Նոր պատերազմ չլինելու հանգամանքը ռուս խաղաղապահների ներկայությունն է․ Արցախի ԱԳ նախարար

07.03.2022 18:20
691

Yerkir.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

-Մարտի 6-ի առավոտյան ադրբեջանական կողմը Խրամորթի ուղղությամբ ինտենսիվ կրակ է արձակել։ Դրան նախորդող եւ հաջորդող օրերին եւս սադրանքներ են եղել։ Հայաստանյան քաղաքական գործիչները հայտնում են, որ Խրամորթում ստեղծված իրավիճակը բավականին վտանգավոր է: Ի՞նչ է այդտեղ կատարվում, պարո՛ն Բաբայան:

-Արցախը  հիմա յուրահատուկ իրավիճակում է՝ ամբողջ երկիրը դարձել է սահմանամերձ: Ամեն ինչ պետք է անենք, որ կանգնած մնանք մեր հողում։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդն ունի այդ տոկունությունը:  Ադրբեջանի սադրանքներն ունեն միայն մեկ պատճառ՝ հայատյացությունը, ծավալապաշտական ծրագրերը, ուրիշ ոչ մի պատճառ չկա, մնացածն առիթներ են: Ադրբեջանի պահվածքը նորություն չէ, որ մենք զարմանում ենք, փորձում վերլուծել՝ ինչո՞ւ, ո՞նց:

-Փոխադարձ «դրական» ազդակներ» են փոխանցվում  Հայաստանի եւ Ադրբեջանի իշխող վարչախմբերի միջեւ «խաղաղության դարաշրջան» բացելու համար, այս համատեքստում պետք է, չէ՞, Ադրբեջանը սադրանքների չգնար:

-Արցախում խաղաղության միակ գրավականը ռուս խաղաղապահներն են: Իհարկե, մեր զինված ուժերը եւ տոկունությունը կան, բայց նոր պատերազմ չլինելու հանգամանքը ռուս խաղաղապահների ներկայությունն է:  Մենք էլ ենք ուզում, որ խաղաղության դարաշրջան լինի, բայց հարցն այն է, որ ուզելը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ բան: Ադրբեջանի պահվածքի մեջ մենք չենք տեսնում որեւէ փոփոխություն:

-Ռուս-ուկրաինական պատերազմը կարո՞ղ է ինչ-որ իմաստով անդրադառնալ նաեւ Արցախի ճակատագրի վրա:

-Իհարկե, դրանք փոխկապակցված գործընթացներ են, քանի որ աշխարհում հիմա չկան ազատ տարածքներ, որտեղ կարելի է գլոբալ աշխարհաքաղաքական վեկտորի համար դիրքերն ուժեղացնել: Հիմա ամենուր կարմիր գծեր են, եւ  յուրաքանչյուր ուղղությամբ շահերի բախումը անմիջապես ազդում է այլ տարածաշրջանների վրա: Ադրբեջանը եւ Թուրքիան աղոթում են, որ Ռուսաստանը թուլանա եւ ձախողի:

- Արցախի սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք ՝ ինքնապաշտպանություն կազմակերպելու համար:

-Թե Արցախն ինչը ոնց է անելու՝ թողնենք մի կողմ: Հիմա առաջին փուլում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք այն, ինչ մնացել է Արցախից: Երկրորդը՝ այնպես անենք, որ մեր աշխատանքներում անվերապահորեն հետեւենք մեր հրամայականին՝ քիչ խոսենք, շատ գործենք, չքաղաքականացնենք, չշահարկենք ամեն ինչ:

-Քաղաքական շրջանակներում քննարկվում է Միութենական պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը: Եթե այս քննարկումները, այդուհանդերձ, իրողություն դառնան, ինչպե՞ս եք տեսնում Արցախի ճակատագիրը․ Շուշին եւ Հադրութը հետ վերադարձնելու մտքեր են գեներացվում, ի՞նչ կասեք:

