Նոր ուսումնական տարին համավարակի պայմաններում. միջազգային փորձ

25.08.2020 20:58
2727

 Չնայած կորոնավիրուսի տարածման տեմպերին և որոշ երկրներում COVID-19 համավարակի հնարավոր երկրորդ ալիքի մասին ահազանգերին՝ աշխարհի շատ երկրներ փորձում են վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին՝ սանիտարահիգենիկ կանոնների խիստ պահպանմամբ։ Առաջնորդվելով այս մոտեցմամբ՝ մեծ թվով երկրներ որոշում են կայացրել վերսկսել նաև դասապրոցեսը՝ սահմանելով հստակ կանոններ։

Ուսումնական գործընթացի անվտանգ կազմակերպման հիմնական կանոնները յուրաքանչյուր երկիր (կամ առանձին շրջան) սահմանում է ըստ նպատակահարմարության՝ հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակը և կորոնավիրուսի տարածման միտումները։ Մի շարք երկրներ հայտարարել են նոր ուսումնական տարվա բնականոն մեկնարկի մասին` միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ համաճարակային իրավիճակի բարդացման դեպքում դպրոցները պետք է անցնեն առցանց կամ, այսպես կոչված, հիբրիդային ուսուցման՝ համադրելով առկա և հեռավար ուսուցումը։

Երկրների մեծամասնությունում ուսումնական հաստատությունների բնականոն գործունեության թույլատրման համար սահմանված առաջնային կանոններն են դիմակների պարտադիր կրումն ու սոցիալական հեռավորության պահպանումը: Օրինակ՝ դիմակները պարտադիր են լինելու Բելգիայի բոլոր ուսումնական հաստատություններում և աշակերտներին ու ուսանողներին թույլատրվելու է դրանք հանել միայն ընդմիջումների և մարմնամարզության առարկայի դասաժամի ընթացքում։ Լիտվայի դպրոցներում պարտադիր կլինի դիմակների կրումը, եթե տվյալ վարչատարածքային միավորում վերջին 14 օրերի ընթացքում 100.000 բնակչի հաշվով վարակման նոր դեպքերի թիվը հասնի 16-ի: Շվեյցարիայի դպրոցներում դիմակների կրումը պարտադիր է անձնակազմի և ուսուցիչների, ինչպես նաև 15 տարեկանից բարձր աշակերտների համար: Իտալիայի դպրոցներում այս կանոնը պարտադիր է ուսուցիչների, դպրոցի աշխատակազմի, ինչպես նաև ծնողների համար: Դպրոցներում դիմակների կրումը պարտադիր է նաև Գերմանիայի մի շարք դաշնային միավորներում, ԱՄՆ-ի, Կանադայի շատ նահանգներում, ասիական երկրներում և աշխարհի շատ այլ պետություններում: Որոշ դպրոցներում աշակերտներն անգամ կարող են պատժվել պարտադիր այս կանոնը չպահպանելու համար։ Օրինակ՝ Գերմանիայի Հյուսիսային Ռեյն դաշնային միավորում աշակերտին անգամ կարող են հեռացնել դպրոցից դիմակ չկրելու համար:

Շատ երկրների ուսումնական հաստատություններում, սակայն, դիմակների կրումը պարտադիր է այն դեպքում, եթե հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորության կանոնը: Օրինակ՝  Ֆրանսիայում տարրական դասարանների աշակերտների համար պարտադիր կանոն է մինչև 1 մետր սոցիալական հեռավորության պահպանումը, իսկ ավելի բարձր տարիքի աշակերտների համար դիմակների պարտադիր կրումը՝ սոցիալական հեռավորություն պահպանելու անհնարինության դեպքում: Իտալիայում նախադպրոցական տարիքում գտնվող  մինչև 6 տարեկան երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ, իսկ ավելի բարձր տարիքի աշակերտների համար դիմակի կրումը պարտադիր կլինի, եթե դասարաններում հնարավոր չլինի ապահովել սոցիալական հեռավորության կանոնի պահպանումը: Իսպանիայի դպրոցներում ևս աշակերտների համար պարտադիր է դիմակների կրումը, եթե անհնար է պահպանել սոցիալական հեռավորություն:

Երկրների մեծամասնությունում միաժամանակ պարտադիր է և՛ սոցիալական հեռավորության պահպանման, և՛ դիմակ կրելու կանոնը: Այդպես է օրինակ  Հունաստանում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, ՈւկրաինայումՌումինիայում, Մեծ Բրիտանիայում (ՄԲ-ում դիմակները պարտադիր են 11 տարեկանից բարձր աշակերտների համար) և այլուր: Որոշ երկրների պարագայում ուսումնական հաստատություններում դիմակ կրելը ոչ թե պարտադիր է, այլ խրախուսելի: Այս մոտեցումը գործում է Վրաստանի դպրոցների, Հունաստանում ցածր դասարանների աշակերտների, Ֆրանսիայի, Բելգիայի համալսարանների պարագայում:

Բացի վերոնշյալ հիմնական կանոններից երկրների ճնշող մեծամասնությունում դասապրոցեսի մեկնարկի համար որպես պարտադիր կանոն է սահմանվել նաև ուսումնական հաստատությունների տարածքի հաճախակի վարակազերծումն ու օդափոխումը, աշակերտների կողմից ձեռքերը կանոնավոր լվանալը, դպրոցների մուտքի մոտ պարբերական ջերմաչափումը, դասերը փոքր խմբերով կազմակերպելը, կուտակումներ թույլ չտալը:

Օրինակ՝ Իտալիայի ուսումնական հաստատություններում դասասենյակները  օրվա մեջ մի քանի անգամ պետք է ախտահանվեն։ Դպրոցի մուտքի և ելքի մոտ կուտակումներ չառաջացնելու համար դպրոցները կարող են ընտրել մուտքի տարբեր ժամեր։ Դպրոցներին խորհուրդ է տրվում պահել հատուկ մատյաններ, որտեղ կգրանցվեն դպրոց մուտք գործող մարդկանց տվյալները։ Իսպանիայում հնարավորության դեպքում կրթական միջոցառումները պետք է իրականացվեն բացօթյա, դասասենյակները՝ անընդհատ օդափոխվեն, պատուհանները՝ հնարավորության դեպքում միշտ բաց լինեն, հաստատությունները պետք է օրական առնվազն մեկ անգամ մաքրվեն ու վարակազերծվեն, իսկ սանհանգույցները՝ օրական առնվազն երեք անգամ: Չեխիայում դպրոցները պետք է մեծ ուշադրություն դարձնեն հատկապես ձեռքերի ախտահանմանը, ինչպես նաև  դասասենյակներում  ավելի հաճախակի և ավելի լավ օդափոխություն կազմակերպելուն։ Դանիայի դպրոցներում պարտադիր է յուրաքանչյուր կես ժամը մեկ կազմակերպել, որպեսզի աշակերտները լվանան իրենց ձեռքերը: Նիդերլանդների դպրոցներում պետք է  անընդհատ իրականացվի օդափոխություն, պետք է բաց լինեն միջանցքի դռները և պատուհանները։ Ծնողները երեխաներին դպրոցից վերցնելու համար պետք է հերթագրվեն և չպետք է մտնեն դպրոցի շենք։ Մեծ Բրիտանիայի դպրոցներում ևս առաջնային կարևորություն է տրվելու աշակերտների կողմից ձեռքերը հաճախ լվանալուն, տարածքի ախտահանմանն ու օդափոխմանը: Ռուսաստանի Դաշնությունում առանձնակի է կարևորվում ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը: Պարտադիր է դպրոցների տարածքի հաճախակի ախտահանումը, նախատեսվում է  անընդհատ կատարել տարածքի օդափոխում, մուտքի մոտ ջերմաչափում: Նախատեսվում է նաև առաջին շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր դպրոցում ապահովել մեկ  բժշկական աշխատողի ներկայություն։ 

Չնայած կորոնավիրուսի տարածման տեմպերի պահպանմանը, աշխարհի շատ գիտնականներ և հետազոտական հաստատություններ բարձրաձայնում էին ուսումնական հաստատությունների վերաբացման խիստ անհրաժեշտության մասին`ընդգծելով առկա կրթության և դրա հոգեբանական բաղադրիչի կարևորությունը։ Եվ, երկրների ճնշող մեծամասնությունը, գնում է հենց այդ ուղիով` փորձելով տարբեր կանոնների միջոցով առավելագույնս նվազեցնել ռիսկերը: Սակայն ուսումնական տարվա հետագա ընթացքը նախևառաջ կախված է յուրաքանչյուր երկրում առկա համաճարակային իրավիճակի դինամիկայից, քանի որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման պարագայում` նրանք կարող են գնալ ոչ միայն հակահամաճարակային կանոնների առավել խստացման, այլ նորից անցում կատարել ամբողջովին հեռավար կրթության:

Իզաբել Շատոյան

armenpress.am

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43

ՀՀ իշխանությունները ցուցաբերում են ընդգծված անտարբերություն Բաքվում պահվող հայերի ճակատագրի հարցում․ Վահագն Սարոյան

23.06.2026 17:56

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել

23.06.2026 16:48

ՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան

23.06.2026 16:12

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

23.06.2026 16:08

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

23.06.2026 12:48

Սյունիքում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին

23.06.2026 12:36

Ռոման Նավասարդյան․ «Առանց ներքին խաղաղության և ազգային համախմբվածության, առանց ազգային ոգու և արժանապատվության վերականգնման չի կարող լինել խաղաղություն»

23.06.2026 12:26

Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

23.06.2026 10:23

Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ադրբեջանագետ

22.06.2026 16:10