Նորավանքի հայտնի աստիճանները կփակվեն․ զբոսավարները հիշեցնում են՝ դրանք վազվզելու համար չեն

28.06.2022 21:11
3395

Այսօրվանից այցելուների համար փակ կլինեն Նորավանքի հայտնի աստիճանները։ ԿԳՄՍ նախարարությունից «Ռադիոլուրին» հայտնում են՝ որոշել են այս կերպ տուրիստական ակտիվ սեզոնին կանխել դժբախտ պատահարները․ մինչ այդ հունիսի 27-ին Նորավանք վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու աստիճաններից քաղաքացի էր վայր ընկել և պատռված վերքերով ու ոսկրի կոտրվածքի կասկածանքով տեղափոխվել հիվանդանոց։

Նման դեպքեր նախկինում ևս եղել են՝ արձանագրում են ԿԳՄՍ–ում և մանրամասնում՝ միջոցներ են ձեռնարկվել աստիճաններով դեպի աղոթասրահ մուտքը ժամանակավորապես արգելելու համար․ արգելապատնեշներով մուտքը փակվել է, արգելող ցուցանակներ են տեղադրվել։ Միաժամանակ ոլորտի մասնագետների հետ քննարկելու են խնդրի հիմնական լուծման տարբերակները:

Զբոսավար Արա Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է՝ եթե խնդրի մի կողմում զբոսաշրջիկների կյանքն ու առողջությունն է,  մյուս կողմում 14-րդ դարի բացառիկ կառույցի, եկեղեցու ճակատագիրն է։ Միջնադարում կառուցված այս աստիճանները նախատեսված են եղել վանականների, այլ ոչ թե, օրինակ, խմբով բարձրանալու, խմբակային լուսանկարներ անելու համար։

«Գալիս են դպրոցական կան զինվորական խմբերով, միանգամից 50 հոգով բարձրանում են, իհարկե շատ գեղեցիկ լուսանկարներ են ստացվում, բայց այդ հուշարձանը, չեմ վախենա ասել, համաշխարհային նշանակության եկեղեցին հրաշքով մեզ է հասել ու մենք պետք է աչքի լույսի նման պահենք։ Ոչինչ չի պատահի, եթե հայերը կամ հայերի հետագա սերունդները այդ աստիճանների վրա լուսանկարներ չունենան»,– ասում է զբոսավարը։

Աստիճանները բավականին նեղ են և անհարմար բարձրանալու համար, շատերը նույնիսկ առաջին հայացքից չեն պատկերացնում դժվարությունը, բարձրանում ու հետո մի կերպ իջնում՝ ասում է Արա Պետրոսյանը։

«Շատերը չեն պատկերացնում, որ վերևում դուռը շատ նեղ է և գլուխները կախ բարձրանալուց հետո հարվածում են դռան վերևի քարին․ երևի 100 բարձրացողից 90–ը գլուխները հարվածում են․ կարող են նաև այդ հարվածի պատճառով վայր ընկնել։ Ի տարբերություն մեր մյուս եկեղեցիների, Նորավանքը կառուցված է շատ փափուկ կրաքարից և ի սկզբանե նախատեսված չի եղել նման ծանրության ու դրանց վրա թռչկոտելու համար»։

Ակտիվ տուրիստական սեզոնին, հատկապես հանգստյան օրերին միջինում մի քանի հազար մարդ է օրական այցելում Նորավանք՝ նկատում են զբոսավարները․ համաձայն են ԿԳՄՍ–ի հետ՝ պետք է արգելել զբոսաշրջիկներին բարձրանալ աստիճաններով, բայց նաև շեշտում են՝ արգելքն ուշացած է։ Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը նկատում է՝ իր 10-12 տարվա գործունեության ընթացքում մի քանի տասնյակ դեպք է հիշում, երբ զբոսաշրջիկներն ընկել ու վնասվածքներ են ստացել։

«Մենք տարիների ընթացքում բազմաթիվ անգամ դիմել ենք թե եկեղեցու ներկայացուցիչներին, թե պետական կառույցներին՝ կոչ անելով ինչ–որ կերպ լուծում տալ խնդրին՝ առաջին հերթին մարդկանց հոսքն ավելի անվտանգ դարձնելու համար։ Դեռ տարիներ առաջ խնդիրը լուծելու համար եկան, եկեղեցու պատը ծակեցին ու ինչ–որ ճոպան անցկացրին։ Նախ եկեղեցու պատը վնասվեց, հետո նաև այդ խնդիրը չլուծվեց․ մարդիկ սկսեցին ավելի արագ-արագ բարձրանալ ու իջնել։ Այս պահին ավելի լավ լուծում, քան արգելելն է, կարծում եմ՝ չկա»,– ասում է Յաշա Սոլոմոնյանը։

Որոշումը նաև ընդդիմախոսներ ունի․ քիչ չեն մարդիկ, որոնք կարծում են, որ եկեղեցու մուտքը ոչ մի դեպքում փակել չի կարելի։

«Մարդիկ կան՝ ասում են՝ եթե արգելեք, բա որտե՞ղ աղոթենք։ Նորավանքում  աղոթելու համար մի քանի տեղ կա՝ ևս մի եկեղեցի և 2-3  մատուռ։ Կան զբոսավարներ, որոնք գտնում են, որ մուտքը Աստծո տաճար փակել չի կարելի և նույնիսկ պնդում են՝ եթե ինչ–որ մեկը բարձրացել ու ընկել է, ապա դա Աստծո կամքն է»,– ասում է զբոսավար Արա Պետրոսյանը։

Նորավանքը միակ «վտանգավոր» սրբավայրը չէ․ պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանն ասում է՝ նույն խնդիրն ունենք նաև, օրինակ, Ամբերդում․ զբոսաշրջիկները, չնայած բազմաթիվ զգուշացումների ու զգուշացնող ցուցանակների, բարձրանում են ամրոցի պատերի վրա։

«Նույն Նորավանքի տարածքի ակադեմիայի շենքի փլատակները, կարելի է ասել, ջնջվել, վերացել են մարդկանց քայլելու ու վազվզելու պատճառով։ Նույն իրավիճակն է նաև Գառնիում․ մարդիկ վազվզում են 7-րդ դարի եկեղեցու հիմքերի վրա։ Նաև Հաղպատավանքի հայտնի պատը, որի անունը դրել են «երազանքի պատ» և դրա վրա քայլում են։ Փառք աստծո, դա ցածր պատ է․ մարդկանց կյանքին վնաս չի սպառնում, բայց, այնուամենայնիվ, դա եկեղեցի է, ոչ թե մագլցման պատ»։

Սրանք դեռ օրինակներ են այն վայրերից, որտեղ որոշակի վերահսկողություն կա՝ նկատում է Յաշա Սոլոմանյանը և շեշտում՝ վիճակը հաստատ ավելի անմխիթար է այն վայրերում, որտեղ վերահսկողություն չկա։ Խնդիրը արժեհամակարգային է, և եթե արդյունքի հասնելու համար պետք է արգելել, ապա արգելքներն արդարացված են՝ եզրափակում են զբոսավարները։

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11