-Մեզ համար բոլոր շրջաններն էլ կարեւոր են, մեր պատմական տարածքներն են, որոնք այս պահին գրավվել են, մենք պետք է երբեք սա չմոռանանք: Ոչ ոք ափսեի վրա չի տալու մեզ մեր հայրենիքը: Վերականգնելո՞ւ ենք մեր երբեմնի Մեծ Հայքը։ Եթե արժանի լինենք, որը կախված է բացառապես մեզնից: Ինչպիսի երկիր ենք կառուցում, ինչպիսի աշխարհաքաղաքականությանն ենք կողմնակից, ի՞նչ կողմնորոշում ունենք, կի՞րթ ենք, տո՞ւրք ենք տալիս ինտելեկտին եւ հայրենասիրությանը, թե՞ ոչ: Ոչ ոք հենց այնպես չի տալու մեզ այն, ինչ ուզում ենք:  Ամեն ինչ կախված է մեզնից: Առհասարակ, հայ-ռուսական բարեկամությունը եղբայրություն է, սա պետք է շատ լավ հասկանանք: Այն մարդիկ, որոնք ունեն արցախատյաց քաղաքականություն, ինչը նաեւ հայատյացության դրսեւորում է, նրանք միշտ խփում են եւ՛ Արցախին, եւ՛ Ռուսաստանին:  Ինչո՞ւ, որովհետեւ հասկանում են՝ առանց Արցախ չկա Հայաստան, որ հայոց պետականությունը կկործանվի: Արցախը մեր պետականության հիմնասյուներից մեկն է: Նաեւ հասկանում են, որ հանրությունը միայնակ չի կարող դիմակայել Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ պետք է Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերություններ ունենալ: Սա չի նշանակում, որ մենք թշնամի ենք Արեւմուտքին, ամենեւին:  Որպես ազգ՝ մենք ունենք հետաքրքիր առանձնահատկություն եւ հնարավորություն՝  պահպանել բոլորի հետ նորմալ հարաբերություններ, որովհետեւ ունենք Սփյուռք: Բայց մենք միայնակ ի վիճակի չենք, խփում են մեր հենասյուներին՝ մեկը հասկանալով, մյուսը չհասկանալով: Հասկանալով ուզում են կործանել հայոց պետականությունը: Շատ զգույշ պիտի լինենք, կարմիր գծեր են բոլորը, իսկ կարմիր գիծը արյուն է:

-Արեւմուտքը հիմա շատ ուշիմ հետեւում է ռուս-ուկրաինական պատերազմին եւ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային՝ բացահայտ: Հռոմի պապն էլ երկու կարդինալ է ուղարկել Ուկրաինա՝ նշելով, թե քրիստոնյաները դեմ են պատերազմին, ասում են՝ խելագարություն է: Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մենք չտեսանք այս համընդհանուր աջակցությունը, ինչո՞ւ:

-Մենք բազմիցս ասել ենք, որ աշխարհաքաղաքականությունը բարդ երեւույթ է, եւ կա, դժբախտաբար, շահերի բախում: Մենք տեսնում ենք միջազգային իրավունքի, գաղափարների դեգրադացիա, քանի որ ամեն ինչ արդեն շահն է որոշում:  Բոլորն ունեն իրենց շահերը։ Այս իրավիճակում հանկարծ խենթ գաղափարների, անիրատեսական հասկացությունների հետեւից չպետք է ընկնենք: Հասկանում եմ՝ շատ պատասխանատու պահ է, այլեւս այսպես-այնպես խաղալ չի լինի, սահմանափակվել է մեր հնարավորությունը, ամբողջ աշխարհում կարմիր գծեր են, կարմիր գիծն արյունով է գծվում: Պետք է լավ հասկանանք, թե ինչ է կատարվում, հույսներս անիրատեսական հասկացությունների հետ չկապենք, պետք է լինենք պրոֆեսիոնալ եւ հայրենասեր, ուրիշ ոչինչ:

- Հանրությունը մեղադրում է Հայաստանի իշխանությանը՝ միջազգային հանրության, նաեւ ռուսական կողմի հետ դիվանագիտությունը տապալելու մեջ։

-Ես չեմ ուզում միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործընթացներին։ Ոչ թե չունեմ իմ կարծիքը կամ որեւէ մեկից վախենում եմ, այդպիսի բան չկա: Մենք պետք է հասկանանք, որ Արցախը պետք է լինի սրբություն։ Շատ ուժեր, շատ կեղտոտ մարդիկ ուզում են Արցախը դարձնել  թիրախ, որ խփեն, դիվիդենդներ շահեն, հայոց պետականությունը կործանվի, թույլ չենք տալու: Ներքին քաղաքական գործընթացներին միայն հենց այս պատճառով չեմ խառնվելու: Պատասխանատվություն ունենալով հայոց պետականության հանդեպ՝ մենք չենք ուզում միջամտել եւ խոսել այս կամ այն հարցերի մասին: Կրկնում եմ՝  ոչ թե չունենք կարծիք, կողմնորոշում կամ վախենում ենք, ո՛չ, մենք պարզապես մտահոգված ենք մեր ժողովրդի ապագայով:

Մեր պատմության ամենածանր փուլում ենք։ Բազմաթիվ անգամներ կորցրել ենք մեր պետականությունը, բայց չի եղել հայ ժողովրդի վերացման գործընթաց: Կորցրել ենք պետականությունը, բայց ժողովուրդը գոյատեւել ու վերականգնվել է: Հիմա կա՛մ լինելու ենք, կա՛մ չենք լինելու: 

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19