Շուշի քաղաքը հայ ժողովրդի հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային խոշոր կենտրոններից է: Այնքան հայտնի, որ դեռևս 1837 թ. այդտեղ է եղել ռուս մեծ բանաստեղծ Մ. Լերմոնտովը: Իր բարեկամ Ս. Ռաևսկուն գրած նամակներից մեկում նա հայտնում է. «Այն օրվանից, ինչ դուրս եկա Ռուսաստանից, Կիզլյարից մինչև Թաման անցել եմ լեռներով, եղա Շուշի քաղաքում, Կուբա, Շամախի, Կախեթ քաղաքներում»:
1920 թ. մարտի 23–26-ին թուրք-ադրբեջանական զորքերն ու մահմեդականներն ավերեցին հնօրյա բերդաքաղաքը և կոտորեցին հայ ազգաբնակչությանը: Այդ մասին կան բազում վկայություններ, գրվել են հոդվածներ, եղել են հրապարակումներ հայ և օտարազգի բազմաթիվ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների կողմից: Այսպես, Մ. Շահինյանը 1920-ական թվականներին ճամփորդել է Անդրկովկասում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում ու Նախիջևանում, և այդ մասին թողել է ուշագրավ նոթեր: Ղարաբաղի մասին ակնարկի «Շուշիի ուրվականը» VI գլխում արձանագրել է. «Առաջինը, որն ինձ ապշեցրեց՝ լռությունն էր: Այդպիսի սարսափելի լռություն ես ոչ մի տեղ, երբևիցե չեմ զգացել, և դա միանգամից թվում է անբնական: Հանկարծ քեզ թվում է, որ լռությունը շշնջում է. քարերը քչփչում են, տարուբերվում են, խշխշում են և գլխիդ մազերը բիզ-բիզ են կանգնում: 1920 թվականի մարտին այստեղ երեք օրում ավերել ու կրակի են մատնել 7.000 տուն ու մորթել են, թվերը տարբեր են ասում. ոմանք ասում են 3–4 հազար հայ, ոմանք՝ 12 հազարից ավելի: Փաստ է, որ 35 հազար հայերից Շուշիից ոչ ոք չէր մնացել: Ինչ–որ տեղ առուներում դեռ կարելի էր տեսնել կանացի մազափնջեր՝ լերդացած սև արյունով: Երևակայություն ունեցող մարդն այստեղ դժվար է շնչում. քայլում ես, քայլում, քայլում համատարած ածխացած շենքերի մնացորդների, ավելի ճիշտ՝ պատերի կողքով, շտապում ես գնալ և վախենում ես, թե երբեք դուրս չես գա …»:
Իտալացի պատմաբան, աստվածաբան, գրող ու թարգմանիչ Ջովաննի Գուայտայի «Ճիչ Արարատից. Արմին Վեգները և հայերի ցեղասպանությունը» գրքում էլ կարդում ենք. «1920 թ. մարտին թուրքերը և ադրբեջանցիները կատարում են նոր սարսափելի ջարդ Շուշի քաղաքում: Շուշին Ղարաբաղում հայկական կյանքի շատ կարևոր մշակութային կենտրոն էր: XIX դարից այն ուներ իր վանքը, իր եկեղեցին, թատրոնը, հիվանդանոցը, թեմական դպրոցը, լույս էին տեսնում հայերեն գրքեր և ամսագրեր: XIX դարի վերջին հայերը կազմում էին քաղաքի բնակչության ավելի քան 60 տոկոսը: Ընդամենը մեկ օրում՝ 1920 թ. մարտի 22-ին (23-ին– Ա. Զ.), թյուրքական կատաղությունն ավերեց հազարավոր հայկական տներ, քանդեց շատ եկեղեցիներ, գրադարաններ, տպարաններ. դրա զոհը դարձավ ավելի քան 30.000 մարդ: Այդպես քեմալականները Շուշիում կրկնեցին այն, ինչ երիտթուրքերը կատարել էին Բաքվում (նկատի ունի Բաքվի 1918 թ. սեպտեմբերյան դեպքերը – Ա. Զ.)»:
Խոսուն են նաև Օ. Մանդելշտամի ու նրա կնոջ անդրադարձներն այդ ողբերգական իրադարձություններին:
Հայաստանից Թիֆլիս վերադառնալիս՝ Շուշիի 1920 թ. մարտյան կոտորածներից 10 տարի անց, Մանդելշտամները լինում են հայկական հինավուրց այդ քաղաքում: Հարց է ծագում՝ ինչո՞վ էր պայմանավորված նրանց այցը Շուշի: Կարծում ենք, դրան մեծապես նպաստել են Մ. Շահինյանի վերը նշված ուղևորությունը և քաղաքի նկարագրությունը, որին, անշուշտ, ծանոթ է եղել ռուս բանաստեղծը, հայաստանյան շփումները մտավորականության հետ, նաև՝ ծնունդով շուշեցի Ս. Տեր-Գաբրիելյանը, ում հոգածության տակ են եղել Մանդելշտամները Հայաստանում:
Շուշիից ստացած սահմռկեցուցիչ տպավորությունների մասին Նադեժդա Մանդելշտամն իր հուշերում ունի ուշագրավ տեղեկություններ: Փոքր-ինչ ծավալուն այդ հատվածը բերենք ամբողջությամբ. «…Վերջին մեկնումը Էրիվանից, Հայաստանում մեր ճամփորդության ավարտը: Լուսաբացին մենք ավտոբուսով Գյանջայից մեկնեցինք Շուշի: Քաղաքն սկսվում էր անվերջանալի գերեզմանոցով, ապա՝ փոքրիկ շուկայի հրապարակն էր, ուր իջնում են հոշոտված քաղաքի փողոցները: Մեզ արդեն վիճակված էր տեսնել բնակիչների կողմից լքված գյուղեր, որ մի քանի կիսաքանդ տներից էին բաղկացած, բայց երբեմնի, ինչպես երևում էր, հարուստ և բարեկարգ այս քաղաքում աղետի ու մորթի պատկերները սոսկալիորեն դեռ աչքի առաջ էին: Մենք անցանք փողոցներով, և ամենուրեք նույնը՝ անտանիք, անլուսամուտ, անդուռ տների երկշարը: Լուսամուտների բացվածքներից երևում էին դատարկ սենյակները, երբեմն՝ պաստառների ծվեններ, կիսաքանդ վառարաններ, երբեմն՝ ջարդուփշուր կահույքի մնացորդներ: Տները նշանավոր վարդագույն տուֆից էին, երկհարկանի: Բոլոր միջնորմները քանդված էին, և այդ կմախքների արանքից ամենուր թափանցում էր կապույտ երկինքը: Ասում են, թե կոտորածից հետո բոլոր ջրհորները լեփլեցուն են եղել դիակներով: Եթե որևէ մեկը ողջ է մնացել, ապա փախել է մահվան այդ քաղաքից: Բոլոր լեռնակիպ ճանապարհներին մենք ոչ մի մարդու չհանդիպեցինք: Միայն ներքևում, շուկայի հրապարակում, զեռում էր մի խումբ ժողովուրդ, բայց նրանց մեջ՝ ոչ մի հայ, միայն մուսուլմաններ: Օ. Մ.-ի տպավորությունն այն էր, թե շուկայի մուսուլմանները՝ այն մարդասպանների մնացուկներն են, ովքեր մի տասը տարի առաջ ավերել են քաղաքը, միայն թե դա նրանց օգուտ չտվեց. արևելյան թշվառություն, հրեշավոր ցնցոտիներ, դեմքերին՝ թարախածոր պալարներ: Եգիպտացորենի ալյուրի, կողրի, բլիթների առևտուր… մենք չհամարձակվեցինք բլիթներ գնել այդ ձեռքերից, թեև ուտել էինք ուզում… Եվ ջուր էլ չես խմի այս ջրհորներից … Քաղաքում ոչ միայն հյուրանոց չկար, այլ նույնիսկ եկվորների համար «օբշչո» կոչվող սենյակներ, ուր կանայք ու տղամարդիկ միասին էին քնում: Գյանջայի ավտոբուսը մեկնում էր առավոտյան։
