Փետրվարի 1-ը Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան օրն է

01.02.2021 22:08
2903

    «...կարո՞ղ ենք ասել, որ ամեն բան վերջացած է: Ո՛չ: Անկախությունը այնպիսի բան է, որ նվեր չի ստացվում: Ամեն ազգ իր անկախությունը սեփական բռունցքով միայն կարող է ձեռք բերել… Հայ ժողովրդի համար անկախությունն այսօր մահվան և կյանքի խնդիր է, և Հայաստանի ժողովուրդը ունի այդ գիտակցությունը»:

    Փետրվարի 1-ը Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, և ականավոր ճարտարապետ` Հովհաննես Քաջազնունու ծննդյան օրն է։

    Պուշկինի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում է ապրել ականավոր քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, տաղանդաշատ ճարտարապետ, պրոֆեսոր Հովհաննես Քաջազնունին: Առաջին Հանրապետության անկումից հետո նա Խորհրդային Հայաստան էր վերադարձել 1924-ին, նպատակ ունենալով օգնել հայրենիքին և զբաղվել զուտ իր մասնագիտությամբ՝ ճարտարապետությամբ:

    1868թ. ծնված Հովհաննես Քաջազնունին ավարտել էր Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, 1914թ. աշխատել Ազգային բյուրոյում, 1918թ. եղել Անդրկովկասի սեյմի անդամ: Ուսանողական տարիներից`1893 թվին, անդամագրվում է ՀՅԴ-ին:

    Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին հետագայում ինքն իր մասին գրել է.

    «Իբրև արևելցի՝ հակված եմ եղել երազելու և փիլիսոփայելու: Է՞լ ասեմ: Անբուժելի ռոմանտիկ եմ եղել և միաժամանակ՝ շեշտված սկեպտիկ: Հաշտեցրեք, եթե կարող եք: Իբրև գրասեր գրել եմ դեսից-դենից: Իբրև տնաբույս փիլիսոփա՝ շատ մտածել եմ անլուծելի խնդիրների մասին»։

     1907-1910թթ. զբաղվում է Բաքվի հայկական Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի նախագծման և շինարարության աշխատանքներով:

    1917-ին Քաջազնունին ընտրվում է Հայոց Ազգային խորհրդի, 1918-ի փետրվարին՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ: Սեյմի կազմում 1918-ին մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, նույն տարվա հունիսին, որպես Հայաստանի ներկայացուցիչ (Ալեքսանդր Խատիսյանի և Միքայել Պապաջանյանի հետ) Օսմանյան կայսրության պատվիրակության հետ ստորագրել Բաթումի հայ-թուրքական Հաշտության և բարեկամության դաշնագիրը:

    Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարման ձևը խորհրդարանական էր, այսինքն` երկրի ամենակարևոր քաղաքական դեմքը վարչապետն էր:  Հովհաննես Քաջազնունին  հայոց պատմության այդ  բարդ  շրջանում  իր վրա է վերցնում վարչապետ դառնալու ծանր պատասխանատվությունը  և մեծ ներդրում է ունենում հայոց պետականության կայացման գործում:

    Հովհաննես  Քաջազնունու գործունեության երեք ամենակարևոր կետերից առաջինը  Քաջազնունու վարած  հայակենտրոն քաղաքականություն էր:

    Հաջորդ կարևոր կետը Քաջազնունու խիստ զգուշավոր  մոտեցումն էր հարևան Օսմանյան Թուրքիայի հանդեպ: Չնայած, որ կայսրությունն արդեն մահվան մահճում էր, միևնույնն է, շարունակում էր դամոկլյան սրի նման կախված մնալ նոր պետականության գլխավերևում:

    Կարևոր է նաև Քաջազնունու անմնացորդ նվիրումը գաղափարին և հանրապետությանը: Դրա ամենախոսուն փաստերը  Քաջազնունու անձնական կորուստներն են՝ պատերազմում զոհված երկու որդիները: Միայն այսպիսի ծանր կորուստների  գնով Քաջազնունուն և գործի մյուս նվիրյալներին հաջողվեցին դնել Առաջին Հանրապետության հիմնաքարերը: «Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»,- ասել է Քաջազնունին՝ ներկայացնելով կառավարության կազմը:

