Փառահեղ իրադարձություն Գորիսում. հայոց ազգային բանակ մեկնեց կապանցի, գորիսեցի եւ սիսիանցի զորակոչիկների հերթական խումբը

21.07.2021 18:00
5408

Զորակոչային ամեն  մի միջոցառում Սյունյաց աշխարհում ավանդաբար յուրօրինակ տոնախմբության է վերածվել…

Թվում էր, սակայն, թե Արցախյան երրորդ պատերազմից ու նվաստացուցիչ  կապիտուլյացիայից հետո զորակոչին վերաբերող իրադարձություններն այլեւս կորցնելու են իրենց երբեմնի կարեւորությունն ու իմաստը, եւ անցյալի ոգեւորությանն ու խանդավառությանը փոխարինելու են ընկճվածությունը, անհուսությունը:

Մինչդեռ, փա՜ռք Բարձրյալին, սյունեցի պատանիները, հավատարիմ նախնյաց հերոսական ավանդույթներին, հայոց ազգային բանակ են մեկնում ընդգծված ոգեւորությամբ, քաղաքացիական պարտքը կատարելու վճռականությամբ:

Այդ ամենին վերստին ականատես եղանք հուլիսի 21-ին. Գորիսից բանակ  մեկնեց կապանցի, գորիսեցի եւ սիսիանցի զորակոչիկների հերթական խումբը՝ 35 հոգուց բաղկացած:

Մինչ այդ անհնար էր չնկատել, թե  նախապատրաստական ինչպիսի արդյունավետ աշխատանք է կատարել ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումը՝ փոխգնդապետ Վահե Աղալարյանի գլխավորությամբ:

-Զորակոչիկներից յուրաքանչյուրի խնդիրներին անձամբ եմ ծանոթացել, ականջալուր եմ եղել ծնողներին եւ պատասխանել նրանց մտահոգող հարցերին կամ կարգավորել դրանք,-ասաց Վահե Աղալարյանը:

Զորակոչային եւ զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանման համագործակցությունը զորակոչվածների ու նրանց ծնողների հետ, ինչպես հավաստիացնում է ստորաբաժանման ղեկավարը, շարունակական է լինելու տղաների ծառայության ամբողջ ընթացքում:

Մեկ ամիս առաջ  մեկնարկած ամառային զորակոչի այսօրվա արարողությունը սկսել էր առավոտվանից՝ բժշկական հանձնաժողովի աշխատանքով:

Հանձնաժողովը զորակոչիկներին հանրապետության կենտրոնական հավաքակայան ճանապարհելուց առաջ եւս մեկ անգամ մարմնազննում, ջերմաչափում էր նրանց, իրականացնում փաստաթղթերի վերջնական ստուգում:

-Նախապես զորակոչիկները բժշկական հանգամանալից ստուգումներ են անցել, եւ ովքեր ունեցել են գանգատներ կամ որոնց մոտ բուժզննման ընթացքում խնդիրներ են ի հայտ եկել, ուղարկել ենք համապատասխան հետազոտման,-տեղեկացնում է Վահե Աղալարյանը: - Բայց հնարավոր է՝ վերջին օրերին ինչ-ինչ առողջական խնդիրներ են ծագել. այսօր այդ հարցերն ենք պարզում, քանի դեռ նրանք մեզ մոտ են:

Բժշկական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո զորակոչիկները պատրաստ էին մեկնելու…

....Վաղ առավոտվանից Գորիսի զինկոմիսարիատի մերձակայքում հավաքվել էին հարյուրավոր մարդիկ՝ զինվորական ծառայության մեկնողների հարազատներ, մերձավորներ, ընկերներ:

Չնայած հանդիսավոր արարողություն չկար, ինչպես ձմեռային զորակոչի ժամանակ էր (երբ ներկա էին մարզի եւ համայնքների իշխանավորները, Սյունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչները), բայց տեսարանը (հիրավի) փառաբանելի էր…

Հաճելի էր տեսնել հատկապես ծառայության մեկնող տղաների բարձր տրամադրությունը, ոգեւորությունը:

Անշուշտ, հասկանալի էր նաեւ ծնողների, մերձավորների հուզմունքը, որը, կարծում ենք, ավելի շատ հպարտության յուրօրինակ դրսեւորում էր:

Հպարտության մի նոր զգացում ունեցանք հրաժեշտի պահին. մի տեղ տոնական իրավիճակին բնորոշ «Շամպայն» էին բացում, մեկ այլ  տեղ զորակոչիկին օդ էին թռցնում ընկերները: Եվ, իհարկե, ողջագուրանքներ, ողջերթի ու բարի ծառայության մաղթանքներ, սիրած տղաներին բանակ ճանապարհող պարմանուհիներ՝ արցունքոտ աչքերով…

Իսկ վերջում… Հարյուրավորների որոտընդոստ ծափահարությունների ներքո մեքենաները շարժվեցին մայրաքաղաք…

Երեւանում՝ կենտրոնական հավաքակայանում կորոշվի, թե ով որտեղ է ծառայելու:

Առայժմ մի բան է հայտնի՝ նրանք Արցախի Հանրապետությունում չեն ծառայելու, թեեւ  հարց է (դատելով ծնողների զրույցներից) ՝ խելամի՞տ է այդ որոշումը, թե՞ ոչ:

Ինչեւէ, տեսարանն իրոք տրամադրող ու ոգեւորիչ էր…

Ի՜նչ տղաներ ունենք, առյուծածին որքա՜ն մայրեր, հայրենապաշտության որքա՜ն խտացում՝ յուրաքանչյուր արժանապատիվ սյունեցու մեջ…

Ու այդ ամենից հետո անհնար է չբարձրաձայնել՝ շատ թե քիչ արժանապատիվ առաջնորդություն ունենալու պարագայում ոչ մի թուրք-ազերի չի դիմանա նժդեհյան ոգեղենությամբ տոգորված հայոց զինվորին…

Եվ մեզ թույլ ենք տալիս փաստել՝ Արցախյան երրորդ պատերազմում 216 նահատակ եւ 15 անհետ կորած զավակ ունեցող Սյունիքը, չնայած մեծագույն տառապանքների գնով՝ մինչեւ օրս տարատեսակ դրսեւորումներով շարունակվող, դուրս է գալիս սգավորի վիճակից, ինչի վկայություններից է  այսօրվա զորակոչը:

Այդ բոլորով հանդերձ՝ դեռեւս ունենք զինվորական պարտադիր ծառայությունից խուսափողներ՝ տարիների հեռավորությունից եկող ու շարունակվող:

«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի ընդունումից հետո ընդամենը 11 հոգի են (Սյունիքից) դեռեւս ներկայացել պատկան մարմիններին. նրանց դեմ հարուցված մեղադրանքը հանվել է,  եւ հաշվառվել են պահեստազորում (հիմա որոշվում է նրանց պիտանիությունը):

Համաներումը վերաբերում է 27 տարին լրացած երիտասարդներին, ովքեր հետախուզման մեջ են:

Ակնկալվում է, որ համաներումից օգտվել կամեցողների թիվն ի վերջո կաճի:

Իսկ հիմա… Ըստ Վահե Աղալարյանի՝ «Նրանք, ովքեր հանրապետությունում են, ամենայն պատասխանատվությամբ են ներկայանում, իսկ ովքեր դրսում են՝ դեռեւս դժվարություններ են հարուցում»:

Զորակոչային եւ զորահավաքային ծառայության սյունիքյան պատասխանատուի մտահոգությունները, սակայն, դրանով չեն ավարտվում:

-Կուզենայի պարտադիր զինվորակական ծառայության զորակոչվողներին առավել առողջ տեսնել, ֆիզիկական տեսակետից՝ ավելի պատրաստ ու կոփված,- մեր զրույցն այդպես ամփոփեց ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Սյունիքի տարածքային ստորաբաժանման ղեկավարը:

Եվ որպես ավարտ սույն հրապարակման՝ մեր տղաներին կրկին ցանկանք բարի ծառայություն ու բարի վերադարձ:

Չմոռանանք՝ հենց նրանք են նաեւ լինելու շատ սպասվող արժանապատիվ խաղաղության իրական երաշխավորները…

Սամվել Ալեքսանյան

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել

12.12.2025 14:06

2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ կառավարության կողմից չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

12.12.2025 11:15