… Մեզ առաջարկեցին գիշերել իրենց մոտ, բայց ես վախենում էի արևելյան թարախապալարներից, իսկ Մանդելշտամը չէր կարողանում վանել այն միտքը, թե մեր դիմաց ջարդարարներ ու մարդասպաններ են: Մենք որոշեցինք մեկնել Ստեփանակերտ՝ մարզային քաղաք: Այնտեղ հասնել կարելի էր միայն կառքով:
Ահա և մեզ հանդիպեց անքիթ մի կառապան, միակը իջևանատնում, կաշվե դիմակպչուկով, որը ծածկում էր նրա քիթը և դեմքի կեսը: Իսկ հետո ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես բանաստեղծության («Ֆայտոնչին» – Ա. Զ.) մեջ է. և մենք չէինք հավատում, թե նա մեզ իրոք կհասցնի Ստեփանակերտ. մենք անցանք տուն դարձող հոտից: Այնտեղ մենք գիշերեցինք «օբշչոյում», իսկ առավոտյան առանց դժվարության ավտոբուսի տոմս ստացանք (մարզկոմի միջոցով) և վերադարձանք Գյանջայի թե Նուխու երկաթուղի»: Ահա այսպիսի ցնցող տպավորություն է թողել Շուշին Մանդելշտամների վրա՝ քաղաքի ավերումից տասը տարի անց:
Անուշավան Զաքարյան
***
Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունը՝ «Ֆայտոնչին»
Շրջոնքված վայրում մուսուլմանական,
Բարձր լեռնանցքում` մշուշով լի,
Քեֆ էինք անում մահվան հետ անգամ,
Ինչպես երազում զարհուրելի:
Ոմն ֆայտոնչի մեզ բաժին ընկավ.
Դեմքը խարկված էր, որպես չամիչ,
Դա դիվանքների ախպերն էր և կամ
Կարճլիկ ու նոթոտ մի հարամի:
Խոսվածքն` արաբի, հնչյունները` բարդ,
Անիմաստ կանչեր մերթ-մերթ հանում –
Որպես մի դոդոշ կամ որպես մի վարդ
Դաբաղած դեմքն էր ծու՜յլ պահպանում.
Դիմագծերը կոծկած սոսկալի
Արնաշեշտ մաշկի դիմակի տակ –
Քշում էր, - բայց ո՞ւր, - կառքը քառանիվ
Վայրենի ճիչով` խռպոտ ու տաք:
Նորից թափավազք, խթան, ցնցումներ,
Եվ անհնար էր իջնել սարից.
Պարույր գծեցին ֆայտոնները մեր,
Իջևաններն են պտույտ գալիս…
Ես սթափվեցի. բարեկա՜մ, կանգնի՛ր,
Մեզ ձիերի հետ, - գլխի ընկա, -
Մոլորեցրե՛լ է, գրո՜ղը տանի,
Ոմն ժանտախտի մի նախագահ:
Մետաղալարից մտրակ է հյուսել,
Վարում է կառքը` խրախճացած,
Որ պտույտ գործի որպես կարուսել
Քաղցր ու թթվահամ հողը ճաքած…
Ես Ղարաբաղը տեսա լեռնային,
Տեսա գիշատիչ Շուշի քաղաք,
Ուր ճաշակեցի սարսափներ մահի –
Հոգուս խռովքին համանվագ:
Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,
Ակնախոռոչներ մութ, սնամեջ.
Դառը տքնանքի բոժոժը հմուտ
Թաղված էր այնտեղ` լեռների մեջ:
Անամոթաբար շառագունում են
Մերկ տներն ու վեր նայում անթարթ,
Երկինքը վերից մեգն իր մանում է,
Որպես մուգ-կապույտ ոմն ժանտախտ:
Հ․ Գ․
Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունն արձագանքն է 1920 թ. Շուշիի հայկական ջարդերի: Թարգմանությունը՝ Հրաչյա Բեյլերյանի։