ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ. ՉԻ ՍՊԱՆԵԼ ՓԱՌԱՆՁԵՄԸ ՕԼԻՄՊԻԱՅԻՆ

07.07.2022 17:36
2128

  Ներածություն

 Հայտնի է, որ Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմությունը» շարադրելիս, ի շարս գրավոր սկզբնաղբյուրների, օգտվել է նաև բանավոր ավանդազրույցներից, հատկապես ժողովրդական գրականության այն ավանդություննեից, «որոնք կազմվել են 4-րդ դարում զանազան կրոնական և քաղաքական գործիչների»[1], ինչպես նաև նրանց  «արարքների շուրջ հյուսված ժողովրդական աշխարհիկ ու կրոնական զրույցներից, լեգենդներից, վեպերից, անգամ երգերից և դրանց հիման վրա գրել իր պատմությունը»[2]: Նման  դեպքերում  հնարավոր չէ խուսափել անճշտություններից, քանի որ բանավոր զրույցներում կերպարների հերոսացումը  երբեմն ուղեկցվում է անցյալի իրական դեպքերն ավելորդ արտահայտչականությամբ օժտելու միտվածությամբ, որով կարող են խեղաթյուրվել պատմական իրադարձությունները: Այդպիսի խեղաթյուրումներից մեկն էլ  Արշակ Բ թագավորի երկու կանանց` Հայոց երկու թագուհիների` Օլիմպիայի և Փառանձեմի միջև հակասությունն է, որը խորանալով` վերածվում է թշնամանքի` ունենալով ողբերգական ավարտ:

Պատմական վկայություններ

        Հիշեցնենք, որ քսությունների պատճառով իր եղբորորդի Գնելին սպանելուց հետո Արշակ թագավորը (345-368) տիրացավ նրա գեղեցկուհի կնոջը` Սյունյաց իշխանադուստր Փառանձեմին, բայց տեսնելով, որ սա ատում է իրեն, «առաքեաց արքայն Արշակ յերկիրն Յունաց, և խնդրեաց էած անդի կին ᾽ի կայսերական տոհմէն ազգաւ, զի անուն էր նորա Ողոմպի: Եւ ուժգին սիրով սիրեաց զնա, և նախանձուկս արկանէր նովաւ առաջին կնոջն, և կինն Փառանձեմ ոխացաւ ընդ Ողոմպին, և խնդրէր սպանանել զնա»[3]:

   Ակնբախ է, որ Հայոց Արշակ արքան հռոմեացի Օլիմպիային կնության է առել[4] ռազմաքաղաքական նկատառումներով` ամրապնդելու հզոր Հռոմի հետ դաշինքն ընդդեմ սասանյան Պարսկաստանի:

     Գերմանացի արևելագետ, հայագետ Յ. Մարկվարտը, ըստ Հ. Մանանդյանի, Հայոց թագավորի և Օլիմպիայի ամուսնությունը թվագրում է 357 թ., երբ Հռոմի Կոստանցիոս Ա կայսրը (337-361) «Հայաստան էր ուղարկել և տվել էր Արշակ Բ-ին իբրև ամուսին իր մեռած եղբոր` Կոստասի (337-350) նշանած Ոլիմպիային, որը պրետորյանների պրեֆեկտ Աբլաբիոսի դուստրն էր[5]»:

    Այդ երկրորդ ամուսնությունից հետո` չհանդուժելով մրցակցուհուն, ըստ Բուզանդի,  «Փառանձեմն ᾽ի մեծ նախանձու և ոխութեամբ զնայր ընդ Ողոմպինյոն, և խնդրէր սպանանել զնա դեղովք: Իբրև ոչինչ հնարս մեքենայից չկարէր գտանել, վասն զի անձինն իւրում կարի զգուշ կայր, մանավանդ ᾽ի կերակրոց և յըմպելեաց, բայց զիւրոց նաժշտացն կերակուրս արարեալ կամ զնոցին պարզեալ զգինի ճաշակէր, և եթէ ոչ ինչ գտանէին հնարք դեղել զնա մահուան դեղօքն, ապա դրան երէց ոմն արքունի` որ էր ᾽ի ժամանակին յայն, որում անուն Մրջիւնիկ, յԱրշամունեաց տեղեացն ᾽ի նահանգէն Տարօն գաւառէն, զնա ᾽ի բանս արկանէր Փառանձեմն անօրէնն: Զանարժանս զանկատար զանջնջելի զչարեացն մեղացն չմոռացական տանջանացն կատարեաց զգործսն զանարժանս զանտես զանլուր, այս ինքն ընդ կենաց դեղն զդեղ մահուն խառնելով, որ ուրեք երբէք այսպիսի գործք յումեքէ ᾽ի վերայ երկրի ոչ գործեցան: Ընդ տէրունական ընդ սուրբ ընդ աստուածական մարմինն ընդ հացն օրինաց խառնէին զդեղն սատակման. Երէցն Մրջիւնիկ անուն, տալով յեկեղեցւոջն Ողոմպեայ տիկնոջն ընձեռել զմահուն գործ, և սպանանէր: Ըստ չարեցն կատարելոց զՓառանձեմայն ամենայն չարեօք լցեալ զկամղ կատարէր, և յանօրէնն Փառանձեմայն պարգև առեալ չերիցուն զգեղւն` ուստի իսկ ինքն էր ᾽ի նահանգէն Տարօմ գաւառէն, որում անուն Գոմկունք կոչին»[6]:

    Պատմահայր Մովսես Խորենացին, կրկնելով Փավստոս Բուզանդին, ավելի հակիրճ է ներկայացնում պատմությունը. «Այս Փառանձեմ գործեաց  զանլուր և զանկարելի չարիս, և զսարսափման  լսողաց արժանաւոր: Անարժանիւ ոմամբ սուտանուն քահանայիւ ի կենաց  դեղն զմահացուն  խառնեալ` ետ Ողիմպիադայ առաջին կնոջն  Արշակայ, և ելոյծ ի կենաց սակս տիկնութեանն մախանաց»[7]:

     Յ. Մարկվարտը, ըստ Հ. Մանանդյանի, Օլիմպիայի սպանությունը հավանական է համարում կատարված 362 թվին, երբ Հռոմի կայսրն էր Հուլիանոս Ուրացողը (361-362), քանի որ ոճիրը չէր կարող իրագործվել Կոստանցիոսի կենդանության ժամանակ[8]:

   Այդպիսով, մեր Հայոց թագուհիներից մեկի նկատմամբ ծանրացել է չարված մի ոճրագործություն, որը որպես խարան ավելի քան հազար վեց հարյուր հիսուն տարի ուղեկցում է այդ դժբախտ կնոջ անվանը: Այնինչ Փառանձեմը հայրենասեր հայ կնոջ հերոսական կերպար է, որը պարսիկներից քաջաբար ու տոկունությամբ տասնչորս ամիս շարունակ պաշտպանել է Արտագերս ամրոցը, ինչպես հիացական նկարագրում է պատմիչ Փավստոս Բուզանդը[9]:

    Միգուցե թունավորման փորձ եղել է, որը, սակայն, ողբերգական ավարտ չի ունեցել: Իրականում Օլիմպիան (Ուղղափառ աղբյուներում նա կոչվում է Օլիմպիադա) չի մահացել: Դա պարզվում է Ուղղափառ եկեղեցու սրբուհի Օլիմպիադա սարկավագուհու վարքագրությունից  (սրբախոսություն, ագիոգրաֆիա): Հնարավոր է` անգամ թունավորման փորձ չի էլ եղել, այլ ամուսնու` Արշակ Բ-ի  մահից հետո (368 թ.), երբ Հայոց արքունիքում աճել է թագաժառանգի մայր Փառանձեմի ազդեցությունը, և երկու թագուհիների միջև մրցակցությունը առաջին տիկինը լինելու հարցում վերածվել է ակնհայտ թշնամության, Օլիմպիան  իր համար անելիք չտեսնելով Հայաստանում, վերադարձել է Բյուզանդիա, որտեղ ամուսնացել է երկրորդ անգամ: Այդ երկրորդ ամուսնությունից ծնվել է Օլիմպիադա Սարկավագուհին (370-409), որը եղել է համաքրիստոնեական սուրբ Հովհան Ոսկեբերանի (347-407) օգնականն ու աշակերտուհին:

   Ուղղափառ եկեղեցու Սրբերի վարքում` “Житiя Святыхъ”, կարդում ենք՝ «Олимпаiда, дочь Евлавiя, сначала была обручена съ младшимъ сыномъ Константина Костою, который после отца царствовалъ въ древнемъ Риме; но онъ  былъ убитъ до брака, а она была выдана за Арсака, царя арменскаго, съ которымъ недолго  пожила, и овдовела, тогда Олимпiада вышла замужъ засенатора Анисiя Секунда и родила святую Олимпiаду»[10].

