Քառասունչորս օր շարունակ Գորիսի  բժշկական  կենտրոնի կոլեկտիվն ասես առաջնագծում լիներ

16.12.2020 11:34
9211

Քառասունչորս օր շարունակ կոլեկտիվի համար գիշեր-ցերեկ հասկացությունների միջեւ սահմանագիծ չկար: Միայն կար ու գործում էր զինվորի կյանքը փրկելու գերխնդիրը։
 Քառասունչորս օր շարունակ կոլեկտիվի համար աշխատանքային օրվա, հանգստյան օրվա միջեւ սահմանազատում չկար: 
Այդ ժամանակ բժշկական կենտրոնում պատերազմական օրերին բնորոշ զինվորական կարգապահություն էր, բոլորի մոտ իշխում էին բարձր գիտակցությունն ու անսահման մեծ պատասխանատվությունը: Եվ այդ ամենը` հանուն զինվորի կյանքի փրկության։
 Քառասունչորս օր շարունակ Գորիսը շունչը պահած հետեւում էր նաեւ բժշկական կենտրոնում ծավալված «մարտերին»։ Մարտեր՝ ամեն մի զինվորի կյանքի համար:  
Պատերազմի բոլոր օրերին քաղաքում չէին լռում շտապ օգնության մեքենաների ազդանշանները:
-Օր էր պատահում՝ ութսուն մեքենա էր մեկնում Արցախ` վիրավորներին բերելու: Նրանց մեծ մասը մեր կենտրոնում էինք ընդունում, - ասում է Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը:
 Քառասունչորս օր շարունակ կենտրոնի բակում ասեղ գցելու տեղ չկար: Գորիսեցիները գիշեր-ցերեկ «հերթապահում» էին բակում: Ամեն վիրավորի գորիսեցին իր զավակն էր համարում: Դրա համար էլ նրանք` անտեսելով ոստիկանների հորդորը, չէին հեռանում բակից: Գուցե վիրավորին արյուն է պետք, գուցե վիրավորին...
 Եվ ամեն անգամ, երբ շտապ օգնության մեքենաները հիվանդանոցի բակ էին մտնում՝ բերելով վիրավորներ, գորսեցիները փառք էին տալիս Աստծուն, որ զինվորը վիրավոր է, եւ ոչ թե...
- Ծանր, պատասխանատու, լարված օրեր էին, - հիշում է Դավիթ Մաշուրյանը, - կենաց եւ մահու կռիվ էինք տալիս յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, անհնարինն անգամ գործադրում էինք զինվորի կյանքը փրկելու համար: Այդ օրերին կոլեկտիվը մենակ չէր գործում: Օգնության էին հասել բժիշկներ մայրաքաղաքից, Ամերիկայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ այլ տեղերից: Այստեղ էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալները, ովքեր   օգնում էին համակարգել աշխատանքները, եւ որի շնորհիվ կենտրոնը դեղորայքի, սարքավորումների պակաս չի ունեցել: Չի ունեցել նաեւ բժիշկների պակաս, ամեն ինչ արվել է, որ զինվորը՝ մեր Աստվածը, որակյալ բուժում ստանա։ Եվ այդ զինվորը, որի մի ձեռքը երբեմն անդամահատված էր, ուզում էր կրկին ռազմի դաշտ մեկնել, դեռ պարտք ուներ հայրենիքի հանդեպ: Եվ պատկերացնո՞ւմ եք, վիրավոր զինվորները մեզ գերբնական ուժ էին հաղորդում, նոր եռանդ ու լիցք: Ու մենք չգիտեինք` հոգնելն ինչ է:  Հարյուրավոր վիրավորների ենք ընդունել պատերազմի ժամանակ, բուժել եւ նրանց կրկին ռազմի դաշտ ճանապարհել: Ծանր վիրավորներ էլ ենք ունեցել: Նրանց վիճակը կայունացնելուց հետո ուղարկել ենք Երեւանի հիվանդանոցներ: Պատերազմական շրջանում քաղաքացիական բուժկենտրոններից մեր կենտրոնն ամենալարված, ամենածանրաբեռնվածներից էր: Դա էլ հասկանալի է` Գորիսը գտնվում է Արցախին շատ մոտ: Կուբաթլուի, Իշխանաձորի, Ջեբրայիլի մատույցներից նաեւ մեր շտապ օգնության աշխատակիցներն են վիրավորներին դուրսբերել ու տեղափոխել կենտրոն: Բայց հիմնականում Ստեփանակերտի հիվանդանոցից ենք վիրավորներ տեղափոխել մեզ մոտ: Այդ օրերին գերծանրաբեռնված են աշխատել ռեանիմատոլոգները, ռադիոլոգները, վնասվածքաբանները, բոլոր-բոլորը` սկսած կենտրոնի պահակատան աշխատողից մինչեւ... Բայց եւ այնպես, ուզում եմ  առանձնապես նշել վիրաբուժական բաժանմունքի վարիչ Նարեկ Թունյանին, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Սեւակ Մարտիրոսյանին, ռենտգենոլոգ Տիգրան Խաչատրյանին ու շատ-շատերին, ովքեր, իրոք, հերոսացան իրենց աշխատանքում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր։ Չեմ կարող չնշել նաեւ միջին, կրտսեր բուժանձնակազմի փայլուն աշխատանքը: Նրանք օր ու մեջ քսանչորս ժամ, առանց հանգստանալու աշխատանքի մեջ էին: 
 Իսկ իր մասին Դավիթ Մաշուրյանը ոչինչ չի ասում, համեստորեն լռում է: Չի ասում, որ բոլորի հետ հավասար պայքարել է ամեն մի զինվորի կյանքի համար: Չի ասում, որ այն օրերին ինքը «կռվել է» նաեւ կորոնավիրուսի «ճակատում», որ այդ ժամանակ վիշապի նման երախն էր բացել…
 Քառասունչորս օր շարունակ առողջապահական գործը կենտրոնում  կազմակերպել է  բարձր մակարդակով: Ամեն ինչ ընթացել է անհրաժեշտ հունով… Երեխաներ են ծնվել, նաեւ` արցախցի:
- Միայն որոշ` ոչ հրատապ վիրահատություններ ենք հետաձգել, - ասում է Դավիթ Մաշուրյանը:
 Դավիթ Մաշուրյանը ծնվել է Գորիսում, ավարտել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ երեք դպրոցը, ընդունվել Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ուսանել ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի  կլինիկական օրդինատուրայում, ավարտել ու ստացել  անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի որակավորում: Ծառայել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, դրան զուգահեռ նաեւ  Գորիսի բժշկական կենտրոնում` որպես բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։  2019 թ. ապրիլին նշանակվել է կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Նույն թվականի օգոստոսի 1-ից «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենն է:  Ամուսնացած է, ունի երկու որդի: 
Ուսանող ժամանակ  ամառային արձակուրդներն անց է կացրել Գորիսի  բժշկական կենտրոնում, ձեռք բերել շատ ընկերներ, մտերմացել շատերի հետ: Իհարկե, ամեն ինչ չափ ու սահման ունի, մտերմությունը՝ նույնպես, որը չպետք է բերել  գործնական դաշտ: Գործնական դաշտում նրա մոտ մտերմությունն արդեն ի չիք է դառնում, որովհետեւ իրենք գործ ունեն մարդու կյանքի հետ, իսկ մարդը  բարձրագույն  արժեք է, իսկ իրենք՝ Հիպոկրատի երդվյալներ: 
-Մինչ պատերազմը իրար մաղթում էինք առողջություն, երջանկություն: Հիմա փոխվել է մաղթանքը,  հիմա ասում ենք՝ խաղաղություն երկրի սահմաններում եւ ներսում: Եթե խաղաղություն եղավ, առողջություն էլ կլինի, երջանկություն էլ, - ասում է Դավիթ Մաշուրյանը:
- Կոլեկտիվը պատրա՞ստ էր նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու պատերազմի ժամանակ, - հարցնում ենք Դավիթ Մաշուրյանին։
- Այո, խաղաղ ժամանակ կոլեկտիվը մասնակցել է ուսումնական վարժանքների, սովորել, թե ռազմի դաշտից ինչպես պետք է դուրս բերել զինվորներին, ինչպիսի բուժօգնություն ցուցաբերել, «կատարել վիրահատություններ» եւ այլն: Դրա համար էլ, երբ սկսվեց պատերազմը , մերոնք արդեն գիտեին իրենց անելիքը, գիտեին որը որից  հետո  պետք է կատարեն եւ այլն, - պատմում է Դավիթ Մաշուրյանը։
Գորիսի բժշկական կենտրոնի բակում հիմա հարաբերական անդորր է… Բուժկենտրոնն անցել է  խաղաղ օրերի աշխատանքային ռիթմին: Կենտրոնի շտապ օգնության ութ մեքենան սարքին վիճակում են` կատարելով խաղաղ օրերին բնորոշ ծառայություն։
Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, սակայն, Գորիսի բժշկական կենտրոնն ամեն ինչ ավարտված չի համարում։ Ընդհակառակը` վեր է լուծում դժվարին այդ օրերի կատարածը, ի հայտ բերում նեղ տեղերը եւ փորձում նոր աստիճանի բարձրացնել բնակչության բժշկական սպասարկումը: Մասնավորապես՝ երիտասարդ տնօրենն իր առջեւ խնդիր է դրել ավելի կատարելագործել բուժանձնակազմի  հմտություններն ու կարողությունները, չէ՞ որ, ինչպես Գարեգին Նժդեհն է ասում՝ խաղաղությունը պատերազմի պատրաստվելու ժամանակաշրջանն է…
   

