Փաշինյանն առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հույս է հայտնել

26.10.2023 13:52
610

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք:

«Իսկ ի՞նչ է խաղաղությունը: Դա մի վիճակ է, երբ  երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած: Սա է իրական խաղաղությունը, և ինչպես տեսնում եք` այդ ամենը, այսինքն՝ բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների: Այս է պատճառը, որ մեր կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:

Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև արևելքը արեւմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար, թե երկաթուղային, թե ավտոմոբիլային:

Նույն կերպ և այդ երկաթուղային և ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սև ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին և ես ցանկանում եմ կառավարությունների, մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այս հնարավորության վրա»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա ընդգծել է Խաղաղության խաչմերուկի սկզբունքները, որոնք հետևյալն են.

Սկզբունք թիվ 1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

Սկզբունք թիվ 2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Ի դեպ, առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը, իհարկե մեր պարեկային ոստիկանության հետ համատեղ:

Սկզբունք թիվ 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

Սկզբունք թիվ 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ:


Փաշինյանը վերահաստատել է այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու, կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը:

Իսկ վերը նշված սկզբունքներն անհրաժեշտ են մի շարք թյուրընթերցումներից, տարընթերցումներից, տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար: Առաջիկայում մենք այս նախագիծը նաև պաշտոնապես կներկայացնենք մեր տարածաշրջանի երկրների կառավարություններին և հույս ունեմ՝ համատեղ ուժերով, այդ թվում` ներդրողների ակտիվության պայմաններում մենք կկարողանանք այն կյանքի կոչել»,- ասել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ Հայաստանը հիմա աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա՝  հույս  հայտնելով, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին:

Վարչապետը ներկայացրել է նաև խաղաղության մյուս կարևոր սկզբունքները․

- Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը` 86 հազար 600: Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն:

- Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ալմա-Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է.

- Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ եւ  Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը և հետևաբար Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

«Ինչպես ասացի, մենք հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր: Հույս ունեմ՝ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին»,- եզրափակել է ՀՀ վարչապետը:

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11