    Դեռևս վարչապետի պաշտոնում՝ Քաջազնունին ուղևորվում է Վրաստան, Եվրոպա, ապա Միացյալ Նահանգներ, որտեղ կարևոր դեր է կատարում ամերիկյան օգնությունը Հայաստան հասցնելու հարցում: 1920-ին վերադառնում է Հայաստան, ստանձնում խորհրդարանի նախագահի տեղակալի աթոռը, նոյեմբերի վերջերին դառնում նախագահ: Մասնակցում է 1921-ի փետրվարյան ապստամբության արդյունքում ձևավորված Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին:

    1921-ի ամռանը հազարավոր հայերի հետ անցնում է Արաքսը, ապրում ապա՝ Իրանում, Եգիպտոսում, Պոլսում, Ռումինիայում: 1923 թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 19-ը Վիեննայում գումարվում է ՀՅԴ արտասահմանյան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (կոնֆերանս): Խորհրդաժողով հրավիրվում է և Հ. Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարվում է մասնակցել և իր զեկուցումը, որը վերնագրված էր «Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի» ուղարկում է փոստով: Գրքի վերնագիրը բովանդակությունից չի բխում և այն ճիշտ ընկալելու համար կարևոր է կարդալ ողջ գիրքը, որը գրվել է մեր պատմության  ամենակարևոր քաղաքական գործիչներից մեկի՝ Հովհաննես Քաջազնունու ձեռքով: Պետք է նշել, որ Հ. Քաջազնունին իր հայտնի գրքույկը գրել է ոչ թե դեպի Հայաստան անցաթուղթ ստանալու նպատակով, այլ որպես իր անձնական համոզմունքի դրսևորում: Նա միամտորեն կարծում էր, որ ՀՅԴ-ի քաղաքական ասպարեզից հեռանալը հնարավորություն կտա խորհրդային պետությանը վերականգնել տնտեսությունը, իսկ ապագայում կլուծի նաև Հայ Դատը, սակայն վերադառնալով Խորհրդային Հայաստան՝ հասկանում է, որ իր պատկերացումները՝ բոլշևիկների, Խորհրդային Հայաստանի և Հայ Դատի լուծման մասին սխալ էին․ ինքը մեծ սխալ է գործել, որի համար խիստ զղջացել է, սակայն արդեն ուշ էր:

    1925 թ. հունվարի 19-ին նա արդեն Երևանում էր: Եվ իրապես մեծ հույսերով ու նպատակներով Հ. Քաջազնունին վերադարձավ Երևան: Պատանեկան խանդավառությամբ նա անցավ գործի` իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու հանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ, և ճարտարապետների խիստ կարիք էր զգացվում: Եվ Քաջազնունու բարձր պրոֆեսոնալիզմը և խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ Հանրապետության հասարակական և ճարտարապետական կյանքում: Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա հաճախ էր հրավիրվում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին և տալիս նախագծերի եզրակացություններ: 1926 թ. Հ. Քաջազնունին մասնակցում է կառուցվելիք ժողտան (օպերայի և բալետի շենքի) հայտարարված մրցույթին (նախագիծը, ցավոք, չի պահպանվել,-Հ. Մ.): 1927-29 թթ. Քաջազնունու նախագծերով և նրա անմիջական ղեկավարությամբ Երևանում և Սարդարապատում կառուցվեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանվել,-Հ. Մ.), նույն թվականներին կառուցում է ձեթ-օճառի գործարանը Երևանում` իր բոլոր օժանդակ կառույցներով, բնակելի ավան աշխատողների համար: Դրանք կառուցվեցին «Գրախտ» ընկերության կողմից և դարձան Խորհրդային Հայաստանի առաջին արդյունաբերական շինությունները: 

