մեջ: (էջ 257):

854. Խորասանը Պարսկաստանի ընդարձակ նահանգներից մեկն է՝ երկրի հյուսիս-արևելյան մասում: Ժամանակին այստեղ էր նստում մեծ սուլթանը: (էջ 257):

855. Ուտիք անվան տակ պատմիչը նկատի ունի Տայքը, որը մեծ Հայքի 14-րդ նահանգն էր: Ուտիք անունը պահպանվել է այժմյան Օլթի քաղաքի անվան մեջ: Օլթին եղել է նահանգի կենտրոնը (այժմ՝ Թուրքիայում): (էջ 257):

856. Կարինը Բարձր Հայքի 9-րդ գավառն էր՝ համանուն կենտրոնով: Այժմյան Էրզրումի սանջակը Թուրքիայում: (էջ 257):

857. Ձորագետը այժմյան Դեբեդ գետի շրջակա տարածքն է՝ գետի հին անվամբ: Հետագայում սխալմամբ Ձորագետ են անվանել Տաշրա ջուր գետը (տե՛ս Ս. Տ. Երեմյան, «Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի», էջ 63): (էջ 257):

858. Տե՛ս ծան. 461: (էջ 257):

859. Սյունյաց Սմբատ 1-ին թագավորի որդի այս Վասակ 1-ինը Սյունիքի երկրորդ թագավորն էր, որ գահ էր բարձրացրել մոտավորապես 998 թ.: Սա էր Գագիկ 1-ին Բագրատունի թագավորի աները. նրան կնության էր տրվել իր դուստր Կատրամիդեին դեռ Սմբատի կենդանության օրոք: (էջ 257):

860. Վաղատնի (Վաղադնի) վանքը, որ կոչվում է նաև Որոտնավանք, գտնվում է այժմյան Սիսիանի շրջանի Վաղուդի գյուղից 2 կիլոմետր հարավ, Որոտան գետի ձախ ափի քարափի վրա: Հնուց այստեղ եկեղեցի է եղել: Այս վանքում 1000 թվականին Շահանդուխտը եկեղեցի է կառուցել  ս. Ստեփանոսի անվամբ, ինչպես քիչ վարը տեղեկացնում է նույն պատմիչը: Այնպես որ Շահանդուխտը այնտեղի մեկ եկեղեցու կառուցողն է և ոչ թե ամբողջ վանքի: Այստեղ է նաև Շահանդուխտի որդի Սևադայի 1006 թվականին կառուցած եկեղեցին: Այժմ այդ երկու եկեղեցիներն էլ զգալի չափով քանդված են: Կատարվում են վերանորոգման աշխատանքներ (մեր վերջին այցելությունը՝ 1984 թվականի ապրիլի 22): (էջ 257):

861. Այսինքն՝ ընդհանուր 1000 թվականին: (էջ 258):

862. Այս Գոմերը հարկացուցակում հիշատակված է Ծղուկ գավառում՝ 7 միավոր հարկաչափով: (էջ 258):

863. Այսինքն՝ ընդհանուր 1006 թվականին: (էջ 258):

Ստեփանոս Օրբելյան

«Սյունիքի պատմություն»,

Երևան, 1986, էջ 254-258

 

 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06