Օրհնվի այն պահը, երբ Սյունիքի մարզպետի պաշտոնը կսկսի վարել հայկազուն Սյունիների նկարագրին եւ էությանը հավատարիմ սյունեցին

05.09.2017 12:44
1994

Սյունյաց պատմական աշխարհը, որն իր մեջ ընդգրկել է ներկայիս համանուն մարզից մի քանի անգամ մեծ տարածքներ, հազարամյակներ շարունակ եղել է մարդկության բնօրրան Մայր Հայաստանի կարեւորագույն երկրամասերից մեկը:

Հեքիաթային բնությունից ոգեշնչված մեր նախնիներն ազատորեն կերտել են իրենց հայրենիքը, կոփել ու կռել բազում հերոսական հաղթանակներ, ամենուր թողել ստեղծագործական ներշնչանքի զարմանահրաշ հետքեր, որոնք հետագա սերունդների համար դարձել են նախնիներից ստացած հարուստ ժառանգությունից ճիշտ դասեր քաղելու, դժվարություններին, փորձություններին պատվով դիմակայելու, պատուհասած սպառնալիքները հնարավորինս արագ չեզոքացնելու հուսալի կռվաններ: Մեծն սյունեցի Մովսես Խորենացին իրավացիորեն պնդում էր. «Թեպետ մենք փոքր ածու ենք եւ թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ եւ շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց եւ այնպես մեր աշխարհում էլ գրելու եւ հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»:

Միաժամանակ, պարտավոր ենք փաստել, որ շատերն այսօր չեն առաջնորդվում մեր փառապանծ նախնիներին հատուկ գիտակցությամբ: Մեր երկիր ներմուծված որոշ երեւույթներ որոշակիորեն մթագնել են մեր հավաքական գիտակցությունը, մղել աններելի ծուլության եւ անգործության: Մեր նախնիներին բնորոշ ազատատենչությունը, խիզախությունը, արդարամտությունը, համերաշխությունը, լայնախոհությունը, բարեպաշտությունն իրենց տեղը զիջել են նախանձին, չարամտությանը, բամբասանքին, քծնանքին, շողոքորթությանը, ստորաքարշությանը, մորթապաշտությանը: Այդ պատճառով այսքան տկար ենք ու դառնացած: Եվ մի՞թե մեզ սթափվել եւ ցնցվել պետք է ստիպի արտաքին թշնամու սուրը:

Ո՛չ, հազար անգամ ո՛չ:

Գիտակցենք, որ երիցս ճիշտ էր Գարեգին Նժդեհը. «Հայության ծերացած արատներն ավելի վնաս պատճառած են Հայաստանին, քան մեր երկիր պարբերաբար ներխուժող օտարներու սուրը... էլ ոչինչ այն ամենից, ինչ որ արվել եւ արվում է արտաքին թշնամու գործը հեշտացնելու համար»:

Ձերբազատվենք մեր մթագնած հիշողությունից, ճանաչենք մեր հայրենիքը, ոգեշնչվենք մեր փառավոր անցյալից, մերժենք արգահատելին, պատվով ստանձնենք նախնիներից ժառանգածը՝ սրբորեն պահպանելու ու զարգացնելու մեզ բաժին հասած առաքելությունը:

Անշուշտ, միայն այդպես կարդարացնենք մեր գոյությունը:

Ըստ իս՝ ահա թե որոնք են Սյունյաց աշխարհի հրամայական առաջնահերթությունները:

1. Օրհնվի այն պահը, երբ Սյունիքի մարզպետի պաշտոնը կսկսի վարել հայկազուն Սյունիների նկարագրին եւ էությանը հավատարիմ սյունեցին, ով իր հաստատակամությամբ ու վճռականությամբ ի զորու կլինի հնարավոր սեղմ ժամկետում երկրամասի ընթացքը համապատասխանեցնել Մովսես Խորենացու, Գարեգին Նժդեհի, մեր այլ փառապանծ նախնիների պատգամներին:

Այդպիսի մարզպետի առաջնորդությամբ ձեռնարկվելիք արմատական քայլերի միջոցով Սյունիքի մարզի այսօրվա վայ վերնախավին պետք է փոխարինի մեր փառավոր անցյալին հենված եւ լուսավոր հորիզոնների ձգտող, մարդկային, քաղաքացիական, մտավորական բոլոր անհրաժեշտ որակներով օժտված վառ անհատականությունների ընտրանին: Յուրաքանչյուր ղեկավար պաշտոնյա պետք է ամբողջությամբ համապատասխանի իր կոչմանը:

2. Երկրամասի բոլոր տարածաշրջանների առավել արժանավոր եւ խորագիտակ անհատականություններից կազմավորել 25-30 հոգուց բաղկացած Սյունյաց խորհուրդ, որը խորն ուսումնասիրությունների հիման վրա կկատարի եւ մարզպետարանի, պատկան այլ մարմինների հաստատմանը կներկայացնի մարզի, նրանում ընդգրկված տարածքների սոցիալ-տնտեսական թռիչքային զարգացման ու հոգեւոր-մշակութային զարթոնքին միտված համալիր ծրագրեր, երաշխավորություններ:

3. 19-րդ դարից գործող Գորիսի բանտը եղել է ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ ամենադաժան կալանավայրերից մեկը: Ցավոք, այն գործում է ցայսօր: Այնտեղ խորտակվել են հազարավոր մարդկանց ճակատագրեր: Այդ բանտում են 1920 թվականի օգոստոսին կացնահարվել հայոց խորհրդարանի պատգամավորներ Արշակ Շիրինյանն ու Վահան Խորենին: Բանտն ամենաբացասական ազդեցությունն է ունեցել Գորիս քաղաքի, Սյունիքի հոգեբարոյական մթնոլորտի վրա, մեծապես նպաստել թմրամոլության տարածմանը, քրեածին միջավայրի ընդլայնմանը:

Տողերիս հեղինակը, Գորիսի քաղաքային իշխանության նախագահի պաշտոնավարման ընթացքում 1993թ. այցելելով Գորիսի բանտ եւ ուսումնասիրելով այնտեղ առկա վիճակը, ՀՀ իշխանություններից պահանջել է անհապաղ փակել չարիքի այդ բույնը: Ցավոք, Գորիսի բանտը գործում է մինչ այսօր:

ՀՀ կառավարության  որոշմամբ առաջիկայում վերջապես պետք է հասնել այդ կալանավայրի փակմանը:

Հրամայական եւ հրատապ անհրաժեշտություն է՝ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ չարիքի մարմնացում հանդիսացող հայկական Բաստիլի՝ Գորիսի բանտի հիմնահատակ կործանումը: Անշուշտ, այդ իրադարձությունը դրականորեն կցնցի հանրային գիտակցությունը եւ մարդկանց կմղի մեծագործությունների:

Գորիս քաղաքի փոքր կենտրոնի հարեւանությամբ գտնվող բանտի մոտ 12.000 քմ ազատագրված տարածքում, ինչպես Բաստիլի բերդի պարագայում, ճիշտ կլինի մարդկային հոծ զանգվածների, հատկապես երիտասարդության կամավոր մասնակցությամբ հիմնել Սյունյաց մեծ նախնիների անվան պուրակ, այնտեղ տնկել եւ հայոց հավերժության վկաներ դարձնել Սիսակ Նահապետի, Անդովկ, Բաբիկ, Բակուր, Վասակ, Ձագիկ իշխանների, Սյունիքի թագավորների, Ստեփանոս Օրբելյանի, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթեւացու, Մովսես Տաթեւացու, Շմավոն Անգեղակոթցու, Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի, Նիկողայոս Ադոնցի, Մելիք Հայկազի, Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Թորոս իշխանի, տեր Ավետիսի, Մելիք Բարխուդարի, Առաքել Ծատուրյանի, Զորավար Անդրանիկի, գնդապետ Արսեն Շահմազյանի, Գարեգին Նժդեհի, գնդապետ Հովհաննես Պարոնյանի (Յապոն), կապիտան Պողոս Տեր-Դավթյանի, Ակսել Բակունցի, Գուսան Աշոտի, Աշոտ, Արամ Սաթյանների, Համո Սահյանի, Սերո Խանզադյանի, Սուրեն Այվազյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Կոստանտին Օրբելյանի, Սուրեն Թովմասյանի, Գրիգոր Արզումանյանի եւ այլ երեւելիների անուններով գեղաշուք ու երկարակյաց սոսիներ:

