«ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ընդհանուր օրակարգ պետք է ձևավորվի». Տարասով

13.08.2018 12:22
1163

«Հայաստանի և Ադրբեջանի տարբերվող օրակարգերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում վտանգավոր են: Համանախագահները պետք է ընդհանուր օրակարգ ձևավորեն կարգավորման բանակցային գործընթացում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու Երևանի առաջարկը: «Դա ընդհանրապես անընդունելի է, և նման առաջարկով հանդես եկող երկիրն անկասկած գիտի, որ այն չի ընդունվի: Մյուս կողմից՝ այդ առաջարկը երբեք չի ընդունվի միջնորդների կողմից»,- պնդել էր Ադրբեջանի նախագահը:

Ալիևը նշել էր, որ Ադրբեջանում լսում են Հայաստանից հնչող խաղաղության կոչերը, և, որ Ադրբեջանում ևս խաղաղություն են ուզում:

«Իհարկե, մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց մենք մեր հողերն ենք ուզում: Մինչև մեր հողերը չվերադարձվեն, խաղաղություն չի լինի, և Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դա լավ հասկանա,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը և հավելել,- Եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի զբաղվել բանակցությունների ձգձգմամբ, մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունը՝ օգտագործելով բոլոր միջոցները՝ է՛լ ավելի ցնցելու Հայաստանը»:

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշերի ամենահաջողված բաժինը բանակցային գործընթացում Արցախի մասնակցության մասին հայտարարությունն էր, քանի որ պարզ էր, որ այս հակամարտությունը չի կարող երբևէ կարգավորվել առանց այս քայլի, ուստի բանակցություններն առանց Արցախի, կարծես, ժամանակի վատնում են:

«Այդ մասին ես միշտ եմ խոսել, երբ խոսակցություններ էին ծագում կարգավորման պլանների, համաձայնությունների և այլնի մասին: Ինչպես կարող է առարկայական որևէ համաձայնություն ձեռք բերվել առանց Արցախի, դա անհնար է: Գալու էր մի պահ, երբ Արցախի ուղղակի մասնակցությունն անխուսափելի էր դառնալու, քանի որ առանց Արցախի հետ համաձայնեցնելու՝ ցանկացած համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է տապալվել»,- ասաց նա:

Այդ առաջնահերթության հրապարակումը, ըստ Տարասովի, նոր իրավիճակ ստեղծեց ադրբեջանական կողմի համար, և դժվար չէր գուշակել, որ Ադրբեջանը մերժելու է հայկական կողմի այդ պնդումը:

«Եթե կողմերը, այս դեպքում՝ Ադրբեջանը, ցանկանում է հարցը կարգավորել բանակցային գործընթացի շրջանակում, այս տարբերակին այլընտրանք չկա, քանի որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ապագան, Արցախի ժողովուրդը պետք է տա իր համաձայնությունը ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի: Դա բնական է, առանց կողմերից որևէ մեկի հնարավոր չէ կարգավորել այս հակամարտությունը բանակցությունների միջոցով: ՀՀ վարչապետը հստակ հայտարարել է, որ Հայաստանը չի կարող բանակցել և չի բանակցի Արցախի փոխարեն: Դա ինչ է նշանակում, որ բանակցություն չի կարող լինել, եթե Ադրբեջանը մերժում է այս անհրաժեշտությունը:

Ադրբեջանի այս դիրքորոշումն ադրբեջանական քաղաքականության տեսանկյունից հասկանալի է, ողջ այն շրջանում, երբ Արցախը եղել է բանակցությունների մասնակից, Ադրբեջանը ձգտել է դուրս բերել Արցախին այդ պրոցեսից և հիմա հակառակը թույլ տալ չի կարող, քանի որ դա մեծ ձեռքբերում է եղել ադրբեջանական դիվանագիտության համար: Բայց Հայաստանի դիրքորոշումը հստակ է եղել Արցախի մասնակցության վերաբերյալ հայտարարությունների ժամանակ` առանց Արցախի՝ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել, ինչը նշանակում է, որ Հայաստանը չի կարող բանակցել հարցեր, որոնք վերաբերում են Արցախին:

Մինսկի խումբը ևս այստեղ չի կարող համաձայնել ադրբեջանական դիրքորոշմանը: Բնականաբար, հասկանալի է, որ ներկայիս փակուղին ինչ-որ առումով պայմանավորված է նաև այս հանգամանքով, և այս հարցում կողմերի միջև համաձայնությունը կարող է էական բան փոխել բանակցություններում: Քանի դեռ չկա այդ համաձայնությունը, պատերազմի վտանգը բարձր է լինելու»,- ասաց Տարասովը:

Նրա դիտարկումների համաձայն՝ հակամարտության գոտում իրավիճակը սրվեց այս առաջարկից հետո: «Կարծում եմ` առաջիկա նախարարական հանդիպմանը հայկական կողմը կարող է պնդել, որպեսզի այս հարցը քննարկվի, նույնը կարող են անել համանախագահ երկրները՝ օրակարգ ստեղծելով բանակցությունների համար: Այլապես ներկայումս չկա բանակցային օրակարգ կողմերի միջև, նույնիսկ որոշ կետեր, որոնց շուրջ կա համաձայնություն, ինչը, բնականաբար, անհանգստացնող փաստ է միջնորդների, առավել ևս` կողմերի համար»,- ասաց Տարասովը:

Նրա վստահեցմամբ՝ բանակցություններում առաջիկա հաջողության համար պետք է կարողանալ ձևավորել ընդհանուր օրակարգ կողմերի միջև:

168.am

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20