 Ալվարդ Մեսրոպյան
 

Ի՞նչ են մտածում ՔՊ կին պատգամավորները ութ ամսական փոքրիկի հետ կալանավորված կնոջ դեպքի մասին․ Քրիստինե Վարդանյան

12.07.2025 14:42

ՔՊ համագումարը տեղի կունենա սեպտեմբերին. Նարեկ Բաբայան

12.07.2025 14:33

ՃՏՊ Կապան քաղաքում․ կա զոհ և տուժած

12.07.2025 14:18

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. oր ութերորդ

12.07.2025 11:26

Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը

11.07.2025 22:33

ՔՊ վերնախավը՝ Փաշինյանի գլխավորությամբ, Գորիսի «Լաստիկալ» ռեստորանում հավաք է կազմակերպել. ովքեր են ներկա

11.07.2025 20:37

Նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն. Անահիտ Ավանեսյան

11.07.2025 19:47

Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան

11.07.2025 18:29

Տոլորսի պատմության ոսկեղենիկ էջերը

11.07.2025 15:11

«Զանգեզուրի միջանցք». Սեղանին 3 փաստաթուղթ կա. Ալեքսանդր Իսկանդարյան

11.07.2025 15:08

ԵՄ դիտորդական առաքելությունը հանձնառու է հետևել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և աջակցել տարածաշրջանում կայունությանը

11.07.2025 15:02

Փակելու են մեր ճանապարհը դեպի Սյունիք, ինչը կնշանակի, որ Տիգրանաշենը մտնում է այդ պայմանավորվածության մեջ. Արամ Սարգսյան

11.07.2025 14:55