Անշուշտ, այդ պուրակն անմիջապես դառնալու է Աստծո լավագույն պարգեւի՝ սիրո, հայոց ոգեկոչման եւ ստեղծագործական ներշնչանքի կարեւորագույն կենտրոն, որտեղ կկազմակերպվեն ազգօգուտ բազում միջոցառումներ:

Գորիսի կործանված բանտի տարածքում հիմնվելիք Սյունյաց մեծ նախնիների անվան պուրակը վարակիչ ազդեցություն է ունենալու Սյունիքի, Հայաստանի մյուս քաղաքների, գյուղերի բնակիչների շրջանում, որոնք նույնպես կենթարկվեն իրենց բնակության վայրերում նման պուրակներ հիմնելու հրամայականին: Այդպիսի ստեղծագործ վերաբերմունքով գալիք սերունդները կստանան կարեւորագույն եւ մնայուն ժառանգություն:

4. Սյունյաց զարթոնքին ու բարգավաճմանը մեծապես կնպաստի մարզում տնտեսական եւ սոցիալական առկա վիճակի արմատական բարեփոխումը: Անշուշտ, Սյունիքն այսօր էլ իր տնտեսական առկա կարողություններով, հատկապես Քաջարանի, Ագարակի, Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատների, Որոտանի հիդրոէլեկտրակայանների, այլ հիդրոէլեկտրակայանների առկայությամբ Հայաստանի տնտեսական առաջատարն է, որոնցից ստացված եկամուտների չնչին մասն է օգտագործվում մեր երկրամասում:

Բարեբախտաբար, Սյունիքն ունի տնտեսական կարողականության բազմապատիկ ավելի պոտենցիալ: Ամոթալի է, որ մարզում նույնիսկ պղինձ չի ձուլվում, երբ մեր նախնիներն այն հաջողությամբ իրականացնում էին հազարամյակներ առաջ: Հարյուր հազարավոր տոննաներ կազմող թեկուզեւ հարստացված հանքանյութը պատրաստի վերջնական արտադրանք ստանալու նպատակով, բեռնատար ավտոմեքենաներով, գնացքներով ու լաստանավերով փոխադրվում են հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչը ծայրահեղ բացասաբար է ազդում ստացվող արտադրանքի ինքնարժեքի վրա՝ դրանցից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Մարզում առկա հարյուրավոր տոննաների կաշին եւ բուրդը ոչնչանում են կամ վաճառվում չնչին գնով: Մարզի տարածքում առկա վայրի մրգի, հատապտուղների, դեղաբույսերի առատ բերքը նույնպես հիմնականում ոչնչանում է:

Մի՞թե վերջ չպետք է ունենա աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում՝ Հայաստանում, հայ մեծահարուստների կողմից վիթխարի հիպերմարկետներ, տոնավաճառներ, խաղատներ, զվարճանքի այլ կենտրոններ կառուցելու մոլուցքը:

Գիտակցենք, որ Սյունիքի մարզում մետալուրգիական գերժամանակակից, բնապահպանական բոլոր պահանջներին բավարարող կոմբինատի, մոլիբդենի, պղնձի, ոսկու, այլ պղնձաձուլարանների կառուցումը եւ պատրաստի բազմատեսակ արտադրանք թողարկող ձեռնարկությունների հիմնումը հրամայական անհրաժեշտություններ են:

Սյունիքի մարզում մետալուրգիական կոմբինատի, գործարանների, բամբակագործության, շերամապահության, մետաքսագործության, բամբակի պլանտացիաների, հատուկ թթենու այգիների, մանածագործական, տրիկոտաժի, մետաքսեղենի, բրդեղենի, կաշվեղենի պատրաստի արտադրանք թողարկող ժամանակակից ձեռնարկությունների, վայրի մրգերի, հատապտուղների, դեղաբույսերի մթերակայանների եւ վերամշակող արտադրական կարողությունների հիմնումով էականորեն կմեծանա մեր տնտեսական կարողականությունը, ինչը կնպաստի ստեղծելու հազարավոր նոր աշխատատեղեր, լուծումներ տալու մարդկանց զբաղվածության, սոցիալական, ժողովրդագրական եւ այլ կարեւոր խնդիրներին: Մենք ունենք դրանց իրականացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