  Նույն տեղեկության մասին ավելի որոշակի կարդում ենք Ուղղափառ սրբերի վարքագրության  մեկնաբանության մեջ. «Житие святой Олимпиады при всей его сказочной высоте поразительно документально.

     Святая Олимпиада происходила по отцу от одной из самых знатных римских фамилий – князей Анасиев (Анициев). Мать Олимпиады была дочерью епарха Авлавия (Аблабия), того самого епарха, к которому во сне явился святитель Николай и повелел отпустить из заточения трех оклеветанных мужей с угрозой, что в противном случае он будет съеден червями и вся семья его погибнет. Из жития Николая Чудотворца мы знаем, что епарх не ослушался святителя, а посему и не погибла его семья, но дала редкий плод благочестия в его внучке – святой Олимпиаде.

    Мать святой, Олимпия, еще в детстве была обручена с Константом († 350), сыном императора Константина. Однако этот брак не состоялся из-за смерти Константа, и она вышла замуж за царя Армении Арсака (Аршака; † 367). Селевк Анасиев, проконсул, отец святой Олимпиады был вторым мужем ее матери»[11].

Համեմատական վերլուծություն

   Այսպիսով, Ուղղափառ աղբյուրներից ակնբախ է, որ Հայոց թագուհի Օլիմպիան չի մահացել: Այսինքն` նրան չի սպանել (սպանությունը չի կազմակերպել) Հայոց մյուս թագուհի Փառանձեմը: Ուրեմն, ինչպես որ ծանրագույն զրպարտություն է Պապ թագավորի (369-373) նկատմամբ, թե իբր նա ընթրիքի ժամանակ իր ձեռքով տվել է Ներսես Մեծ կաթողիկոսին ըմպելիք և թունավորել նրան[12], այնպես էլ ստոր հերյուրանք է նրա մոր` Փառանձեմի հասցեին նույն` թունավորման սցենարով Օլիմպիային սպանելու մեղադրանքը:

     Մ. Օրմանյանը, որը հերքում է Ներսեսի թունավորման մտացածին պատմությունը և կաթողիկոսի մահվան պատճառ ենթադրում սրտի[13] կամ թոքի անբուժելի հիվանդությունը, ինչը  նրա համար ակնհայտորեն մակաբերվում է այդ ախտի դրսևորման ձևերիցերբ  սրվել ու հանկարծահաս նոպա առաջացրել Հայոց հայրապետին Խախի հացկերույթի ժամանակ[14], չի հավատում Փառանձեմի մեղսունակությանը և Օլիմպիայի սպանության մեջ մեղադրում է Արշակ թագավորին[15]:

      Օլիմպիա օրինավոր թագուհուն վերացնելով, ըստ Մ. Օրմանյանի, Արշակը փորձեց սիրաշահել Փառանձեմին` նրան տարփածուի կամ հարճի ստորին կարգավիճակից պետության առաջին տիկնոջ աստիճանի բարձրացնելով[16]: Բացի այդ, դրանով Արշակը լուծում էր նաև արտաքին քաղաքական խնդիր` իր դաշնակից Հռոմից, որտեղ  Հուլիանոս Ուրացող կայսրը  վարում էր  քրիստոնեությունը մերժող և հեթանոսությունը վերակենդանացնելու քաղաքականություն, շրջադարձ կատարելով դեպի կայսրության ախոյան Պարսկաստան[17]:

        Փառանձեմին վերագրելով չկատարված ոճրագործություն` զրպարտիչները դրանով ուզեցել են էլ ավելի ընդգծել նրա որդու` Պապ թագավորի հասցեին մտացածին հանցանքը` ցույց տալու համար երկու ոճիրների նմանությունների միջև ժառանգաբանական կապը: Ավելին, արքայազնի մեջ ի սկզբանե բազմապիսի չարագործությունների սերմանողը համարել են հենց մորը. «Եւ եղև իբրև ծնաւ զնա մայրն իւր, քանզի անօրէն մարդ էր և ամենևին յաստծույ ոչ երկնչէր, նուիրաց զնա դիւաց, և բնակեցին դևք բազումքի մանուկն, և վարէին զնա ըստ կամաց իւրանց»[18]:

 Եզրակացություն

 Ամփոփելով նշենք, որ ակնառու է թե՛ Պապին, թե՛ Փառանձեմին չկատարած թունավորումների մեջ մեղադրող շրջանակը` թագավորի ներքին քաղաքականությունից դժգոհ բանսարկուների մի ճղճիմ, նեղ խմբավորում, որը չարահյուսելով զրպարտություններով լի պատմություններ`  կարողացել է այդ սուտապատումները տարածել ժողովրդի մեջ որպես  ճշմարտություն  այն աստիճան, որ դարձել են պատմական սկզնաղբյուրներ  պատմիչների համար: Այստեղ միանգամայն տեղին է մեջբերել նարեկացիագետ, փիլիսոփա Հ. Միրզոյանի այն միտքը, թե բամբասանքն իր ուժով ու ազդեցությամբ անհամեմատ ավելի զորավոր է, քան անեծքը[19], որը Հայոց Փառանձեմ թագուհու պարագայում չի մարում շուրջ  հազար վեց հարյուր վաթսուն տարի:

 

Գրականություն

Լեո 1967, Երկերի ժողովածու, հ. 2, Միջին դարեր, «Հայաստան» հրատ., Երևան, 788 էջ:

Հայ ժողովրդի պատմություն  1984, հ. II, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 692 էջ:

Մաղաքիա արքեպս. Օրմանեան  2001, Ազգապատում, հ. Ա., Ս. Էջմիածին, «Մայր Աթոռի հրատ.», 1870 սյուն:

Մանանդյան Հ. 1978, Երկեր, Բ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 445 էջ:

Միրզոյան Հ. 2018, Նարեկացու հասցեին հնչած բամբասանքների քննություն, «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն», № 3:

Մովսես Խորենացի 1981, Հայոց պատմություն / Քննական բնագիրը Մ. Աբեղյանի և Ս. Հարությունյանի: Աշխարհաբար թարգմ. և մեկնաբան. Ստ. Մալխասյանի, Երևան, «ԵՊՀ հրատ.», 588 էջ:

Մուրատեան Ե. 1910, Քննական պատմութիւն Արշակ Երկրորդի եւ անոր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա,  Հայկ. Տպ. «Արաքս», 199 էջ:

Փավստոս Բուզանդ 1987, Հայոց պատմություն / [Բնագիրը` Ք. Պատկանյանի, թարգմ.  և ծանոթագր. Ստ. Մալխասյանի], Երևան, «ԵՊՀ հրատ.»,  456 էջ:

“Житiя Святыхъ”  1910, Книга XI, М., «Изд. Моск. Синод. Тип.», 692  с.

https://pravoslavie.ru/31501.html.

 

 

Ծանոթագրություն

1. Հրատարակվել է «Լրաբեր ՀԳ», 2020, № 3, էջ 31-39:

2. Լեո, 1967, 29:

3. Հայ ժողովրդի պատմություն 1984, 452: Այսուհետև` ՀԺՊ 1984 և էջը:

4. Փավստոս Բուզանդ, 1987, 192:

5. Թեև երկկվությունը քրիստոնեորեն մերժելի է, բայց IV դ. վաղ միջնադարում գոյություն է ունեցել «երկկնության իրավունք» (տե´ս  ՀԺՊ 1984, 485):

6. Մանանդյան 1978, 164:

7. Փավստոս Բուզանդ 1987, 192-194:

8. Մովսես Խորենացի, 1981, 344:

9. Մանանդյան 1978, 179:

10. Տե´ս Փավստոս Բուզանդ 1987, 262-265:

11.Житiя Святыхъ” 1910, XI, М., 598. Ուղղափառ եկեղեցին Սրբուհի Օլիմպիադա Սարկավագուհու հիշատակը նշում է նրա մահվան օրը` հուլիսի 25-ին:

12.  https://pravoslavie.ru/31501.html.

13. Տե´ս Մանանդյան 1978, 216:

14. Տե´ս նաև` Մուրատեան 1910, 147:

15. Տե´ս Օրմանեան 2001,Ա., 243-244:

16. Տե´ս նույն տեղում, 204:

17. Տե´ս նույն տեղում, 202:

18. Տե´ս նույն տեղում, 203-204:

19. Տե´ս Փավստոս Բուզանդ 1987, 240:

20. Տե´ս Միրզոյան 2018, № 3, 61:

 

 

              Աշոտ Մանուչարյան

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34