    1926 թ. Գյումրու սարսափելի երկրաշարժից հետո Հ.Քաջազնունին մշտապես գտնվել է այնտեղ, ուսումնասիրել քանդված տների բնույթը, առաջարկել շենքերը ճիշտ կառուցելու ուղիներ: 1927 թ. հանդես է եկել զեկույցով Լենինականում իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների բնույթի վերաբերյալ: Հետագայում 1935 թ. Հ. Քաջազնունին Լենինականում նախկին Բուլվարնայա (Կիրովի) և 27-րդ փողոցների խաչմերուկում կառուցում է բնակելի նոր շենք: Այս կառույցը մինչև օրս կ
    անգուն է և դիմակայել է անգամ 1988 թ. ավերիչ երկրաշարժը, համարվում է Հ. Քաջազնունու լավագույն գործերից մեկը:

    Միաժամանակ Հ. Քաջազնունին ակտիվորեն մասնակցում է հասարակական գործունեությանը: Հայաստանի Տեխնիկական ընկերության նախագահության անդամ էր, ապա` նախագահ: 1928 թ. Հ. Աճառյանի, Գ. Հակոբյանի, Ա. Տերյանի հետ համահեղինակությամբ Հ. Քաջազնունին իր տեխնիկական և գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական կառույցների ռուս-հայերեն բառարանի» ստեղծմանը: Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-հոդվածներից: 1929 թ. նոյեմբորի 1-ից «Կորչի անգրագիտությունը» ընկերության անդամ էր:

    1926 թ. աշնանից մինչև 1931 թ. գարունը Հ. Քաջազնունին դասավանդում է Երևանի համալսարանի նոր կազմակերպված տեխնիկական ֆակուլտետում (շինարարական արվեստ), ապա շինարարական ինստիտուտում (ճարտարապետական նախագծում) առարկաները: 1930 թ. փետրվարի 9-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի կոլեգիայի որոշմամբ Հ. Քաջազնունու շնորհում են պրոֆեսորի գիտական կոչումը:

    Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Քաջազնունու գրական ժառանգությունը: Հոգեպես մեծ կապվածություն ունենալով ժամանակի գրական կյանքի և գործիչների հետ, հետագայում նրանց մասին հուշեր է գրել: Հատկանշական են Թումանյանի մասին նրա հուշերը. անկեղծ՝ անկաշկանդ, սիրով առլեցուն:

    1937 թ. հուլիսի վերջերին Հ. Քաջազնունին հանգստանում էր Ստեփանավանում և իր աղջկան` Մարգարիտային ուղղված նամակում հիշատակում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչև օգոստոսի 6-ը, սակայն Հ.Քաջազնունու վիճակված չէր երկար հանգստանալ, քանի որ հուլիսի 28-ին ՆԳ Ժողկոմիսար Խ. Մուղդուսու ստորագրությամբ տրվում է օրդեր թիվ 6/41 Հ.Քաջազնունու բնակարանը խուզարկելու և ձերբակալելու վերաբերյալ: Հուլիսի 29-ին նա Ստեփանավանում ձերբակալվում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից: 

    Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին (այլ տվյալներով՝ 1937-ի դեկտեմբերի 29-ին) բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։

    yerkirmedia.am

     

    Ռուսաստանի դեսպանն ու պաշտպանության հարցերով կցորդը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

    24.04.2025 22:41

    Պատրաստակամ ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Թրամփի ուղերձը

    24.04.2025 22:05

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

    24.04.2025 20:09

    Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

    24.04.2025 17:21

    Մեծ եղեռնի 110-րդ տարելիցի օրը Կապանում

    24.04.2025 17:05

    ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել են որպես սեփականը. Զախարովան՝ 1915-ի իրադարձությունների մասին

    24.04.2025 14:34

    Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

    24.04.2025 14:24

    Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Գորիսում Նահատակաց հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցվեց

    24.04.2025 13:49

    Հայոց ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր. Վեհափառ Հայրապետ

    24.04.2025 13:28

    Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

    24.04.2025 12:06

    Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

    24.04.2025 11:33

    Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանության հրավեր. Արցախի ԱԺ

    24.04.2025 11:29