Մեր խորին համոզմամբ այդպիսի տնտեսական կարողություններ ստեղծելու, Իրան-Հայաստան երկաթուղու, մանավանդ մինչեւ Կապան, Քաջարան հատվածի կառուցման կարեւորագույն գործին վաղուց պատրաստ է միանալու պարսկական եւ չինական կապիտալը:

5. Տասը հազար եւ ավելի տարիներ առաջ Սյունյաց լեռնաշխարհում մեր նախնիներն իրենց ստեղծագործական ներշնչանքի եւ գիտական, գեղարվեստական ընկալման հրաշալի հետքերն են արձանագրել Ուղտասարի ժայռապատկերներում եւ մարդկության առաջին աստղադիտարանը համարվող Զորաց քարերում: Հրամայական անհրաժեշտություն են այդ վայրերը դարձնել հայոց կարեւորագույն բրենդեր, որոնք հզոր մագնիսի պես կձգեն բազում մարդկանց բովանդակ աշխարհից: Անհրաժեշտ է սեղմ ժամկետում կառուցել այդ վայրեր այցելուների համար հարմարավետ ենթակառուցվածքներ՝ ավտոճանապարհ, իջեւանատներ, ստեղծել վրանային ճամբարներ, ճաշարան-սրճարաններ, այլ հարմարություններ, պատրաստել սպասարկող մասնագետների անձնակազմ:

6. Հիրավի հսկայական է Սյունյաց մետրոպոլիտենության եւ հոգեւոր թեմի ավանդը հայոց պատմական ընթացքում: Սյունյաց հոգեւոր կենտրոնին դարեր ի վեր ենթակա են եղել 12 եպիսկոպոսություն: Տաթեւի վանական համալիրը հայոց հոգեւոր կյանքում միշտ ունեցել է կարեւոր, հաճախ նաեւ որոշիչ դերակատարություն, ուր դարեր ի վեր հոգեւոր ծառայություններ կատարող հայորդիների թիվը չի պակասել հազարից: Տաթեւի մատենադարանը 11-րդ դարում ունեցել է ավելի քան տասը հազար ձեռագիր մատյան: Հայոց հոգեւոր-մշակութային կյանքում բացառիկ նշանակություն են ունեցել Գլաձորի եւ Տաթեւի հռչակավոր համալսարանները: Անգնահատելի է հոգեւոր եւ գիտական հսկաներ Սուրբ Հովհան Որոտնեցու, Սուրբ Գրիգոր Տաթեւացու, Սուրբ Մովսես Տաթեւացու ավանդն ու վիթխարի ժառանգությունը:

Ամենայն հայոց Վազգեն առաջին երջանկահիշատակ կաթողիկոսի կոնդակով վերաբացված Սյունյաց հոգեւոր թեմում իրենց նվիրական ծառայությունն են բերել մի քանի տասնյակ հոգեւորականներ:

Օբյեկտիվությունը պահանջում է գիտակցել, որ այսօր Սյունյաց հոգեւոր թեմում ծառայող փոքրաթիվ հոգեւորականները, որքան էլ ջանան, ի զորու չեն իրականացնել այն հսկայածավալ գործը, որին անցյալում լծված են եղել հարյուրավոր հոգեւորականներ: Ամենքիս պետք է սթափեցնի իրողությունը, որ Սյունիքում օրըստօրե մեծանում է աղանդավորների թիվը:

Սյունյաց հոգեւոր թեմը վաղուց չունի նույնիսկ մեկ եպիսկոպոս:

Իրավիճակին համարժեք գնահատականով, արտակարգ վերաբերմունքով, միջոցառումների համալիր ծրագրով, գործող եկեղեցիների, եռանդուն հոգեւորականների անընդհատ ավելացմամբ, լայնամասշտաբ քարոզչությամբ հայրենի երկրամասում պետք է հասնել հոգեւոր զարթոնքի, անխոցելի դարձնել մեր ազգային-հոգեւոր զրահը:

Վերջին տարիներին Հայաստանում կառուցվել են բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, ինչն, անշուշտ, Աստվածահաճո գործ է: Անկասկած, ավելի կարեւոր է մեր նախնիների կողմից դարեր առաջ կառուցած եւ եկող սերունդներին ժառանգած կիսավեր, ավերակ վանքերի, եկեղեցիների, մատուռների, պատմական այլ հուշարձանների վերականգնումը: Արժանապատվություն ունեցող սյունեցիներն ի զորու են դրական օրինակ ծառայելու եւ սկսելու պատմական հուշարձանների վերականգնման սրբազան շարժումը:

Սյունիքում 17-րդ դարի սկզբներին սկսված եւ պատմական հայրենիքի մի շարք վայրերում տարածված անապատական շարժումը մեծապես նպաստել է հայոց հոգեւոր-մշակութային խաթարված նկարագրի առողջացմանը: Սուրբ Մովսես Տաթեւացին եղել է անապատական շարժման արժանավոր առաջնորդը, իր վիթխարի վաստակով ու հեղինակությամբ արժանացել  համընդհանուր հարգանքի, վստահության եւ ընտրվել Ամենայն հայոց կաթողիկոս: Սյունյաց (Հարանց) մեծ անապատը եղել է անապատական շարժման միջնաբերդը, որի սրբակենցաղ եւ մաքրակրոն միաբանները հեղինակել են բազում մեծագործություններ, դրական օրինակ ծառայել հայոց հոգեւոր կյանքում:

Հայոց աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները, հավատացյալ հայորդիները պարտավոր են ենթարկվել հոգեւոր այդ կարեւորագույն կենտրոնի համեմատաբար քիչ վնասված եկեղեցիների, մատուռների, այլ հուշարձանների վերականգնման հրամայականին:

Ճիշտ կլինի Սյունյաց (Հարանց) մեծ անապատում հետագայում բացել ազգային-հոգեւոր վարժարան, որտեղ լավագույնս կրթելու պատրաստել ազգային, հոգեւոր գործիչներ: Ազգային-հոգեւոր վարժարանը հիմք կհանդիսանա ապագայում վերականգնելու Տաթեւի հռչակավոր համալսարանը:

Հայոց հնագույն ուխտավայրերից մեկը Սյունյաց իշխանության կենտրոն Շաղատ բնակավայրի եւ Անգեղակոթ գյուղի ճանապարհի մերձակայքում գտնվող Սուրբ Վարդան Զորավոր ժայռափոր եկեղեցին է: Բավարար հիմքեր կան պնդելու, որ Հայաստանի մարզպան Վասակ Սյունին Ավարայրի ճակատամարտի մեծ նահատակի՝ Վարդան Մամիկոնյանի աճյունն ամփոփել է այնտեղ: Սեղմ ժամկետում անհրաժեշտ է հասնել այդ սրբավայր հասնող ավտոճանապարհի, եկեղեցու, նրա մերձակայքի նորոգմանն ու բարեկարգմանը, այցելուների համար բավարար պայմանների ապահովմանը:

Բղենո Նորավանքը դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգեւոր կենտրոն, այլեւ Սյունյաց ռազմուժի համար հանդիսացել է ոգեկոչման վայր՝ Զորաց տաճար: Հրատապ անհրաժեշտություն է այդ կարեւորագույն հուշարձանի եւ նրա կատարած առաքելության վերականգնումը:

Անհրաժեշտ աշխատանքներ պետք է կատարվեն նաեւ մեր հնագույն այլ սրբավայրերում, մասնավորապես Ծիծեռնավանքում, Վահանավանքի վանական համալիրում, Որոտնավանքում:

7. Կարեւոր գործ պետք է համարել Սյունյաց պաշտպանական ամրությունների, մասնավորապես Ձագեձորի բերդի, Որոտնաբերդի, Բաղաբերդի, Մեղրու բերդի վերականգնումը:
Արտաքին թշնամու ոտնձգությունները շատ ցավոտ հակահարվածներով չեզոքացնելուն, նրա ախորժակը զսպելուն եւ մեր ազգային անվտանգության ապահովմանը կարող է ծառայել հատուկ առաջադրանքներ կատարող Սյունյաց վրիժառու բազուկների Նժդեհյան գումարտակը, որի կազմավորումը պետք է համարել կարեւորագույն խնդիր եւ հասնել դրա լուծմանը:

8. Մեր ժողովրդի նյութական եւ հոգեւոր ժառանգության կարեւոր մասերից են հին գերեզմանատները, որտեղ հանգչում են մեր բոլոր, այդ թվում՝ ականավոր նախնիները: Որքան էլ մեր ժողովրդին հատուկ չի եղել ճոխ գերեզմանների, մանավանդ դամբարանների կառուցումը, այնուամենայնիվ, գերեզմանատներում կառուցված մատուռները, նախնյաց գերեզմանաքարերի մի մասն արվեստի կոթողներ եւ պատմական հուշարձաններ են: Մեզ պատիվ չի բերում հին գերեզմանատներում տիրող ծայրահեղ անմխիթար վիճակը, այնտեղ կառուցված մատուռները լավագույն դեպքում կիսավեր շինություններ են, մանրաքանդակներով զարդարված տապանաքարերի, գերեզմանաքարերի մի մասն էլ տապալված են եւ ցիրուցան: Դրանցից շատերը ծածկված են հաստ հողաշերտով, տատասկով կամ մացառներով: Մեր ամոթալի անտարբերության արդյունքում հին գերեզմանատները նման են ոչ թե սրբավայրերի, այլ վերածվել են անասունների արոտավայրերի:

Ենթարկվելով հայոց հին գերեզմանատներում տիրող ամոթալի վիճակը վերացնելու հրամայականին՝ տողերիս հեղինակի նախաձեռնությամբ Գորիս գյուղի հին գերեզմանատներից մեկում ամիսներ առաջ կատարեցինք բարեկարգման աշխատանքներ, ինչին սիրով մասնակցեցին հայոց բանակի մի քանի տասնյակ զինծառայողներ: Ընդամենը տասը օրվա ընթացքում, առանց հատուկ տեխնիկայի օգնության, մեր բազմաթիվ նախնիների քանդակազարդ, մինչեւ երկու տոննայի ծանրության գերեզմանաքարերն իրենց իսկական տեղերում էին:

Պնդում եմ, որ նախնիների հիշատակը հարգող եւ պատասխանատվության զգացում ունեցող յուրաքանչյուր ոք պարտավոր է միանալ հին գերեզմանատների ամբողջական վերականգնման պատվաբեր գործին, եթե չենք ուզում արժանանալ մեր նախնիների բախտին: Գերեզմանատների բարեկարգումը եւ դրանք սրբավայրեր դարձնելը նախեւառաջ պետք են մեզ՝ ապրողներիս, եւ գալիք սերունդներին: Անհրաժեշտ է այդ գիտակցությանը հասնել ամենուր:

Գիտակցենք նաեւ, որ ճիշտ կլինի օր առաջ ազատվել սգո արարողությունների, մանավանդ թաղման հանդիսությունների ժամանակ առկա եւ մեր ազգային ավանդույթներին խորթ երեւույթներից, հատկապես ճոխ հացկերույթներից:

9. Անհրաժեշտ է սեղմ ժամկետում պատրաստել եւ հայերենով, անգլերենով, ռուսերենով մեծ տպաքանակով հրատարակել Սյունյաց պատմությունը, նրա ներկան, պատմական հուշարձանները, տեսարժան վայրերը լուսաբանող բարձրորակ գրքեր, գրքույկներ, ալբոմներ:

Ճիշտ կլինի, որ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցներում եւ այլ ուսումնական հաստատություններում հայոց պատմությանը զուգընթաց դասավանդվի նաեւ Սյունիքի պատմություն առարկան: Այն հնարավորություն կտա հավուր պատշաճի վերականգնելու Սյունյաց արժանապատվությունը:

10. Հանրահայտ է, որ Սյունիքից է սկսվել հայոց ազգային տարազի պատրաստման գործը: Ազգային տարազը դարեր ի վեր շատ կարեւոր նշանակություն է ունեցել սյունեցիների կյանքում: Այն զարդարել է Սյունյաց մշակութային դիմապատկերը: Անհրաժեշտ է ենթարկվել ազգային տարազի վերականգնման եւ զարգացման հրամայականին: Հրատապ խնդիր է Սյունիքում ազգային տարազ պատրաստող արհեստանոցների բացումը, նորապսակներին ազգային տարազով հարդարումը, ազգային տարազով հանդիսությունների եւ ցուցահանդես-վաճառքների կազմակերպումը:

11. Սյունյաց հոգեւոր-մշակութային առաջընթացին մեծապես կնպաստեն Տաթեւի վանական համալիրի դիմաց, Խուստուփ, Գորիս քաղաքի դիմաց՝ Լաստ լեռների լանջերին, երեքից հինգ հազար տեղանոց ամֆիթատրոնների կառուցումը, այնտեղ հոգեւոր, դասական, ժողովրդական, գուսանական, ազգային-ազատագրական, ջազային, ռոք եւ այլ երաժշտական փառատոների, համերգների, տոնահադեսների կազմակերպումը: Առաջնահերթ խնդիր է՝ Գուսան Աշոտի անվան գուսանական երգի եւ Կոստանտին Օրբելյանի անվան ջազային-էստրադային երաժշտական ամենամյա փառատոների ու մրցանակաբաշխության կազմակերպումը:

Բակունցյան, Սահյանական, Խանզադյանական օրերի, փառատոների անցկացումը նույնպես հրամայական անհրաժեշտություն են:

12. Թանգարանները ժողովուրդների մշակութային ժառանգության հայելին են: Հրատապ խնդիր է՝ Գորիս քաղաքի դիմաց՝ Լաստ լեռան կատարին, Սյունիքի պատմության եռահարկ թանգարանի հիմնումը եւ նրա վրա պատմահայր Մովսես Խորենացու մոնումենտալ հուշարձանի տեղադրումը, այնտեղ հասնելու համար հետիոտն, ավտոմոբիլային ճանապարհների ու ճոպանուղու կառուցումը: Սյունիքի պատմության թանգարանը եւ Մովսես Խորենացու հուշարձանը ոգեղեն հսկայական լիցքեր կհաղորդեն գորիսեցիներին, սյունեցիներին, ներկա ու գալիք սերունդներին:

13. Սյունյաց քաղաքների, այդ բնակավայրերի, առավել տեսարժան վայրերի երեկոյան, գիշերային ինքնատիպ լուսավորությամբ էականորեն կբարելավվի սյունեցիների ապրելակերպը, եւ կհղկվի մարդկանց ճաշակը:

14. Սյունյաց մի շարք բնակավայրերի, մասնավորապես Գորիս եւ Խնձորեսկ հնագույն գյուղերի տարածքներն անհրաժեշտ է դարձնել ազգային արգելոցներ, դրանք հնարավորինս բերել իրենց նախնական տեսքին, վերականգնել մի քանի տասնյակ քարայր բնակարաններ, դրանք դարձնել զբոսաշրջիկների իջեւանատներ, թանգարան-արհեստանոցներ, ստեղծել հարմարավետ այլ ենթակառույցներ:

15. Շատ օգտակար կլինի Սյունիքի քաղաքներում կարեւորագույն թեմաներով հայագիտական եւ այլաբնույթ գիտաժողովների կազմակերպումը, որոնց ընթացքում ոչ միայն լավագույնս կլուսաբանվի մեր հերոսական պատմությունը, այլեւ վերջնականապես կլուծվեն մի շարք կնճռոտ խնդիրներ:

16. Առավելագույնս պետք է նպաստել Սյունիքի մտավորականների կայացմանը, մտավորական խավի ձեւավորմանը: Մտավորականներին ոչ մի դեպքում չպետք է պարտադրել կուսակցական պատկանելիություն: Մեզ պետք է սթափեցնի Գ.Նժդեհի հավաստիացում-պատգամը. «Եթե ես ունենայի 300 գրամ հաց եւ ընտրության հնարավորություն, ապա այն կտայի ոչ թե խրամատում կանգնած զինվորին, այլ թիկունքում նստած մտավորականին: Այլապես զինվորը պաշտպանելու բան չէր ունենա»:

Անտարակույս, հրատապ լուծումներ տալով նշված խնդիրներին, ոչ միայն սյունեցիներիս կյանքը կլինի հաճելի, այլեւ մեր դրախտային երկարամասը տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների համար կդառնա շատ ավելի գրավիչ:

Սյունյաց ժառանգությունից ճիշտ դասեր քաղելու, նախնիներից ստացած վիթխարի ժառանգությունը գուրգուրելու, պահպանելու եւ զարգացնելու պարագայում, մենք մեկընդմիշտ կընտրենք կատարելագործման ուղին եւ անընդհատ կմերձենանք Բարձրյալին:
Աստված մեզ օգնական:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03